ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿԻ. ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԵՆՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ
ԳԱԱ թղթակից անդամ
Արվեստագիտության
դոկտոր, պրոֆեսոր
Գիտության
վաստակավոր գործիչ




Ստանիսլավսկին չի խոսում վախի մասին: Թվում է՝ նա գաղտնի է պահում այս հարցը ստեղծագործական նպատակով, որպեսզի գաղտնիք մնա բեմի խորհուրդը: Այս նկատառումով էլ Գեղարվեստական թատրոնի իր ղեկավարության շրջանում նա դերասանին արգելել է բեմ մտնել փորձից կամ ներկայացումից ազատ ժամերին: «Ոգու կյանքի» դուռն ամեն պահբաց չէր դերասանի համար: Բեմատարածքի իմաստն այլ էր լինելու դերասանի և այլ՝ բեմի մյուս ծառայողների համար:

Փորձից կամ ներկայացումից ազատ պահերին այնտեղ կարող էին լինել բեմի բանվորները, նկարիչը, ռեժիսորի օգնականը և բոլորը, բացի դերասանից: Բեմը դերասանի համար լինելու էր միայն ստեղծագործական տարածություն և չպետք է կորցներ իր խորհուրդը, չպետք է հավասարվեր կենցաղային տարածության: Եթե դա խորհրդավոր էր դրսից՝ հանդիսականի համար, խորհրդավոր էր լինելու նաև ներսից՝ դերասանի համար: Այստեղ ներշնչման խնդիր կար, ոչ վախի: Ստանիսլավսկին այստեղից էլ սկսում է: Ստուդիական սրահ, վարագուրածածկ բեմ՝ սպասման խորհուրդ, և աշակերտներն սպասում են ուսուցչի խոսքին: Ուսուցիչը ՝ պայմանական մի դեմք (որ ինքը Ստանիսլավսկին է), անսպասելիորեն տալիս է աշակերտուհիներից մեկի անունը.
– Բեմ մտեք:
Աշակերտուհին շփոթվում է:
– Չե՛մ կարող, վախենում եմ:
– Հանգիստ, – ասում է ուսուցիչը, – եկեք խաղանք:

Խաղի պայմանը թվում է շատ պարզ: Աղջիկը նստելու է բեմում դրված աթոռին, և վարագույրը բացվելու է: Այսքանը, ուրիշ ոչինչ: Բայց աղջիկն անասելի շփոթված է, ուզում է դուրս փախչել: Ուսուցիչը հանգիստ բռնում է նրա ձեռքից, տանում է դուրս, այնտեղից բեմ: Ահա աթոռը: Աղջկան նստեցնում է աթոռին ու հեռանում, անցնում հանդիսասրահ:

Վարագույրը դանդաղ բացվում է: Աղջիկը մենակ է լուսավորված բեմում և ձեռքերով ծածկում է դեմքը: Հանդիսասրահում լուռ սպասում են. ի՞նչ է լինելու: Անօգնականությունը լույսի և տևական լռության մեջ «դերասանուհուն» ստիպում է ինչ-որ բան ձեռնարկել: Նա զգուշորեն հեռացնում է ձեռքը դեմքից, հետո՝ մյուս ձեռքը և գլուխը կախում է, նայում է հատակին, մի պահ բարձրացնում է հայացքը և, ասես լույսից վախեցած, շրջվում է, սկսում է հագուստն ուղղել՝ անընդհատ նայելով հատակին: Վերջապես վարագույրը փակվում է, և աղջիկը, տանջված ու հոգոց քաշելով, դուրս է գալիս բեմից:
Աշակերտներից մեկը խնդրում է իրեն ևս փորձել այդ խաղի մեջ: Արդյունքը լինում է նույնքան անհեթեթ: Փորձը կրկնում են բոլորը և բոլորն էլ հայտնվում են հիմարացված վիճակում: Պարզվում է՝ շատ բարդ բան է եղել բեմական ներկայությունը:

– Մենք դեռ կվերադառնանք այս վարժություններին, – ասում է ուսուցիչը.– կսովորենք բեմում նստել:
– Սովորել պարզապես նստե՞լ…:


Ինչո՞ւ էր աղջիկը փակում դեմքը, շրջում հայացքը, ուղղում զգեստը: Ի՞նչ էր պետք, ի՞նչ հագուստ հրապարակային մենակության մեջ լքվածին: Բեմում հայտնվողն զգում է, որ մի պայման կա իր առջև, ինչ-որ բան է ակնկալվում իրենից՝ մի բան իրենից դուրս, որ հայտնի չէ՝ ինչ է, ուստի հայտնի չէ նաև իր ներկայության պատճառը, նպատակը, իմաստը, փիլիսոփայության լեզվով ասած, անձի պայմանական դրության էքզիստենցիալը: Եթե մարդուս միտքը կանգ է առել, գլխում չկա թեկուզ մեկ բառ, նրա վիճակը քիչ է տարբերվում կենսաբանական վիճակից: Նրան պետք է վերադարձնել բանականության դաշտ, բայց ի՞նչ ճանապարհով և ի՞նչ կետից…

Բեմում մարդս վերադառնալու է ինքն իրեն այն ճանապարհով, ինչ ճանապարհով հեռացել է կենդանական աշխարհից: Դա, ինչպես գրում է հումանիստ կենսաբանը, եղել է «մի թեթև ձևաբանական թռիչք, կենսոլորտի անհավանական ցնցում, և այդտեղ է մարդու պարադոքսը»: Այդ ցնցումը միտքն է և առաջին հոդաբաշխ հնչյունը, բայց ցնցո՞ւմ է դա և ինչքա՞ն է թեթև կամ ծանր, հայտնի չէ: «Մարդն աշխարհ է եկել անաղմուկ», – մեկ ուրիշ տեղ էլ ասում է հումանիստ կենսաբանը:

Բեմում, եթե ոչ թռիչք կամ ցնցում (ցնցումը տեսանք), ապա անպայման ձևաբանական անցում և, եթե Ստանիսլավսկու փորձին հետևենք՝ անաղմուկ անցում: Բացատրելու համար ուսուցիչը բարձրանում է բեմ, նստում աթոռին ու լռում: Հանդիսասրահի ուշադրությունը սևեռվում է բեմում նստած մարդու վրա, որ ոչինչ չի անում, երբեմն թեթև ժպտում է ինքն իրեն: Նրա ներկայությունն ինչ-որ իմաստ է հուշում: Մարդը ներկա է ինչ-որ վիճակում, արտաքուստ անորոշ, ներքուստ որոշակի, և սպասեցնում է դիտողին առանց ձանձր ացնելու: Իրականության ի՞նչ սահմանում է նա իր դիրքի ու հայացքի սովորականությամբ և ինչո՞վ է նշանակալից: Ենթադրվում է մի վիճակ, մի մտադրություն, որ կարող է չբացվել ու հետաքրքիր լինել որպես այդպիսին: Անձի ներկայությունն իր խարիսխն ունի՝ գոյահիմք, ներքին ձև, անկախ ներկայության կոնկրետ բովանդակությունից, անկախ այն խոսքից, որ մտքում է: Ի՞նչ և ինչ խոսքերով է մտածում Ռոդենի «Մտածողը», ի՞նչ խնդրի առջև է նա, մաթեմատիկական բանաձևի՞, շախմատային դիրքի՞, թե՞ կյանքի առեղծվածի: Կարևորն այդ չէ, այլ՝ որ նրա ներսում մի կշռաքար կա՝ իր ներկայության ձևային հիմքը: Դրա կոնկրետությունը հայտնի չէ, բայց դա առկա է, այդ առկայությունն ենք տեսնում, և դրանով է իմաստավորված նրա անգամ ոտքերի դիրքը:

Ստանիսլավսկին չի բացատրում իր ցույց տված օրինակը:...
ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿՈՒ «ՍԻՍՏԵՄԸ» ԵՎ ԽԱՂԻ ՊԱՐԱԴՈՔՍԸ
1982 reads | 20.06.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com