ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿԻ. ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)
ՀԵՆՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ
ԳԱԱ թղթակից անդամ
Արվեստագիտության
դոկտոր, պրոֆեսոր
Գիտության
վաստակավոր գործիչ



Թվում է՝ ամեն ինչ տեսանելի է ու պարզ: Բայց այդ պարզությունն ու տեսանելիությունը մեկնության կարիք ունեն: Այստեղ է Ստանիսլավսկու «սիստեմի» անկյունաքարը: Բայց ի՞նչ հիմքի վրա է դրված անկյունաքարը, և ինչպե՞ս է բարձրացվելու շինությունը:

– Այն ինչ կատարվելու է բեմում, կատարվելու է հանուն ինչ-որ բանի,-ասում է ուսուցիչը:
– Իսկ ի՞նչ բանի համար էիք դուք նստել,– հարցնում է աշակերտներից մեկը:
– Որ հանգստանամ ձեզանից և թատրոնում քիչ առաջ ավարտված փորձից: Բացատրությունն անհետաքրքիր է և չի մոտենում խնդրին: «Հանուն ինչ-որ բանի» այսքան պասսիվ դի՞րք և հանդիսականի նման հետաքրքրությո՞ւն: Ստանիսլավսկու բացատրությունը թերի է և հակասում է իր գլխավոր սկզբունքին՝ «բեմում պետք է գործել հիմնավորված, նպատակահարմար և արդյունավետ»: Իսկ ինչպե՞ս էր գործում բեմում նստած մարդը: Չէր գործում, ներկա էր ինչ-որ դրության մեջ և ինչ-որ մտադրությամբ: Նպատակը հանգստանա՞լն էր: Դրա համար չարժեր բեմ բարձրանալ: Իսկ եթե հանգիստ դիրքում նպատակ կա, ապա հանգստանալը նպատակը չէ: Մարդը մի պահ, ինչ-որ դեպքից կամ խոսքից հետո, նստել է աթոռին ու լռել: Ի՞նչ է նշանակում նրա թույլ ժպիտը, մտքինն ի՞նչ է, ի՞նչ է թողել թիկունքում և ի՞նչի է սպասում:

Սա այն լռությունն է, որ ռուս դերասաններն անվանել են великое дело (մեծ գործ): Ստանիսլավսկու «սիստեմում» բեմում լռելու հարցն ամենախորքային և ամենաառանցքային հարցն է, որ հատուկ քննության չի դրվում, որին առանձին մեկնաբանություն չի տրվում, բայց դա անցնում է նրա բոլոր փորձերի, օրինակների և դատողությունների միջով: Ստանիսլավսկին հետագայում է կանգ առել այս խնդրի վրա և դատողությունների նյութ տվել իր մեկնաբաններին: Սա այն հարցն է, որ նույնիսկ գրքի վերնագիր է դարձել մեր սերնդակից դերասանի՝ Սերգեյ Յուրսկու համար: «Ո՞վ է պահում դադարը», – հարց է տալիս նա և պատասխանում: – «Դադարն ընդմիջարկություն է, լռություն, անշարժություն: Դադարը գործողության ազատ ընթացքի պահ է, նրա ինքնազարգացումն է: Դադարի դեպքում բեմից (կամ էկրանից) հանդիսատեսին նոր ինֆորմացիա չի ուղարկվում, բայց այդ պահի մեջ է, որ գործողության նախորդ ընթացքում կուտակվածը վերակերպվում է հանդիսականի հոգում որպես նոր որակ: Դադարով ստուգվում է առնչությունը (տեղի ունեցածի, ներկայի և սպասելիքի – Հ. Հ.) և հրում է ձեռք բերվում դեպի [գործողության] բարձրակետը: Պետք է իրավունք ձեռք բերել դադար տալու համար. դադարը պետք է նախապատրաստված լինի…» (ընդգծումն իմն է – Հ. Հ.):

Դերասանը մի քանի տողում անչափ շատ բան է ասում և շատ հեռուն ու խորն է տանում, քան մեզ պետք է մի պարզ էտյուդի բացատրության համար: Ամենաէականն այստեղ ներկայության ժամանակային չափումների գաղափարն է, որ փիլիսոփայության մեջ զարգացրել են էքզիստենցիալիստները, մասնավորապես հոգեբան փիլիսոփա Լյուդվիգ Բինսվանգերը, որ անձի ինքնագիտակցությունը բացատրում է անցյալի, ներկայի ու ապագայի հարաբերության մեջ: Բեմում այս բարդությունն առկա է ամեն օր, եթե պայմանական հանգամանքներում անորոշ են ժամանակային չափումները: Ճիշտ այդ վիճակում էր հայտնվել անսպասելիորեն բեմ հրավիրված աշակերտուհին: Նա ընկել էր մեկ չափման մեջ. ինքը բեմում է և ինքն իր հետ չէ, իրեն դիտում են, բայց ինչո՞ւ է ինքը ներկա: Նրան չի տրվել իր ներկայության բեմական պայմանը, այն է՝ ի՞նչ կա անցյալում որպես ներկայության պատճառ, և ի՞նչ է ակնկալվում ապառնի ժամանակում, որպես խնդիր, ինտենցիա:

Բայց ահա բեմում լուռ նստած ուսուցիչը, որ փորձառու դերասան է, շատ լավ գիտե իր հրապարակային ներկայության ժամանակային չափումները: Նրա լուռ ներկայությունը ենթադրում է արդեն եղած մի բան կամ ասված խոսք, որ իր մտքում է: Նախորդ դրության մեջ կատարվածով նախապատրաստվել է նրա լռությունն ու ժպիտը: Նա «իրավունք է ձեռք բերել դադար տալու համար», և ներկա պահն իմաստավորված է դրանով: Նա ներկա է, և այս ներկայությունը միտված է առ ապառնի. մարդը գիտե՝ ինչ է ուզում: Ինչպես տեսնում ենք, բայի ժամանակները հեցված են կեցության ժամանակային չափումներին, և ներկայության էքզիստենցիալներն այդտեղ են նաև բեմական պայմաններում: Բնական է, որ Ստանիսլավսկին փիլիսոփայական բացատրություն չէր տալու իր ստուդիական փորձերին և փիլիսոփայական խնդիրներ չէր դնելու իր գործնական դասընթացում: Բայց փիլիսոփայական մեկնության է մղում մեր ժամանակակից ու սերնդակից դերասանի՝ Յուրսկու բացատրությունը:

Ստանիսլավսկին իր բոլոր բացատրություններում երկու չափում ունի՝ «առաջադրվող հանգամանքներ» և խնդիր՝ «հանուն ինչ-որ բանի»: Նա մարդուն դնում է միասևեռ վիճակում և դրանով ոչ թե պարզեցնում, այլ բարդացնում է խնդիրը: Բեմական առաջին էտյուդներում նա չի շեշտում դրության պայմանական անցյալը՝ այն, ինչը միշտ դրամատուրգիական կոնտեքստում է, ինչը եղել է առաջին ֆրազից կամ վարագույրը բացվելուց առաջ: Բեմում լուռ նստած մարդը բեմ է գնացել սրահից՝ որոշակի իրադրությունից, և իր մտքում ինչ-որ խոսք կա ու չի ասվում: Նպատակը բեմում կենդանի պահ ստեղծելն է որևէ դատողությունից դուրս: Բայց կա՞ արդյոք նման վիճակ, եթե «լեզուն առկա կեցությունն է» (Հեգել) կամ «այն տարածությունը, որտեղ կեցությունն զգում է իրեն ապահով» (Հայդեգգեր):
ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿՈՒ «ՍԻՍՏԵՄԸ» ԵՎ ԽԱՂԻ ՊԱՐԱԴՈՔՍԸ
2096 reads | 27.06.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com