Ի՞ՆՉ Է ՅՈԳԱՆ ԵՎ Ո՞ՒՐ Է ԱՅՆ ՏԱՆՈՒՄ
ՎԻՏԱԼԻ ԱՍԼԱՆՅԱՆ










"Յոգա” բառը թարգմանվում է որպես "միասնություն”, միջոց Արարչի հետ միասնանալու։ Բառը ինքը հուշում է, որ այդ ճանապարհով ձեռք բերված ուժերի ուղղվածությունը պետք է լինի դեպի Արարիչը. Ուժ ձեռք բերելով` գտնենք Նրան և միավորվենք Նրա հետ, լինենքն Նրա Կամքի արտահայտիչը Երկրի վրա։ Յոգան Ուժ է։ Եթե դուք Ուժ եք փնտրում սեփական ունեցվածքի, եսասիրության, փառասիրության աճին նպաստելու համար, զգուշացեք, դուք ուղղվում եք դեպի կործանում։ Ուժի ձեռքբերման մոտիվը միայն բարիքը պետք է լինի, միայն սեփական "ես”-ը ճանաչելը, նրա հետ (հետևաբար և Արարչի) հետ միավորվելը, նրա Կամքի արտահայտիչը դառնալը, այդ Ուժով Բարիք գործելը և վատագույն դեպքում ստեղծած Բարիքը պաշտպանելը։ Մի դեպքում Յոգան կրակ է, որի բոցերում դուք կմոխրանաք, մյուս դեպքում` ճանապարհ, որը տանում է դեպի Աստված։ 

Չնայած ինչ-որ տեղ ճիշտ է "Յոգան” միասնություն անվանելը, այնուամենայնիվ չպետք է դա սխալ հասկացվի՝ Աստծո, Տիեզերական Ես-ի հետ միավորվելը չի նշանակում, թե մենք առանձնացած ենք, մենք հենց Տիեզերական Ես-ի մասնիկներն ենք, կրողներն ենք, ուղղակի ցածր գիտակցությունից ելնելով է, որ կարծում ենք առանձնացած ենք, թե պետք է միավորվենք։ Ուրեմն ճիշտ դրվածքը այն է, որ յոգայի միջոցով հասկանում, ըմբռնում ենք շոշափելիորեն, որ մենք մեր ներքին բնույթով տիեզերական Ես-ն ենք, Ատմանը։

Հին, շատ հայտնի առած կա այդ երևույթը նկարագրող՝ երբ մի քանի կույրեր փորձում են շոշափելով նկարագրել փղին։ Մեկը բռնում է փղի պոչը ու հայտարարում, որ փիղը նման է օձին։ Մյուսը շոշափելով ոտքը, ասում է, որ փիղը նման է սյունի։ Երրրոդը ժանիքն է շոշափում, չորրորդը՝ կնճիթը, հինգերորդը՝ ականջը և այլն։

Մարդկային քաղաքակրթությունները, կրոնները, մարդիկ ևս այդպես տարակարծիք են մարդկային էության, շրջապատի աշխարհի, Տիեզերական Ես-ի վերաբերյալ։ Հետևաբար Յոգան միացում, միավորում չէ, այլ ավելի ճշգրիտ արտահայտված՝ եղած միասնության ըմբռնում։ Եվ իհարկե այդ ըմբռնման մեթոդները, միջոցները։ Հին ժամանակներում, երբ այս գիտելիքը փոխանցվում էր ուսուցչից աշակերտին, սխալներ, խեղաթյուրումներ չկային, բայց երբ հայտնվեց գրավոր խոսքը, նկատելի դարձան տարակարծիք նկարագրությունները։

Պակիստանում 5000-ամյա արձաններ են հայտնաբերվել, որոնք պատկերում էին յոգական վարժություններ։ Դրանք պատկերում էին Շիվա աստծուն (որը ըստ առասպելաբանության՝ յոգայի ստեղծողն էր) և նրա կնոջը՝ Պարվատիին՝ տարբեր յոգական դիրքերով։ Առաջին գրքերը, ուր խոսվում է յոգայի մասին, վեդաներն են, որոնք 4500 և ավելի տարիք ունեն։ Վեդաները ստեղծել են ոգեշնչված յոգերը, որոնք հասել էին բարձր մակարդակների։

Ուպանիշադների ու բրախմանի հայտնվելով մենք ունենք այսօր մեզ հասած յոգայի գրավոր աղբյուրները։ Բրախմանը այն տեքստերն են, որոնք նկարագրում են ծիսակատարությունները ու տալիս որոշ պատմագիտական և ընդհանուր գիտելիք։ Այդտեղ հիշատակվում են ջափա յոգան (սուրբ հնչյունների՝ մանտրայի օգտագործում) և մաունան (ներքին լռության վրա կենտրոնացում)։

Այստեղ էլ 1-ին անգամ գրավոր հիշատակվում է ԱՈՒՄ մանտրան ու բացատրվում է նրա նշանակությունը, դրվում պրանայամայի՝ շնչառական վարժություններով կենսական էներգիայի (պրանա) ուղղորդված կառավարման հիմքերը։

Իսկ ուպանիշադները իսկապես հիմնարար ստեղծագործություն դարձան։ Սանսկրիտերեն՝ "ուպա”- կողքին, "նի”- ուսումնասիրել, "շադ”- նստել, ստացվում է "նստել կողքին (ուսուցչի) և ուսումնասիրել, ստանալ գիտելիք”։

Մոտ 200 ուպանիշադներից ամենահինը մ.թ.ա. 6-րդ դարից է գալիս, "ամենաերիտասարդը”՝ 14-րդ դարից։ Ուպանիշադները նաև հայտնի են որպես վեդաների էությունը պարզաբանող տեքստեր։

Ուպանիշադներում ասվում է, որ "Ես”-ին կարելի է հասնել միայն միացումով (յոգայով), ոչ թե ուսումնասիրությամբ ու մտածողությամբ և որ "Ես”-ը մեր գոյության հիմքն է և ոչ որպես առանձին էակ, որ "յոգի ճանապարհը սուր ածելու նման նեղ է”։ Սա նաև Քրիստոսն է ասել՝ "Նեղ է ճամփան, որը տանում է դեպի կյանք (ինքնաիրագործում)”։

Ուպանիշադներում նկարագրվում են այն բոլոր ուղիները, որոնցով տեղաշարժվում է պրանան, որը հասկացվել է որպես բոլոր կենդանի էակների կյանքի հիմքը։ Հիշատակվել է կունդալինի էներգիան օձի տեսքով, ասվում էր, որ մեդիտացիոն վիճակը արագ է վրա հասնում և բարձր մակարդակները հասանելի են դառնում, եթե ուշադրությունը սևեռվում է ԱՈՒՄ-ի վրա։ Ահա, օրինակ՝ "Պահելով մարմինը, գլուխը, վիզը ուղիղ, ուղղեք հասկացողությունը սրտի շրջան և այնժամ ԱՈՒՄ-ը կդառնա նավակ, որի օգնությամբ դուք կհաղթահարեք վախի գետը”։ Շվետաշվատարա-ուպանիշադա Մեծ Պատանջալին Քրիստոսի ծննդից քիչ առաջ ուսումնասիրել, կանոնակարգել ու բացատրել է շատ ուպանիշադներ իր "Յոգա-սուտրա” գրքում։ 

Ահա թե հազարամյակներ առաջ ինչ է գրել Կատխա-ուպանիշադան. Բարձրագույն ճանապարհը սկսվում է, երբ 5 զգայարանները և միտքը հանգիստ են, ու բանականությունն էլ լռում է։ Զգայարանների այդ անդրդվելիությունն էլ հենց յոգա է։ Բուդդայի ի հայտ գալուց քիչ առաջ (3500 տարի առաջ) գրվեցին "Մահաբհարատա” և "Ռամայանա” էպոսները, որոնցում յոգական գիտելիքը տրվում է սիմվոլների, առասպելների տեսքով։ Հանրահայտ "Բհագավատգիտա”-ն "Մահաբհարատայի” բաժիններից մեկն է, ուր Աստված Կրիշնայի տեսքով յոգայի դասեր է տալիս մեծ զինվոր Արջունային։

Այս հանրահայտ սուրբ գրվածքը իր մեջ ներառում է յոգայի համարյա բոլոր բաժինները՝ Կարմա յոգա (գործունեության յոգա), Ժնանա յոգա (ինտուիտիվ գիտելիքի յոգա), Բհակտի յոգա (աստծո սիրահարի յոգան), Դխյանա յոգա (մտասևեռման յոգա)։ "Գիտան” ասում է, որ յոգան բոլորի և ոչ թե առանձին մարդկանց համար է, որ այն մեր կյանքի անբաժան մասը պետք է կազմի մշտապես։ Եվ որ վերոհիշյալ բաժիններն առանձին չեն ու չեն էլ կարող լինել, դրանք մի միասնություն են, որովհետև "մեր ամբողջ կյանքն
է յոգա”։

Պատանջալիից հետո Շանկարաչարյան տվեց 12 ուպանիշադների և "Բհագավատ գիտայի” բացատրությունը, գրեց մի քանի արժեքավոր գրքեր՝ հիմնված սեփական ձեռքբերումների վրա, սինթեզել է Վեդաների հեղինակությունը ընդունող բոլոր համակարգերը, հիմնել մոնիստիկական վեդանտա։ Բոլոր մեծագույն ուսումնասիրող հեղինակները նաև պրակտիկ յոգեր էին՝ ոչ թե ուղղակի վերաշարադրում էին, այլ տալիս էին նաև իրենց սեփական փորձը։Բոլոր հեղինակներն էլ տալիս են բարձրագույն նպատակներին հասնելու անհրաժեշտությունը և որպես միջոց, ցուցում չանտեսել մարմնական առողջությունը (խատխա յոգա)։

Եվ ընդհանրապես, յոգայի բաժինները այնպես են ճյուղավորվում, ներթափանցում մեկը մյուսի մեջ, որ դժվար է այն սահմանազատել-առանձնացնել։ Այս հարցում նաև պետք չէ լինել խստասիրտ սահմանազատող, դա անհնար է, որովհետև կենդանի կյանքը ինքը սահմանազատում, քարացում, բաժանում չունի։ Յոգայի չինական ու եգիպտական դպրոցներն իրենց ուրույն տեղն ունեն այս ամբողջ համակարգի մեջ։

Ըստ նորագույն տվյալների, այս ամենը սկիզբ են առել և տարածվել Տիբեթից և որտեղ էլ մինչ այժմ կարելի է գտնել գաղտնիքներ, որոնք դուրս են մեր պատկերացումներից։

Կարևոր է այս ամենին մոտենալ ո՜չ որպես պատմության թանգարանային գիտելիք, այլ որպես գործուն մեթոդ, որը նպաստում է ինքնաճանաչմանն ու վերափոխմանը, հիվանդություններից բուժմանն ու երիտասարդացմանը, կյանքի իմաստավորմանը։ Յոգան Վիվեկանանդայի խոսքերով՝ կարող է դիտարկվել որպես միջոցների հավաքածու, որի միջոցով հնարավոր է մարդու էվոլյուցիան խտացնել, տեղավորել մեկ մարդկային կյանքի, կամ նույնիսկ տարիների, ամիսների մեջ։ Օրինակ, ամբողջ Ռաջա-Յոգան հիմնվում է նրա վրա, որ մեր ներքին բաղկացուցիչ մասերը, նրանց միջև եղած փոխհարաբերությունները, ֆունկցիաները կարելի է բաժան-բաժան անել ու նորից հավաքել այլ կոմբինացիաներով, որպիսիք մինչ այդ անիրական էին։

Նույն ձևով էլ Խաթխա-Յոգան գտնում է, որ կենսական ուժերն ու ֆունկցիաները, որոնց ենթարկվում է սովորաբար մեր կյանքը, և որոնք մեզ թվում են քարացած ու անփոփոխ, կարող են կառավարելի դառնալ և դրանց փոփոխված ազդեցությունները կարող են բերել մինչ այդ անհնարին թվացող արդյունքների։ Այս ամենը գերբնական կթվան այն մարդկանց, ովքեր չեն հասկացել այդ ֆունկցիաների ու ուժերի հիմնական պատճառը։


Յոգայի ուրիշ ուղղություններում այդ բնութագրիչ հատկությունը ոչ այնքան աչքի ընկնող է, որովհետև դրանք ավելի ներըմբռնող ական են, սակավ մեխանիկական, մոտիկ են էքստազային վիճակներին (Բհակտի Յոգա, Սուֆիզմ), կամ էլ գիտակցության ու կեցության անսահմանություններին են շփվում, ինչպիսին է Ռաջա Յոգան։

Յոգա ընդհանուր անվան տակ խմբավորած բոլոր մեթոդները հատուկ հոգեբանական պրոցեսներ են հանդիսանում, որոնք հիմնված են բնության անփոփոխ ճշմարտությունների վրա։ Այդ ուժերի ու հետևանքների զարգացող ֆունկցիաները միշտ էլ եղել են, բայց ոչ հաճախ՝ այլ արտահայտվել են առօրյա կյանքում միայն առանձնահատուկ իրավիճակներում։ Շատերն են լսել կամ նույնիսկ ներկա եղել, թե ինչպես մահացու թվացող վտանգից փրկվելու համար ինչպես է մարդը ցատկում-անցնում անդունդի կամ բարձր պատնեշի վրայով, ահռելի ուժ ստանում, որի օգնությամբ փրկվում է մահից և այլն։ Յոգայի մեթոդները տանում են մեր մեջ թաքցված այդ գերբնական ուժերի ազատագրմանն ու օգտագործմանը (միշտ հիշենք, որ այդ ուժերը երկակի բնույթ ունեն՝ ոչնչացնել "անմաքուրներին” և ծառայել մաքուրներին)։

Յոգայի շատ տեսակներ կան՝ Կարմա (գործունեության) յոգա, Բհակտի (խոնարհության, սիրո), Դժնյանա (գիտելիքի), խատխա (շնչառության ու շարժումների կարգավորման), լայա (ողնաշարի էներգիայի արթնացման), մանտրա (խոսքի ու հնչյունի ճիշտ օգտագործման), ռաջա (մտասևեռման ու կենտրոնացման), ագնի (նուրբ աշխարհի էներգիաների, կրակի հետ փոխգործունեության), ինտեգրալ-սուպրամենտալ (նախորդ բոլոր ուղղությունները ինտեգրող՝ միացնող և մարդկային աշխարհին հաջորդող՝ սուպրամենտալ՝ գերիմացական աշխարհի կառուցմանն ուղղված) յոգա։

Ընդհանուր առմամբ համարվում է, որ յոգայով զբաղվողը ձգտում է հեռանալ առօրյա կյանքից ու կորցնում է կապը նրա հետ։ Նա ձգտում է գտնել հոգեկան առողջություն, բայց դա ստացվում է մարդկային գործունեության աղքատացման, հասարակությունից մեկուսացման հաշվին։ Շատ քիչ օրինակներ կան, երբ հոգևոր հաղթանակների արդյունքն ու մարդկային գործունեության արդյունքը համակցվել են մի մարդու մեջ։ Աշխարհիկ կյանքն ու հոգեկան կատարելագործումը թվում է անհամատեղելի են ու այս գաղափարը այնքան է զարգացվել, խորացվել, տարածվել, որ դա սկսել է համարվել Յոգայի անհրաժեշտ պայմանը։

Այս պայմանը անընդունելի է Ինտեգրալ Յոգայի տեսակետից. ահա թե ինչ է գրում նրա հիմնադիրը՝ Աուրոբինդո Գհոշը այս մասին. "Յոգայի ուղղությունների սինթեզը՝ Ինտեգրալ Յոգան չի կարող բավարար լինել, եթե այն ուղղված չէ Աստծո և Բնության միավորմանը, մարդկային կյանքի ազատագրմանն ու կատարելագործմանը։ Ճշմարիտ ուսմունքը իր մեթոդներով ոչ միայն թույլատրում, այլև հովանավորում է մեր ներքին ու արտաքին գործունեության ներդաշնակմանը, դրանց աստվածային իրականացմանը։

Քանի որ մարդն է բարձրագույն Կեցության այն սիմվոլն ու կնիքը, որը իջել է նյութական աշխարհ, ուր ցածրագույնին տրված է հնարավորություն վերափոխել իրեն ու ձեռք բերել բարձրագույնի բնույթը, իսկ բարձրագույնի համար բացված է իրեն ցածրագույն ձևերում բացահայտելու ճանապարհը։ Փախուստը կյանքից երբեք չի կարող հանդիսանալ պարտադիր կամ լիակատար պայման և ոչ էլ վերջնական նպատակ, որպեսզի հող նախապատրաստվի մարդկության առաջընթացի համար։ Յոգայի իսկական ու վերջնական նպատակին հասնում են, երբ մարդու մեջ գիտակից Յոգան նմանվում է Բնության ենթագիտակցական Յոգային, արտաքինից կյանքի հետ համընկմանը։ Եվ այնժամ մենք ետ նայելով անցած ուղուն ու արդյունքներին, կասենք՝ "Ամբողջ կյանքն է Յոգա”։

Մենք նույնպես կիսում ենք այս գաղափարները և համարում ենք, որ իսկապես մարդկության անցած էզոթերիկ ճանապարհները, հոգու ճանապարհները հենց այնպես չեն եղել, դրանք եկել-հասել են մի խաչմերուկի, ուր պետք է միանան, սինթեզվեն, եզրակացությունների հանգեն ու շարունակվեն որպես մի միասնական, ուղղորդված, տրամաբանված, իմաստավորված ընթացք, որը տանում է դեպի արմատապես Նոր Աշխարհ, Նոր Գոյաձև։

ՅՈԳԱՆ՝ ՈՐՊԵՍ ԷՈՒԹՅՈՒՆ
1755 reads | 12.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com