ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿԻ. ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ՄԱՍ ԵՐՐՈՐԴ)
![]() ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գիտության վաստակավոր գործիչ ![]() Ստանիսլավսկու նախնական փորձերում, ուր «սիստեմի» հիմքն է դրվում, կեցության կենդանի պահը դուրս է լեզվական տարածությունից: Դա մի սկզբունք է, որից հետագայում շեղվելու է Ստանիսլավսկին: Կա, իհարկե, հին փորձ՝ «խաղը նախորդում է խոսքին» (Ֆ. Լանգ, 17-րդ դ.): Նույն մտքին է Ստրասբերգը. «թատրոնում ամեն ինչ սկսվում է խաղով (with acting)»: Ընդունենք սա ստուդիական վարժության տեսակետից, բայց նկատենք, որ դրությունը (կամ խաղը) ծնում է խոսք, ավելի ճիշտ՝ դրության մեջ խոսք է հասունանում, «լռության մեջ խոսք կա և հնչյուն» (Կրոչե): Բառը հնչում է լուռ նստած մարդու գլխում, և խոսք է կառուցվում: Այլապես՝ ինչո՞ւ է նա ժպտում և մատնում իրեն. – Եկեք հիմա նոր խաղ խաղանք, – ասում է նա, – ես էլ պիտի ձեզ հետ խաղամ: Վերադառնում ենք Տեյար դը Շարդենի խոսքին. «մի թեթև ձևաբանական թռիչք, և…» լեզուն է մարդուն վերադարձնում բանականության դաշտ: Բեմում սա ցնցում չէ, այլ պայման, որ տրվում է դրամատուրգիական տեքստով: Ստանիսլավսկու նախնական փորձերն այլ նպատակ են հետապնդել՝ չկորցնել իրականության հետ ունեցած կապը խոսքից անկախ: Դա մոտավորապես այն է, ինչ փորձել էր Օտտո Բրահմը Ստանիսլավսկուց քսանչորս տարի առաջ և արդյունքի չէր հասել: Ստանիսլավսկին սակայն զգուշ էր և ստեղծագործությունը փորձարարության չէր վերածում, այլ ուսուցման եղանակ էր առաջադրում ստուդիական պայմաններում: Այստեղ նա սկսում էր խոսքից դուրս ցնցումով, որպեսզի գիտակցվի պայմանական իրականության տարբերությունը հոգեբանական առումով: Դա նշանակում էր բեմ հրել անփորձ մարդուն ուղղակիորեն իրականությունից՝ չտալով նրան թեկուզ մտքում արտասանվելիք պայմանական մի խոսք, կանգնեցնելով նրան զրոյական կետում, որից այն կողմ կատարյալ մթություն է անփորձ մարդու համար: Պայմանը («առաջադրվող հանգամանքներ», ըստ հետագա բացատրությունների) որոշված չէ, տեքստ չկա, թեկուզ մի բառ, մարդն անօդ տարածության մեջ է, անորոշ է ներկայության էքզիստենցիալը, կամ որոշակիությունն անորոշությունն է՝ լքվածություն ու անիմաստություն: Ի՞նչ է պետք, եթե ոչ հոգս՝ խնդիր, ապա ինչ-որ պայման, ուշադրության օբյեկտ: Ուսուցիչը գիտե՝ ինչ է անում. նա իր խնդիրն ունի՝ մտադրված կերպով ստեղծել է այս վիճակը, որպեսզի բեմ մտնող մարդը կարիք զգա խնդրի, փնտրի ուշադրության օբյեկտ: Եվ ահա նա օգնության է հասնում, թե «ես էլ եմ խաղալու ձեզ հետ»: Դարձյալ՝ լուսավոր, դատարկ բեմ, դարձյալ նույն աթոռը, և բեմ է հրավիրվում նույն աշակերտուհին: Նա շփոթված նստում է աթոռին, ուսուցիչը կանգնում է նրա դիմաց: Աշակերտուհին չգիտե, որ խաղն սկսված է, և ինքը խաղի մեջ է: Ուսուցիչը գրպանից հանում է ծոցատետրը, սկսում է թերթել: Թվում է՝ նա ինչ-որ բան ունի ասելու (մտքում խոսք կա) և ինչ-որ գրառում է փնտրում, բայց դա իր խաղն է, ձևացում՝ որպես թե… Դրանով նա իր վրա է հրավիրում բանից անտեղյակ աշակերտուհու ուշադրությունը, այսինքն՝ բեմական ուշադրության օբյեկտ է ստեղծում դիմացինի համար: Դիմացինն սպասում է ինչ-որ խոսքի (նկատի առնենք այս հանգամանքը՝ խոսքի), և հանդիսականի ներկայությունը կարծես մոռացվում է, ավելի ճիշտ՝ հանդիսասրահն անցնում է ուշադրության երկրորդ գիծ: Այսպիսով փոխվում է ուշադրության ուղղությունը, և այլևս ոչ մի լարում, ոչ մի շփոթմունք: Բեմում լինելն ինքնին պայմանական վիճակ է, բայց աշակերտուհու վիճակն իրական է, և նա իրականությամբ է ներքաշված պայմանականության մեջ: Իրականությունից է բերված նաև ուսուցչի դիրքը, բայց պայմանակերպված է ներքուստ, ինքը գիտե այդ, իր դերում է և ընտրել է պայմանական վարքագիծ: Աշակերտուհին չգիտե և սպասում է ինչ-որ խոսքի, անպայման խոսքի, նրա մտքում հարց է հասունանում, հարցական բառը մտքին է, բայց չի հասցնում հարցն արտաբերել՝ վարագույրը փակվում է: Այս էր «նոր խաղը»: Բեմական տպավորության տեսակետից կարևորը կենդանի պահն էր՝ անձի ներկայության պատճառաբանվածությունը վիճակի ու ներքին մղումի որոշակիությամբ, և գուցե այդպես էլ պետք է ավարտվեր՝ առանց բառ արտասանելու: Սա արդեն մոտ է բեմական իրադրության, որտեղ գործող անձի վիճակը դրսևորվում է թեկուզ միայն հայացքում: Ստանիսլավսկու «սիստեմում» գլխավոր հասկացությունը գործողությունն է: Սա նրա բոլոր դատողությունների ու վճիռների առանցքն է: Գործողության փոքրագույն տարրը նա համարում է արարքը (поступок) և գործողությունը դիտում է որպես արարքների տրամաբանություն (логика поступков): Բայց, ինչպես նկատում ենք նրա բերած օրինակներում, մարդը կարող է դրության մեջ լինել և ոչ մի արարք չգործել, ոչ մի քայլ անգամ չանել, այլ դրսևորվել մի թեթև հայացքով, աչքի մի շարժումով: Ասելով ներքին գործողություն, մոտենում ենք խնդրին և շատ բան չենք ասում: Բեմը կենդանի դրսևորում է պահանջում, և դա կարող է լինել երբեմն ոչ ավելին, քան կամային նշան կամ ակնարկ: Տարրալուծելով գործողությունը կամ արարքը, հանգում ենք կամային ակնարկին: Դա գործողության փոքրագույն և տեսանելի կամ լսելի տարրն է անձի բեմական պահվածքում՝ խոսքի մաս բեմական արվեստի ձևաբանության մեջ, որին երբևէ չեն անդրադարձել Ստանիսլավսկին և նրա հետևորդներն ու մեկնաբանները: Վերոհիշյալ օրինակը տարբեր մեկնություններ կարող է ունենալ, նայած բեմական ներկայության որ շերտն ենք կարևորում՝ դրությո՞ւնը որպես այդպիսին, թե՞ դրության պատճառ հանդիսացող խոսքը: Սա ինչ-որ երկընտրանք (դիլեմմա) չէ. այստեղ հակասություն չկա: Պարզապես հարկ է խուսափել միակողմանի վճիռներից: Բայց միակողմանիության է մղում Ստանիսլավսկու վերոհիշյալ փորձը: Այստեղ դրության մեջ խոսք է հասունանում, խոսքն աշակերտուհու մտքին է, կարող է արտասանվել կամ ոչ, բայց ուսուցիչը նկատո՞ւմ է այդ կամ նշանակություն տալի՞ս է դրան: Նա իրական դրության մեջ է ներքաշում մարդուն և լռեցնում դրության մեջ ծնվող խոսքը, որ կարող էր և մտքում մնալ, չարտասանվել: «Սկզբի համար՝ ոչ մի խոսք <…> մտածեք ոչ թե բառերի, այլ զգացմունքների մասին, և ձեր հոգեվիճակն ի հայտ կգա ձեր դեմքին ու շարժումներում», – ասել է Անտուանի հետևորդ Ֆիրմեն Ժեմիեն: Սա հակառակ է անձի ներկայության տրամաբանությանը նույնիսկ կրկեսում, որտեղ խոսքը բացահայտ տեղ չունի, չի արժեվորվում և այնուամենայնիվ գործում է: Խոսում են օդամարզիկներն իրենց մտքում ու միմյանց հետ, թռիչքի պահին ու թռիչքի մեջ, խոսում է գազանավարժն օձի կամ գետաձիու հետ: Գիտենք, մարդիկ խոսում են իրենց շների հետ ու պատասխան կարդում նրանց աչքերում: Հայտնի է, որ Փափազյանը երբեմն գնում էր գազանանոց, կանգնում առյուծների վանդակի առջև, խոսում շշուկով ու հորինում գազանի պատասխանը՝ «ես առյուծ եմ եղել»: Հարց ենք տալիս պանտոմիմի դերասանուհուն, թե ի՞նչ բառեր են շարժվում իր մտքում, երբ որպես թռչուն, կռացած, շրջազգեստի ծայրը պոչ դարձրած, թռչունի մանր քայլերով անցնում է բեմահարթակի տարածությամբ, հետին պլանում, ասես մի բան կորցրած: «Ես կին եմ, թռչուն չեմ, ինձ եմ որոնում», – պատասխանում է նա: Իսկ ի՞նչ է ասում, երբ գալարվում է բեմահարթակին որպես օձ, բարձրացնում գլուխը և անշարժ, ապակե հայացքով նայում հանդիսասրահ: «Ես եկա», – պատասխանում է մեր հարցին: | |
ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿՈՒ «ՍԻՍՏԵՄԸ» ԵՎ ԽԱՂԻ ՊԱՐԱԴՈՔՍԸ | |
2158 reads | 05.07.2013
| |