ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ԳՐԻԳՈՐ ԵՂԻԱՅԱՆ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ






Գրիգոր Եղիայի Եղիայանը (1833-1911) հայոց կապիտալի ամենահամակրելի դեմքերից մեկն է: Նա ծնվել է Կահիրեում, խունկի ու խեժի պարսկաստանցի վաճառականի ընտանիքում: Նախնական կրթությունն ստացել է Դարբ Էլ-Գինենայի հայոց դպրատանը: 1847-1850թթ. ուսանել է անգլիացի Համիլտոնի մասնավոր վարժարանում, 1850-1852թթ. Էքոլ դե լանգ ֆրանսիական լիցեյում:

Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Կահիրեի ռուսական հյուպատոսարանում, որպես թարգմանիչ, սակայն ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հյուպատոսարանը փակվում է, և 1854թ. Գ. Եղիայանը հինում է փաստաբանական գրասենյակ ու սկսում զբաղվել մասնավոր ձեռանարկատիրական գործունեությամբ:

Նա եգիպտահայ համայնքի ամենաճանաչված և սիրված գործիչներից մեկն էր, դեռևս 1863-ից հանդիսանում էր Կահիրեի թաղական, քաղաքական, հոգաբարձական ժողովների անդամ և ատենապետ: Միաժամանակ ամենառատ ձեռքերից մեկն էր, որի քսակը մշտապես բաց էր ազգային կարիքները հոգալու համար:

Այսպես, 1888թ. Գ. Եղիայանը նորոգեց Կահիրեի Սբ. Մինաս մատուռը, 1904-ին Մուշի ու Սասունի կարոտյալներին հատկացրեց 1000 եգիպտական ոսկի: Իսկ 1906 թ. Պողոս Նուբարի, Յաղուբ Արթին փաշայի, Երվանդ Աղաթոնի, Նազարեթ Տաղավարյանի, Մկրտիչ Մարկոսյանի, Հովհաննես Հակոբյանի, Պողոս Նուբարի որդի Առաքելի հետ հիմնեց Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և դրա համար հատկացրեց 200 ոսկի: 1907-ին Գալուստյան վարժարանի շենքի կառուցման համար տրամադրեց195 ոսկի: Գ. Եղիայանի անձնական կարողությունը կազմում էր շուրջ 180 հազար ոսկի, որի 1/3-ը կտակեց ազգին:

Համաձայն կտակի, ազգին անցան Կահիրեի նրա հինգ հասութաբեր շենքերը և Մահալլիքում գտնվող Սանապարա կալվածքը՝ 118,5 հա հողատարածքով: Հիմնվեց Եղիայան ուսանողական հիմնադրամ, որի միջոցներով 1917-ից սկսած բազմաթիվ եգիպտաբնակ հայ երիտասարդներ կրթություն ստացան Եգիպտոսի ու Եվրոպայի բուհերում: Ի վերջո, կտակի համաձայն, ի հիշատակ Գրիգոր Եղիայանի, 1924-1927թթ. Կահիրեի Ռեն Նազլի պողոտայի վրա կառուցվեց Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

Գ. Եղիայանը նաև խոշոր դիվանագետ էր. 1878-1880թթ. Կահիրեում ռուսական հյուպատոսի խորհրդականն էր, իսկ 1881-1887թթ.՝ փոխհյուպատոսը: Դիվանագիտական իր արգասաբեր գործունեության համար նա արժանացել է մի քանի երկրների պարգևների՝ Պարսկաստանի Շիր ի խուրշիդ 1-ին և 2-րդ աստիճանների, Իտալիայի Շեվալիե դելլա Գուրոնե դԻտալիա, Մոնսինյոր Դանիելլո 3-րդ աստիճանի, Թուրքիայի Մեջիդիյե 2-րդ և Օսմանիյե 3-րդ աստիճանների, Ռուսաստանի Սբ. Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշաններով: Նա միաժամանակ Սոսիետե դը Նոֆրաժ դը Բալթիկ և Սոսիետե դը Քղուա Ղուժ դը Ղյուսի ընկերությունների անդամ էր:

Գրիգոր Եղիայանը վախճանվեց 78-ամյա հասակում, Տրիեստում, բայց աճյունը հողին հանձնվեց Կահիրեի Մարմինա հայոց գերեզմանատանը:
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ
774 reads | 01.02.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com