ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ԻՍՐԱՅԵԼ ՕՐԻ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ







Պատմությունը և մարդիկ երբեմն զարմանալի, դժվար բացատրելի անակնկալներ են մատուցում: Կան արժանավորագույն պատմական դեմքեր, որոնք ցավալիորեն մոռացության են մատնվել և կան այնպիսիք, որոնք ինչ-ինչ շահերի դրդմամբ պատվանդան են բարձրացվել…

Մելիք Իսրայելի որդի Իսրայել Օրին ծնվել է 1659թ. Անգեղակոթ գյուղում: 1680թ. նա Պոլսից ժամանում է Վենետիկ և զբաղվում Առյուծի Հանրապետության զորքին սուրճ մատակարարելով: 1683-ին անցնում է Ֆրանսիա, ուր ապրում է բուռն իրադարձություններով առլեցուն 12 տարի: Երեք տարի ռոճիկով ծառայում է Լյուդովիկ XIV-ի բանակում որպես հետևակի լեյտենանտ, երեք տարի՝ հեծալազորի կապիտան, մասնակցում ֆրանսիացիների ձեռնարկած վեց արշավանքների, հայտնվում Ֆիլիպսբուրգ և Նամյուր պաշարված քաղաքների պաշտպանների թվում: Եվ կարևորը՝ չի մոռանում առևտրի մասին, զբաղվում է սուրճի, օծանելիքի և պերճանքի իրերի վաճառականությամբ:

1695թ. Օրին անցնում է Հռենոսյան Պֆալց ու գլխովին նվիրաբերվում առևտրին՝ անդամագրվում է 12 հոգուց բաղկացած մի հայկական առևտրային ընկերության, որը գլխավորում էր լվովցի հայ Նուրկևիչը: Այս ընկերությունում, որը մատակարարումներ էր անում հակաթուրքական կոալիցիա կազմած Գերմանիայի, Հունգարիայի, Լեհաստանի բանակներին, մասնավորապես՝ ձիեր էր տրամադրում, Օրին ստանձնում է առևտրային գործարքների ղեկավարումը: Բացի այդ, նա վաճառականական եռանդուն գործունեություն է ծավալում Հայդելբերգ, Ֆրանկենթալ, Մանհայմ և Մենե քաղաքներում, իսկ 1698-1699թթ. Դյուսելդորֆի քաղաքային մատակարարն էր (Stadskomissar):

Մինչ այս պահը Իսրայել Օրին ոչ ազգային-ազատագրական, ոչ քաղաքական որևէ իղձ ու նպատակ չուներ. Բելգիայում ամուսնացել էր, Քյոլնում երկու որդի ուներ և առևտրով էր զբաղվում: Եվ ահա 1698թ. նա Դյուսելդորֆում հանդիպում է Պֆալցի կուրֆյուստ Յոհան Վիլհելմին, ինչի առթիվ կուրֆյուստը գրում է. «Դրամական իր հաշիվների համար մեզ մոտ ունկնդրություն ստացավ»: Թե ինչպիսի այլափոխություններ կատարվեցին Օրու ներաշխարհում՝ դժվար է ասել, բայց նա որոշում և, ավելին, կարողանում է կուրֆյուստին ներարկել այն գաղափարը, թե Պֆալցի 40-հազարանոց զորքով հնարավոր է Հայաստանն ազատագրել թուրքերից: Նախնական համաձայնություն ստանալով՝ 1699թ. Օրին մեկնում է Հայաստան, ուր չէր եղել շուրջ 20 տարի, որտեղ տիրող իրողություններին լիովին անտեղյակ էր: Քարտուղարների կազմած գրությունների տակ հազիվ հայատառ ստորագրելով «Իզրէլ Օռի»՝ Սյունիքում կազմակերպում է մելիքների գաղտնի խորհրդակցություն, ապա ապրիլին այցելում Սբ. Էջմիածին՝ ամենուրեք և ամենքին ներարկելով իր ռազմաքաղաքական ծրագիրը:

Նույն թվականի սեպտեմբերին վերադառնալով Դյուսելդորֆ, նա կուրֆյուստին մանրամասն զեկուցագիր է ներկայացնում ուղևորության մասին և Պֆալցի հակաթուրքական շահագրգռությունից ոգևորված՝ ձեռնամուխ լինում իր ծրագրի իրականացմանը:

Բայց նախ հարկ էր ձերբազատվել առևտրային գործունեությունից, և այստեղ կատարվում է մի տհաճ պատմություն: Հայկական առևտրային ընկերախմբի կազմում կային Գողթան գավառի Ագարակ գյուղից չորս եղբայրներ՝ Թարղուլ, Բաղդասար, Հարություն ու Մելքոն: Երբ Օրին սկսում է լուծարել առևտրային գործերը, Թարղուլը նրան մեղադրում է իրենց հանդեպ անմաքուր վարվելու մեջ: Բայց Օրին կարողանում է հաղթահարել այդ «խոչընդոտը» և գրպանում ունենալով այն ժամանակվա համար ահռելի գումար՝ 9.500 դուկատ, վերջնական և անվերադարձ անցում կատարում իր համար նոր ու հրապուրիչ մի ոլորտ՝ քաղաքականություն:

Հարկ է ասել, որ նա, այնուամենայնիվ, հրաշալի հասկանում էր՝ միայն Հռենոսյան Պֆալցի միջոցով Հայաստանը չէր ազատագրվի, անհրաժեշտ էին նոր, զորեղ դաշնակիցներ, և Օրին սկսում է փնտրտուքը: 1700թ. նա Մինաս վարդապետ Տիգրանյանցի հետ ճանապարհվում է Ֆլորենցիա ու Հռոմ, Պապին շարադրում իր ծրագիրը, արժանանում հավանության ու ստանում պապական բանագնացի պաշտոնական կարգավիճակ:

Հաջորդ ակնհայտ դաշնակիցը կարող էր լինել Ռուսաստանը. Օրու այս նախաձեռնությունն էր, որ խորհրդային պատմագիտությունը որակեց հայոց «ռուսական կողմնորոշում»: 1701թ. Օրին ու Մինաս վարդապետը մեկնում են Վարշավա, իսկ հուլիսին վեց հոգով (այդ թվում՝ թարգմանն ու քարտուղարները) ժամանում Մոսկվա: Այստեղ նա մնաց երեք տարի, պատվիրակության ծախսերը հոգում էր սեփական գրպանից, իսկ ռուսաց արտաքին գործերի գերատեսչությունից՝ Посольский приказ-ից, ստանում 15 կոպեկ օրապահիկ:

1704թ. Օրին, ի վերջո, հավանություն ստացավ Պյոտր I կայսրից, ինչպես նաև արժանացավ ռուսական բանակի գնդապետի կոչման, ապա մեկնեց Վիեննա: Ավստրո-հունգարական կայսրությունից խոստումներ ձեռք բերելով, նա 1706թ. Արխանգելսկով վերադարձավ Մոսկվա:

Նրա նշանառության հաջորդ թիրախը, ներուժ ունեցող դաշնակիցը Պարսկաստանն էր, և 1707թ. հուլիսին Մոսկվայից ճանապարհ ընկավ 50 հոգուց բաղկացած մի շքախումբ՝ կազմված հայերից, գերմանացիներից ու հոլանդացիներից: Նրանցից 30-ը զինված պահակախումբ էր՝ կապիտան Վիդշտոկի գլխավորությամբ, որն ուներ 12 փոքր թնդանոթ՝ ճանապարհին հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար:

1708թ. պատվիրակությունը հասավ Սպահան: Օրուն ընդունեց շահ Սուլեյման Հուսեյնը, և սկսվեցին երկարատև, արևելյան տաղտուկ ոճի բանակցություն՝ տևելով ամբողջ երեք տարի: Այդ ընթացքում շահն Օրուն նշանակեց 15 ռուբլի օրապահիկ: Բայց հենց այդ ընթացքում շատ բան փոխվեց աշխարհում. եվրոպական դաշնակիցների մոտ առաջացան նոր առաջնահերթություններ, նոր շահեր ու հետաքրքրություններ, և Թուրքիայից Հայաստանի ազատագրումը մղվեց հետին պլան:

Անպտուղ բանակցություններից հոգնած՝ պատվիրակությունը բռնեց տունդարձի ճամփան և 1711թ. օգոստոսին հասավ Աստրախան: Այդ ամսվա վերջին էլ առեղծվածային հանգամանքներում հանկարծամահ եղավ 52-ամյա Օրին: 25 տարի անց Մինաս վարդապետը գրեց, թե նրան թունավորել էին:

Որքան խորհրդավոր էր Օրու մահը, նույնքան էլ անհասկանալի էր հուղարկավորությունը. թեպետ պատվիրակության անդամ ճիզվիտ Կրուշինսկին գրում էր, թե նա «մեռավ որպես անհողդողդ կաթոլիկ», այդուհանդերձ, ռուսական պաշտոնական գրությունների համաձայն, նրա թաղումը տեղի էր ունեցել Աստրախանի հայոց եկեղեցու բակում՝ լուսավորչական եկեղեցու ծիսակարգով:

Սա է պատմությունը վաճառական ու դիվանագետ Իսրայել Օրու կյանքի, մի մարդու, ով իր կարճատև, բայց բուռն իրադարձություններով լեցուն հակասական երկրային ուղին ի սպաս դրեց պատրանքային առաքելության:
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ
2920 reads | 10.01.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com