ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏ, ՊՈՂՈՍ ԲԵՅ ՅՈՒՍՈՒՖՅԱՆ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ







1723թ. ռուսական կառավարության կողմից դիվանագիտական առաքելությամբ Արևելյան Հայաստան ուղարկվեց պետերբուրգցի խոշոր վաճառական Եփրեմի որդի Հովհաննես Կարապետը (Иван Ефремов сын Карапет): 1727թ. նա վերադարձավ և շարունակեց զբաղվել առևտրով: Իսկ ևս չորս տարի անց՝ 1731թ. մարտին, սենսացիոն մի աղերսագիր ներկայացրեց Աննա Իոաննովնա կայսրուհուն. խնդրանքի իմաստն այն էր, որ միապետուհին աջակցեր Հովհ. Կարապետյանին՝ 36 պարտապաններից ետ ստանալու ահռելի մի գումար՝ 15.391 ռուբլի 54 կոպեկ: Անձամբ կայսրուհուն դիմելու պատճառն այն էր, որ պարտապանների ցուցակում հայտնվել էին Պետերբուրգի պետական և առևտրատնտեսական վերնախավի բազմաթիվ ներկայացուցիչներ: Այսպես, նրանց թվում էին գեներալ Վ. Վ. Դոլգորուկովի որդին ու դուստրը, պետական խորհրդական Ի. Պոզդնյակովը, իսկ կոմս Պ. Ա. Տոլստոյը՝ Օսմանյան կայսրությունում Ռուսաստանի դեսպանը, 1718-ից՝ Գաղտնի գրասենյակի պետը, Առևտրային կոլեգիայի նախագահը պարտք էր 845 ռուբլի: Կար ևս մեկը, որը Ռուսաստանի ամենազորեղ մարդկանցից էր. Պյոտր I-ի համախոհ ու զինակից, պայծառափայլ իշխան, գեներալիսիմուս Ա. Դ. Մենշիկովը, որը Եկատերինա II-ի օրոք փաստացի ղեկավարում էր երկիրը, պարտք էր մնացել 88 ռուբլի՝ 4 փութ սուրճի համար:

XVI-XVIIIԴԴ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ 
ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԷԻՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՅԵՐԸ 

Եգիպտոսում – Ջովաննի Անաստազի (XVIIIդ.)

Լեհաստանում – Գուրգեն Բոգդանը, Պետրոս Գրիգորևիչը, Հակոբ Նուրկևիչը, Սիմեոն Պետրովիչը, կոմս Կոստանդին Սուլեյման դը Սիրին (XVIIդ.), Իվան Նիկորովիչը (XVIIIդ.)

Լիտվայում – Սուլթանը (XVIդ.)

Հունգարիայում – Ապետիք Պետրոսը (XVIIդ.)

Շվեդիայում – Իգնատիոս Թոսունյանը (XVIIIդ.)

Պարսկաստանում – խոջա Կիրակոս Միրմանը (XVIդ.), Անտոն Նազարոս Ապրակունեցին, Ֆիլիպ դը Զաղլին, Գրիգոր Լուսիկովը, խոջա Սաֆարը, Պերս Օգյուստենը (XVIIդ.)

Ռուսաստանում – Վասիլի Տաուտովը (XVIIդ.)

Վրաստանում – Արամը, Խուրշուդը (XVIդ.)

Սուդանում – Եղիա Ենովքյանը, Հովհաննես եպիսկոպոսը (XVIIIդ.):

Պողոս բեյ Յուսուֆյանը ծնվել է 1768թ., Զմյուռնիայում: 1791թ. նա տեղափոխվում է Եգիպտոս և վարձակալում մաքսահավաքման կապալը, մասնավորապես՝ Ռոզեթի (Ռաշիդ) մաքսատունը: Վարձակալման ժամկետի ավարտից հետո, 1789-ին վերադառնում է Զմյուռնիա և զբաղվում առևտրով: 1810թ. նորից անցնում է Եգիպտոս՝ արդեն որպես հայտնի վաճառական, և 5 տարով վարձակալում Ալեքսանդրիայի մաքսատունը: 1823-1825թթ. Պ. Յուսուֆյանը դառնում է կուսակալ Մուհամեդ Ալի փաշայի առաջին թարգմանը, միաժամանակ հանդիսանալով Եգիպտոսի ֆինանսական վարչության տնօրենը, իսկ 1836-1837թթ. նշանակվում է առևտրի և արտաքին գործերի տեսչությունների տնօրեն: Երբ 1844-ին վախճանվում է՝ Եգիպտոսում 40-օրյա սուգ է հայտարարվում:

Մահվանից առաջ ազգին է նվիրում Ալեքսանդրիայի Աբու-Դադար թաղամասի սեփական կալվածքը՝ երկհարկանի շենքով, որի մի հարկը վերածվում է հայոց եկեղեցու՝ Սբ. Պողոս-Պետրոս անվամբ, իսկ մյուս մասը հատկացվում է հոգևորականներին որպես կացարան:

Պ. Յուսուֆյանը նուրբ ու հմուտ դիվանագետ էր: 1839թ. նա խորիմաստությամբ բանակցություններ վարեց Բարձր Դռան հետ, մասնավորապես կարողացավ հասնել այն բանի, որ Եգիպտոսի կուսակալությունը ժառանգականության իրավունքով ցկյանս վերապահվի Մուհամեդ Ալիին, ինչով հիմք դրվեց Եգիպտոսի ապագա անկախությանը:
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ
1695 reads | 14.02.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com