ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ
պատմաբան, հրապարակախոս, ԵՐԵՎԱՆ





Ավարայրի ճակատամարտով մեզ համար մի ամբողջ դարաշրջան ավարտվեց: Հայաստանն իբրև երկիր և հայերն իբրև ժողովուրդ,  այդ   պահից  սկսյալ, դադարեցին  երրորդ  հզոր  ուժը հանդիսանալ և դարձան երրորդական գործոն այս աշխարհահատվածում:  Կորսվեց մեծ դերակատարության  այն պատմական  իրա վունքը, որն ի սկզբանե ուներ հայ ժողովուրդը: Արտազու դաշտում 66 հազարանոց հայկական բանակ ճակատամարտեց: Վերջին անգամ թվով այդքան հայոց զորք դուրս եկավ թշնամու դեմ: Եվ այդ զորեղ ուժը Եկեղեցու  սուրբ ուխտի կողմից գործադրվեց միայն  ի պետս վարքաբանության: Ափսոս եղավ Հայոց բանակը, որ անխղճաբար մսխվեց փոքր  նպատակի համար: Մի՞թե ազգն այդքան կռվող տվեց, որպեսզի առջևն ընդամենը բարոյական հաղթանակ տանելու  խնդիր դրվեր: Ալեքսանդր Մակեդոնացին  Իսոսի  ճակատամարտում (ն.թ.ա. 333 թ.) ընդամենը 30 հազարանոց բանակով հաղթեց պարսկական 120 հազարանոց զորքին և իրեն Աքեմենյանների հաջորդ ու Ասիայի տիրակալ հռչակեց:

Եթե նույնիսկ ընդունենք Ավարայրի հաղթանակի վերագրումը պարսկական կողմին, ապա այս դեպքում էլ  փոշիացված ենք տեսնում հաղթության  այն չափաբաժինը, որն իրավամբ պիտի տրվեր Վասակ  Սյունու  զորապետությամբ  կռված  առնվազն 40 հազարանոց զորագնդին:  Փչացրին  ու չթողեցին,  որ Հայոց  երկիրը թեկուզ այդ հաղթանակից օգուտ ունենա: Հայերն իրենց հանդեպ հարգանքը սասանեցին Ավարայրով: Նրանք  ոչ միայն  չուզեցին սեփական թագավորություն ունենալ, այլև, որքան էլ  տարօրինակ է, իրենք իրենց  ու Պարսից արքունիքի դեմ պատերազմեցին, որպեսզի չունենան այդ թագավորությունը: Ավարայրից հետո Տիզբոնն այլևս երբեք Հայոց թագավորությունը վերականգնելու հարցն առաջ չբերեց և մեզ հետ խոսելիս սկսեց  ընդամենը ծանր ու թեթև անել այս կամ այն իրավունք  տալ-չտալը:  Անասելի  թանկ նստեց  այս ճակատամարտը մեր ազգին: Ավարայրը երկրի՝ տարածքի վերածվելու սկիզբ եղավ, որից հետո Հայաստանն ամբողջովին այդպիսին դարձավ ընդամենը  մի  քանի  դար անց:

Տղմուտի  ափերից  սկսվեց դեպի  համայնքային  կյանք  տանող  մեր ազգային  ուղին:  Նվարսակը ցույց կտա, որ արդեն ընդունակ էինք ամբողջը վերջնականապես կորցնելուց հետո գոհանալ փոքր  ձեռքբերումներով: Ավարայրի դասերով նաև հասկանալի պիտի դառնա, թե ինչու մենք  թյուրքական հորդաների մուտքի պահին երկրում ընդամենը տեղական ազգաբնակչություն, ոչ հավաքական ու կամազուրկ մի ժողովուրդ  էինք:

Ի՞նչ էր,  վերջապես,  Ավարայրի  ճակատամարտը  կողմերի  համար: Առանձին-առանձին դիտարկելով, տեսնում ենք, որ Սասանյան Պարսկաստանը ոչ այնքան  պատժիչ գործողություն էր իրականացնում կամ ապստամբություն ճնշում, որքան պաշտպանական անհրաժեշտ քայլ  էր կատարում: Հայոց բանակը երկար ժամանակ չէր կարող պարապ մնալ սահմանագլխին կուտակված. նա պիտի գործեր,  հետևապես Պարսից  զորագունդը  մարզպանական  զորքերի հետ չեզոքացնում էր իրենց  վրա եկող այդ  վտանգը: Պարսից արքունիքը նաև պարտավոր էր օգնել իր ճանաչած տեղական կառավարությանը:

Վասակ Սյունու գլխավորած Հայաստանի իշխանության համար նույնպես դա ստիպողական ճակատամարտ էր: Եղիշեն է  վկայում, որ մինչև վերջին պահը Վասակը, համակիր նախարարները  և իրենց կողմնակից  հոգևորականները  հայտնում  էին ամենքին, որ երկրին տրվել են այն բոլոր արտոնությունները, ինչի մասին կարելի էր երազել և, առաջին հերթին, այնքան  ինքնուրույնություն,  որքան Արշակունիներինն  էր,  ու  փորձում  էին  համոզել կռիվ կամեցողներին, որ անհեթեթ է պատերազմելը, միևնույն է, քաղաքական առումով ավելին ստանալն անհնար է: Սակայն, եթե Հայաստանի Մարզպանական կառավարությունը կամենում էր (և պարտավոր էր) խաղաղություն հաստատել, որպեսզի Հայոց գահի վերանորոգումը կատարվեր, ապա Հայաստանի Տանուտիրական ինքնահռչակ կառավարության հիմնական նպատակն էր (և կոչվել էր) բացարձակ իրավունքներ ապահովել Հայաստանյայց եկեղեցու համար: Քաղաքացիական  պատերազմը  և Ավարայրի  ճակատամարտը ուրիշ շարժառիթ չուներ, բացի այն, որ եթե Տիզբոնը եկեղեցուն չափազանց  լայն լիազորություններ  տալն անհնարին  էր համարում   (կստացվեր   կրոնապետության   ճանաչում),   հետևաբար, ըստ եկեղեցու, չպիտի վերականգնվեր նաև Հայոց գահը: Այս վերջինն իսկապես հաջողվեց ու պարտված հայկական կողմում առանձին  հաղթող դարձավ Հայաստանյայց  եկեղեցին  և, հակառակը, հաղթող համարվող պարսկական կողմում պարտվող եղավ Վասակ Սյունի մարզպանը: Նա չկարողացավ կանխել ճակատամարտը, իսկ եկեղեցին կայացրեց ճակատամարտը:
Թշնամության վերածված հակամարտությունը դեռ երկար պիտի ավերածություններ գործեր հայոց հողի վրա: Եվ այդ  օրերի արձագանքը  պետք է  համարել  նաև բավական  ժամանակ  անց Վահան Սյունի իշխանի ձեռնարկումը, որով  571 թվին Սյունիքը հանվեց Մարզպանական Հայաստանի կազմից ու մտցվեց Ատրպատականի մեջ՝ վարչականորեն ենթարկեցնելով Փայտակարանին:
387-ից հետո Հայաստանը նաև այս ձևով  տրոհվեց:

Ավարայրը, բնականաբար, բոլոր հարցերին պատասխան տալ չէր կարող և այդ  պատճառով, անկասկած, նրա անմիջական շարունակությունը պիտի լիներ: Հաջորդ ամիսներին ճակատամարտում  թույլ  կռվածները  կամ նահանջածներն  սկսեցին  ուժեղ  դիմադրություն ցույց տալ երկրի ամուր տեղերում: Բայց  արդեն ուշ էր... Ոչ լրիվ մեկ տարի անց 31 հայ նախարար և 8 հոգևորական՝ որպես  հակապետական ապստամբության ղեկավարներ, Տիզբոն քշվեցին  դատաստանի  համար: Իսկ մինչ  այդ՝  Տայքի, Տմորիքի, Արցախի,  Խաղտիքի  և այլ դժվարամատչելի  աշխարհների բերդերում ու  ամրոցներում  պահված  ջոկատները  մանր կռիվներ  էին  մղում   պարսկական  (նաև Սյունյաց)  զորախմբերի դեմ և, իբրև մխիթարանք, ասվում է, թե նրանք  լուրջ կորուստներ էին պատճառում թշնամուն: Այնուհետև նույն տոնով էլ սովորաբար հայտարարվում է, որ այդ հաջողությունների պատճառով «պարսկական արքունիքը հարկադրված է եղել  ետ կանչել իր զորքերին, ճանաչել  Մարզպանական  Հայաստանի  ինքնավարությունը,  հրաժարվել բռնի կրոնափոխության իր ծրագրից, թեթևացնել հարկերը, վարել հայերին սիրաշահելու քաղաքականություն»:

Կրկին գործածվում է փորձված հնարքը. մինչ Ավարայրն արված զիջումները փոխադրելով ճակատամարտից հետո, այն համարում են տվյալ ճակատամարտում հայերի դրսևորած կամքի և հետագա հաջող դիմադրության արդյունք: Սակայն պարզ մի հարց՝ եթե այդպես  է  եղել,    ապա հայ իշխաններն  ու  հոգևորականները  ինչո՞ւ դատվեցին:  Չէ՞  որ հետճակատամարտյան  զիջումների  մեջ նաև այդքան  շատ հիշատակված  համաներումը  պիտի  լիներ:  Բայց չկար: Չկար,  որովհետև ներումը  շնորհվել   էր  մինչև  Ավարայրը: 450–ին արված զիջումների ու վերականգնված իրավունքների հետ միասին նույնիսկ մոգերի սպանությունն էր ներվել:  Իսկ  Ավարայրից ու պարտիզանական կռիվները մարելուց  հետո  Տիզբոն տարված հայ երևելիները դատվեցին, որովհետև միայն մարտի դաշտ դուրս գալով  արդեն,  նրանք,  մեղմ  ասած, անտեսել  էին  այդ  ներումը  և հենց նման  վերաբերմունքի  համար պիտի պատասխան  տային:

Այդուհանդերձ, Փայտակարանում  հայերի  համար Վասակին  խոստացած  բոլոր  իրավունքները Հազկերտը թողեց  ուժի մեջ: Բացի մեկից՝ գլխավորից՝ Հայոց թագավորության վերանորոգումից: Այդ մասին  այլևս խոսք  անգամ չէր  կարող  լինել:  Ավելին`  մարզպան Վասակ Սյունին փոխարինվեց պարսիկ Ատրորմիզդ ավագ նախարարով:

Հաջորդ մեկ տարվա մասնակի կռիվներում, իհարկե, եղան նաև հերոսական դրվագներ, և այդ փոքր հաջողությունները այնպիսի  մի կարծիքի հիմք ծառայեցին, իբր Վարդանը ճիշտ չարեց դաշտային ճակատամարտ տալով, այլ պարտիզանական պայքարով պիտի պարսիկներին խեղճացներ: Սակայն շրջանցվում է  այն իրողությունը, որ այդպես չէր կարող լինել, որովհետև Վարդանանց գործն ուրիշ  էր՝ պարսիկների  դեմ չէր: Իսկ հիշյալ մարտական  հաջողություններին էլ իմաստ չունի անդրադառնալ, ավելին, թեկուզ չափավոր պաթոսով ներկայացնել մի պարզ պատճառով. այդ բոլոր հերոսությունները ամենքն էլ  պիտի ցուցաբերեին Ավարայրի ճակատամարտում՝  միասնաբար ու հավաքաբար: Դե ո՞նց նորից չմտաբերես Ալեքսանդրին,  որն Իսոսի  հաղթությունից  հետո Դարեհի խնդրագրին այսպես  է  պատասխանում. «Եթե դու պատրաստվում ես վիճարկել ինձ հետ թագավորությունը, ապա կանգնիր և պայքարիր դրա համար և ոչ թե փախիր, որովհետև ես կհասնեմ քեզ, որտեղ  էլ որ լինես»: Եթե համաձայն  չես, ապա կանգնիր և պայքարիր դրա  համար. ահա  այն զգաստացնող փիլիսոփայությունը,  որը, ափսոս, հայերը մոռացել  էին:   Հավանաբար նրանց   ոգու  դաստիարակներն ուրիշ   կրթություն   էին  ստացել հունաց կողմերում, այլապես Եկեղեցու սուրբ ուխտի  զորքի համար էլ  պայման կլիներ այն, որ կռվի դուրս գալիս պիտի կռվեին գոնե նրա համար, որպեսզի այնուհետև չբռնեին Տիզբոնի  ճանապարհը...

Տիզբոնի ծանոթ ճանապարհը: Ընդամենը մի քանի տասնամյակում այս ճանապարհին  Հայոց  պետականությունը  վերջնականապես  կորավ: Կորավ ոչ միայն  հայոց  աջակցությամբ,  այլև հայոց ջանքերով: Ղազար Փարպեցին  հենց այս  ճանապարհով  Տիզբոն դատվելու գնացող հայի և քրիստոնյա հայի հանդիպում է նկարագրում` ոգևորված ներկայացնելով նրանց  միջև եղած մտացածին թե իրական մի երկխոսություն, որի միջոցով կամենում է մի  կողմի հորինովի առավելությունը  ցուցադրել:  Ահա այն. Վասակ  Սյունին  իր շքախմբով երբ հավասարվում է ՙկապոտած, ջորիների վրա նստեցրած» քահանաներին՝  ողջունում    է,  իսկ  հետո  երեկոյան  ճաշով պատվում նրանց:  Բաժանման պահին Ղևոնդ երեցը, իբր նոր իմանալով, թե ուր է  գնում Սյունյաց  տանուտերը,  շամփրում է  նրան. «Այն դևը,  որ խաբելով  հրահրեց քեզ նենգել սուրբ Ավետարանին տված ուխտի դեմ, հիմա էլ  քեզ մտածել է  տալիս, թե այժմ միայն Հայոց  աշխարհի  թագավորությամբ  Արյաց  արքունիքը  կարող  է անել քո վաստակների  արժանի  հատուցումը:  Նրանք  փոխարենը քեզ ոչինչ  չեն  կարող  տալ: Բայց,   արդարև, թե որ դու  կենդանի գլուխդ ուսերիդ վրա տանես Հայաստան, կնշանակի՝ Աստված ինձ հետ չի խոսել»: Ահա եկեղեցու գերագույն հաղթանակը:

Ահա եկեղեցու մեծ վրեժն իր անխորտակելի ախոյանից՝ Սյունյաց տիրոջից: Ղևոնդ  քահանան մի այնպիսի անթաքույց հրճվանքով է բոլորի համար ձայնում Վասակ Սյունու թագ ստանալու հնարավո- րությունը խափանելու մասին, որ սարսռում ես չարասրտության չափից: Երեցը նորից է հասկացնում, որ եկեղեցին Արշակունիներին չէր զոհաբերել, որպեսզի հիմա Հայոց գահի վրա Սյունի տեսնի: Սա էր Ավարայրում Հայաստանյայց եկեղեցու մեծագույն հաղթությունը: Մյուսը՝ բազմախուռն նահատակության հաջողումն էր: Բայց  այս մասին վերջում: Այստեղ, Տիզբոնի ճանապարհին է պարզ երևում, որ եթե ընդունվեր  Ավարայրը իբրև Հայոց բանակի ռազմական հաղթանակ, ապա ինչպե՞ս պիտի հետո  արդարացվեր  Տիզբոնի դատը:  Չէ՞ որ միայն պարտվածին է հնարավոր իբրև քաղաքական հանցագործի ձերբակալել և ուղարկել դատի: Իսկ հայտնի է, որ հաղթողին  չեն դատում...

Բայց  եթե հաղթողն ինքն է դատվել կամենո՞ւմ: Ուրեմն նախ պետք է հաղթանակից հրաժարվի: Այդպես  էլ  արվեց. եկեղեցու հայրերը որոշեցին դատի մեջ մտնել և դա արեցին նվաստ ձևով. երբ Պարսից և Սյունյաց  միացյալ  զորագունդը  ամրոցներից  մեկից հանում  էր երանելի  Հովսեփին ու  Ղևոնդին «իրենց բազմաթիվ ընկերներով», նրանք  տեղում պատիժը կրելուց խուսափելու համար «բողոքեցին արքունիք և ամբողջ մեղքը գցեցին անօրեն Վասակի վրա»:

Սկսվեց մի  նոր գործընթաց, երբ ճակատամարտի  հաղթական ելքը ոչ թե պիտի վիճարկվեր, այլ պիտի անտեսվեր, որովհետև պարզապես տեղ չուներ՝  խանգարում էր: Եկեղեցին Վասակ Սյունուն կամենում էր վերջնականապես ոչնչացնել (հիշենք ճանապարհին Ղևոնդի սպառնալիքը Սյունյաց տիրոջը), և քանի որ դա չստացվեց զենքով, պիտի արվեր ամբաստանությամբ՝ նրան դատական ատյանի առաջ կանգնեցնելով: Դատ, որտեղ մեղքը բարդելով Վասակ  Սյունու  վրա՝ իրենք ամեն  կերպ կարող  էին արդարանալ:  Այսպիսով, դատը  դարձավ ավելի  կարևոր, քան ռազմական հաղթանակը: Եվ, գուցե արդեն այդ  պահին, գուցե հետագայում,  մեջտեղ  եկավ բարոյական  հաղթանակի գաղափարը, որպեսզի հիմնավորվի նաև եկեղեցու մյուս կարևոր նպատակը՝ նահատակությունը, որովհետև հաղթանակել նահատակվելով` սքանչելագործություն  է,  քանզի, ըստ ջատագովների,  նահատակությունն ինքը հաղթություն է: Ուրեմն,  գոնե բարոյական հաղթանակ էր պետք:

Այս ամենն ըմբռնելու բանալին Փարպեցու հետևյալ  տողերն են, թե ճակատամարտում  «նահատակություն  փափագողները  մտքներում չէին դրել հաղթելը»:

Հետագա դարերում հաղթանակի բաժին գտնվեց նաև ժողովրդի համար: Նույն  բարոյական  հաղթանակն էր  դա: Այդ անհասկանալի բարոյական հաղթանակը, որ հիմա առավել ուժգին է  տարփողվում, այդպես էլ չհստակեցնելով, թե ինչ չափանիշներով պետք է ընկալենք նման հաղթանակը: Եթե շարունակենք չափանիշ համարել ճակատամարտն ինքնին որպես կռվել կարողանալու փաստ, կամ քաջությունը՝ որ դրսևորվեց, հայրենասիրությունը՝ որ արտահայտվեց և այլն, ապա ինչպես անտեսենք  մի  կարևոր հանգամանք. ժողովուրդ, որն ունի հզոր զինուժ, կանոնավոր զորք և անկախ ամեն ինչից, 66 հազարանոց բանակ է հանում պատերազմի, ինչ ասել է, թե ճակատամարտում բարոյական հաղթանակ է  տարել: Բանակը կա՜մ հաղթում է, կա՜մ պարտվում: Զինված ամբոխն է բարոյական հաղթանակ տանում: Հիրավի,  միանգամից դժվար է  ընկալել այն տրամաբանությունը, համաձայն որի՝ 452 թ. սկզբին Տիզբոնում դատավարություն է սկսվում Ավարայրում պարսիկների դեմ կռված Հայոց ավագների դեմ: Առավել ևս, երբ տեսնում ես, որ դա Հազկերտին հարկավոր չէր. նա արդեն Հայաստանին վերատիրելուց հետո վստահորեն կառավարում էր իր երկիրը: Սակայն քանի որ հայ եպիսկոպոսաց դասի պահանջով էր, ապա Հազկերտը պարտավոր էր դատել նրանց: Եվ դատում էր առանձին-ա- ռանձին՝ նախարարներին ջոկ, հոգևորականներին՝ ջոկ:
 
Անհնար է այսօր դատավարությունը տեսնել այնպես, ինչպես մատենագիրներն են ներկայացնում: Եկեղեցին իր գաղափարական նյութը գրական երկի վերածած մեզ  է հրամցնում՝ պատմական իրողության տեղ  ընդունելու համար, ամենևին չմտահոգվելով, որ այդպես  մատուցելով, ինչ  վատ վիճակի մեջ է  դնում  ու պատմության առաջ պատվազուրկ անում քաջ ու տանուտեր մարդկանց: Դժվար է  հավատալ,  որ իշխաններն  այնքան  փոքրոգի, ստահակ ու  քսու էին, որ սեփական անձը փրկելու համար սուտ  մեղադրանքներ էին բարդում մեկի վրա: Բայց՝ ավաղ: Հետագա ժամանակներում էլ թերևս այս և նման օրինակներով դաստիարակվեցին մեր սերունդները, որ հիմա շատ դեպքերում դժվար է լինում   հայի ազնիվ  խոսքը զատել  կեղծից: Ցածր, ցածր, ցածր շատ բան  կա Ատյանում հայ նախարարների պահվածքի մեջ: Եթե ամեն ինչում մեղավոր էր Վասակ Սյունին,  ապա, ըստ նույն  պատմագիրների,  ինչպե՞ս   է, որ ապստամբության  առաջին  շրջանում  Վասակի  արած ամեն  մի  քայլը ստիպողական էր՝ պարտադրված նախարարության և հոգևորականության կողմից: Եթե ամեն ինչի կազմակերպիչ է համարվում մարզպան Վասակ Սյունին, իսկ հայ իշխաններն էլ  համաձայն չեն  եղել նրա ոչ մի գործին, ապա վերջիններս հանուն ինչի՞ էին պատերազմում:  Ու թե նրանց  պայքարը  եկեղեցու գլխավորությամբ  հանուն անկախության  էր՝  ինչո՞ւ  չէին  համարձակվում  խոստովանել  այստեղ:  Ո՞ւր մնաց նրանց  խիզախությունը: Միգուցե լավ էր, որ Վարդանը զոհվեց և Հազկերտի ատյանի առաջ չկանգնեց, այլապես դժվար է   ենթադրել,  թե Եկեղեցու  ուխտի  դատը պահելու  համար հետագայում նրան ինչ դեր կհատկացվեր:

Պարսից թագավորի ձմեռոցում Միհրներսեհի կողմից  կազմված հարցուփորձի  ատյանում  հայ նախարարներից  շատերը  հերթով առաջ էին գալիս ու հետևյալ  գործերի մեջ մեղադրում Վասակ Սյունուն (Ըստ Եղիշեի և Փարպեցու).

1. Երբ 449–ի հավատափոխությունից հետո Վարդան Մամիկոն- յանն իր ընտանիքն առած «երկյուղից փախած գնում էր Հունաց եր- կիրը», Վասակ Սյունին դեսպաններ ուղարկեց նրա հետևից՝ հորդո- րելով վերադառնալ. «Արդ, մի՜ փախիր և ոչ ոքից մի՜ վախեցիր»: Նա նաև հույների ու հոների  դաշնակցությամբ պարսիկների դեմ պայ- քարի ծրագիր էր առաջարկել: Մեղադրանքը հաստատելու համար Արշավիր Կամսարականը ցույց տվեց Սյունյաց տիրոջ նամակն ու կնիքը:
2. Մեջտեղ բերվեց Անգղում կնքված Հայերի միաբան ուխտի վավերագիրը՝ կնիքով:
3. Վասակը Հայաստանում գտնվող պարսիկ ազնվականներին կալանավորել  էր, որպեսզի  նրանց  փոխանակի  Պարսից  արքունիքում գտնվող հայ պատանդների հետ: Հայտնողը Արշավիր Կամսարականն էր:
4. Ատյանին ցույց տրվեցին այն բոլոր թղթերը, որոնց վրա դրված էր  Վասակի  վավերական  մատանին  և ուղարկված  Աղձնիք, Վրաց և Աղվանից աշխարհներ, Անտիոքի մեծ սպարապետին և, մա- նավանդ, Հունաց երկիր: Մեղադրողը Ատոմ Գնունին  էր, որ պատգամավոր էր գնացել բյուզանդական կայսեր  մոտ:
5. Մինչև անգամ Վասակ  Սյունու  ազգականներից  մի  քանիսը, օգտվելով առիթից, «սկսեցին կարգով ցույց տալ և հայտնել, թե ինչպես նա բարեկամացել էր Հոն Հեռանի հետ՝ Բաղասական թագավորի հետ միաբանած, այն ժամանակները, երբ այդ  Հեռանը կոտորեց Պարսից զորքերին Աղվանքում»: Այս ամենի մասին հիմնական հիշողը հայտնի Վարազվաղանն էր՝ Վասակի կողմից Սյունյաց տանից վտարվածը:
6. «Պարսիկներից  խլված  շատ բերդերի վերաբերմամբ  էլ  նրա թղթերն ու հրամաններն  էին մեջտեղ բերում, որովհետև նա էր այն ժամանակվա մարզպանը»:

Այդ ամենը  ճիշտ  է,  այդպես էլ եղել    է  և, անկասկած,  այսքանը լիուլի  բավարար  պիտի լիներ,  որպեսզի  Հայոց  իշխանները  նրան մեծ հայրենասեր հռչակեին, ամեն կերպ խնայեին ու պաշտպանեին: Բայց  զարմանքն  էլ  այն է, որ հայերն իրենք  էին մեղադրանքներ ներկայացնում,   Սյունուն   Սասանյանների   պետության  թշնամի ասում ու կաշվից դուրս գալիս, որպեսզի այդ բոլորն ընդունեն Հազկերտ թագավորն ու Միհրներսեհ հազարապետը: Պարսից արքունիքի առաջ դրանք, իրոք, մեղքեր էին, որոնց համար ծանրագույն պա- տիժ էր հասնում, բայց ամենևին հասկանալի չէ, թե  ինչու նույն գործերը նաև Հայաստանյայց եկեղեցու համար էին հանցանք: Երբվանի՞ց  էին արքունիքի  ու եկեղեցու  շահերը  համընկել,  և կամ նույն հայ իշխաններն  իրենք առավել ի՞նչ  էին  արել Հայրենիքի անունը բարձրացնելու համար, որ հիմա, արածները հանձն առնելով, հերոսանային ու Վասակին նսեմացնեին: Իզուր չէ, որ նման իշխանների հետ Հազկերտն ինչպես կամեցավ, այնպես էլ վարվեց:

Հայ ավագների պահվածքն ու կեցվածքը որոշող եկեղեցական այրերը վերը նշված մեղքերին  մի քանիսն էլ ավելացրին՝ քիչ համարելով թվարկածը: Մենք էլ որպես շարունակություն բերենք  ու կարճ մեկնաբանություն տանք: Այսպիսով՝
7. Վասակ Սյունին Զարեհավանում մոգերի կոտորածը հրահրողներից էր:

Սա ասվեց, բայց չհաստատվեց,  և ատյանը  անտեսեց:  Իսկ մեղադրանքը մահացու էր: Հայ երեցները գիտեին՝ ինչ են բարդում Վասակի վրա: Ըստ զրադաշտական կրոնի, ամենամեծ սրբապղծությունը կրակը սպանելն էր՝ ջրի  մեջ  թափելով: Իսկ դրան հավասար և մահապարտության արժան հանցանք էր նաև իրանական կրոնի քահանաների՝ մոգերի սպանությունը: Սակայն, երբ Եղիշեն,  ի թիվս այլ մեղադրանքների սա էլ է ասում, ապա, կարծում ենք, անզգուշորեն քիչ է մնում  վտանգի Վարդանանց պատերազմի գաղափարը և Ավարայրում կատարված նահատակության խորհուրդը: Նայենք՝ տեսնենք. չէ՞ որ այդ  նույն հանցանքի համար սրատված հայ հոգևորականները եկեղեցու  կողմից գրեթե  անմիջապես  սրբերի շարքն  էին  դասվելու, ապա ուրեմն ինչպե՞ս պիտի հետագայում նզովվեր  ու նմանօրինակ արարքի համար պատժվեր Վասակ Սյունին, և կամ ինչպե՞ս պիտի քահանաների  մահը  համարվեր նահատակություն,  իսկ Վասակը «սատկեր դառն ու չարաչար մահով»: Այս առումով Պարսից թագավորի հարցուփորձի ատյանը ակամայից փրկում է իսկապես մեր հոգևոր երևելիների վկայաբանությունը՝ Վասակին մոգերի սպանության մեջ մասնակից չճանաչելով:

Գանք հաջորդ հորինովի ամբաստանությանը.

8. Մարզպան Վասակ Սյունին թաքցրել է հարկերը: Նա նաև գանձագող  է: Նման  հանցանքի  մեջ մեկին մեղադրել,  նշանակում էր  մահու տալ նրան: Մանավանդ դա միակ ամբաստանությունն էր, որ հայ իշխաններից  հետո  կրկնեց  նաև պարսիկ  պաշտոնյան՝  Մուշկան  Նիսալավուրտը: Ընդունենք, որ մեղադրանքը ճիշտ էր, Վասակ Սյունին «գող դուրս եկավ նաև երկրի այն հարկի վերաբերմամբ, որ արքունիք էր գնում»: Բայց  այդ  դեպքում նա ի՞նչ արեց այդ  անբավ հարստությունը,  երբ ատյանի  կողմից պարտավորեցվելով  յուրացրածի դիմաց տուգանք  վճարել, «նույնիսկ հայրերի  ու պապերի և իր ունեցվածքն  ու  կանանց  զարդերն  էլ  վրան դրեց,  տվեց ու  տուժեց, բայց չկարողացավ արքունի պարտքը վճարել»: Սա չի՞ նշանակում արդյոք, որ Վասակը Հայոց երկրից հավաքած գանձերն իրեն չէր պահել: Եղիշեն մեծագույն  խանդավառությամբ է նշում  (կարծես ռազմի  հաղթանակ է   ավետում),  թե ինչպես  ամենահարուստ ու երևելի հային՝ մարզպան Վասակ Սյունուն,  «այնպիսի խայտառակ աղքատության մեջ գցեցին, որ նրա ծառաները մինչև իսկ հաց  էին մուրում և բերում նրան»: Հավանաբար կամենում է մխիթարությո՞ւն բերել եկեղեցուն, իբր, գոնե այս ձևո՞վ պատժվեց անօրենը: Բայց եթե մեր Եղիշե պատմիչն իսկապես պատմական այս բոլոր անցքերի ականատեսն է, ապա ինչո՞ւ չի հիշում,  թե այդ  նենգ ու ստոր, ուրացող Վասակը ինչ կարող էր արած լինել այդքան ինչքը, եթե նույնիսկ իր ընտանիքին ժառանգություն չէր թողել: Չէ՞ որ հենց ատյանում   է  հնչել,   թե ինչի  վրա կարող  էին  ծախսված  լինել  չմուծված հարկերը: Եվ ինչպե՞ս չասենք, որ Եղիշեն անպայման մտածված է անում, երբ Բյուզանդիա  քաշվող Վարդան Մամիկոնյանի  հետևից ուղարկած Վասակ Սյունու նամակը չի մեջբերում, որովհետև դա իր կառուցած  գաղափարախոսությանն  ամենևին հարմար բովանդակություն ունեցող նամակ չէ:

Իսկ նամակում, որն ասես հատուկ այդ օրվա համար էր պահվել և հիմա ատյանի առաջ Արշավիր Կամսարականը «սուրբ հոգով զորացած» աներկյուղ կարդում է, հետևյալ տողերը կան. «Ամբողջ Հայաստան աշխարհի հարկն էլ ինձ   մոտ է: Իմ ձեռքում են բոլոր գործակալները, այլև անհամար կահկարասի, որ խլել եմ այստեղ՝ Հայաստանում եղած պարսիկ գործակալներից: Իմ գանձարանում է գտնվում այդ բոլորը,  որի մի մասը թե ուղարկեմ Հոնաց երկիր, այնտեղից այնքան  հոներ կհանեմ, որ ավարի համար Պարսից հողն էլ չի  բավականանա»:

Ղազար Փարպեցին է մեզ  փոխանցել սույն նամակը: Մի՞թե այստեղ  հստակ չի երևում այն հասցեն, ուր ուղարկած պիտի լիներ Վասակ Սյունին  հավաքած  գանձերը:  Արդյո՞ք ոչ Վարդանի միջոցով հենց` նրա աղվանական արշավանքի ժամանակ, և մի՞թե  դա չէր պատճառը, որ հոները պարտավորված մնացին հայերի առաջ այնքան ժամանակ, մինչև որ Ավարայրից հետո մղած կռիվների ընթացքում անսալով  հայերի  համառ պահանջներին՝  չասպատակեցին Հյուսիսային  Պարսկաստանը  (թեև  ասպարեզում  այլևս չկար Վասակ Սյունին, բայց մեկ է՝ հոները չէին ուրանում, որ հայերից վարձք են առել):  Եվ մի՞թե  այսօր  էլ   դաշնակիցներին  չեն  վճարում,  ուր մնաց այն ժամանակներում, երբ հրավերով դաշնակցելը բավական եկամտաբեր աշխատանք էր համարվում: Ի  դեպ, Մովսես Կաղանկատվացին գրում է, որ Աղվանքում ՙՀայոց զորքը պատերազմական այդ   մեծ  գործը կատարելով,  հավաքում  է    մեծ  քանակությամբ ավար, կուտակում շատ ոսկի  ու  արծաթ, արի  ու  քաջ այրուձիի  զենքն ու  զարդը:   (Աղվանքը  պարսիկներից  մաքրելու առաջադրանքը հաջողությամբ կատարելուց հետո.-  Հ.Դ.), Վարդանը մեծ ավարով շարժվեց և ուրախությամբ, Աստծուց գոհ, նրա հույսին ապավինած` երեսուն օրվա ընթացքում հասավ Հայաստան՚: Այդ  մեծ  ավարը, բնականաբար, Պարսից տերության  սեփականությունն  էր, որը հայտնի չէ, թե Վարդանը, Հայաստան բերելով, ում հանձնեց կամ ինչպես տնօրինեց: Ատյանում սակայն պետական շահերի  պաշտպան հայ  իշխաններն ու   եկեղեցականներն   այդ հանգամանքը լռության  են մատնում:   Նրանց   խնդիրը սոսկ  Վասակին մեղապարտելն էր...
 
Որ այդպես է` կրկին հարց տանք ինքներս մեզ. իսկ պարսկական Արքունի Դռան առջև նման հանցանք գործելով, այսինքն՝ հավաքած պետական հարկերով նույն պետության դեմ ազգային պայքարի համար դաշնակիցներ հավաքագրելով, արդյո՞ք Հայաստանի մարզպան Վասակ Սյունին մեծ համարձակություն ու հայրենասիրություն չէր ցուցաբերել: Թե՞ հերոսությունն ու հայրենասիրությունը լինում են այնպես, ինչպես Ղևոնդ պատմի՞չն է նկարագրում: Նա պատմում է, որ Հմայակ Մամիկոնյան իշխանի որդի Արտավազդը 773 թվին գնում է Դվին, մտերմանում արաբ զորավարների հետ և, արդեն որպես դաշնակից, զենք ու զինամթերք ստանում իր գունդը սպառազինելու համար: Սակայն բաժանվելով նրանցից, Կումայրիի մոտ հարձակվում ու սպանում է գլխավոր հարկահանին, վերցնում նրա մոտ եղած ամեն ինչը և իր ընտանիքով փախչում Վրաց աշխարհ:

Այս ավազակության պատճառով սկսվում է երկրում մեծ բռնությամբ հարկերը կրկին հավաքվել, ինչն էլ տարերային ապստամբության է հանգեցնում: Դեպքը պատմական ծանրագույն հետևանքներ է ունենում. 775 թվին Բագրևանդի ճակատամարտում հայերը ահավոր ջարդ են ուտում, իսկ քիչ անց հենց իրենք՝ Մամի- կոնյանները, գրեթե բնաջնջվում են: Վասակի ՙմեղքին՚ այս կամ այն կերպ զուգահեռվող պատմություններից մեկն էլ հիշենք: Ուղիղ 30 տարի անց ասորի Վրիվը ամբաստանում է սպարապետ Վահան Մամիկոնյանին՝ Տայքի ՙՈսկեհատ՚ հանքերի ոսկին հավաքելու և Արքունի Դուռը չուղարկելու մեջ: Վտանգը չեզոքացնելու համար վերջինիս խելամտությունը բավականացնում է, որպեսզի վերցնի ոսկին և շտապ ներկայանա Տիզբոն՝ պատուհասից փրկելով և՜ իրեն, և՜ երկիրը: Մեր մատենագիրներն իհարկե շատ մեղմորեն ու նրբանկատ ձևով են պատմում այս արկածախնդրությունների մասին, որովհետև դրանք Մամիկոնյաններին են վերաբերում: Օրինակները բերեցինք, նշելու, որ, անխոս, ցանկացած իշխանության համար և բոլոր ժամանակներում համապետական կարևորության գործ է համարվել հարկահավաքությունը, որի մեջ նույնիսկ թերանալն աններելի էր:

Ասենք նաև, որ գանձագողությունը սովորաբար ոչ անհիմն այն հերթապահ մեղադրանքներից է, որը մշտապես ցանկացած պաշտոնյայի երբ կամեցել՝ ներկայացրել են: Այժմ ամբաստանվում էր Վասակը... Ի միջի այլոց, պարզվում է` Եղիշեն նույնպես քաջ գիտեր, թե ինչ է արել հավաքած հարկերը Վասակ Սյունին: Այդ մասին նա ասում է կամքից անկախ, երբ իրեն պետք է լինում վերջինիս վատ գործերը թվարկել: Եվ ահա կարդում ենք, թե դրանց մեջ ինչպես է հիշատակում, որ Հայաստանի մարզպանը կովկասյան ժողովուրդներին զսպում է ՙոմանց գույքով, մեծ պարգևներ բաշխելով, ոմանց էլ թագավորի հրամանով սպառնալով՝ տագնապի մեջ էր գցում՚: Դե արի ու հասկացիր, թե Սասանյաններին թշնամի կովկասցիներին կաշառելով հայերին դաշնակից դարձնելը եկեղեցին ինչու էր հանցանք համարում... Եվ, վերջապես, մի անհեթեթ ամբաստանություն ևս ներկայացնենք, որն արդեն հայ մարդու հոգու նրբին լարերի համար էր եկեղեցին նախատեսել.

9. դավաճան Վասակ Սյունին հավաքում է Մամիկոնյան, Կամսարական և մյուս նախարարական տների պատանիներին ու իրենից առաջ ուղարկում Պարսից երկիր: Այս բանը մի քանի տեղ նշում է Փարպեցին, ցույց տալու համար, թե ինչ նենգավոր ու անհոգի դև էր Վասակը: Բայց Եղիշեն է հիմա էլ ակամայից հերքում Վասակին ուղղված զազրելի հերյուրանքը, պատմելով, թե ինչպես արքունի հրամանով Պարսից թագավորի մոտ գնալուց առաջ հայ նախարարները ՙշուտով բերին իրենց կանանց ու որդիներին և ունեցած գույքը հանձնեցին մարզպանի ձեռ- քը, և իրենք շտապով գնացին արքունի ձմեռոցը՚: Ուրեմն` այն ժամանակվա կարգն էր դա: Եվ Վասակ Սյունին էլ արդեն մարզպան չէր՝ պարսիկ Ատրորմիզդն էր, հետևաբար նա պիտի Տիզբոն հասցրած լիներ պատանի պատանդներին: Բայց սևացվում է Վասակի անունը...

Մնաց թերևս այն չարչրկված հարցը, որը թեև դատավարության բուն էությանն էր առնչվում, սակայն նրա վերաբերյալ ատյանում բառ անգամ չասվեց. խոսքը փաստաթղթերի՝ հրովարտակների, հրամանների, նամակների, դաշնագրերի և այլ գրությունների իսկական թե կեղծ լինելու մասին է: Մեր պատմագիրները դեպքերն այնպես են դասավորում, կարծես բոլոր իրադարձություններն ու արյունահեղությունները այս թղթերին հավատալ–չհավատալուց է եղել: Ատյանում հայերից ոչ մեկը Վասակ Սյունուն չի մեղադրում կեղծ հրովարտակներ ու արքունի նամակներ տարածելու, դրանցով երկիր կառավարելու ցանկության մեջ, բայց փոխարենը ինչ վատաբանության ասես, որ չես հանդիպում պատմության շարադրանքներում, ինչ դժբախտություն ասես, որ չի բխեցվում իբր եղած այդ կեղծիքներից: Սա մի հանգույց է, որը բացելուց հետո է միայն երևում շատ ու շատ հարցերի պատասխաններ, դեպքերի պատճառները հասկանալի են դառնում, մինչև անգամ հետագա արդարացումներն ու մեղադրանքները բացատրություն ստանում: Հետ դառնանք՝ տեսնենք:

Պարսից արքայից արքա Հազկերտ Բ.–ի անունից Մեծ հազարապետ Միհրներսեհի նամակը Հայոց մեծերին կրոնափոխության առաջարկով՝ ճիշտ էր: Հայերի մերժողական պատասխանն ստանալուց հետո Հազկերտի ուղարկած արդեն հրովարտակը՝ գալ անմիջապես Տիզբոն և բացատրություն տալ առաջարկը մերժելու համար՝ ճիշտ էր: Այս երկու թղթերի իսկությունը մեր մատենագիրներն ընդունում են: Եվ քանի որ ընդունում են, ապա շատ պարզ ու հստակ են նկարագրում նաև հայերի գործողությունները. նրանք միասնական են, հաստատակամ և հաջողության մեջ: Խառնաշփոթն սկսվում է Փայտակարանից հետո, երբ Մեծ հազարապետ Միհրներսեհը և Հայաստանի մարզպան Վասակ Սյունին, բանակցելով, երկկողմ ընդունելի պայմանավորվածությունների են հանգում, փաստաթղթեր ստորագրում: Դրանցով հաստատագրվում են մինչ այդ հայերի ձեռք բերած ապստամբական հաջողությունները՝ բավարարելով նրանց առաջ քաշած պահանջները, ինչպես նաև որոշվում է երկրի կառավարման հետագա ձևը: Քաղաքական և աշխարհիկ բովանդակությամբ այդ փաստաթղթերում եկեղեցին ընդամենը համապատասխան տեղ ուներ, ինչից և եպիսկոպոսաց դասը խիստ դժգոհ է մնում: Նրա պահանջն էր առաջին հերթին հենց իրեն՝ Հայաստանյայց եկեղեցուն պաշտոնապես ճանաչել և վերականգնել նախկինում ունեցած բոլոր արտոնությունները, ընդհուպ՝ դատավարության և հարկահավաքության իրավունքները:

Դավանանքի ազատությունը, այսինքն այն, որ հայերը կրկին կարող են մնալ իրենց քրիստոնեական հավատքին՝ եկեղեցու հայրերը առանձնապես մի բան չհամարեցին: Իսկ որ այդ պայմանավորվածությունների համաձայն Սյունյաց տոհմը կարող էր թագավորական իրավունքներ ստանալ և Վասակ Սյունին էլ դառնար Հայոց թագավոր՝ նման վիրավորանքից ու զայրույթից Հայաստանյայց եկեղեցին մինչ այսօր չի հանգստանում: Փայտակարանից հետո եպիսկոպոսությունը Հայոց աշխարհը անմիջապես բաժանեց երկու մասի՝ Եկեղեցու սուրբ ուխտին հավատարիմ մնացողների և ուրացողների: Հոգևորականություն, ազնվականություն, ազատանի, շինականներ. ոչ մի դաս, ոչ մի խավ դուրս չմնաց այդ առանձնացումից:

Ցավոք, դա ջրբաժան չէր, այլ ճակատային գիծ: Մահացու մեղք համարվեց ոչ միայն Վասակ Սյունու խոսքին վստահելը, այլև նրա կողմից տարածած ցանկացած գրի արժանահավատությունն ընդունելը: Եվ ահա մեջտեղ եկան Հազկերտի ներման հրովարտակի ու մնացած դաշնագրերի կեղծության մասին պատմությունները. եկեղեցական ողջ քարոզչությունն ուղղվեց Փայտակարանի հանդիպման հաջողություններն ի չիք դարձնելուն: Այդ պահից արդեն Հայաստանյայց եկեղեցու թիվ մեկ թշնամին Պարսից թագավոր Հազկերտ Երկրորդը չէր, այլ՝ Հայաստանի մարզպան Վասակ Սյունին: Նա պիտի ոչնչացվեր: Ցանկացած հնարքով, թեկուզ նաև սուտ ասելով, թե նա կեղծիքների է դիմել: Ահա Վասակ Սյունու կեղծարարություններից մի քանիսը, որոնք մեր եկեղեցական պատմիչները հիշատակել են: ՙԻսկ Սյունյաց նենգավոր իշխան Վասակը երբեք չէր դադարում Հայոց աշխարհի իշխաններին, շինականներին ու քահանաներին նամակներ գրելուց. ցույց էր տալիս արքունիքից բերած սուտ դաշինքներ ու դատարկ վկայություններ, թե ՙԱրքայից արքան քրիստոնեություն է շնորհել աշխարհին, իսկ մոգերին կոտորելու վնասը չի պահանջում՚: Վասակ Սյունին այս եղանակով գործում է Փայտակարանից անմիջապես հետո, ընդհուպ մինչև Ավարայրի նախօրյակը: Նույն Արտազի դաշտում ՙուրացյալ Վասակը մի անգամ էլ սկսեց իր առաջին կեղծավորության համեմատ հնարներ գործ դնել. վերևում հիշված սուտ երեցների հետ շրջում էր, նրանց միջոցով արքայի կողմից պատգամներ էր հայտնում, և երդմամբ հավատացնում էր, որ կարող են նորից քրիստոնեությունը պաշտել՚ :

Բայց ի՞նչ էր կեղծում Վասակ Սյունին: Այդ կեղծիքները գոնե որևէ հիմք ունեի՞ն, թե՞ նա բացարձակ ստահակություն էր անում: Եղիշեն ասում է, որ Հազկերտը ՙթողության հրովարտակներ ուղարկեց իր իշխանության ու տերության բոլոր կողմերը քրիստոնյաների վերաբերմամբ: (...) Խնդրում էր հավատարիմ վկայություն ուղարկել Հայոց երկիրը, և երդումով ուխտում էր նրանց առաջ՝ իր բոլոր մեծամեծների հաստատությամբ, թե ՙԱմենևին մտքովս չեմ անցկացնի վրեժխնդիր լինել: Ինչպես առաջները ճշմարտությամբ պահում էիք ձեր կրոնը, այսուհետև ավելի՜ պահեցեք. միայն թե մեր ծառայու- թյունից դուրս մի գաք՚: (...) Իսկ հայերը թեպետև ստացան թագավորի խաբեբայական սիրալիր գրությունը, որը երեսանց կյանքի ավետիս էր բերում, իսկ ներսից լի էր մահի դառնությամբ, զարմացած էին նրա թերակատար մտածմունքների վրա...՚ :

Ահա այսպես, կասկածի վրա, թերահավատության վրա, մերժումի վրա եկեղեցին ոտքի է հանում իր հետ շահերով կապված նախարարաց տներին ու պարզապես իրեն հավատացողներին: Սյունյաց իշխանի դեմ մղած ողջ պատերազմը քարոզչական այդ շեշտով էր տարվում ու ոգեշնչվում՝ իբր որևէ ներում չի եղել Հազկերտի կողմից, Վասակը կեղծում է, պետք է պայքարը շարունակել մինչև ազգային փրկություն՝ եկեղեցու բոլոր իրավունքների վերականգնում: Այս գաղափարի համար շատերին նույնիսկ նահատակվելու պատրաստեցին: Եվ եղավ Ավարայրը: Եվ եկեղեցին ունեցավ մարտիրոսությունների վկայությունը: Ճակատամարտից հետո, բնական է, որ ընդհանուր իրավիճակը պիտի փոխվեր, բայց, չգիտես ինչու, առաջին հերթին փոխվեց ներման գրի ընկալումը: Ահավասիկ, կրկին Եղիշեի մատյանը թերթելիս արդեն ուրիշ խոսք ենք կարդում, արդեն ուրիշ վերաբերմունք ենք տեսնում:

Մատենագիրն ասում է՝ ՙթեպետև թագավորի հրամանն իսկությամբ էր տրված...՚: Ի՞նչ պատահեց, սա ի՞նչ պայ- ծառացում է, չէ՞ որ կարճ ժամանակ առաջ այդ նույն հրամանը պարզապես մի խաբեբայական գրություն էր: Արդարացումը գտնվեց. չհավատալու պատճառը Վասակի անձն էր: Սակայն կար այդ հրովարտակը, իրական էր, Վասակ Սյունին իր հետ բերել էր Փայտակարանից և նրա իսկության մասին ճշմարիտ գիտեր եկեղեցին: Բայց քանի դեռ իրեն հարկավոր էր երկրի գլխին տեղացող բոլոր արհավիրքները հիմնավորել ներման հրովարտակի ընդհանրապես չգոյությամբ՝ գործում էր այդպես, մինչև որ հարմար գտնված մի պահի, առանց ճիգ գործադրելու` քարոզչությունը շրջեց ու ասաց, թե հրովարտակը կեղծ չէր, այլ այն տարածող անձն էր կեղծավոր: Իսկ այդ պահը մարզպան Վասակ Սյունու պաշտոնանկությունն էր:

Այսօր մեզ, իհարկե, անընդունելի են թվում այն պարզունակ միջոցները, որոնք եկեղեցական հեղինակները մշտապես օգտագործել են իրադարձությունները իրենց հարմար ձևով ներկայացնելու նպատակով: Սակայն պիտի ընդունենք, որ հենց այդ միջոցներով են նրանք կարողացել անկեղծության պատրանք ստեղծել, նույնիսկ խեղաթյուրված փաստագրություններն ու անճիշտ մեկնաբանություններն անընդհատ կրկնելով՝ հավաստի դարձնել ու եկեղեցու համար նպաստավոր կերպով ծառայեցնել:

Նման փաստն առիթ է տալիս մտածելու` արդյո՞ք եկեղեցու սպասավորներին չի պատկանում այն միտքը, թե ՙսուտը բազմիցս կրկնելով` դառնում է ճշմարտություն՚: Սա՝ ի միջի այլոց: Իսկ հիմա նկատենք միայն, որ Եկեղեցու սուրբ ուխտը Ավարայրի ճակատամարտում երկու խոշոր խնդիր լուծելուց հետո (Սյունյաց տան թագավորական հարստության հաստատման խափանում և հավատարմության ապացույցներ եկեղե- ցուն), ինքն էլ կամեցավ հետ քաշվել ու ընդունել Պարսից արքայի ներման խոսքը: Այստեղ մի երկրորդ շերտ էլ կա. Վասակի միջնորդությամբ ընդունել Հազկերտի թողության հրովարտակը՝ կնշանակեր ընդունել Վասակի գերիշխանությունը, իսկ Ատրորմիզդի կողմից ներման մա- սին լսել՝ կնշանակեր եկեղեցին ինքն է դրան պայքարով հասել: Եվ այս պատճառով էլ նախարարության ու հոգևորականության իրավունքների վերականգնումը (այդ թվում՝ միայնակյացներին վերադարձնելը), հարկերի ներումը, այրուձիի ծախսի միառժամանակ թեթևացումը՝ քարոզիչ ջատագովները ամբողջովին տեղափոխել են Ավարայրից հետո:

Այսպիսով, հաստատ կարող ենք ասել, որ Հազկերտը թողության միայն մեկ հրովարտակ է ուղարկել Միհրներսեհի միջոցով, որն էլ մարզպան Վասակ Սյունին Փայտակարանի հանդիպումից հետո իր հետ բերեց Հայաստան: Իսկ Ատրորմիզդը հանձնվելու պատրաստ հայ նախարարներին իր անունից ընդամենը ՙշտապով արքունիքի կողմից և արքունի հրա- մանով մի հորդորական և ապահով դաշինքի գիր ուղարկեց՚ : Բայց հրովարտակը և դաշինքի գիրը միանգամայն տարբեր կարգի ու արժեքի փաստաթղթեր են: Այս է առաջինի հանրագիտարանային բացատրությունը. ՙԹագավորների պաշտոնական գրավոր դիմումները, հայտարարությունները, որոնք պարունակում էին ողջույն, ենթարկման կոչ, հրաման, կարգադրություն՚ :

Նույնիսկ ավելորդ է ասել, որ հրովարտակները դրոշմվում էին արքայական կնիքով: Ուրեմն, երբ Ատրորմիզդը դաշինքի գիր էր ուղարկում, նա ընդամենը կրկնում և ՙարքունի հրամանով՚ հաստատում էր մեկ տարի առաջ արձակած թագավորական հրովարտակը: Այժմ, եթե փորձենք պատկերացնել, որ իսկապես Վասակ Սյունին համարձակվել էր այդ աններելի հանցանքը գործել՝ իր սուտն իբրև ՙարքայի կողմից պատգամներ հայտնել՚ (ինչը ենթադրում էր նաև կեղծել և՜ հրովարտակը, և՜ կնիքը), ապա ինչպե՞ս է, որ հարցուփորձի ատյանում ոչ մեկը արքայից արքայի առաջ Վասակին չմեղադրեց այդ բանում: Վերը թվարկած ո՞ր մի ամբաստանությունից առավել ծանր չէր այս մեկը, որ չասվեց: Իսկ չասվեց, որովհետև դա չէր եղել, պարզապես նման մեղք չէր գործվել. մարզպան Վասակ Սյունին իսկապես արքայից արքայի ներման հրովարտակով էր փորձում խաղաղեցնել երկիրը, վերջ տալ քաղաքացիական պատերազմին, մինչև իսկ կանխել Ավարայրի ճակատամարտը: Չհաջողվեց...

Չարաղետ դեր ունեցավ այդ հրովարտակը մեր պատմության մեջ: Երկար-երկար ժամանակ կրքեր էին բորբոքվում նրա շուրջ, եր- կիր էր ավերվում, եղբայրասպանություն էր կատարվում, հայրենադավության մեջ մարդիկ էին մեղադրվում ու ողբերգական անասելի մեծ իրադարձություններ էին տեղի ունենում: Բայց երբ հրովարտակն իբրև իրադարձությունների պատճառ հանում ես մեջտեղից, ապա կատարված հայրենաքանդության համար եկեղեցու գործունեության մեկ ուրիշ բացատրություն ու հիմնավորում այլևս չի երևում: Վերջին մի մեղսագործության մասին էլ ասենք, որը թեև կրկին եկեղեցու ներքին գործածության համար էր հորինվել, բայց նաև հայության հաջորդ սերունդներին բորբոքելու, Վասակ Սյունուն ազգի աչքին հավերժ դավաճան ներկայացնելու նպատակին ծառայեցվեց:

Դա հետևյալն է. Վասակ Սյունին կամենում էր դառնալ Հայոց թագավոր: Ի՞նչ է սա՝ պատմական բամբասա՞նք, թե՞ հիմք ունեցող զրույց: Ցավոք, հրապարակի վրա եղած տեղեկությունները միայն Եղիշեի ու Փարպեցու կողմից Պարսից արքունիքի այդ առումով տված խոստումների կրքոտ հերքումներն են: Յուրաքանչյուրից համապատասխան մեջբերում անենք: Ղազար Փարպեցին հավաստում է, որ Վասակը ՙխաբեական միամտությամբ կարծում էր, թե գործերի մասին ծանոթացնելով թագավորին ու Արյաց ավագանուն, պիտի ստանա վարձատրություններ և, ըստ ցնորական ծրագրի, նույնիսկ Հայոց թագավորությունը՚: ՙՍյունյաց ուխտանենգ իշխան Վասակը, իր վրա ձգելով թագավորից ստացած բոլոր պատվանշանները, եկավ, թագավորական պալատ մտավ մեծ շքեղությամբ: Քանզի թագավորներին վերաբերող պատիվներից զատ, արքունի մի պատիվ չկար, որ նա չունենար և կարծում էր, թե միայն Հայոց մեծ աշխարհի թագավորությունն է մնում, որին պիտի արժանանար՚ : Իսկ հիմա Եղիշեն՝ իր ողջ ցասումով. ՙԵվ նա, որ հանցագործությամբ ուզում էր Հայոց աշխարհի վրա թագավոր լինել, նրա գերեզմանի տեղն էլ չգտնվեց, որովհետև մեռավ ինչպես շուն և քարշ տրվեց ինչպես էշ՚ : Նման վերաբերմունքից հետո այլևս ինչ կասկած, որ թագավորի և թագավորության մասին ծրագրեր եղել են: Բայց մոլեռանդության հասնող այդ անափ ատելությունը, չգիտես ինչու, ատյանում դուրս չժայթքեց, և Վասակ Սյունին ո՜չ հոգևորականների, ո՜չ էլ իշխանների կողմից չմեղադրվեց Հայոց թագավոր դառնալու ցանկության մեջ: Այնինչ` դա հակապետական ծանրագույն հանցագործություն էր. եթե Վասակը կամեցել է անջատել Հայաստանը Պարսից տերությունից, ապա դրա համար պետք է պատասխան տար արքունի ատյանի առաջ: Սակայն ոչ մի ամբաստանություն չհնչեց: Հաստատ բոլորը միասին չէին կարող մոռանալ նրա այդքան խոշոր մեղա- պարտության մասին: Եվ քանի որ Հայոց պետականության վերականգնումն իբրև հակասասանյան գործունեություն չներկայացվեց, նշանակում է դա պետական ծրագիր էր՝ Արքունի Դռան և մարզպան Վասակ Սյունու համատեղ ծրագիրը (ըստ Փարպեցու` ցնորական ծրագիր). իսկապես Հայոց թագավորություն՝ Սասանյան Պարսկաստանի կազմում: Ահա այսպիսի նրբերանգներ ենք նկատում, երբ ուշադիր հետևում ենք 452 թ. Տիզբոնի դատավարությանը: Այս դատավարությունը պատերազմի ավարտը չէր՝ նրա շարունակությունն էր, յուրօրինակ երկրորդ մի Ավարայր, որտեղ Հայաստանյայց եկեղեցին, ցավոք, ուրիշ նպատակ չուներ, բացի այն, որ կամենում էր անվանարկել ու վերջնականապես ոչնչացնել իր հզոր ախոյանին՝ Վասակ Սյունուն:

Իհարկե, երկրորդ մի նպատակ էլ կար, որի համար մեր եկեղեցական քարոզչությունը նույնիսկ հետագա դարերում պիտի ջանար: Դա հայ հոգևորականների մահապատիժը նշանավորելն է: Նրանք կյանքով հատուցեցին ապացուցված հանցանքների համար: Այն գործողությունների, որոնցով սակայն եկեղեցականները մշտապես խրախուսում ու ոգևորում էին երկիրը, միաժամանակ կամենալով բոլորին հայտնել ՙիրենց քաջությունները, որ կատարեցին գործով, ոտի տակ տալով ահեղ հրամանը, և մոգերին մեծապես սատկեցնելը...՚ : Ինչ վերաբերում է հարցուփորձի ատյանում նրանց պահվածքին, ապա նշենք միայն, որ առանձնացնելու ոչինչ չկա: Պարզապես կա ընդհանուր քահանայական դասի հա- վաքական կերպար, գաղափարականների ու նվիրյալների միատեսակ կեցվածք, որով էլ նրանք միասին անմահացան պատմության մեջ:

Այդ մասին եկեղեցական պատմագրությունը հոգաց: Դատավարությունն ավարտվեց: Եղիշեն ասում է, թե Պարսից թագավորը ՙտասներկու օր լուռ մնաց, մինչև որ ավարտվեց-պրծավ ամբաստանության հարցուփորձը՚, և մի նշանավոր օր արձակեց իր վճիռը. ապստամբ նախարարներին ու քահանաներին աքսորել Վրկանից աշխարհ և բոլորին ՙխիստ կալանքի տակ պահել՚: Ղազար Փարպեցին բերում է այդ ութ հոգևորականների և երեսունմեկ նախարարների անունները, թեև ուրիշ աղբյուրների համաձայն, վերջիններիս թիվն ավելի մեծ է եղել: Տարբեր ճակատագրեր ունեցան նրանք: Բազում չարչարանքներից հետո հայ կալանավոր քահանաներին երկու տարի անց՝ 454–ին, սրատեցին: Վեց հոգևորականներ արժանացան իրենց երազած նահատակության պսակին, ՙերջանկացած ազատվեցին ի բնե երերուն այս կյանքից՚: Հայաստանյայց եկեղեցին նրանց բոլորին՝ կաթողիկոսական տեղապահին, երկու եպիսկոպոսի և մյուս երեցներին՝ ՙՂևոնդեան քահանայք՚ հավաքական անունով սրբերի շարքը դասեց: Իսկ հայ իշխանները յոթ տարի տարբեր բերդերում կապանքված մնացին, այնուհետև աքսորյալների ազատության մեջ գտնվեցին ևս չորս տարի, մինչև որ կյանքն ավարտեց Պարսից Հազկերտ ահեղ թագավորը: ՙՆա կառավարեց աշխարհն արդարու- թյամբ՚. Ֆիրդուսու խոսքն է տիրակալի մասին: Հազկերտ Երկրորդին հաջորդած Պերոզ արքայից արքան շնորհեց նախարարներին վերադառնալ Հայաստան: Նրանք այլևս որևէ տեղ ոչինչ չէին ներկայացնում, և այդուհետ ՙյուրաքանչյուրը, ապ- րելով Աստծուց իր համար սահմանված տարիքը, վախճանվեց ու թաղվեց իր հայրերի գերեզմանների մոտ՝ խաղաղությամբ...՚: Նրանք Հայոց երկրի այն նույն նախարարներն էին, որոնք Ավարայրում, թեկուզ հավաքաբար, չկարողացան (թե՞ չկամեցան) բռնել իրենց զոհված հրամանատարի՝ Վարդան Մամիկոնյանի տեղը: Թվում է, թե հայ իշխանների գերագույն երազանքը հենց հայրե- նի հողում ննջելն էր, ոչ թե Վարդանի հետ նահատակվելը, հետևաբար, իհարկե, ատյանում պիտի ջանք չխնայեին մեղսազանց լինելու ու ամբողջովին ՙբացահայտելու՚ Տիզբոնի համար վտանգավոր Վասակ Սյունու գործունեությունը: Ասես կամենում էին այն տպավորությունն ստեղծել, թե Սասանյանների պետության ամենահավատարիմ հպատակներն իրենք են և վաստակել իրենց խաղաղ մայրամուտը: Բայց եթե վերջը բանտարկությունն ու աքսորը պիտի լիներ՝ արժե՞ր այդքան անկեղծորեն զղջալ ապստամբելու համար... Վասակ Սյունին այլևս չտեսավ Հայաստանը: Միակը՝ հայ իշխաններից: Նաև միակը, որին բազմաթիվ մեղադրանքներ ներկայացվեցին ատյանում: Կրկին միակը, ում պաշտպանական կամ արդարացման խոսքից բառ անգամ չեն կամեցել փոխանցել մեր եկեղեցական պատմիչները: Իսկ որ անկասկած եղել է նման խոսք, Ղազար Փարպեցու հետևյալ տողերից ենք կռահում. ՙՄեր օրենքները թույլ չեն տալիս բարկանալ մեկի վրա, որի բերանից դեռ չես լսել ոչինչ՚: Այսպես ատյանում ոմանց զայրույթն էր զսպում դատը վարողը՝ Մեծ հազարապետ Միհրներսեհը: Մենք չգիտենք՝ Վասակն ընդունե՞լ է իրեն ուղղված մեղադրանքները, թե՞ ոչ, կամ եթե հերքել է, ապա՝ ինչպե՞ս: Սա էլ եկեղեցու յուրատեսակ պատիժներից էր. մարդու անունը պատմության մեջ թողնել միայն պախարակված... Ատյանը հաստատեց Հայաստանի մարզպան Վասակ Սյունու պաշտոնանկությունը: Նա զրկվեց նաև Սյունյաց տանուտիրությունից: Այս դեպքում էլ միակը հայոց իշխաններից: Նրան պարտադր- վեց նաև վճարել արքունի հարկերի պարտքը: Երբ մյուս հայ իշխաններն իրենց պատիժը կրում էին Վրկանից, ապա Ապարհ նահանգներում, այնուհետև Հրև քաղաքում, Վասակ Սյունին միակն էր հայ իշխաններից, որ մի քանի տարի՝ մինչ ի մահ՝ թեև ապրեց Պարսից արքունիքում, բայց զրկված էր հայրենիք վերադառնալու իրավունքից:

Այդպես էլ նա ժամանակի մեջ մնաց առանձնացած ու առանձնացված: Ո՞վ էր այդ մարդը՝ ազգի առաջնո՞րդ, թե՞ չարագործ: Ինչո՞ւ նա դարձավ եկեղեցու մեծագույն սարսափը: Փրկությո՞ւն, թե՞ աղետ էր Հայաստանի համար նրա գործը: Հարյուր տարի է` հնչում են այս հարցերը: Ի՞նչ գիտենք մենք նրա մասին ընդհանրապես: Ըստ էության, շատ քիչ բան: Այն կերպարը, որ ստեղծել է եկեղեցական պատմագրությունը, այսօր այլևս չի կարող հավատ ներշնչել, առավել ևս, եթե ծանոթ ես մատենագիրների կերպարաստեղծ հնարքներին: Առաջադրանքը կատարելիս նրանք ակնթարթորեն կարող են մոռացության մատնել բոլոր այն դրական գնահատականներն ու բարեխոսությունները մեկի մասին, որ մինչ այդ իրենց իսկ կողմից տրվել է և բազմաթիվ անգամ կրկնել հարկավոր դարձած կարծիքն ու վերաբերմունքը: Օրինակները շատ ու շատ են. մեր թագավորներից թեկուզ Պապին հիշենք, հենց այս շրջանից Միհրներսեհ հազարապետին, իսկ Վասակ Սյունուն տրված հակասական գնահատականները անձը վատաբանելու հանձնառության ամենացայտուն օրինակներից է: Եկեղեցին երբեք չի ներում իրեն հակառակ քայլ անողին:

Նա նզովքի ուժ է տալիս իր խոսքին, և այլևս որևէ մեկը չի համարձակվում չբազմացնել եկեղեցու կարծիքը տվյալ անհատի մասին: Եղիշեն հատուկ ավարտ է տալիս Վասակ Սյունու վերաբերյալ իր պատմածին. ՙԱյս հիշատակարանը գրվեց նրա մասին՝ նրա հանցանքները կշտամբելու և նրան մեղադ- րելու համար, որպեսզի ամեն մարդ, որ լսի և իմանա այս բանը, նզովք կարդա նրա հետևից և նրա գործերին ցանկացող չլինի՚: Սա պատվիրան չէ, խնդրանք չէ, առաջարկ չէ՝ սա պահանջ ու պարտադրանք է: Նշանավոր հայագետ Թադեոս Ավդալբեգյանը, իր ՙՄիհրը հայերի մեջ՚ հետազոտության մեջ, հետաքրքիր անդրադարձ ունի այն հարցին, թե վաղ ժամանակներում ինչպես էին միտումնավոր կերպով եղծում սրբությունները: Նա գրում է. ՙԿրօնների պատմութեան մէջ յաճախ կարելի է նկատել այն երևույթը, որ բարի աստուածը կամ դիւցազնը ժամանակի ընթացքում օժտվում է չար աստծու, չար դիւցազնի կամ դևի յատկութիւններով: Այս երևոյթը կարելի է անուանել դիւացում: Դիւացումը կատարուում է երկու ուղղութեամբ. առաջին դէպքում չար են հռչակւում օտար ժողովուրդ- ների բարի աստուածները կամ դիւցազունները, երկրորդ դէպքում սեփական բարի աստուածներն են զրկւում իրենց լուսապսակից և դասւում չարադևերի շարքում… Կրօնների պատմութեան մէջ օտարինի դիւացման ամենափայլուն օրինակներ տալիս է Հին Կտակա- րանը, որ բոլոր աստուածները սուտ ու չար կը յայտարարէ: Հրէական կարծիքի բանաձևումը տալիս է սաղմոսերգուն՝ ասելով, թէ ՙամենայն աստուածք հեթանոսաց դևք են՚ (մեր մատենագիրների մէջ Եզնիկն օգտւում է այս բանաձևից՝ գրելով. ՙԵւ զի դիւաց գիւտ է կռապաշտութիւնն, վկայ է Դաւիթ, թէ ամենայն աստուածք հեթանոսաց դևք են՚): Սեփականի դիւացման նշանաւոր օրինակն է արիական աստուածների դիւացումը…

Վեդայի բարի աստուածները, մէջն առած նոյնիսկ լոյսի աստուած Ինդրան էլ, դառնում են չար ոգիներ և դևեր՚ : Ահավասիկ, ցանկացած անձ, կերպար կամ երևույթ կամայականորեն, հակառակ երեսով ներկայացնելու փորձված ու վաղուց կիրառվող մի մեթոդ, որը, ինչպես տեսնում ենք, հայտնի էր և Հայաստանյայց եկեղեցու գաղափարաբաններին: Հետևապես, եթե նրանք այս ճանապարհով նույնիսկ աստվածներին ու դյուցազուններին էին ՙդիւացնում՚, ապա ի՞նչ էր հողածին Վասակը… Բայց և այնպես, ո՞րն էր Վասակ Սյունու հանցանքը, նրա գործած մեղքը: Եթե Պարսից թագավորն իր պետությանը հասցված վնասների համար նրան պաշտոնանկ արեց և պատիվներից զրկեց, ապա, որքան էլ զարմանալի է, նույն անձին, կատարած նույն գործերի համար Հայոց եկեղեցին շատ ավելի ծանր պատիժ սահմանեց՝ նրա անունը հասարակացրեց, դավաճանի և ուրացողի համանուն դարձրեց: Սակայն Տիզբոնի համար Վասակի հանցան- քը ոչ այնքան Պարսից թագավորի հանդեպ ցուցաբերած անհնազանդությունն էր, որքան չպատճառաբանված պատերազմն ու երկիրն ավերող քաղաքացիական կռիվները կանխելու նրա անհաջողությունը:

Վասակը Սասանյանների իշխանության ներկայացուցիչն էր, հետևաբար՝ պարտավոր էր: Եվ ոչ մի նշանակություն չունեցավ այն հանգամանքը, որ աշխարհավերումի պատճառների մասին պարսիկներն իրենց համոզմունքն ունեին, ըստ որի՝ մեղավորը հայ հոգևորականներն էին, նրանց մեջ էլ՝ հիմնականում Ղևոնդ երեցը: Գլխատումից առաջ պարսիկ պաշտոնյան այս խոսքն է ասում նրանց. ՙԴուք բազում ու անհամար չարիքներ եք գործել և բազում արիների կոտորելու պատասխանատուն եք: Եթե լոկ երկու կամ երեք մարդկանց մահու պատճառը լինեիք, էլի մեծ կլիներ ձեր մեղքը, և ապրելու արժանի չէիք լինի, ո՛ւր մնաց թե կործանումն այն մեծ աշխարհի, ինչպիսին Հայքն է և այնքան բազում արյաց արյունը, որ հեղվեց այնտեղ: Եվ այդ բոլորի համար դուք եք պատասխանատու. ձեր ձեռքով ու ձեր խրատներով են այդ բոլորը կատարվել՚ : Նույն այդ պաշտոնյան՝ Վեհդենշապուհը, դիմելով Ղևոնդ երեցին, ասում է. ՙՄենք քո մասին լսել ենք, որ քրիստոնեական օրենքներին ոչ ոք տեղյակ չէ քեզ պես, և քո խրատներից առավել ևս կորավ Հայոց աշխարհը՚ : Ղազար Փարպեցին էլ, նկարագրելով առանձնահատուկ դաժանությամբ իրագործված Ղևոնդ երեցի մահապատիժը, բացատրում է. ՙՔանի որ պարսիկներն ամենաշատը երանելի Ղևոնդին էին համարում Վարդանի բոլոր գործերի խրատատու և պատճառ բոլոր այն դեպքերի, որ նույն ժամանակ կատարվեցին Հայոց աշխարհում: Ահա, ուրեմն, նաև երկիրն ավերելու հանցանքն է, որ եկեղեցին իրենից գցում է Վասակի վրա: Իսկ երկիրը բավականին հիմնավոր էր ավերվել, որովհետև երբ Հայաստանյայց եկեղեցին էր զենք գործադրում, ապա գործադրում էր անողոքաբար, ավելին, անխղճաբար: Եկեղեցու գթասրտությունը Հայոց աշխարհի համար չէր, մանավանդ երբ Վասակ Սյունու նման մեկը հանդգնում էր հակադրվել: Եկեղեցու համար դա անեծքարժան քայլ է, որը վաղեմության ժամկետ չունի: Նույնիսկ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը չի մեղմացնում վճիռը, այլ ուղիղ կերպով կրկին ասում է. ՙ...որպեսզի Վասակ կարենար իր ընթացքին մէջ արդարանալ, պետք էր որ իր ազդեցութիւնը ցուցանէր կրօնական խնդիրը քա- ղաքականէն զատելով, և կրօնական ազատութիւնը իսկապէս ապահովէր, և ոչ թէ քաջալերող ըլլար կրօնական բռնութիւններու և գործակից հանդիսանար խարդախ յայտարարութիւններու՚: Դարեր անց՝ նորից նույն բանը: Ինչ ասել է՝ կրոնական ազատություն ապահովել, այսինքն՝ ավելին, քան սահմանվում էր հրովարտակո՞վ:

Վասակ Սյունին իբրև մարզպան փորձում էր իրագործել Պարսից թագավորի ներման հրովարտակը, որի համաձայն վերականգնած իրավունքներից մեկը կրոնի ազատությունն էր: Իսկ ավելին ի՞նչ կարող էր անել: Պետությունը քրիստոնեությունն ազատ դավանելու իրավունք էր տալիս, բայց երկրի կառավարմանը միջամտելու կամ մասնակցելու համար եկեղեցուն արտոնություններ չէր տալիս, ուրեմնև պետական պաշտոն- յա Վասակ Սյունու գործունեության պարագիծն էլ շատ որոշակի էր: Սա դեռևս հինգերորդ դարում պարզ ու հասկանալի էր մինչև անգամ եպիսկոպոսաց դասին: Բայց եկեղեցուն հանդիման կանգնած էր Վասակ Սյունին՝ հզոր մի անհատ, որը ոչ միայն համոզված կողմնակից էր եկեղեցու իրավունքների չափաբերմանը, այլև Հայոց թագավորական նոր հարստության հիմնադրի բոլոր նախադրյալներն ունենալով, հնարավոր է, որ դառնար թագավոր ու բոլորովին նսեմացներ և՜ եկեղեցու, և՜ նրա հենասյուն-նախարարությունների դերը երկրում, որպեսզի հզոր ու կենտրոնաձիգ պետու- թյուն ստեղծեր: Ահա թե ինչու Վասակ Սյունին էր Հայաստանյայց եկեղեցու թշնամին, ոչ թե Հազկերտ Երկրորդը:

Եկեղեցին դժվար, շատ դժվար հաղթեց Վասակին: Վախն ու ատելությունը նրա հանդեպ սարսափի աստիճանի էր հասնում: Մի ելք կար. Վասակը պի- տի կործանվեր, երիցս պիտի կործանվեր: Եվ կործանվեց: Բայց ոչ միայն Վասակը... Թեև Վասակն իսկապես մեծ պարտություն կրեց, որովհետև չկա- րողացավ փրկել Հայաստանը, բայց դա միայն անհատի անհաջողություն չէր. այն ճակատագրական եղավ և ժողովրդի համար: Հա- յոց թագավորության վերականգնման երազանքները փառավորապես թաղվեցին: Տիզբոնի դատավարության ընթացքում Հայոց ավագանին կորցրեց շատ արժեքավոր մի բան՝ իր պատիվը, իսկ պատվազուրկ իշխաններով թագավորություն չի կարող հաստատվել:

Երկրի հարգն ընկավ: Վասակ Սյունին ինքնաբերաբար ավելորդ դարձավ: ՙԵվ այնուհետև Հայոց աշխարհում լավությունը լքված էր երևում, իմաստությունը` կորսված, քաջությունը` հեռացած ու մեռած, քրիստոնեությունը` թաքցված, երբեմնի Հայոց քաջանուն զորքը, որ ուրիշ զորքերի մեջ երևելի էր, զորագլուխները`անվանի ու հաղթող, ապա այժմ ծաղր էր ամենքի աչքում և ծիծաղելի: Մինչև անգամ ինքը` Պերոզ թագավորը (Հազկերտ Բ.-ի հա- ջորդը.- Հ. Դ.), որ հայտնապես նախատելով հաճախ էր ամենայն ատենի առաջ ասում, թե. ՙԱնպիտան մարդ և ետին զորք, որ կան իմ իշխանության ներքո, ասորականն են, բայց ասորուց էլ ետին ու անպիտան մարդը հայն է՚: Եվ այս լսելը ցավ է` լալու և ողբալու արժանի՚: Ահա թե ինչ վաստակեցինք ատյանում Վասակ Սյունուն ոտնակոխելով: Իսկ թե ովքեր էին հայերը նույն այս արքունիքի համար նախկինում, լսենք միայն. ՙԱռաջվան ժամանակներում կարգն այն էր, որ երբ Հայաստանից որևէ պատվավոր զորավարի առաջնորդությամբ հեծելազոր էր գնում Դուռը, [թագավորը] մարդ էր ուղարկում ընդառաջ և հարցնում էր Հայոց աշխարհի ողջությունն ու խաղաղությունը. և երկու-երեք անգամ նույնն էր անում. զորահանդեսն էլ [թագավորն] ինքն էր անում և պատերազմ սկսելուց առաջ նրանց իրեն մոտ գալ` տեղ հասնելն անգամ մեծ շնորհակալության արժանի էր համարում և իր աթոռակիցների ու բոլոր մեծամեծների առաջ գովասանք էր տալիս ամենքին, հիշում էր նրանց նախնիների ծառայությունները և պատմում էր նրանցից յուրաքանչյուրի քաջությունը՚ : Բայց սա նախորդ կյանքում էր, Ավարայրից առաջ...

Չափազանց պակասավոր կլինի այն կարծիքը, եթե ասվի, իբր Պարսից թագավորը կամ հազարապետը չգիտեին Վասակի գործունեության մասին, այդ պատճառով էլ նա Տիզբոն էր կանչվել որպես վկա, և հայ իշխաններն էին, որ իրենց խոստովանություններով նրան նույնպես ամբաստանյալ դարձրին: Իհարկե, այդպես չէր. պարզապես Պարսից արքունիքը չնայած հանցանք չէր տեսնում Վասակի գործերում, սակայն ստիպված եղավ առաջնորդվել իրավիճակի թելադրանքով՝ հայերը չե՞ն կամենում հայ գլխավոր ունենալ, բարի, նա էլ կդատվի, այնուհետև երկրում կլինի պարսիկ կա- ռավարիչ: Արհեստական միջամտությամբ պատմության մեջ շրջադարձ կատարվեց, որի համար Ճակատագիրն ամենևին մեզ չներեց: Հետո, VII դարում Թեոդորոս Ռշտունին, հակառակ կողմում հայերից կրկին Մամիկոնյաններին ունենալով, գրեթե կարողացավ կատարել այն, ինչը թույլ չտրվեց անել Վասակ Սյունուն, այն է՝ տարածաշրջանում Հայաստանը բավականին ինքնուրույն և քաղաքական կշիռ ունեցող երկիր դարձրեց: Եվ դա այն պարագայում, երբ Հայաստանն արդեն անգամ մարզպանական շրջանի կարողությունները չուներ: Վասակ Սյունու տիրական էությունը բնորոշող մի գեղեցիկ վկայություն է պահպանել Ստեփանոս Օրբելյանը: Երբ Սյունյաց իշխան Բաբիկի վախճանվելու լուրը տարածվում է, նրա որդի Վասակը պատանդության մեջ էր Պարսից արքունիքում: Սենեկապետը գալիս հայտնում է, թե արքան մտադիր է Սյունիքի իշխանությունն իրեն հանձնել:

Վասակը վրդովվում է. ՙԻ՞նձ է տեր դարձնում, երբ Սյունիքի ժառանգությունը իմ բուն հայրենականն է՚: Սա նրա բնավորության ու մտածողության բանալին է, ինչն անշուշտ ծանոթ էր և եկեղեցուն: Սյունյաց աշխարհում Մեսրոպ Մաշտոցի գործունեության մասին հիշատակելիս Կորյունն է գրել. ՙԱյն ժամանակ Աստ- ված տվեց, որ Սյունիքի իշխանության գլուխն անցավ քաջ Սիսական Վասակը, խելացի ու հանճարեղ և կանխագետ, աստվածային իմաստության շնորհիվ օժտված մի մարդ՚: Եվ այս մարդը պիտի անցներ նաև Հայոց իշխանության գլուխ, քանզի նա հիրավի ՙշքեղ ու բարձր էր մեր Հայոց աշխարհում, չափազանց հարգված ու երևելի` արքունիքում՚: Նրա մարզպանության տարիներին Հայաստանը ծաղկուն ու առաջնակարգ երկիր էր: Նրան ունկնդիր էին և՜ արյունակիցները, և՜ այլազգիները: Առնվազն երկու անգամ նա փրկեց Հայոց աշխարհն արհավիրքից. մեկ, որ հաջողվեց Միհրներսեհին, ինչպես նշել ենք, իր բանակով հետ դարձնել Փայտակարանից (իսկ նա Հայաստան էր մտնելու Շապուհ Բ.-ի պես` գազազած զորությամբ ամեն ինչ ավերակելու համար), և երկրորդ, որ Ավարայրից հետո կանխեց սարսափելի սպանդը երկրում: Սակայն այս աշխարհը նա թողեց ապերախտության դառնությունը ճաշակած: Շուրջ ութ հարյուր տարի անց, XIII դարում, հիշատակելի Ստեփանոս Օրբելյան մետրոպոլիտն ու պատմիչն էր, որ ՙՊատմութիւն Սիսական նահանգի՚ գործը շարադրելիս Վասակի հետևից եկեղեցու պարտադրած նզովքը կարդալուց հետո, այնուամենայնիվ, լուռ ընդվզումով փորձ արեց հարմար մի առիթով Սյունյաց տան վրայից հեռացնել քանի դար կանոնավոր փոխանցվող ծանր նախատինքն ու հերքել հանիրավի մեղադրանքը, գրելով. ՙՍիսական տոհմը... երբեք չըմբոստացավ հայրենի իշխանությունների դեմ՚: Լեռնականի հպարտությունը թույլ էր տալիս այսքանը միայն ասել...
ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ
1246 reads | 27.05.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com