ՎԱՐԴԱՆԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ
պատմաբան, հրապարակախոս, ԵՐԵՎԱՆ





Մեր պատմության այս շրջանը ոչ թե այնքան էլ այդպես չի եղել, ինչպես ներկայացվում է, այլ ամենևին այդպես չի եղել, ինչը վկայում է փաստերի անխառն շարադրումն ու համադրումը: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե Վասակ Սյունու առանձնահատուկ կարգավիճակն ու իրավասությունները Պարսից արքունիքը ճանաչած չլիներ, ապա չէր լինի նաև մեկ ուրիշ իշխանություն հռչակելով նրան բացասելու անհրաժեշտությունը: Փոխարենը, իբրև դավաճանի (ինչպես ասվում է), ուխտապահները նրան պարզապես կմեկուսացնեին ու ինչ–որ կերպ կվերացնեին: Բայց այդպես չեղավ, որովհետև չկար դավաճանություն, և հայ–պարսկական առճակատումը միանգամայն ուրիշ շարժառիթներով էր, որ փոխակերպվեց ներհայկական հակամարտության:

Ավարտվեց Հայոց ապստամբությունը: Սկսվեց Վարդանանց պատերազմը: Դա քաղաքացիական պատերազմ էր, որի հիմքում ամենևին, անկախանալով, հայրենիքը փրկելու ցավը չէր, այլ մի կողմից՝ հայրենիքին իշխելու (Մամիկոնյաններ), և մյուս կողմից՝ հայրենիքը կառավարելու (Սյունիներ) հակադիր նպատակների բախումն էր: Սյունիներին տրված իրավունքը վիճարկելու համար սկսվեց մի պայքար, որն իր աշխարհավերությամբ, անողոքությամբ ու անհանդուրժողությամբ վերջնականապես թուլացրեց Հայոց երկիրը՝ դատապարտելով նրան առնվազն երկատվածության ու ազգային ուժերի ջլատվածության: Ձևավորվում էր հայկական ինքնության հետագա բնորոշիչներից մեկը: Կարելի է անվարան ասել, որ Սյունիների փոխարեն Մամիկոնյանները նույնպես առանց երկմտանքի կընդունեին Պարսից արքայից արքայի ենթակայությամբ Հայոց թագը, եթե նախապատվությունն իրենց տրվեր: Ի հաստատումն նշենք, թե ինչպես, երեք տասնամյակ անց, անկախասեր Մամիկոնյանները համաձայնեցին շատ ավելի քչին՝ մարզպանի նշանակովի պաշտոնին:

Եվ այսպես, Հայաստանում իրավունք վիճարկողների առջևում Վարդանն էր: Առաջ մղվածը Վարդանն էր: Եպիսկոպոսների կողմից: Նրանք չընդունեցին Վասակին իշխանության գլուխ, որովհետև շատ ինքնուրույն էր և ոչնչով պարտական չէր եկեղեցուն: Վարդանը յուրային էր բոլոր առումներով՝ ժառանգական, հոգևոր դաստիարակությամբ, իրեն հատկացված հիերարխիկ դիրքով: Վասակը թեև խաղաղություն էր բերում, բայց այդ խաղաղությունը եկեղեցուն հարկավոր չէր, որովհետև դրանով իր իրավունքներն ամբողջովին չէին վերականգնվում: Իսկ Վասակը միտք էլ չուներ եկեղեցուն վերադարձնել նրա գերարտոնությունները, այլապես ինքն ինչպե՞ս պիտի երկիր կառավարեր ու պետություն կառուցեր:

Այս դեպքում արդեն եկեղեցու համար իսկապես ոչինչ էր Փայտակարանից ուղարկված ներման հրովարտակը, որով և՜ հավատի ազատություն, և՜ զրադաշտության դեմ գործած մեղքերի ներում էր հայտարարվում, քանի որ հայ քահանաները կամենում էին շարունակել իրենց սկսած կրոնական պատերազմը:

Հազկերտյան դավանափոխության հրովարտակը անընդհատ տրոփող հարցից մի պահ հոգնելու և կտրուկ միջոցներով հայերի հնազանդությունն ապահովելու ցանկության ծնունդ էր, քայլ, որը վրիպում դարձավ Հայաստանյայց եկեղեցու օգտին, ու թեև Փայտակարանում Միհրներսեհը հետ կանգնեց նրանից, բայց արդեն ուշ էր, պահը կորսված էր: Իսկ եկեղեցուն այդ հետ կանգնելը ձեռնտու չէր, հետևաբար նա ամեն ինչ արեց, որպեսզի պատերազմ լինի: Եկեղեցին Հայաստանին տիրելու իրավունքը պիտի պատերազմով նվաճեր և այդ պատերազմի համար նշանաբան ընդունեց «Վասն հավատոյ, ի փառս Աստծոյ» կոչը:

Եթե այդուհետև Հայոց կաթողիկոսությունը պիտի վերահսկելի լիներ Տիզբոնի կողմից (ոչ թե Կոստանդնուպոլսի), եթե Գրիգոր Լուսավորչի գոնե տոհմաճյուղը չպիտի ժառանգաբար գահակալեր, որով և դառնար երկրի փաստացի տերը, ապա իհարկե պատերազմ բոլոր խանգարողներին՝ հայ թե պարսիկ: Եկեղեցին արյան ազգություն չի ճանաչում, երբ այն իր համար է թափվում: Այսպիսով, իր մայրամուտից առաջ, Լուսավորչի տոհմը մի վերջին անգամ Հայոց երկիրը մեծ աղետի՝ շուրջ 30 տարի տևած քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշեց:

Փոքրիկ մի նկատառում. Եղիշեն և Ղազար Փարպեցին գրում են, թե պարբերաբար եպիսկոպոսների ժողովներ էին տեղի ունենում, սակայն ուշադիր լինելիս տեսնում ենք, որ գործողությունների մեջ, այնուամենայնիվ, նրանք միշտ ստվերում են մնում: Երևացողը երեցներն էին և Վարդան Մամիկոնյանը: Եվ նահատակվում են Վարդան Մամիկոնյանն ու երեցները (Ռշտունյաց Սահակ եպիսկոպոսի մասին գիտենալով ենք ասում): Հաշվենկատության մի չափ, հա- մարձակ գործունեության մի սահման կար, որ եպիսկոպոսները ոչ մի դեպքում չէին անցնում, իսկ Վարդանին խրախուսում էին, որ անցնի: Եվ ահա պատերազմում Վարդանը ոչ այնքան զորավար, որքան կրոնական գործիչ է երևում: Թվում է, թե դա ամենևին անսպասելի չպիտի լինի, քանի որ հիշում ենք նրա խրոխտ և անհողդողդ կեցվածքը Հազկերտի առաջ՝ հավատափոխության պահանջը մերժելիս: Իհարկե, այդ դրվագում մեր մատենագիրները չափազանց ջանացել են և հոգեբանորեն մեզ բոլորիս Վարդանի կրոնական ջերմեռանդության վկայություններն ընկալելու համար նախապատրաստել, բայց և այնպես նրան տեսնել այնքան անկեղծ եկեղեցապաշտ, որ անվերապահորեն ենթարկվի մինչև անգամ երեցներին՝ դժվար ընդունելի է: Նույնիսկ, եթե մտաբերենք, որ Մամիկոնյանց նախարարական տունը ամբողջովին կախման մեջ էր Լուսավորչի տոհմից, իսկ հետագայում՝ բարձրաստիճան հոգևորականներից:

Առավել դժվար է Վարդանին նկատել իբրև ազգային գործիչ, իբրև անկախության գաղափարի նվիրյալ զինվոր, որովհետև նախ՝ այդ գաղափարն ինքնին ոչ մեկի կողմից շոշափելի ձևով չի ներկայացվում, այլ շատ ընդհանուր գծերով պարզապես հայտարարվում է, այնուհետև՝ Վարդանի պայքարը հանուն որևէ գաղափարի չի երևում այնքան ժամանակ, քանի եկեղեցին ինքը թշնամի չի գտնում ու Վարդանին այդ թշնամու դեմ կռվի մղում: Իսկ այդ թշնամին եկեղեցու թշնամին էր` Վասակ Սյունին: Շատ ժամանակ չէր անցել այն օրից, երբ Տիզբոնից հետո վհատված Վարդանն ընտանիքի ու եղբայրների հետ հունաց կողմի կալվածքներն էր քաշվում, Վասակը նամակ գրեց ու համոզեց նրան վերադառնալ: Այդուհետ, մինչև Արտաշատի երկրորդ ժողովը, Վարդանն ու Վասակը միասին էին: Հետո էր, որ եկեղեցին նրանց դարձրեց հակառակորդ կողմեր...

Թերևս արժե, որ այս երկու նշանավոր տոհմերի ծագումնաբանությունը բաղդատությամբ ներկայացնենք Հանրագիտարանի համապատասխան հոդվածներից՝ կարճ, համառոտ, առանց վերաբերմունքի:

ՍՅՈՒՆԻՆԵՐ, Սիսակյաններ, նախարարական տոհմ հին և միջնադարյան Հայաստանում: Ըստ Մովսես Խորենացու հաղորդած ավանդական պատմության, սերել են Սիսակից (Հայկի թոռը, Գեղամի որդին): Մեծ Հայքի թագավորության՝ ըստ «աշխարհների» (նահանգների) վարչական բաժանումից հետո, Սյունիները ձեռք են բերել Սյունիքի «աշխարհակալի» պաշտոնը, որը դարձել է նրանց տոհմական իրավունքը, իսկ Սյունիքը՝ ժառանգական տիրույթը: Սյունիների նախարարության հաստատումը վերագրվում է Հայոց ավանդական թագավոր Վաղարշակին (մ.թ.ա. II դար), որը Սյունիներին նշանակել է Մեծ Հայքի արևելյան սահմանագլխի կուսակալ և արքունի զորքերի հրամանատար: Սյունիները եղել են Մեծ Հայքի թագավորության ամենահզոր նախարարական տունը, համաձայն Զորանամակի՝ մարտադաշտ դուրս բերել 19.400 հեծյալ, ըստ սահակյան Գահնամակի՝ զբաղեցրել առաջին գահը: Ցուցաբերած ծառայությունների և սխրանքների համար արքունիքից արժանացել են մեծամեծ պարգևների ու պատիվների, արտոնվել են՝ բազմել արծաթե գահույքին, կրել մարգարտյա վարսակալ, վարազագիր մատանի և ոսկյա մական, հագնել կարմիր կոշիկ:

...Սյունիները մասնակցել են Մեծ Հայքում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուն, ի թիվս այլ մեծամեծ իշխանների, Գրիգոր Լուսավորչին ուղեկցել Կեսարիա՝ օծվելու կաթողիկոս:

Սրանք են Սյունյաց տան տոհմական կենսագրության, այսպես ասած, անձնագրային տվյալները: Ահա և Մամիկոնյանների մասին տեղեկությունները.

ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐ, նախարարական տոհմ Հայաստանում: Ըստ Մովսես Խորենացու և Սեբեոսի, Մամիկոնյանների նախնիները՝ ավանդական Մամիկն ու Կոնակը, III դ. 1–ին կեսին գաղթել են Հայաստան Ճենաց աշխարհից: Վերջինս Միջին Ասիայի և Հնդկաստա- նի միջև գտնվող Քուշանաց թագավորության այն մասն էր, որը կոչվում էր Թուխարիստան և Կաշմիր... Խոսրով Ա. Մեծը (ծն. թ. անհտ.–259) Մամիկոնյաններին դասել է հայ նախարարների շարքը և նրանց հատկացրել Տայքի մեծագույն մասը (որպես ժառանգական կալվածք), որը մինչ այդ արքունական զորակայան էր: IV դ. սկզբին Տարոնի տերերի՝ Սլկունիների, հակաարքունական խռովությունը ճնշելուց և այդ տոհմի բնաջնջումից հետո սպարապետության գործակալությունն անցավ Մամիկոնյաններին, և Տարոն գավառը նույնպես դարձավ նրանց տոհմական սեփականությունը... Ըստ Գահնամակի, Մամիկոնյաններն ունեին 3000 հեծյալ և արքունի գահակարգում գրավում էին 5–րդ տեղը:

Մամիկոնյանների Հայոց սպարապետը գլխավորում էր Հայոց այրուձին և հետևակ զորքը: Սպարապետին էին ենթարկվում հայ նախարարների հեծելագնդերը: Մամիկոնյանները սերտ կապերի (խնամիական և այլն) մեջ էին Գրիգոր Լուսավորչի տան հետ: V դ. 1–ին կեսին այդ կաթողիկոսական տոհմի լայնածավալ կալվածքները դարձան Մամիկոնյանների տոհմական սեփականությունը: Արտաքին և ներքին քաղաքականության հարցերում սպարապետը և կաթողիկոսը միշտ գործակցել են և սովորաբար ունեցել հռոմեական, ապա բյուզանդական կողմնորոշում: Նրանց միակողմանի քաղաքականության հետևանքով երբեմն թուլացել է Մեծ Հայքի թագավորության դիմադրական ուժը:

Փաստորեն, հետագա ժամանակներում գաղափարական շահարկումներով շղարշված V դարի դեպքերը՝ համահայկական իշխանության համար պայքարն ահա այս երկու տոհմերի միջև էր: Հայոց հողի վրա ոչ մի պարսիկ զինվոր չկար, բայց պարսից դեմ պատերազմելու անվան տակ ահավոր մի արյունահեղություն էր կատարվում:

Աննախադեպ կոտորած ու ավերմունք էր սփռվում երկրում՝ հանուն իշխանության: Սա ամենևին 300–ականների իրադարձությունների նման չէր, երբ եկեղեցու հաստատման համար սրով էր տեղ ազատվում: Սա ամենևին նման չէր և ինչ–ինչ պատճառներով որևէ նախարարական տուն ոչնչացնելու գործողության, որի դեպքում հայը հայի արյուն էր թափում: Սա իսկական քաղաքացիական պատերազմ էր: Մի կողմում Վասակ Սյունին էր, որ բարձրագույն իշխանություն էր ստացել և կամենում էր երկիրը կառավարել այնպես, ինչպես իր մարզպանության առաջին շրջանում՝ տնտեսության զարգացմամբ ու երկրի հզորացմամբ, իսկ մյուս կողմում եկեղեցին էր, որ նույն այդ բարձրագույն իշխանությունը տեսնում էր Վարդանի ձեռքին, որպեսզի ինքն իր կամեցողությամբ կառավարի երկիրը: Ի վերջո, հիշենք, որ Սահակ կաթողիկոսը (մահ. 439թ.), արու զավակ չունենալու պատճառով, իր ամբողջ ունեցվածքը թողել էր միակ դստերը` Մամիկոնյան իշխանուհուն և նրա սերունդներին: Վարդան Մամիկոնյանը Սահակ Պարթևի թոռն էր: Ուրեմնև՝ ժառանգորդը:

Հայաստանյայց եկեղեցին 301-ից սկսած 127 տարի պայքարել էր, որպեսզի երկրի աշխարհիկ իշխանությանը փոխարինի, 428-ից հետո էլ արդեն 32 տարի պայքարում էր, որպեսզի Պարսից արքունիքը իրեն ճանաչի որպես հայ ժողովրդի գերագույն իշխանություն, և այսքանից հետո մի՞թե նա կարող էր համակերպվել այն վիճակին, որ նույն Պարսից արքունիքը ոչ միայն մերժում ու ժխտում է իրեն իբրև հոգևոր օրինական հաստատություն, այլև իշխանություն է շնորհում մի անհատի, որը երբեք իր ազդեցության տակ չի եղել ու չի էլ լինի: Եվ քանի որ եկեղեցին իր կողմնակիցներին առանձնացրել ու կռվի էր նախապատրաստել, ապա երբ նշան արեց՝ այդ նախարարներն իրենց զորքերով դուրս եկան Վասակ Սյունու դեմ՝ նրան խեղճացնելու, թուլացնելու, վերացնելու համար:

Վասակն էլ մենակ չէր՝ սոսկ իր լիազորություններով, այլ շուրջը այն բազում նախարարներն էին, ովքեր Հայոց գահի վերականգնման հետ էին կապում երկրի տարածքն ամբողջությամբ հայության համար պահպանելու հնարավորությունը: Վասակ Սյունին Փայտակարանից վերադարձավ ահա այդ գործն իրականացնելու համար: Ցավոք, դա անհնարին եղավ. Հայաստանում նրան քաղաքացիական պատերազմ էր սպասում...

Որպեսզի տեսանելի լինի, թե ինչ մեծ փորձության մեջ ընկավ Հայոց երկիրը, բերենք երկու կողմերի նախարարական տների ցուցակներն ըստ Եղիշեի և Փարպեցու, ինչպես նաև այն նախարարների զորուժը, որոնք հնարավոր է ըստ Զորանամակի պարզել: Այսպես. Վասակի համագործակիցներն էին՝

Ռշտունիք 1.000 մարտիկներով,
Խորխոռունիք – 1.000,
Վահևունիք – 1.000,
Գաբեղյանք –300,
Բագրատունիք – 1.500,
Ապահունիք – 1.000,
Ակեացիք – 300,
Ուրծի – չի նշվում,
Պալունիք – 300 և, վերջապես, իրենք՝
Սյունիները – 19.400 մարտիկներից բաղկացած զորագնդով:
Ընդհանուրը՝ 25.800, գումարած Ուրծի իշխանի մարտիկների մոտավոր թիվը, ստացվում է 26.000:



Վարդանի զինակիցներն էին՝

Արծրունիք – 1.000,
Ամատունիք – չի նշվում,
Դիմաքսյանները – 300,
Արշարունիք (Կամսարականները) – 600,
Անձևացիք – 500,
Գնունիք – 500,
Գնթունիք – 300,
Սահառունիք – 300,
Քաջբերունիք – 100,
Մանդակունիք – 300,
Սղկունիք– 300,
Տրպատունիք – 100,
Մոկացիք – 1.000,
Ընծային – 4.000,
Ռոփսյանները – 100,
իրենք՝ Մամիկոնյանները– 1.000 մարտիկներով:


Կողմնակիցների վերաբերյալ մեր մատենագիրները գրեթե նույն տվյալներն են բերում. Վարդանն ուներ 31–32, իսկ Վասակը՝ 10–11 զինակից նախարար: Վասակյանների թվին Եղիշեն մի ավելացում է անում. «Եվ ուրիշ շատ ազատ մարդիկ արքունի տնից, որոնց ոստանիկ են անվանում»: Գրեթե նույնպիսի լրացում է անում նաև Վարդանանց շարքերի մասին՝ Ավարայրի նախօրյակին. «Եվ արքունի բոլոր գործակալներն ամեն մեկն իր զորքերի հետ միասին»:

Կարծում ենք, կողմերի զինակիցներին նման համամասնությամբ հիշելը բխում է դեպքերը ներկայացնելու ընդհանուր տրամադրությունից: Սակայն այլ տպավորություն է առաջանում, երբ ըստ Զորանամակի նրանց մարտիկների թիվը գումարելով, ընդհանրացնում ենք նախարարների զորուժը: Ստացվում է, որ Վասակյան 10–11 նախարարներից 9-ը 25.800 մարտիկ ունեին, իսկ Վարդանանց 31–32 նախարարներից Զորանամակով պարզած 15 նախարարները՝ 10.400: Մյուսները, թերևս, այնքան աննշան էին, որ Զորանամակում նույնիսկ չեն հիշատակվում: Վերջին թվի հետ կապված անհամընկնելի ինչ-–որ բան կա, որովհետև հայտնի է, որ Վարդան սպարապետը Ավարայրում 66 հազար կռվող ուներ: Ցանկալի է, որ պատմության այդ շրջանի մասնագետները հստակորեն ներկայացնեն, թե Պարսից արքունիքի միջոցներով պահվող ոստանիկ այրուձին կա՞ր և էլի Հայոց սպարապետի ենթակայության տա՞կ էր արդյոք (շուրջ 40.000 հեծյալ): Եթե այդպես էր, ապա 66.000–ը միանգամայն հասկանալի է դառնում:

Թեև պարզ երևում է, որ եկեղեցու կոչով համախմբվածների թիվն այնքան չէր, որ համաձայնենք շարժումը համաժողովրդական համարել, այնուամենայնիվ, իրար մեծապես վնասելու և երկիրը վերջնականապես թուլացնելու համար երկու կողմից էլ պայքարի մեջ ներքաշված զգալի ուժեր կային: Ասենք, որ երկիր թուլացնելն իսկապես հաջողվեց, որովհետև քիչ անց, VII դարում արդեն, հայոց զորքերի թիվը բազմակի անգամ նվազում է և ոչ միայն արաբներն են թեթև ուժերով նվաճում Հայաստանը, այլև ընդհանրապես պատերազմներն ու ճակատամարտերն ընդամենը հազարանոց, նույնիսկ, հարյուրանոց զորագնդերով են տեղի ունենում:

Վերադառնանք Փայտակարանից հետո Հայաստանում տիրող իրավիճակին: Մեր նկարագրածը շատ թույլ կլինի, եթե ինքներս վերաշարադրենք, թե ինչ էր կատարվում երկրում: Ավելի տպավորիչը պատմիչների ականատեսությունները մեջբերելն է: Ահավասիկ, Եղիշեն գուժկանի բերանով պատմում է Վասակի արածների մասին դեռևս Ճորա պահակի մոտ գտնվող Վարդանին. «Հեռացել է քրիս- տոնեության ուխտից և ավերել Հայոց աշխարհի շատ տեղերը, մանավանդ արքունի ձմեռոցները, որոնք զորքի կայաններն էին, Գառնին և Երամոնսը և Դրասխանակերտը՝ մեծ դաստակերտը, Վարդանաշատը և Օշական ամրոցը, Փառախոտը, Սարդյանքը, Ձորակերտավանը և Արմավիրի բերդը, Կուաշ ավանը, Արուճը, Աշնակը և ամբողջ Արագածոտնը, Արտաշատի նահանգը և նույնիսկ Արտաշատն ամբողջովին, ինչպեսև նրա շուրջը գտնված բոլոր գյուղերն ու ավանները առել, ավերել և կրակ տվել, և ձեր բոլորի ընտանիքները փախցրել–հեռացրել է իրենց բնակությունից: Ձեռք է տվել նաև սուրբ եկեղեցիներին. տարել է նաև եկեղեցու սեղանի սուրբ անոթները, գերել է քահանաների ընտանիքներին, իսկ նրանց կապել ու բանտ է դրել, և ինքը ասպատակ սփռելով ու տարածելով ամեն կողմ՝ ամբողջ երկիրն ավերում է: Եվ այն գունդը, որ Ատրպատականի կողմերում էր, չկարողացավ օգնության ձեռք մեկնել Միջնաշխարհին: Իսկ այնտեղ մնացած զորքը, փախուստ տալով այդ անօրենից, քաշվել է երկրի մի ծայրը և դեռևս պահում է Քրիստոսի սիրո միաբանության ուխտը ձեզ հետ: Իսկ նրանք, ովքեր նրա հետ էին, ոմանք փախան ամեն մեկն իր տեղը, բայց ավելի բազմաթիվ են նրանք, ովքեր մոլորվեցին և հետևեցին նրա ամբարշտությանը»:

Ընդունենք, որ այսպես էլ եղել է, կասկածի տակ չառնենք որևէ փաստ, համարենք, որ Վասակն իսկապես ավերում էր Հայաստանը:
Բայց ինչո՞ւ, ինչի՞ համար: Հնարավո՞ր է հասկանալ Վասակի քայլերը, երբ Վարդանը ապստամբ Հայաստանի թիկունքն էր ապահովում Աղվանքում, իսկ ինքն այդ հաղթություններից շատ չանցած երկրի համար կարգավիճակի փոփոխություն պիտի նվաճեր: Մի՞թե ներկայացված դեպքերը կատարվել են մինչև Արտաշատի ժողովը՝ սա է հարցը: Վերը խոսել ենք արդեն մեր մատենագրության մի առանձնահատկության մասին, որը զատում է նրան պատմագրությունից և անպատրաստ ընթերցողին շփոթության մեջ գցում: Լինելով բացառապես եկեղեցական գործիչներ և լավ իմանալով գրավոր խոսքի զորությունը, հայ մատենագիրները առաջին հերթին ասելիքի նպատակն էին հստակեցնում, որից հետո ինչ և ինչպես ասելը ճշտում, ապա ամենը հարմարեցնում եկեղեցու գաղափարախոսությանն ու գնահատականներին: Այսինքն, նախ՝ կաղապարը, հետո՝ լցոնումը:

Այս բանաձևը հասկանալուց հետո արդեն կարող ենք պարզել, որ Եղիշեն ու Փարպեցին իրադարձությունները ժամանակագրորեն առաջ են բերել ու գուժկանի բերանով են Վարդանին հասցրել, որ- պեսզի արդարացնեն Արտաշատի ժողովից հետո Վարդանի արածը Սյունիքում: Իսկ Եղիշեն պատմում է, որ Եկեղեցու սուրբ ուխտի միաբանության զորքը ձմեռելու համար տեղաբաշխելուց հետո Վարդանը «պատվեր տվեց, որ կազմ ու պատրաստ լինեն գարնան պահին: Եվ ավագ նախարարների խմբից քչերին իրեն գործակից թողնելով՝ ուժեղացավ և գրավեց թագավորանիստ տեղերը: Եվ գունդ-գունդ զորք էր ուղարկում Սյունյաց երկիրը, առնում ու ավերում էր շատ գավառներ. և այնպես նեղը լծեց (Վասակին) և նրա հետ եղած ամբողջ զորքին, որ սովի վտանգից անխտիր սատկած էշերի և ձիերի միս էին ուտում: Եվ շատ հարվածներ էր հասցնում ուրացյալին, այնպես որ սուրբ եպիսկոպոսների ժողովն ու քահանայության ամբողջ ուխտը դառն արտասուք էին թափում չարաչար տանջվածների վրա, որովհետև բոբիկ ու ոտքով էին քշում տղամարդկանց ու փափկասուն կանանց և շատ տղաներ քարերին խփելով սպանեցին-գցեցին ճանապարհների վրա»:
Հիշեցնենք, որ Վարդանի գնդերը Սյունիքում էին «հարվածներ հասցնում», ոչ թե Աղվանքում կամ Քուշանաց երկրում: Եղիշեն նպատակային ձևով այստեղ կրկին ժամանակագրական խախտում է անում: Նա Միհրներսեհի Փայտակարան գալը բերում է Սյունյաց աշխարհում Վարդանանց գնդերի սարքած կոտորածներից հետո՝ մի պարզ սխեմա արդարացնելու համար. Վասակն ուրացել էր և իր զորքով մեծամեծ վնասներ էր տալիս ուխտապահ նախարարներին ու եկեղեցուն, իսկ Վարդանը պատժեց ուրացողներին, մինչև անգամ ստիպեց Հազկերտին, որպեսզի ներման, այսինքն՝ կրոնափոխության պահանջը վերացնելու հրովարտակ արձակի: Այսպես շարադրվեց, որովհետև իրական հաջորդականությամբ Վարդանի արածը եղբայրասպանություն էր, ոչ թե հայրենասիրություն:

Այս ներքին պատերազմը, որ Եղիշեն գոնե անվանում է երկպառակություն, անասելի մեծ չափեր է ընդունում: Պառակտվել էր նախարարական դասը, հոգևորականությունը, զորքը, ազատանին, շինականները: Սյունյաց, Մամիկոնյանց, Պալունյաց, Ամատունյաց, Ռշտունյաց, Խորխոռունյաց, Ակեացվոց, Վահևունյաց, Գաբեղյանց. ահա նախարարական տների մի մասի անունները, որոնք երկմասված էին և պատերազմում էին իրար դեմ: Նույն տոհմի ավագ և կրտսեր նախարարների միջև պայքարը համոզմունքից բացի, նաև նյութական հիմք ուներ. պատերազմելու միջոցով կարելի էր ոչ միայն պարտվող կողմի որևէ նախարարական տան կալվածքները յուրացնել կամ արքունի ոստանի դեռևս չբաշխված հատվածից մեծ մասնաբաժին ունենալ, այլև հարազատ նախարարական տան ունեցվածքը վերաբաժանել: Խառնակ ժամանակներին հատուկ երևույթ:

Ինչ վերաբերում է հոգևորականությանը, ապա Վասակ Սյունու կողքին Փարպեցին հիշատակում է Զանգակ երեցի, Պետրոս Երկաթ երեցի, Սահակ Ձայնող սարկավագի, իսկ Եղիշեն՝ նաև Մուշի սարկավագի անունները: Քանի որ քարոզչությունը կարծես թե երեցների հանձնառությունն էր, գուցե այդ պատճառով է, որ չի ասվում, թե եպիսկոպոսների թվում ընդհանրապես կայի՞ն, քանի՞սն էին Վասակին կողմնակից:

Մատենագիրները, իրենք նույնպես լինելով պայքարի մեջ, ամենևին չեն թաքցնում, որ իշխանության համար ոչ միայն զենքով էր կռիվ մղվում, այլև գաղափարական ու քարոզչական պատերազմ էր ընթանում: Վասակ Սյունին իր հետ Փայտակարանից դատարկ հավաստիացումներ չէր բերել, այլ արքունական հրամաններ և հրովարտակներ, համաձայն որոնց՝ Սասանյանների գերագահությամբ Հայոց պետականություն էր ձևավորվում, դավանանքի ազատություն էր շնորհվում, հարկերի թեթևացում էր արվում և այլն: Ահա Վասակյանների ծրագիրը. ազգային թագավորություն Սասանյան Պարսկաստանի կազմում, գումարած՝ ներքին արտոնություններ նախարարական տներին: Ուրիշ բան չէին քարոզում հիշյալ երեցները՝ այսքանը ու նաև այն, որ «արքայից արքան քրիստոնեություն է շնորհել աշխարհին, իսկ մոգերին կոտորելու վնասը չի պահանջում»: Նրանց խոսքին լսողները շատ էին: Եղիշեն գրում է, թե Վասակը «հայտնապես հափշտակեց–առավ ու դուրս հանեց բազմաթիվ ազատների և է՜լ ավելի բազմաթիվ շինականների, ինչպեսև ուրիշ ոմանց, որոնք միայն անունով էին քահանա... Եվ ուրիշ շատ ազատ մարդիկ արքունի տնից, որոնց ոստանիկ են անվանում: Եվ իր ամբողջ երկիրը ապստամբեցրեց և ուրանալ տվեց ո՜չ միայն բազմաթիվ աշխարհականների, այլև շատերին Եկեղեցու սուրբ ուխտից... Նա ժողովեց բոլոր գայթակղվածներին և մի մեծ զորագունդ կազմեց»:

Փարպեցին էլ է նշում, թե «Սյունյաց նենգավոր իշխան Վասակը երբեք չէր դադարում Հայոց աշխարհի իշխաններին, շինականներին ու քահանաներին նամակներ գրելուց... Հավատից թուլացածներն ու հուսահատվածները հավատում էին նենգավորի խոսքին և գնում դեպի կորուստ»: Հայաստանյայց եկեղեցու հայրերը ասում էին, իսկ ղևոնդյան քարոզիչ քահանաները տարածում, թե Հազկերտը կեղծավոր հրովարտակ է արձակել, որպեսզի հայերի միակամությունը թուլացնի և ողջ ազգը բնաջնջի: Եվ Վասակը «ցույց էր տալիս արքունիքից բերած սուտ դաշինքներ ու դատարկ վկայություններ», որպեսզի Ուխտի միասնությունը պառակտի: Այս խոսքը նույնպես լսողներ ուներ և, Փարպեցին է գրում, որ նրանք հետո «կարոտով սպասում էին շուտ տեսնել գարնանային եղանակի օրերը, արժանանալ իրենց նահատակության պսակի օրվան»:

Անհասկանալի ցանկություն. իսկ ո՞ւր մնացին երկրի անկախությունը, հայրենիքի փրկությունը...

Բայց անկախություն նախ պետք էր հռչակել, հետո պաշտպանել, այնինչ Արտաշատի ժողովի ազատության տենչը մինչև «Տանուտիրական Հայաստան» անորոշ կարգավիճակը եղավ: Իհարկե, այսպես հարմար էր և անվտանգ: Ի վերջո, անկախության հռչակումը հակապետական կոնկրետ գործողություն էր, որի անհաջողության դեպքում նրա հեղինակներին (նաև ժողովական եպիսկոպոսներին) կոնկրետ պատիժ էր հասնում: Ուրիշ է, երբ քիչ ես համարում շնորհված կրոնական ազատությունը և պայքարդ շարունակում եկեղեցու արտոնությունների վերականգնման համար՝ մինչև անգամ զանգվածային նահատակություն կազմակերպելով: Միևնույն է, նահատակության գաղափարը քարոզելու համար սահմանված որևէ երկրային պատիժ չկար:

Եվ եկեղեցին իր արտոնությունները վերականգնելու համար ի զեն հանեց բոլոր նրանց, ովքեր շահախնդիր էին դրանում ու մինչև այլազգի հակառակորդի՝ պարսիկի դեմ կռվելը, պատերազմի կոչը հնչեցրեց ընդդեմ ներքին թշնամի հայտարարված Վասակ Սյունու իշխանության: Այդ կոչի արդյունքը տեսանք Սյունիքում, երբ ուղարկված գնդերը «բոբիկ ու ոտքով էին քշում տղամարդկանց ու փափկասուն կանանց և շատ տղաներ քարերին խփելով սպանեցին–գցեցին ճանապարհների վրա»: Այս հատվածը կրկին մեջբերեցինք, որպեսզի կարողանանք դրան անմիջապես հաջորդող Եղիշեի տողերն ընկալել և... զգալ Եկեղեցու զորությունը: Ուշադիր կարդանք. «Երբ Աստծու երկյուղածներն այս ամեն հաջողություններն ունեցան, եպիսկոպոսներն ու երեցները հրաման արձակեցին ժողովրդին՝ ամբողջ Քաղոց ամիսը (դեկտեմբեր.- Հ.Դ.) պահքով ու աղոթքով խնդրվածք անել Աստծուն, և պատերազմների հաղթության տոնը խառնել Քրիստոսի Հայտնության սուրբ տոնին, որպեսզի այս մեծ հիշատակը անխափան մնա աստվածային անանց տոնի հետ: Եվ Աստծո այս բոլոր այցելությունները, որոնք մեծապես երևացին Հայոց աշխարհի վրա, սուրբ եպիսկոպոսները գրեցին և ուղարկեցին Հույների երկիրը՝ մեծ քաղաքը, Եկեղեցու սուրբ ուխտին, որպեսզի նրանք էլ աղոթք անեն և Աստծուց խնդրեն, որ ինչպես սկսել ենք, այնպես էլ ավարտենք»:

Ուշքի գալու համար հարկավոր է մի պահ կանգ առնել ու շունչը տեղը բերել... Այո՜, Հայաստանյայց Առաքելական եկեղեցին Սյունիքում տարած հաղթության համար տոն է սահմանում, իսկ լուրն էլ ավետիսի պես ուղարկում է Հունաց երկիր: Գիտենալ է պետք՝ չհնազանդվել կարելի է պետությանը, բայց ո՜չ Եկեղեցուն: Եկեղեցու թշնամին ազգություն չունի, հետևաբար Հայոց սպարապետի գնդերը Սյունիքում ոչնչացնում էին ոչ թե ազգակից հայերին, այլ Եկեղեցու թշնամիներին՝ հանուն Եկեղեցու իշխանության: «Վասն հավատոյ» կոչը մարտական մկրտություն էր ստանում Սյունիքում և Վասակին դաշնակից մյուս նախարարական աշխարհներում: Նույնն է նկատել և Հրանդ Արմենը: Ժամանակին լայն արձագանք գտած իր գրքում նա գրում է. «Պարսիկներու հետ պատերազմել է ամիսներ առաջ Վարդանն ու Եկեղեցական խումբը արդէն կռիւ յայտարարած էին Վասակ Սիւնիի և իր խումբին դէմ: Այո՜, Աւարայրի ճակատամարտէն ամիսներ առաջ հայ աշխարհին մէջ քաղաքացիական պատերազմ կը մղուէր այս երկու խումբերուն միջև: Եկեղեցական խումբին աչքին կարծես թշնամին այլևս պարսիկը չէր, այլ Մարզպանը և անոր գործակից իշխանները»:

Այս պատերազմը նաև արտաքին ճակատ ուներ: Երկու կողմերն էլ հարևան երկրներ պատվիրակություններ էին ուղարկում՝ իրենց կողմը գրավելու կամ թե նրանց չեզոք պահելու համար: Հաջողությունը Վասակ Սյունունն էր: Վիրքը և Աղվանքը քանդում են իրենց դաշինքը Հայաստանի (իմա՝ Ուխտի) հետ, բյուզանդական հատվածի Ստորին (Ներքին) Հայքի սպարապետ Վասակ Մամիկոնյանը գործակից է դառնում Սյունուն՝ ինչի մասին բյուզանդական արքունիքը հաճությամբ է լսում: Հոների ելքի ճանապարհը նույնպես փակվում է: Ճորա պահակն ամրացնելու համար Վասակն օգտագործում է տեղի կովկասյան ցեղերի ուժերը և այնտեղ է ուղարկում վրաց զորքը: Ի դեպ, այս և այլ պատճառներով հոները ոչ միայն օգնության չեն հասնում Հայոց եկեղեցու ուխտի միաբանությանը, այլև քիչ անց Ավարայրում պատերազմում են պարսիկների կողմում: Հետ են պահվում նաև Աղձնյաց երկիրը, Տմորիքը, Կորդվաց աշխարհը, Արցախը, Խաղտյաց աշխարհը:

Ինչո՞ւ Վասակը դիվանագիտական բացարձակ հաջողության հասավ: Կարծում ենք, որովհետև ապստամբությունը ներելու և քրիստոնյա ժողովուրդներին դավանանքի ազատություն շնորհելու Հազկերտի հրովարտակից հետո առաջինը վրացիներն ու աղվանները որևէ այլ պատճառ չունեին Պարսկաստանի դեմ պատերազմելու: Ինչ վերաբերում էր հայերի հետ դաշինքային պարտավորություններին, ապա Հայաստանի ճանաչված իշխանությունը, Վասակ Սյունու գլխավորությամբ, ինքն էր նրանց խնդրում չեզոքություն և խաղաղություն պահպանել: Այսպիսով, Պարսից արքայի հրովարտակը կեղծ ու խաբեբայական էր համարում միայն Հայաստանյայց եկեղեցին, իսկ այդ եկեղեցուն իր արտոնությունները վերադարձնելու համար պարսիկների հետ պատերազմելու ցանկությունը պարզապես մարում էր շրջապատում: Նրանք ուղղամիտ էին իրենց վարմունքում, որովհետև դաշինքներ կնքվում են երկրի իշխանության, ոչ թե եկեղեցու հետ:

Եկեղեցու ուխտը մի փորձված հնարք էլ է բանեցնում. պատգամավոր է ուղարկում Տիզբոն՝ կատարվածն արդարացնելու, Վասակին վատաբանելու և մեղքն իր վրայից գցելու համար, բայց ջանքերն ապարդյուն են անցնում: Նույնանման քայլն արձագանք չի գտնում նաև բյուզանդական մայրաքաղաքում. այնտեղ էլ են Վասակի ուղարկած լուրերն ավելի հավաստի համարում: Եվ հիմնավոր, որովհետև նա Կոստանդնուպոլսի «սուրբ եպիսկոպոսների միտքն էլ սառցրեց նրանցից (Վարդանանցից.- Հ.Դ.) և հույների ամբողջ զորքի մեջ էլ կասկած գցեց ուխտի վերաբերմամբ»:

Սա արդեն Հայաստանյայց եկեղեցու սուրբ ուխտի միաբանության համար կատարյալ մեկուսացում էր նշանակում: Այսինքն՝ երբ ասվում է, թե հայերը Պարսից հզոր պետության դեմ մենակ մնացին, որովհետև վրացիները հանգամանքների բերումով չկարողացան մասնակցել Վարդանանց շարժմանը, աղվաններն ու կովկասյան մյուս ցեղերը դանդաղեցին, իսկ բյուզանդական արքունիքը պարզապես դավաճանեց՝ պատմագիտական լալահառաչություն է: Վարդանանք և Հայաստանյայց եկեղեցին քաղաքականապես էին մեկուսացվել: Այս մեկուսացումը փակուղի մտցրեց նրանց պայքարը, իսկ շարունակվող պատերազմն ինքնանպատակ դարձրեց:

Ուրիշ ի՞նչ էր ուզում ապացուցել և ինչի՞ էր ուզում հասնել եկեղեցին, եթե կրոնափոխության պահանջը վերացվել ու ապստամբությունը ներվել էր, իսկ իր արտոնությունները վերականգնելու համար մղված զինված պայքարի արդարացիությունը շրջապատի երկրներից ու ժողովուրդներից ոչ մեկը չէր ընդունում: Բնականաբար, եկեղեցու հայրերն այս ամենն զգում էին, գիտեին: Բայց նաև չէին կամենում նահանջել, որովհետև դա կնշանակեր վերջնականապես հրաժեշտ տալ երկրին իշխելու երազանքին, կորցնել ահռելի նյութական հարստությունն ու մեծամեծ կալվածքները, աշխարհիկ իշխանությունն ու ազդեցությունը ժողովրդի վրա, մոռացության տալ Ընդհանրական եկեղեցու առաքելությունը: Այսքան բան միանգամից եկեղեցին չէր կարող կորցնել: Դա նրա վախճանը կլիներ: Ահա թե ինչու՝ կարևորը արտոնությունների վերականգնումն էր, ոչ թե դավանանքի ազատությունը: Իսկ պայքարելու հնարավորություն դեռ կար, քանի որ ուժը կար. առաջին հերթին Մամիկոնյանները, ապա և մյուս ուխտապահ նախարարները: Թշնամին նույնպես կար՝ Պարսից թագավորը, որ կամենում էր ուծացնել և ոչնչացնել հայ ժողովրդին: Եկեղեցին կար՝ հայրենյաց պաշտպան, և դավաճանը նույնպես՝ Վասակը, որ խաբեություններով խարխլում էր եկեղեցու ուխտի միաբանությունը: Եվ այս ամենը հավաստի դարձնելու համար հարկավոր էր ընդամենը մի բան՝ չճանաչել Վասակ Սյունու լիազորված իշխանությունը, կեղծ համարել Հազկերտի ներման հրովարտակը:

Հայաստանյայց եկեղեցին մինչ օրս այդ բոլոր հարցերի նկատմամբ նույն վերաբերմունքն է պահպանում:
ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ
15169 reads | 23.02.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com