ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿԻ. «ՍԻՍՏԵՄԻ» ՏԱՐՐԱԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՇԵՂՈՒՄՆԵՐԸ (ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)
![]() ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գիտության վաստակավոր գործիչԱրվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Ստանիսլավսկու սիստեմը ես չգիտեմ, փորձել եմ հասկանալ, բայց դա ինձ չի օգնել խաղալու այնպես, ինչպես ես կուզենայի, այսինքն՝ ավելի լավ: «Սիստե՛մ», «սիստե՛մ», բայց ինչպիսին էր Ստանիսլավսկին բեմում, չեն գրում, չե՞ն հիշում, թե՞ վերանայել են իրենց: Իսկ ես հիշում եմ… Նա հրաշալի արտիստ էր: Ֆաինա Ռանևսկայա: ![]() «Դերասանը սովորելով այդ ձևերին, - գրել է նա, - այնուհետև շինում է յուր համար մեքենայական արհեստ և չի մշակում յուր ընդունակությունները, երբեմն տաղանդն անգամ» (ընդգծումն իմն է - Հ. Հ.): Այս երևույթն է ամենից ավելի անհանգստացրել Ստանիսլավսկուն, և նա որակել է այդ շտամպ և արհեստ բառերով: Սա այն է, ինչը հետագայում Պիտեր Բրուքն անվանելու էր deadly (մեռած), նկատի ունենալով թատրոնական ամբողջ մաշվածքը և մի ամբողջ ավանդություն: Խնդիրը որքան հին է, այնքան էլ նոր է և անհանգստացրել է թատրոնի մարդկանց մինչ Ստանիսլավսկին և Ստանիսլավսկուց հետո: Ինչպե՞ս պետք էր (կամ ինչպե՞ս պետք է) կենդանացնել թատրոնը, շունչ ու իմաստ հաղորդել իր արհեստում միտքը բթացրած, սրտի թրթիռը կորցրած դերասանին: Հնարավո՞ր էր թարմացնել սերնդից սերունդ փոխանցվող պատրաստի կերպաձևերը, թե՞ պետք էր փնտրել այլ ուղի՝ սեփական հոգու ճանապարհը: Ստանիսլավսկին խնդիրը վճռում է սկզբից իսկ կացնային հատումով՝ արհե՞ստ, թե՞ արվեստ: Կերպաձևերի ամրակայումը նա համարում է արհեստ, զգացմունքների անմիջականությունը՝ արվեստ: Ի՛նչ հեշտ է… Բայց հարցադրումը վարակիչ է այնքանով, որքանով կեղծիքի ու սեթևեթանքի դեմ է: Գեղարվեստական ճշմարտության հարցն իհարկե այդպես չի լուծվում, բայց եթե «սիստեմն» այդ հարցով է հղացվել, հետևելու ենք այդ տրամաբանությանը և նախ այդ դիրքից ենք մոտենալու մեր խնդրին: Փոխանցվող կերպաձևերի ո՞ր տեսակների և դրանց ամրակայման ո՞ր եղանակների մասին է խոսքը: Ստանիսլավսկու տված որակումներն իրականության ու պայմանականության պատմական խորքերին են դիպչում և այդ առումով ճշգրիտ են, դիպուկ ու սրամիտ: «Կյանքում էլ ստեղծվել են եղանակներ ու ձևեր, որ հեշտացնում են ապաշնորհ մարդկանց կյանքը, – գրում է նա: – Նրանց համար, ովքեր ընդունակ չեն հավատալու, սահմանված են ծեսեր, ովքեր ընդունակ չեն հարգանք ներշնչելու, նրանց համար էլ հնարված է էթիկետ, հագնվելու շնորհք չունեցողների համար՝ մոդաներ, ովքեր անհաճո են՝ պայմանականություններ, և վերջապես՝ նրանց համար, ովքեր ընդունակ չեն ստեղծագործելու, կա արհեստը»: Արհեստավոր դերասանն ազատում է իրեն մտածելու հոգսից և դիմում տիպերն ու վիճակները ներկայացնելու արտաքին ձևերի՝ հայտնի և գործածված, մաշված, ժանգը բռնած: Նա գործ ունի ոչ թե դրության, մտքի և զգացմունքի, այլ «Սիստեմի» տարրալուծումները և շեղումները դրանց արտաքին հետևանքների հետ: Սա նշանակում է, որ նա ընթացքի մեջ չէ, կանգնած է հակառակ ծայրին և… Հարցն այստեղ երկդիմի է: Նման մոտեցումով ա՞յլ ընթացք է ստեղծվում, թե՞ մեռցվում է կերպարի ներքին շարժումը: Ստանիսլավսկին նկատի ունի այն բոլոր արտաքին եղանակները, որոնք բեմում մեռցնում են գործողության օրգանականությունը: ![]() Դրանք հաճախ դառնում են դերասանի «երկրորդ նատուրան և բեմում փոխարինում մարդկային էությանը»: Դրանց ծագման ակունքները տարբեր են. մի մասը գալիս է բեմական ավանդությունից ու սովորույթներից, մյուս մասը՝ հասարակական կենցաղի պայմանականություններից: Այդ եղանակները տարբեր բնույթի են, բայց այն, ինչը որպես օրինակ ակնարկում է Ստանիսլավսկին, միջոցների մի ամբողջ զինանոց է: Ստանիսլավսկու տված որակումները պատկերավոր են, դիպուկ և սրամիտ: Նա նկատի ունի նախ ձայնական ու առոգանական ձևացումները, տոնային և տեմպառիթմային խաղերը, սեփական կեցվածքին, քայլվածքին ու ժեստին նշանակություն տալը, տիպականացման ընդհանուր նշանները (պճնամոլի խաղը լորնետի հետ, զինվորականի ձիգ կեցվածքը, սպասավորի խոնարհ դիրքը, գյուղացու անտաշ ժեստը և այլն), զգացմունքների արտահայտման ընդհանուր տրաֆարետային եղանակները (զայրույթը՝ ատամների սեղմումով, խանդը՝ թեք նայելով ու բիբերը աջ ու ձախ տանելով, սերը՝ ձեռքը սրտին դնելով և այլն): Համաձայն Ստանիսլավսկու բերած օրինակների և տված որակումների՝ պատրաստի եղանակներն ու կերպաձևերը կարելի է բաժանել երկու կարգի՝ ըստ ծագման և ըստ բնույթի: | |
ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿՈՒ «ՍԻՍՏԵՄԸ» ԵՎ ԽԱՂԻ ՊԱՐԱԴՈՔՍԸ | |
3838 reads | 08.10.2013
| |