ՊՐԱՆԱՅԱՄԱ ԵՎ ԱՍԱՆԱ (ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)
ՎԻՏԱԼԻ ԱՍԼԱՆՅԱՆ








Խաթխա-Յոգայի բարձրագույն կիրառումը կապված է Պրանայամայի (շնչառական վարժությունների համակարգի) հետ։ Պրանայաման ելնելով Ասանայի (մարմնամարզական դիրքի) անշարժ, ինքնատիրապետվող վիճակից, ավելի մոտիկ է գտնվում ներվային համակարգի նուրբ էլեմենտներին։ Դա իրականացվում է շնչառական վարժությունների տարբեր ձևերով՝ օգտագործելով շնչառության տարբեր ռիթմերը՝ ընդհուպ մինչեւ շնչառությունը պահելն ու դադարեցնելը։ Պրանայամայի առաջնահերթ նպատակը ներվային համակարգի մաքրումն է՝ կենսական էներգիայի ուղղորդումը ներվային ուղիներով և այդպիսով հոգու, մտքի ու կամքի ազատագրումը մարմնից։

Այդ շնչառական վարժություններին տիրապետելը ներվային համակարգին բերում է մաքրություն ու անխափան գործունեություն, որի օգնությամբ էլ կարելի է հասնել ֆիզիկական մարմնի մաքրությանն ու առողջացմանը, իսկ ամենակարևորը՝ մարդը սկսում է տիրապետել կենսական էներգիան ըստ կամքի ուղղորդման դեպի մարմնի յուրաքանչյուր տեղամաս ցանկացած ռիթմով ու տեսքով։ Այսպիսով՝ Խաթխա-Յոգան օգտագործում է այդ երկու՝ ներքին ու արտաքին գործիքները, որոնց օգնությամբ մարդը կարող է հասնել մինչև հոգևոր արդյունքների շեմին։ Այստեղ արդեն անհրաժեշտ է կապ ստեղծել մարմնի, մտքի ու ոգու միջև, որն իրականացնում է Ռաջա-Յոգան։

Ստորև նկարագրենք Խաթխա-Յոգայի որոշ ասանաներ։ Որպես զգուշացում նշենք, որ սա այն բնագավառն է, ուր չի թույլատրվում չափից դուրս ոգևորությունը և անհեռատեսորեն շտապելը։ Վարժությունները պետք է սկսել ամենաքիչ կրկնողություններով, բայց ամենօրյա իրականացումներով՝ հաջողությունը գալիս է սիստեմատիկ աշխատանքի դեպքում։ Եթե տարբեր գրքերում հանդիպեք որոշակի վարժությունների գովերգման ու փառաբանման, որպես միջոց այս կամ այն հիվանդության բուժման համար, հիշեք, որ խոսքը գնում է տվյալ վարժության պոտենցիալ հնարավորությունների մասին, որին կարելի է հասնել միայն տվյալ վարժությունը խելամտորեն ուրիշ վարժությունների ու ապրելակերպի հետ համակցելով։

Ընդհանուր հասկացողություններ ու հանձնարարականներ ասանաների ու պրանայի մասին Տարբերում են ասանաների 2 կատեգորիա՝ մտասևեռային
(մեդիտացիոն) և մարզական։ Մտասևեռայինին համապատասխանում են կայուն, նստած դիրքերը, որոնք նպաստում են երկարատև անշարժ վիճակում մնալուն։ Իսկ մարզական ասանաներին պատկանում են մնացած բոլոր դիրքերը։  Նշենք, որ Յոգայի ավելի բարձր փուլերում բոլոր ասանաները անխտիր դառնում են մտասևեռային, ինչքան էլ դրանք բարդ լինեն։

Կան ասանաների որոշ տեսակներ, որոնք կոչվում են մուդրաներ, վերջիններս ասանաներից տարբերվում են նրանով, որ ապահովում են օրգան-սիստեմների խորը մշակում՝ ներզատիչ գեղձերի և արյան միջոցով։ Այդ իսկ պատճառով երեխաները մինչ չափահաս դառնալը մուդրաների կատարումից պետք է զերծ մնան, որպեսզի խառնաշփոթ չառաջանա հորմոնային համակարգում։

Երկու խոսք Պրանայի մասին. բուժական նպատակներով յոգայի օգտագործման հաջողությունը մեծ մասամբ կախված է նրանից, թե արդյո՞ք պարապողը կարողանում է վարժություններին միացնել հոգեբանա-էներգետիկ ասպեկտը։ Եթե դա իրականացվում է, արդյունքը մի քանի անգամ բարձր է ստացվում, քան սովորական՝ մարմնամարզական տարբերակի դեպքում։

Մարդու նուրբ մարմինը (յոգայի հասկացողությամբ մարդը կազմված է ֆիզիկական՝ կոպիտ մարմնից և նուրբ՝ մեզ համար անտես մի քանի էներգետիկ մարմիններից կամ ընդհանուր հասկացողությամբ՝ նուրբ մարմնից, որոնց կարելի է տալ հոգի, ոգի, հոգևոր էակ… անվանումներ ըստ տարբեր կրոնների, ուսմունքների) իր մեջ ներառում է էներգիա ու առաջնային ինֆորմացիա, որոնք համապատասխանում են տարերքներին (կամ նուրբ մարմինը կազմող վիբրացիոն բնութագրերին)։ Քանի որ բոլոր այդ կարգի նուրբ ուժերը Նախասկզբնական ուժի՝ Պրանայի արտահայտությունն են, դրանք անվանում են պրանա։

Կոպիտ մարմնում առաջացած բարերար փոփոխությունը դա նուրբ մարմնում պրանայի օգնությամբ ձեռք բերած փոփոխության հետևանքն է։ Միաժամանակ որոշակի մանիպուլյացիաների, մարմնավարժանքների օգնությամբ փոխադարձաբար ազդեցություններ են գործում գիտակցության, նուրբ մարմնի վրա, այդտեղ ստանալով որոշակի փոփոխություններ։ Այսպիսով, յոգայի համակարգը մի կոմպլեքս համակարգ է, ուր ազդեցության են ենթարկվում և՜ մարմինը, և՜ նուրբ էներգիաները, որոնք փոխադարձաբար ազդելով մեկը մյուսի վրա, տալիս են ցանկալի արդյունք։

Ասանաները, մուդրաները, պրանայաման պետք է կատարել հանգիստ, առանձնացված միջավայրում, որպեսզի ապահովված լինի լռություն, մաքուր օդ, միջին ջերմաստիճան։ Հագուստը պետք է լինի թեթև, առանց սինթետիկ հյուսվածքի։ Ստամոքսը դատարկ, նախօրոք միայն ջուր կարելի է խմել, կամ թեթև սնունդ ընդունելուց 1,5 ժամ հետո կարելի է սկսել վարժանքը։ Հատակը (կամ գետինը) պետք է լինի ուղիղ, պինդ՝ ծածկված գորգով կամ նման կտորով։ 

Տասներկու ասանա

1. Քիմքի վարժությունը (Նաբխի մուդրա)- Լեզվի ծայրը կպցնում են քիմքին, որպեսզի պրանայի շրջապտույտը իրականացվի իր ուղիներով։ Այս վարժությունը կատարվում է մշտապես, բոլոր վարժությունների կատարման ընթացքում։ Այս վարժությունը կատարվում է 3 տարբերակով.
Ա) Երբ լեզվի ծայրը կպցնում են վերին լնդի տակ։ Սա կատարում են բոլոր վարժությունների ժամանակ, եթե այլ դիրք չի հանձնարարվում։ Այս դիրքով շրջապտույտի մեջ է դրվում օդի ուժը։
Բ) Երբ լեզվի ծայրը կպցվում է մոտավորապես վերին ծնոտի կենտրոնին։ Շրջապտույտի մեջ է դրվում կրակի ուժը։
Գ) Երբ լեզվի ծայրը կպցվում է հնարավորին չափ կոկորդին մոտ։ Կիրառվում է մտասևեռումների ժամանակ, երբ անհրաժեշտ է լինում ջրի ուժը։


Երբեմն անհրաժեշտ է լինում լեզվով շոշափել-գտնել համապատասխան կետը, երբ դա կատարվում է, զգացվում է ներքին դող, մաշկի փշաքաղվելու էֆեկտ։ Յուրաքանչյուր ասանայից կամ ասանաների խմբի կատարումից հետո անհրաժեշտ է նստել ուղիղ ողնաշարով (սա շատ կարևոր է) որոշ ժամանակ, որպեսզի պրանայի շրջապտույտը իր ավարտին հասնի։ Եթե ներքին դողի զգացողությունը չկա, պետք է լեզվի ծայրով վերին լնդի տակից մինչև կոկորդ ընկած տարածքում գտնել ձեզ անհրաժեշտ կետը (նայած ձեր օրգանիզմը որ տարերքի էներգիայի պակասն ունի)։

Քիմքի վարժության էֆեկտը կարելի է ուժեղացնել ձեռքերը միաժամանակ, օղակաձև պտտելով առաջ, կամ հետ։

2. Ուղիղ անկյուն (Տոլանասանա)- Նստել հատակին, ուղղել ոտքերը, ձեռքի ափերը՝ գետնին, մատները առաջ (նկ. 1)։ Հենվելով հատակին, մարմինը բարձրացնել, ոտքերը զուգահեռ պահելով հատակին, մնալ այդ դիրքում 15-20 վայրկյան, հետո ելման դիրք։ Շնչառությունը կամային է։ Կրկնել 3-4 անգամ, ամեն կրկնությունից առաջ թեթևակի հանգստանալով։ Կարելի է պառկել մեջքի վրա ու 1-2 րոպե հանգստանալ։ Եթե չի ստացվում միանգամից, կատարեք աստիճանաբար՝ ոտքերը հերթով բարձրացնելով։ Վաղ թե ուշ ամբողջական ձևը կստացվի։

Ազդեցությունը- ամրանում են մարմնի մկանները, ուժեղանում են ձեռքերն ու ոտքերը, օգնում է ռևմատիկ ցավերի ժամանակ, վերացնում է փորկապությունը, գործում ընդհանուր բարերար ազդեցություն։ 




3. Կիսանիվ (Արդխա չակրասանա) - Մեջքի վրա պառկել հատակին, ոտքերը պահելով միասին, այնուհետև դրանք ծալել ծնկից՝ թաթերը մոտեցնելով հետույքին։ Ձեռքերը ծալել գլխի ետևում՝ ափերը գետնին, մատները դեպի գլուխը։ Բարձրանալ վեր, ինչպես նկարում, ձգվել մինչև վերջ, ազդրերի մկանները շատ  չլարել։ Մնալ այդ դիրքում 2-10 վայրկյան, շնչառությունը՝ կամայական։ Հետո պառկել գետնին ու կրկնել մի քանի անգամ։ Այս վարժությունը էներգածին է, տաքացնում է։ Ձմեռը կարելի է կրկնել մինչև 5 անգամ, կրճատելով սակայն ֆիքսացիայի պահը մինչև 2 վայրկյան։ Տաք եղանակին կրկնել 2 անգամ։

Վարժության ավարտից հետո պառկել գետնին, թուլանալ, հանգստանալ 20-60 վայրկյան։ Այնուհետև նստել, (նկ. 3), մեջքը ուղիղ պահելով, սպասելով պրանայի հոսքին, անհրաժեշտության դեպքում կատարելով քիմքի վարժությունը։ 

Ազդեցությունը- այս վարժությունը նպաստում է ողնաշարի ճկունության ապահովմանը՝ հետևաբար վանում է ծերությունը, քանի որ ծերության առաջին հաղթանակը ողնաշարի ճկունության կորստի հետ է կապված։

Վերանում են ճարպային գոյացությունները ոտքերի, իրանի վրա, կանայք մինչ խոր ծերություն պահպանում են իրանի գեղանի շարժուձևը, տեսքը։

Վարժությունը նպաստում է փորկապությունների, անմարսության, հոդացավերի վերացմանը։

4. Անուսի կծկումներ (Աշվինի մուդրա)- Հետանցքի (անուսի) մկանների՝ սֆինկտերի կծկումը կարևոր վարժություն է այն դեպքերում, երբ կարգավորում են պրանայի հոսքը դեպի վեր։ Հատկապես դաոսյան համակարգերում այս վարժությանը մեծ տեղ է տրված։ Վարժության կատարման էությունը սֆինկտերի հետևող ական կծկումների ու թուլացումների մեջ է, ցանկալի է նստած (մեջքը ուղիղ) դիրքում։ Այդ կծկումները պրանային մղում է ներքևից վեր մարմնի ներքին ուղիներով, ճանապարհին տոնուսավորելով ու մաքրելով բոլոր ներքին օրգանները։ Ամեն մի կծկումը էներգիային մի աստիճան վեր է բարձրացնում. կանանց մոտ մինչ գլխի գագաթ հասցնելու համար պահանջվում է 5 կծկում, տղամարդկանց համար՝ 4 կծկում։ Յուրաքանչյուր շարքի (4-5 կծկում) ավարտից հետո պետք է զգալ պրանայի հոսքը, որը հասնում է մինչև գլխի գագաթը։ Այնուհետև թուլացեք, հանգիստ արտաշնչեք, ուշադրություն դարձնելով, թե ինչպես է պրանան ներքև սլանում մկաններով ու ոսկորներով, այնուհետև հավաքվում պորտից մի քիչ ցածր տեղամասում։ Եթե ցած իջնող պրանան լավ չի նկատվում, օգնեք ձեզ քիմքի վարժությամբ։ Դրանից հետո ներշնչում արեք ու կրկնեք սֆինկտերի կծկումների շարքը 2-4 անգամ, օրը 2 անգամ (առավոտյան, երեկոյան)։

Ազդեցությունը- բացի հոգե-էներգետիկ ազդեցությունից այս վարժությունը շատ արդյունավետ է ուղիղ աղիքի հիվանդության, թութքի դեպքում, բուժում է միզասեռական համակարգի հիվանդությունները։

5. Անշարժ կարծրություն (Վաջրասանա)- Ծնկի գալ, հետո նստել կրունկների վրա  թեթևակի թեքվել առաջ, ձեռքերը՝ հետույքին։ Ուղղվել, ողնաշարը ուղիղ պահելով ձգվելով վեր։ Ձեռքի ափերը ծնկների վրա են, կամ ազդրերի վրա։ Ֆիքսման փուլը կամայական շնչառությամբ կարող է տևել ինչքան ուզում եք։ Այս դիրքը կարելի է օգտագործել այլ վարժությունների՝ մտասևեռման, պրանայամաների համար։ Կրկնել օրեկան 3 անգամ։

Ազդեցությունը- ամրապնդում է ոտքի մկանները, վերացնում ռևմատիկ, նեվրալգիկ ցավերը ոտքերում։ Եթե սնվելուց կես ժամ հետո կես ժամվա ընթացքում այս դիրքում մնալով շնչես աջ քթանցքով (մյուս քթանցքը մատով փակելով) շատ բարերար ազդեցություն կթողնի մարսողության վրա։

Պատանեկան տարիքից մշտապես ՙԱնշարժ կարծրություն՚ վարժությունը կատարելու դեպքում գլխի մազերը մինչ խոր ծերություն չեն սպիտակում։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ՅՈԳԱՆ՝ ՈՐՊԵՍ ԷՈՒԹՅՈՒՆ
3091 reads | 01.07.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com