«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ երկրորդ (մաս 3-րդ)
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ» ՎԵՊԻ ԱՌԱՋԻՆ ԳԼՈՒԽԸ՝  ԱՅՍՏԵՂ
ԵՐԿՐՈՐԴ ԳԼԽԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԸ՝ ԱՅՍՏԵՂ
ԵՐԿՐՈՐԴ ԳԼԽԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍԸ՝ ԱՅՍՏԵՂ


Եկեղեցու ներսում օդն անգամ մի տեսակ աներկրային էր, ոչ այս աշխարհից: Մինչև անգամ գմբեթի չորս կողմում գտնվող պատուհաններից ներս թափանցող լույսի քառանկյուն շողերը կարծես Այլիսի լույսից չլինեին, դրանք, թվում է, գալիս էին ինչ-որ հեռավոր ու անծանոթ աշխարհներից: Բմբեթից քիչ ներքև վերջին ժամանակներում առաջացած ճեղքից ներս սողոսկած ճառագայթը ևս եկեղեցու ներսում ստեղծում էր մեկ այլ աշխարհի խորհրդավոր զգացողություններ: 

Դեռ մանուկ հասակից Սադայն իր երազում հաճախ էր տեսնում գետի հունից դեպի եկեղեցու բարձունքը ձգտող քարե աստիճանները, այդ աստիճանների քարակոփ հարթակներն ու այդտեղից ներքև՝ դեպի զառիթափ ափը վազող նույնպես քարակոփ նեղլիկ փողոցը: Սակայն այդ օրը անհաջող ճանապարհորդությունից վերադառնալիս Սադային թվաց, թե դեպի եկեղեցին տանող կածանն ու հենց եկեղեցին, նրա քարե պատերն ու այս տարօրինակ, հնագույն, ամբողջ Վուրագըրդում նմանը չունեցող փողոցն առաջին անգամ է տեսնում: Երազի կամ հեքիաթի նման մի բան կար սակայն Սադայի՝ այլիսյան Վուրագըրդ թաղամասում տեսած բնապատկերի մեջ, իսկ Այլիսում հայտնի վատատես Պեսմիս Գուլուն, ով իր տան դարպասների մոտ ետ ու առաջ քայլելով ինքն իրեն բարձր-բարձր խոսում էր, միայն ավելի ուժգնացնում էր այդ բանպատկերին հատուկ միստիկ տրամադրությունը:
Գուլուն ամենևին չէր փոխվել: Նոպաների ժամանակ նա միշտ դուրս էր գալիս տանից ու դարպասների մոտ քայլերլվ՝ առավոտից երեկո բերանի անկյունում փրփուր հավաքած, բարձր ու անկաշկանդ խոսում էիր ինքն իր հետ. իբր ինչ-որ մեկը հենց իր տան բակ հոսող առվակի մեջ ամեն օր թույն է լցնում: Հենց այդ «վնասատուներին» էլ նա քարկոծում էր հատընտիր հայհոյանքներով: Նա սարսափելի բառերով անիծում էր իր բակ քար նետող ու իր տան տանիքն բարձրացող մանուկներին: Հեռվից հեռու ահաբեկում էր երիտասարդներին, ովքեր իբր վաղուց մեծագույն կրքով ցանկանում են գայթակղել իր կուզիկ կնոջն ու արդեն ծերացած, հիվանդ աղջիկներին: 

Բժիշկ Աբասալիևը գրպանից դուրս բերեց մի թղթադրամ և դրեց այն Գուլուի գրպանը: Վերջինս անմիջապես լռեց ու զարմացած նայեց Աբասալիևին:
-Ի՜նչ է, Գուլու, չճանաչեցի՞ր: 
Պեսմուս Գուլուն մի փոքր մտածելուց հետո ձեռքով ցնցելով բժիշկի ուսը՝ ասաց.
-Դու Զուլֆին ես, այդպես չէ՞: Իսկ քո ուղեկցին ես անմիջապես ճանաչեցի: Մանուկ հասակում այդ անբանը շատ էր շրջում այս կողմերում: -Գուլուն ուժեղ ցնցեց բժիշկի ուսը: -Լսիր, Զուլֆի, իսկ դու ինչպե՞ս հայտնվեցիր այստեղ:
-Դե, եկել եմ տեսնելու, թե ինչպես ես գլուխ հանում այստեղ քո ջիներից,
-պատասխանեց Աբասալիեվը՝ զգուշորեն աչքով անելով Սադային: -Դե, Պեսմուս, այս անգա՞մ ինչ են շշնջում նրանք քո ականջին: Նրանք գալիս են միայն գիշերները, թե՞ ցերեկներն էլ են հայտնվում:
-Խոսելու լա՜վ թեմա ես գտել, -բորբոքվեց Գուլուն, -այդքանից հետո էլ դեռ քեզ բժիշկ ես համարում:
-Ուրեմն ջիների հետ հաշիվներդ պարզե՞լ ես: Իսկ տանդ բակում այս տարի ինչ-որ բան ցանե՞լ ես:
-Իհարկե ցանել եմ, ինչո՞ւ չպետք է ցանեի, -բարձրաձայն հայտարարեց Գուլուն և անմիջապես փոխեց զրույցի թեման.,-Բայց մի՞թե այս անպիտանները թույլ կտան, որ ցանվածից որևէ բան հավաքեմ:
-Հետո էլ ասում ես, թե ջիները քեզ հանգիստ են թողել:
-Հանգիստ կթողնեն, բա չե՞ն թողնի: Այստեղ բնակվողներից ամեն մեկն իր հերթին ջիներից էլ ահավոր է: -Պեսմուս Գուլուն ոտքով բացեց դարպասը: -Տես ինքդ: Այդ անպիտանները ոռոգման ջրի մեջ թույն են լցրել, ու իմ բոլոր ծառերը սկսել են չորանալ:
Սադայը բակից ներս նայեց: Ծառերը հիմնականում ծիրանենիներ են, մի քանի խնձորենի, տանձենի, դեղձենի ու մի քանի պնդուկ: Բալենուց կապված էր մի այծ, որի պտուկները ծնկնրից ցած էին կախված: Պատի մոտ աճած ծորենու թփերի արանքում մի քանի հավ ճուտիկների նետ քուջուջ էր անում: Բակում ցանված ոչինչ չկար: Ի դեպ, ծառերից և ոչ մեկը չորացողի նման չէր:
-Դու լավ գիտես, երիտասարդ, որ սա խելագար ծերուկ է: -Բժիշկ Աբասալիևը սա ասաց, երբ Գուլուի դարպասներից արդեն հեռացել էին: Նեղ սալապատ փողոցով դեպի ներքև քայլելով և աչքը շրջակա տներից չկտրելով՝ նա Սադային սկսեց պատմել անսպասելի, սարսափելի ու տարօրինակ մի պատմություն:
-Ես քեզ մի բան կպատմեմ, երիտասարդ, միայն թե վախենում եմ, որ դու ինձ խելագարի տեղ կդնես: Այստեղ՝ Այլիսում, իրոք շատ ջիներ կնա: Ջին ասելով՝ ես նկատի ունեմ ոգիներին: Դու գիտե՞ս, թե ում տանն է ապրում Գուլուն: Ինչ-որ ժամանակ այստեղ մի հայ է ապրել՝ կաղ քարտաշ Մինասը: Դեռ շատ հին ժամանակներից նրա նախնիները ևս քարտաշներ են եղել: Շատ եկեղեցիների քարեր հենց նրա նախնիների աշխատանքն են: Ծնված օրվանից Մինասն էլ աշխատել է քարի հետ. պատրաստում էր տապանաքարեր, հավանգներ, ջրաղացի քարեր ու շատ այլ բաներ: Այս ծեր խենթի՝ Գուլուի պապը՝ Աբդուլլահը, Թոռան պես անբանի մեկն էր: Նա գումարն էր վաստակում՝ աշխատելով որպես բեռնակիր. առվից չայխանա ջուր էր տանում ու գոյատևում վաստակած գրոշներով: Ու որքան էլ տարօրինակ է, երբ Ադիֆ-բեյը հրամայեց հաշվեհարդար տեսնել հայերի հետ, այս բորենի Աբդուլլահը հանկարծ արիացավ: Վազեց տուն, վերցրեց կացինն ու իրեն գցեց Մինասի տուն: Մինասը հանգիստ նստած քար էր մշակում: Աբդուլլահը կացնով հարձակվեց նրա վրա, գլխատեց նրան, չխնայեց անգամ կնոջն ու երեխաներին: Այժմ բարի եղիր պատասխանել. կարո՞ղ է արդյոք այդ Գուլուն հանգիստ խղճով ապրել Մինասի տանը: Աստված վկա, չի կարող: Խոշտանգված Մինասի հոգին նրան երբեք հանգիստ չի տա: Նման հրեշավոր ստորությունն Աստված երբեք չի մոռանա:
Վուրագըրդի բնապատկերը, փաստորեն, մեծ ազդեցություն էր թողել բժիշկ Աբասալիևի վրա: Նա հաճախ կանգ էր առնում՝ ուշադրությամբ զննելով հազարամյակներով հղկված գետի քարերը, որոնցով ծածկված էր փողոցը: Անսպառ զարմանքով էր նայում նաև խարխուլ և համարյա փլվող տներին, աչքը չէր կարողանում կտրել նաև բակերից ու ծառերից: Եվ գուցե հենց այդ օրը Պեսմիս Գուլուի հետ զրույցից հետո նա հոգեբանի անկեղծ ձգտումով որոշեց հետազոտել ու հիմնավորել իր սեփական գիտակցությունում պատահաբար ծագած վիճելի մտքերը:
-Հայկական տները գրաված յուրաքանչյուր այլիսյան ընտանիքում, -գրգռված սկսեց նա մի տեսակ տարօրինակ ձայնով, -կան հոգեկան հիվանդներ: Ես դա քեզ որպես բժիշկ եմ ասում: Այս տներից որևէ մեկում դու երբևէ հանգստություն տեսե՞լ ես: Եթե կասկածում ես, կարող ենք հաշվել Վուրագըրդից ներքև գտնվող բոլոր տները: Սկսենք հենց Մըրըգ Մուզաֆֆարի՝ քարակերտ եկեղեցու կողքին գտնվող տնից: Ոչ նա, ոչ նրա կինը հոգեկան շեղումներով աչքի չէին ընկնում, քանի որ տները, որոնցում նրանք ծնվել և մեծացել են, գրավված չեն եղել տեղահանության ժամանակ: Իսկ տես նրանց երեխաներին. բոլորը հոգեկան խանգարումներով են: Ընդ որում, տառապում են շիզոֆրենիայի դասական տեսակով: Մի ժամանակ մեր հիվանդանոցում ես բուժել եմ Մուզաֆֆարի երկու աղջիկներին, և բուժել եմ ինչպես հարկն է: Այժմ նրանց կարող ես հանդիպել փողոցում, առվի մոտ. նրանք հիվանդ ոչխարների տեսք ունեն: Ոչ մեկի չեն ողջունում, ոչ մեկի հետ չեն զրուցում, քանի որ այդ հիվանդությունն անբուժելի է:

Ես կարծում եմ, որ դա ոչ թե հիվանդություն է, այլ Աստծո պատիժ՝ մարդու գործած աններելի արարքների համար: Մըրըգ Մուզաֆֆարից ներքև ապրում է Կաբան Գուլամը: Տեսնո՞ւմ ես, թե ինչ վիճակում է նրա թոռը: Բարձրանում է ցանկապատի վրա ու այնտեղից քարկոծում անցորդներին: Հիմա նայիր, թե ինչ է կատարվում նաև բռնազավթված մյուս տներում: Գաֆիլը՝ Բեյազ պառավի որդին, արտաքինից նորմալ մարդ է երևում: Բայց նա ևս շիզոֆրենիկ է: Օրերս նա ժամից ավել ինձ փողոցում պատմում էր, թե ինչպես է սև ձիուն հեծած Մուհամեդը բարձրացել Սինայ լեռը՝ Ալլահի հետ հանդիպման: 

Լավ, հոգեկան հիվանդներին հանգիստ թողնենք: Այլիսի և ոչ մի բնակիչ, որ հայերի նկատմամբ բռնությունների շնորհիվ ցանկանում էր բարելավել իր կյանքը, մինչ օրս հանգիստ չունի: Ինքդ ես լսում, թե ինչպես են ամեն երեկո վիճում մուղդիսի Ալեքսանի (մուղդիսի-մահտեսի. Յերուսաղեմ ուղտի գնացած հայեր) տունը գրաված Գազանֆարի երկու որդիները: Եղբայրները պատրաստ են իրար կոկորդ կրծել. ահա թե ինչպես են երեխաները պատասխան տալիս ծնողների գործած մեղքերի համար: Նրանց հոգիները, ում մենք տանջել ենք, մեզ երբեք հանգիստ չեն տա: Մսագործ Մահմեդաղան փողոցում դանակահարեց հոգեվորական Մկրտիչի աղջկան: Ես նրան ծերության օրոք չեմ տեսել, բայց Բաքվից եկողները պատմում էին, որ նա սատկել է շան պես: Նախ լրիվ կուրացել է, հետո ինֆարկտ է ստացել, որից բերանը ծռվել է մինչև ականջները: Բացի այդ, ստորը երկար տառապել է նաև փորկապությունից: Երբ զուգարանում ուժ էր տալիս, նրա գոռգոռոցը լսվում էր մինչև Զանգեզուր: Հիմա էլ յուրաքնչյուր մարդ պատրաստ է թքել նրա գերեզմանին: Մի խոսքքով, երիտասարդ, ես արդեն չեմ հավատում, որ այստեղ երբևէ կարող է լավ ժամանակներ գան: Իրենք՝ այլիսցիները, ևս դրան չեն հավատում արդեն: 

Գուլուի տանից մի փոքր հեռանալով՝ բժիշկ Աբասալիևը բացեց առաջին իսկ հանդիպած ցանկապատի դռնակն ու մտավ բակ: 

Տանտիրուհին՝ պառավ Նուբարը, պատշգամբում բուրդ գզելով իրեն-իրեն խոսում էր բարձրաձայն: Հյուրերին տեսնելով՝ նա ի սրտե ուրախացավ:
-Համեցեք, համեցեք, բարի գալուստ, -ողջունեց նա հյուրերին :-Ինչպե՞ս պատահեց, որ հանկարծ հիշեցիք ինձ, դոխտուր: Ասում են, որ արդեն մեկ ամիս է, ինչ այստեղ ես, իսկ ես քեզ առաջին անգամ եմ տեսնում:
-Եվ ո՞վ է դրանում մեղավոր: Ախր դու տանից բոլորովին դուրս չես գալիս: -Բժիշկն աչքի անցկացրեց բակը: -Փառք Աստծո, սիրուն բակ ունես, ջուրն էլ, կարծես թե,բավական առատ է:
-Թող շաստված քեզ էլ շռայլորեն պարգևատրի, Զուլֆի գարդաշ (եղբայր: Այստեղ՝ տարեկցի նկատմամբ հարգալից դիմելաձև): Քանի դեռ ուժերս տեղն են, հետևում եմ տնտեսությանը: Ի ուրախություն մեզ, այս տարի ջուրն էլ առատ է: Շատ ավելի լավ է, քան նախորդ տարիներին: Հիմա ինքնաեռը կտաքացնեմ և ձեզ թեյ կհյուրասիրեմ:
-Մի անհանգստացիր, մենք արդեն գնում ենք: Կարճ ժամանակով ենք եկել, միայն որպիսությունդ իմանալու: Իսկ դու առաջվա պես դեռ մենա՞կ ես:
-Մենակ եմ, դոխտուր, մենակ եմ, -խղճալի ձայնով արտասանեց պառավ Նուբարը:
-Իսկ դու հիշո՞ւմ ես այս տանն ապրող հային:
Պառավ Նուբարը զարմացավ:
-Առաքելն էր, դու ինձանից լավ գիտես: Կարծես երեկ լիներ, որ նրա կինն իրեն ժայռից ցած գցեց: Ի՜նչ գեղեցկուհի էր: Հիշո՞ւմ ես՝ ինչպես էր հարսանիքների ժամանակ երգում: Եվ նրանց, և մեր՝ մահմեդականներիս հարսանիքներին: Անիծյալ լինի այդ Աֆիդ-բեյը, երբ նրա բանակը մտավ Այլիս, խեղճ կինը միանամից գժվեց: Դու պետք է հիշես. ամեն օր, արևը մայր մտնելուն պես, նա նա արդեն Խըշկեշենում էր ( Լեռան և Այլիսում գոյություն ունեցող բանկավայրի անվանում). բարձրանում էր լեռն ու բարձրաձայն երգում.
«Ադիֆ-բեյ, մի կոտորիր մեզ, մի կոտորիր, 
մենք Այլիսի ծաղիկներն ենք, խնայիր մեզ, խնայիր»: 
-Իսկ այս տանն Առաքելին ո՞վ է սպանել,-տատանվելով հարցրեց բժիշկը:
-Բայց Առաքելին տանը չեն սպանել, դոխտուր, -զարմացած պատասխանեց պառավ Նուբարը:- Նրան իր սեփական հողամասում սպանել է օձ բռնող Աբդուլի որդին: Ես հասկանում եմ, թե ինչ ես ուզում ասել, բայց այս տանը ոչ մի կաթիլ արյուն չի թափվել: 

Բժիշկը լրջորեն մտահոգվեց: 

-Հնարավոր է, -ասաց նա: -Երևի սխալվել եմ: Իսկ դու ո՞ւմ հետ էիր խոսում, երբ մենք բակ մտանք:
-Ո՞վ ունեմ, որ հետը խոսեմ, -պառավ Նուբարի աչքերում արցունքներ երևացին, -ինքս ինձ հետ եմ խոսում:
Պառավ Նուբարի արցունքներն ակնհայտորեն շարժեցին բժշկի սիրտը:
-Իսկ դու ոգիների գոյությանը հավատո՞ւմ ես, Նուբար:
-Հավատում եմ, դոխտուր, ուղիղ այնպես, ինչպես Ալլահին ու Մարգարեին: Հենց ոգիներն են, որ մեզ այս վիճակի հասցրեցին, Զուլֆի: Հիշո՞ւմ ես Մարագայից այն իրանցուն: Հիշո՞ւմ ես, հայերի ջարդից դեռ շատ առաջ իր վերջին այցելության ժամանակ այդ առևտրականը, որ այստեղ էր գալիս զանազար քաղցրավենիքներ վաճառելու՝ խուրմա, մաստակ, դարչին.. Նա ասաց. «Հեռացեք այստեղից, քանի դեռ ուշ չէ. մարդ հանգիստ չի կարող ապրել մի վայրում, որտեղ այսքան գերեզման կա»: Պառավ Նուբարն արցունքների միջից ժպտաց ու հանկարծ այնպիսի մի հոգոց արձակեց, որ կրծքից խորը մի խռռոց դուրս թռավ: Բայց ազնիվ խոսք, Զուլֆի գարդաշ, Այլիսի մահմեդականները երբեք նեղություն չէին տա իրենց վաղեմի հարևաններին: Այն անիծյալ Ադիֆ-բեյի հրամանից հետո էր, որ մերոնց մեջ ագահությունն արթնացավ: Եթե քո հայր Հաջի Հասանն այն ժամանակ այստեղ լիներ, գուցե և մերոնք նրանից ամաչելով՝ չթալանեին հայերին: Հինգ-վեց չարագործներ, որ վաղուց աչք ունեին նրանց ունեցվածքի վրա, հենց դրա պատճառով էլ իրենց ձեռքերն արյունոտեցին:
Բժիշկ Աբասալիևը պառավ Նուբարի պատմությունը լսում էր մի այնպիսի հետաքրքրությամբ, որ թվում էր թե նրա համար դա նորություն էր: Չնայած, որ օրեր առաջ նույն այդ պատմությունն ինքն էր պատմում Սադային՝ նույն մանրամասներով: Նուբարը Այլիսի հին բնակիչներից էր, չնայած Այլիսում այն ժամանակ եղել են նաև բավական շատ միջին տարիքի մարդիկ, ովքեր իրենց աչքերով են տեսել տեղի հայերի աննախադեպ կոտորածը: 

Այդ կոտորածի մասին ամեն մեկը պատմում է յուրովի՝ կախված մարդու և մարդկայնության մասին սեփական պատկերացումներից, բայց, այդուհանդերձ, նրանցից և ոչ մեկը չի թաքցնում իր տեսածը: Տարբեր մարդկանց պատմություններում հստակորեն առկա են միևնույն փաստերը: Այն մասին, թե ինչպես ամեն բան սկսվեց և ինչպես ավարտվեց, բոլորի կարծիքները համընկնում են: 

Ամեն բան եղել է այսպես. որպեսզի Այլիսի հայ բնակչությունը սպասվող դեպքերի մասին գլխի չընկներ, Ադիֆ-բեյի 30-40 հեծյալներ վաղ առավոտից անցան բոլոր տներով՝ և հայերի, և մահմեդականների՝ հայտարարելով, որ այդ օրը զինադադար է հայտարարվելու, և որ դրա համար բոլորը պետք է հավաքվեն հայերից մեկի տան բակում: Այն բանից հետո, երբ բոլորն արդեն նշանակված վայրում էին, թուրք զինվորականները հայերին առանձնացրեցին մահմեդականներից և բակի տարբեր անկյուններում շարք կանգնեցրեցին: Հանկարծ ինչ-որ տեղից հնչեց «կրա՜կ» հրամանը, և թուրք զինվորները, որ ամեն կողմից արդեն շրջապատել էին բակը, տարբեր կողմերից սկսեցին գնդակներ արձակել հայ բնակչության վրա: Նրանց մեծ մասը տեղում մահացավ, իսկ կենդանի մնացածներից բոլորին անխտիր կերպով կամ մորթեցին խանչալներով, կամ սրախողխող արեցին: Բոլոր նրանց, ում հնարավոր էր, տեղում թաղեցին՝ մի մեծ առու փորելով: Իսկ բոլոր նրանց, ում համար բակում տեղ չգտնվեց, գցեցին մոտակա տների մառաններն ու ախոռները և այրեցին: Մահմեդական կանայք, որ այդ օրը չհամարձակվեցին անգամ տանից դուրս գալ, հետո պատմում էին. «ջրագիծը արյունից մեկ շաբաթ կարմրել էր»: «Ադիֆ-բեյը ագռավի պես սև մի ձի ուներ: Նա ձին հեծած կանգնել էր տան դարպասների մոտ: «Կրա՜կ» գոչելով՝ նա սանձահարեց ձին ու հեռացավ: Նույն պահին գնդակի անձրև տեղաց, թվում էր՝ երկինքն է փուլ եկել, վերևից մոխիր էր թափվում: Այնպիսի մի վայնասուն բարձրացավ, ինչպիսին աշխարհում ոչ ոք երբեք չի լսել: Նույն պահին բոլոր բակերի շները սկսեցին հաչել: Բոլոր ծառերի ագռավները կռկռացին: Գյուղի բոլոր կաչաղակներն ու աղավնիները անմիջապես սարսափահար թռան՝ թաքնվելու սարերից այն կողմ: Թվում էր՝ դժողքն է պատռվել ու արևն ու որ է կընկնի երկրի վրա»: 

Սադայ Սադօղլին երբեք չէր լսել, որ ինչ-որ մեկն Այլիսի այդ այդ կոտորածի մասին պատմեր առանց սարսափի ու կարեկցանքի: Իր փոքրիկ ծննդավայրի մասին բոլոր հուշերն անխուսափելիորեն կապված էին այդ ողբերգական իրադարձությունների հետ: 

Եվ միայն բժիշկ Աբասալիևի հետ ծանոթությունից հետո արտիստը սկսեց հասկանալ Այլիս կոչվող այդ փոքրիկ աշխարհագրական տարածքի իրական արժեքը, որին բարեկարգության ու փողոցների մաքրության համար կոչել են «փոքրիկ Փարիզ» կամ «փոքրիկ Ստամբուլ»: Եվ միայն այդ ժամանակ նա հասկացավ անօրինակ մշակույթի նշանակությունը, որ արարված էր Աստծուն խորապես հավատացող ժողովրդի ջանքերով ու խելքով: Բժիշկ Աբասալիևը, ինչպես ինքն էր ասում, ոչ միայն երկրպագում էր Այլիսը, այլև նրա պատմաբանն ու հոգեբանն էր, ինչպես նաև նրա յուրատեսակ փիլիսոփան: Միայն բժիշկ Աբասալիեվից է Սադայը երբևէ լսել, որ հռչակավոր քահանա Մեսրոպ Մաշտոցը հենց Այլիսում է ստեղծել հայկական այբուբենն ու որ հանրաճանաչ գրող Րաֆֆին ժամանակին դասավանդել է հենց այստեղ: «Այլիսը, երիտասարդ, աստվածային կատարելություն է, -հաճախ բացակնաչում էր բժիշկ Աբասալիևը: Եվ այն բանի համար, ինչ մենք արել ենք նրա հետ, պատասխան ենք տալու Աստծո առաջ՝ ահեղ դատաստանի օրը»: 

Բժիշկ Աբասալիևի խոսքով, 1919 թվականի կոտորածից փրկված մի հայ աղջիկ Ֆրանսիայում մի ծաղիկ է ստացել և կոչել այն Ագուլիս, այսինքն՝ Այլիս: Իսկ Թիֆլիսում ապրում է նկարչուհի Գայանե Խաչատրյանը, ով ինը-տասը տարեկանից անդադար Այլիսի եկեղեցիներն է նկարում: Մի խոսքով, բժիշկ Աբասալիևի խոսքերից դուրս էր գալիս, որ Այլիսը Աստծո հազար ու մի անվանումներից մեկն է, և հնարավոր է, որ Այլիսի նկատմամբ նրա սերը ոչ մի կապ չուներ ոչ հայերի և ոչ էլ մահմեդականների հետ: Դա, ավելի շուտ, մարդու կողմից Ճշմարտության նկատմամբ հավատարմության ևս մեկ յուրատեսակ ու հիրավի ազնիվ դրսևորում էր: 

«Այս Նուբարը դեռ աղջիկ ժամանակվանից շատ խելացի էր: Նա դեռ այն ժամանակ գնում էր Ստամբուլում ուսանող Միրզա Բագաբի մոտ՝ կարդալ ու գրել սովորելու համար»: -Բժիշկ Աբասալիևն այս բառերն արտասանեց, երբ Նուբարի տանից արդեն բավականաչափ հետու էին: Նա կարծես տխրել էր այդ այցելությունից, ցնցված էր կամ նրա անսահման անկեղծությունից, կամ ինչ-որ ուրիշ մի բանից: Եվ եթե նրանք քիչ անց չհանդիպեին Զոխրա արվադին, հավանաբար տուն կվերադառնային վատ տրամադրությամբ: 

Հավանաբար փողոցի անցուդարձը տեսնելու համար՝ դարպասի փեղկերից մեկը բացած՝ Զոխրա արվադը հարմար տեղավորվել էր դեպի պատշգամբ տանող աստիճաններից մեկի վրա և տաք թեյ էր խմում: Բակն ամբողջությամբ մաքրված ու ցողված էր ջրով: Պուրակով մեկ, որի երկու կողմերում տարատեսակ ծաղիկներ էին աճել, ամբողջ բակի երկայնքով բարակ մի առու էր հոսում: Արվադ Զոխրայի բակը աչք էր շոյում բոլոր առումներով: Բակին առանձնահատուկ հմայք էին հաղորդում հատուկ մեծ ծաղկամանների մեջ աճեցված կիտրոնի ծառերը, որ զգաստորեն շարված էին առվակի մոտ՝ պատշգամբի առաջ:
Այս ծաղկամաններով կիտրոնի 18 ծառերը նախկինում պատկանել են Հայկանուշին: Սադայը նրանց վաղուց ու շատ լավ էր ճանաչում: Բայց տարօրինակ էր, որ բժիշկը ևս առաջին իսկ հայացքից ճանաչեց Հայկանուշի կիտրոնի ծառերը: 

-Լսիր, ինչո՞ւ ես Հայկանուշի կիտրոնի ծառերն այստեղ բերել, -դեռ բակ չմտած, դռան մոտից հարցրեց նա:
-Ինչ է, կիտրոները տեսար ու անմիջապես բերանիդ ջրերը գնացի՞ն: Իսկ ինձ պես գեղեցկուհուն էլի չես նկատում:
-Ի՞նչ է մնացել քո գեղեցկությունից որ, Զոխրա, հոգիս:
Երևում էր, նրանց միջև հին ընկերական հարաբերություններ կային, որ թույլ էր տալիս նրանց նման կատակներ անել իրար հետ:
-Իսկ քեզ ի՞նչ է եղել, կոնֆետի պես թարմ ես: 

Զոխրա արվադը պատշգամբից երեք հնամաշ աթոռակներ բերեց ու դրեց առվակի մոտ՝ կիտրոնի ծառերի տակ: -Համեցեք, նստեք: Հիմա ես Ձեզ մի լավ թեյ կհյուրասիրեմ՝ հնդկական: Որտեղի՞ց էք այս շոգին գալիս: -Զոխրա արվադը երկու բաժակ բերեց, դրեց աթոռակներից մեկի վրա, ճյուղից կիտրոն քաղեց ու կտրելով հարցրեց, -Իսկ ինչո՞ւ կնոջդ չես բերել քեզ հետ: 

-Նա ինքը չցանկացավ: -Բժիշկ Աբասալիեևը թեյը լցրեց ափսեի մեջ և փչելով՝ հաճույքով սկսեց խմել: -Նա մի քիչ խնդիրներ ունի սրտի հետ կապված, դրա համար էլ վախենում է երկար ճանապարհից:
-Իսկ աղջիկդ, ասում են, ատամնաբույժ է դառնալու: Թող դառնա, տա Աստված: Քո նման բժիշկից ինձ ի՞նչ օգուտ, գուցե աղջիկդ ինձ նոր ատամներ դնի,-ասաց Զոխրա արվադը՝ շոյելով իր անատամ լնդերը:
Բժիշկ Աբասալիևի տրամադրությունը գնալով բարձրանում էր:
-Իսկ ի՞նչ ես արել դժբախտ Խանկիշիին: Այն աշխարհ ես ուղարկել, հա՞:
-Օձը կծի այդ Խանկիշիին, Զուլֆի: Ինձ հետ հո չէ՞ր ապրում շան որդին: Երեք տարի վայելեց ինձ, գիշեր-ցերեկ հաճույքներ քաշեց, իսկ հետո անառակ կատվի պես թողեց: Իբր թե, տեսեք, տեսեք, ինձ անպտուղ կին պետք չէ: Ինձանից հետո այդ բորենին ևս երկու անգամ ամուսնացավ, բայց այդպես էլ անպտուղ մնաց ու վերջապես հասկացավ, որ անպտուղ է ոչ թե իմ, այլ հենց իր սերմը: -Զոխրա արվադը քնքշորեն շոյեց բժիշկի մեջքը; -Ի՞նչ արած, դու ինձ հետ չամուսնացար, քեզ համար քաղաքացի կին գտար: 

Իրեն հատուկ հումորով հայտնի Աբասալիևն այլևս ոչինչ ասել չկարողացավ ու շատ արագ փոխեց զրույցի թեման.
-Բայց ընկերուհիդ էլ է քեզ լքել, գեղեցկուհի: Այս կիտրոններն ինչ-որ շատ ծանոթ են երևում ինձ:
-Իհարկե, այդ նրա կիտրոններն են: Գյուղում էլ ո՞վ էնպիսի կիտրոններ ուներ, ինչպես Հայկանուշը, -պատասխանեց Զոխրա արվադը՝ լցնելով թեյի գավաթները: Հա, դոխտուր, Հայկանուշը հեռացավ: Դեռ անցած աշնանն է գնացել: Իրերը հավաքեց ու տեղափոխվեց Երևան, որդու՝ Ժորայի մոտ: Իր սեփական կամքով նա դժվար թե գնար, որդին էր շատ պնդում: Միայն տեսնեիր՝ ինչպես էր հեռանում: Ոչ մի կերպ չէր կարողանում հրաժեշտ տալ տանն ու բակին: Խելագարի պես պտույտ էր գալիս իր ծառերի շուրջը, գրկում ու համբուրում էր անգամ իր պատշգամբի փտած գերանները: Իսկ մեկնելուց անմիջապես առաջ նա կանգնել ու կիտրոնների առաջ այնպես էր լաց լինում, կարծես ոչ թե կիտրոններ լինեին, այլ իր սեփական զավակները: Այդ օրվանից էլ հետևում եմ նրա տանը: Այս տարի կիտրոնները բավական առատ են եղել, մի ամբողջ դույլ հավաքել ուղարկել եմ նրան: Այստեղից կլոր տարին մերոնք ապրանք են տանում Երևան, հենց նրանց էլ խնդրել եմ, որ փոխանցեն: Զոխրա արվադը կանաչ տերևների միջից քաղեց երկու վառ դեղնավուն կիտրոն ու դրեց աթոռակի վրա: -Ահա, մեկական էլ ձեզ համար: Տանը թեյ կխմեք: Ամեն ծառին երկու-երեք հատ թողել եմ ձեզ պես թանկագին հյուրերի համար:

Թեյից հետո արդեն մի փոքր լիցքաթափված՝ Աբասալիևը տխուր ժպիտով նայում էր կիտրոններին: Իսկ հետո խոսակցությունը շարունակելու համար հարցրեց.
-Իսկ Հայկանուշն ինչո՞ւ քեզ Երևան չի հրավիրում:
-Քանի, քանի անգամ է Երևանի շուկաներում առևտուր անող մեր այլիսցիների միջոցով խնդրել. փոխանցեք քրոջս, որ գա ու մի 10-15 օր ապրի ինձ հետ: -Զոխրա արվադը ժպտաց ու աչքով նշան արեց բժիշկին: -Ի՞նչ կասես, չգնա՞մ ու հայկական տանը ծերության օրոք կորցնեմ մահմեդականության վերջին մնացորդները:
-Կարելի է մտածել՝ քո այս տունը հայկական չէ:
-Այս ծեր չարաճճիի՜ն տեսեք, ¬-բացականչեց Զոխրա արվադը՝ դիմելով Սադային: -Խենթերի դոխտուրին որտեղի՞ց խելք, -հետո կես լուրջ-կես կատակ մատով սպառնաց բժիշկին, -իմ հայր Մեշդային այս տունը 15 թումանով ձեռք է բերել Հարությունի հորեղբայր Սամվելից: Իբր տեղյակ չես:
-Տեղյակ եմ, բայց ես այլ իմաստով ասացի:
Զոխրա արվադը լռեց՝ մտքում ինչ-որ բան ծանրութեթև անելով, որից հետո լուրջ ու անհանգիստ ձայնով շշնջաց.
-Եթե ուզում ես, կարող ես հորս էլ վատաբանել, միայն թե, ի սեր Աստծո, այլևս ոչ մի տեղ չհիշատակես այդ դահիճ Մահմեդաղայի անունը: Նրա ստոր լակոտն իրենից էլ վատն է: Նկատի ունեմ Ջինգեզ Շաբանին: Զուլֆի, ասում են նա քեզ էլ է վատություն արել: Նրա հետ գործ չունես, նրա ցեղից ամեն բան սպասելի է:
-Իսկ դո՞ւ որտեղից գիտես այդ մասին, -անսահման զարմանքով հարցրեց նա՝ ՝ակնհայտորեն անհանգստացած:
-Այս գյուղում ոչինչ թաքցնել չի լինում: Օրեր առաջ կանայք աղբյուրի մոտ այդ մասին էին խոսում: Ասում են, որ նա ինչ-որ տեղից մի գանգ է փորել հանել ու բերել, գցել է քո բակը: Գանգի մեջ էլ իբր գրություն է թողել, թե «Այդ ես եմ՝ հայր Մկրտիչը, հայկական լրտես Զուլֆի Աբասալիևի հարազատ եղբայրը»:
Տեսնելով, որ բժիշկի տրամադրությունն ընկավ՝ Զոխրա արվադը լռեց: 

Գանգի հետ կապված այս պատմությունը Սադայն առաջին անգամ էր լսում, չնայած, վաղուց էր տեղյակ, որ հայր Մկրտիչի աղջկան սպանած մսագործ Մահմեդաղայի որդի Ջինգեզ Շաբանից ավելի ստոր մարդ դժվար թե այս աշխարհում գտնվի: Դա Սադայից հինգ-վեց տարի մեծ այն Ջինգեզ Շաբանն էր, որ տաս-տասնմեկ տարեկանից գրպանում մսագործի դանակ է պահում, իսկ ուսին՝ որսորդական հրացան: Հենց այդ զենքից էր մի օր Քարե եկեղեցու պարսպին նա կրակել այդ գարնանը անհասկանալի կերպով այլիսում հայտնված սևուկ սիրուն աղվեսի ձագին: Չնայած Սադայն այն ժամանակ չորս-հինգ տարեկան էր դեռ, բայց երկար ժամանակ քնից վեր էր թռչում՝ հիշելով այդ ճակատագրական կրակոցը: Ձյունն ու անձրևները աղվեսի արյան հետքերը վաղուց արդեն մաքրել-տարել են, բայց Սադայի գիտակցության մեջ այն հավերժ մնացել է պարսպին:
Այժմ էլ, հավանաբար, հենց ինքը՝ կռվարար Շաբանն է Այլիսում տարածել ցանկապատից ներս գցված գանգի ու դրանում եղած գրության մասին: Չնայած, բժիշկ Աբասալիևն այդպես էլ դրա մասին ոչինչ չասաց: 

Հայկանուշն այն երկու հայուհիներից մեկն էր, ում Սադայը հաճախ էր տեսել ու քիչ թե շատ մոտիկից ճանաչում էր մանուկ հասակից: Այլիսում ևս մի քանի հայուհիներ կային, բայց ոչինչով չէին տարբերվում ադրբեջանցի կանանցից, դրա համար էլ չեն տպավորվել Սադայի մանկական հուշերում:
Առաջին ամառը, երբ Բաքվում ուսանող Սադայը եկավ արձակուրդն անցկացնելու, Հայկանուշը դեռ Այլիսում էր: Նա արդեն կուզիկացել էր ծերությունից ու հողի հետ անվերջ աշխատելուց, բայց դեռ ի վիճակի էր տնտեսությունը վարելու: Փոքրիկ բակում հենց գետի ափին սեփական ձեռքերով հերկում էր հողն ու իր համար լոբի, կարտոֆիլ, վարունգ, լոլիկ ու կանաչի աճեցնում: Անձամբ էր խնամում իր կիտրոնի ծառները, որոնց համբավը տարածվել էր ողջ Այլիսով մեկ: Երևանում ապրող իր Ժորայի համար տանձ, դեղձ, չրեր, սուջուխ էր ուղարկում: Հայերի համար սուրբ օրերին նա եկեղեցի էր այցելում, աղոթում ու խաչակնքվում: Իսկ երբ հոգնում էր աշխատանքից, նստում էր դարպասների մոտ ու զրուցում իր ամենամոտ ու հին ընկերուհի Զոխրա արվադի հետ: 

Հայկանուշի տունը գտնվում էր Վանքի եկեղեցուց հեռու, ձորում՝ գետի ափին՝ գյուղի մահմեդական հատվածի մոտ: Բայց, չնայած դրան, եկեղեցին Հայկանուշի երկրորդ տունն էր դարձել: Ամուր, բարձր դարպասներից ներս մտնելով ու եկեղեցին տեսնելով՝ կարծես մի տեսակ կորցնում էր դատելու կարողությունը: Եկեղեցում խենթի պես պտտվում էր, համբուրում պատերի ամեն մի քարն ու խաչակնքվում: Վերջապես պառավ Հայկանուշը մոտենում էր եկեղեցու դռներին ու կանգնում դրանց առաջ: Այնտեղ նա կրկին խաչակնքվում էր մանուկը գրկին կնոջ քարե պատկերի առաջ, որ մահմեդականներն այդպես էլ անվանել են՝ «Գլխաշորով կինը՝ երեխան գրկին»: Դրանով ավարտվում էր նրա ուխտագնացությունը, որ հեռվից զվարճալի ներկայացման էր նմանվում:
Դեռ փոքր ժամանակ Սադայը Այլիսում տեսել է Հայկանուշի որդուն՝ Ժորային, որն ապրում էր Երևանում: Իսկ երբ Երևանից Այլիս եկավ նրա դուստր Լուսիկը, նրանք երեքով անբաժան ընկերներ դարձան՝ Սառը (այստեղ՝ շեկ) Սադայը, Բոմբա Բաբաշը և Ջամբուլ Ջամալը: Նրանք միշտ միասին էին, միասին գնում էին հացահատիկի բերքահավաքից հետո դաշտում հավաքելու, միասին բարձրանում էին սարերը՝ լորի ձու գտնելու: Իսկ երբ դպրոցում դասերն ավարտվում էին ու անելու ոչինչ չէր լինում, նրանց ուշադրությունը սևեռվում էր եկեղեցիներին: Փորձում էին գետի խոնավությունից ծանրացած քարերով կոտրել Քարե եկեղեցու բակում կանգնած արձանների քիթը կամ ականջը, կոտրել Վանքի եկեղեցու պատերին քանդակված խաչքարերը, բարձրանում էին Վուրագըրդյան եկեղեցու տանիքին ու բարձր սուլում, անխղճորեն հաշվեհարդար էին տեսնում նաև եկեղեցու բակում Միրալի կիշի ցանած ոլոռի, լոբու, եգիպտացորենի, Անիխ-անիկոյի ցանած վառ ծաղիկների հետ, կամ էլ գետի հատակից գտած սրածայր քարերով, որ միշտ պահում էին իրենց գրպաններում, եկեղեցիների պատերին անմահացնում էին իրենց անունները. «Սառը Սադայ: Բոմբա Բաբաշ: Ջամբուլ Ջամալ»: 

Սադայն իր շեկ մազերը նախնիներից էր ժառանգել. նրանց ցեղում բոլորը շիկահերներ են եղել: Բաբաշն իր «Բոմբա» մականունը ստացել է իր հպարտ բնավորության, անսահման ճկունության, երկաթե առողջության և ուժի համար: Իսկ տխուր պատմություն ուներ: 

Նրանք նախապատերազմյան շրջանի սերունդին էին պատկանում, ծնվել էին իրենց հայրերի կյանքը խլած պատերազմից մի քանի տարի առաջ: Սակայն պատերազմի ավարտից երեք-չորս տարի անց տեղեկություն ստացվեց, որ Ջամալի հայրը՝ Սյումյուկ (բառացիորեն՝ ոսկրոտ) Սաֆին, կենդանի է: Նրա կինը՝ Դիլռուբան, նամակ էր ստացել Սաֆիից, որում ասվում էր, որ նա պատերազմում չի մահացել, ողջ-առողջ է, և բնակվում է Ղազախստանի Ջամբուլ քաղաքում: Գրել էր, որ կրկին ամուսնացել է և որ իր նոր կինն իրեն արդեն որդի է պարգևել: Նա հայտնում էր նաև, որ այլևս երբեք չի պատրաստվում վերադառնալ Այլիս, և որ որդին՝ Ջամալը, ցանկության դեպքում կարող է տեղափոխվել իր մոտ՝ Ջամբուլ: 

Այս չարագուշակ նամակից հետո կեսգիշերին Ջամալի տատիկ Ազրիի լացի ձայնը ոտքի հանեց ողջ գյուղին. նրա դուստր Դիլռուբան գլխին նավթ էր լցրել ու փորձում էր վառել իրեն: 

Այդ դեպքից հետո Ջամալի մայրն այդպես էլ ուշքի չեկավ: Ոչ ուտում էր, ոչ խմում, ոչնչով չէր զբաղվում, տունն ամբողջությամբ աչքաթող էր արել: Վերջնականապես խելագարվելով՝ նա վայրի գազանի պես սկսեց թափառել լեռներում՝ փնտրելով ամուսնուն, որ պատժեր նրան, բայց Ջամբուլ տանող ճանապարհը չգիտեր: Ջամալի մոր մարմինը գտան Այլիսից երեսուն-քառասուն կիլոմետր հեռավորության վրա գտնվող ճանապարհի եզրին: Հենց այս պատճառով էլ Ջամալը ստացավ այդ հիմար մականունը՝ Ջամբուլ: 

Արդեն Բաքվում բնակվելու տարիներին Սադայը հաճախ էր հիշում Ջամալին, իսկ նրա հետ նաև Վանքի եկեղեցին, նրա բակը, բարձր ու սլացիկ բալենին ու Ծեր Հայկանուշին՝ անփոխարինելի շալը գոտկատեղին կապած. Թևերը արմունկներից բարձր ծալած, զարմանքից լացակումած՝ լվանում էր Ջամալի ոջլոտած գլուխը: 

Այդ առավոտ նրանք բարձրացան եկեղեցու բակում կանգնած բարձր բալենուն: Վաղուց արդեն եղանակը շատ շոգ էր, բայց Ջամալը ոչ մի դեպքում գլխից չէր հանում արդեն կեղտոտված գլխարկը, որի պատճառով դասարանում նստում էր ամենավերջին նստարանին: Մինչև ամառային արձակուրդները նրանց դասղեկ Մուլեյլի մուհալլիման դասի մեծ մասը տրամադրում էր այդ գլխարկը քննարկելուն: Նա կարծես տեղյակ չէր, որ ձմռանը Ջամալի տատիկի կուրանալուց հետո այդպես էլ ոչ ոք նրա գլուխը չէր լվացել, իսկ Ջամալն ինքը, մոր հանկարծակի մահվանից ցնցված, դեռ իր մեջ ուժ չէր գտնում ինքնուրույն դա անելու համար: 

Պարզվում է, որ բոլորից լավ դա գիտեր պառավ Հայկանուշը: Ի դեպ, նա չգիտես որտեղից տեղյակ էր նաև, որ այդ առավոտյան Ջամալ Ջամբուլը լինելու է հենց եկեղեցու բակում: Քանի դեռ տղաները ծառի վրա էին, նա հենց եկեղեցու բակում խարույկ վառեց, մեծ պղնձի մեջ ջուր տաքացրեց, տանից օճառ էր բերել, սրբիչ, կուժ ու ձութի պես սև, ցեխանման մի բան՝ կեսլիտրանոց բանկայով: Նա դա պատրաստվում էր քսել Ջամալի գլխին:
Նոր էր Հայկանուշը Ջամալի գլխից գլխարկը հանել, երբ Բաբաշան հետ տվեց ողջ այն բալը, որով լցված էին նրանց ստամոքսները: Իսկ Սադայը պարզապես փակեց աչքերն ու շուռ եկավ: Հայկանուշը գոռաց «Վա՜յ» ու գլուխը բռնեց: Ջամալի գլխին ոջիլների թիվը մրջնանոցում մրջյունների թվից հաստատ պակաս չէր: 

Պառավ Հայկանուշը Ջամալին նստեցրեց խարույկի մոտ՝ տափակ քարին: Սադայը կուժով տաք ջուրը լցնում էր Ջամալի գլխին, իսկ Հայկանուշն օճառով տրորում էր ոջլոտ գլուխն ու եղունգներով սանրում մազերը, հետո կրկին օճառում էր, կրկին տրորում՝ ցածր, խղճահարված ձայնով կրկնելով.
-Հարազա՜տս: Խե՜ղճ տղա: Որբո՜ւկս: 

Եվ այժմ, Բաքվի հիվանդանոցում անգիտակից պառկած՝ Սադայ Սադօղլին այնքան հստակ, այնքան մոտիկից էր լսում այդ ձայնը, որ պառավ Հայկանուշի՝ հիվանդասենյակում, իր կողքին լինելու դեպքում անգամ այդ խղճահարված ձայնն այդքան պարզ չէր լսի: 

Նույնպիսի հստակությամբ Սադայը լսում էր նաև իրենց տներից եկեղեցու բակ հասած կանանց բացականչությունները, երբ Հայկանուշն արդեն լվացել էր Ջամալի գլուխն ու փաթաթում էր թանզիֆով.
-Մեզ մահմեդականներ ենք համարում, բայց մտքներովս չէր անցել անգամ տղայի գլուխը լվանալ:
-Հետո ինչ, որ նա մահմեդական չէ: Հայկանուշը հո երկնքից չի ընկել: Նա էլ մեր գյուղից է:
-Աստված քեզ օգնական լինի դժվար պահին, Հայկանուշ բաջի, դու միշտ առանձնացել ես մեր՝ մահմեդականներիս նկատմամբ քո բարությամբ:
-Ո՞վ կհրաժարվեր լվանալ որբուկի գլուխը: Բայց մենք որտեղի՞ց իմանայինք, որ տղան ոջլոտել է:
-Իսկ դու չէի՞ր տեսել, որ նա գլխարկը երբեք գլխից չի հանում: Եթե ոջիլները չլինեին, նա այս շոգին գլխարկով ման կգա՞ր:
-Ալլահը պահապան քո միակ որդու Երևանում, Հայկանուշ: Մեր այլիսյան կանանց մեջ դու ամենաբարին ես:
-Հայկանուշ, դու Ալլահին ես սիրում, հետո՞ ինչ, որ հայուհի ես... 

Իսկ Հայկանուշը ինչպես հարկն է ձեռքերը օճառով լվանալով ու շալով փաթաթված գոտկատեղը տրորելով՝ մի կերպ կարողացավ ուղղել մեջքը: Կանայք կամաց-կամաց ցրվեցին: Հենց նրանց ձայները լռեցին, Հայկանուշն էնպիսի մի եռանդով տարածեց թևերն ու շարժվեց եկեղեցու ուղղությամբ, որ թվում էր, թե ուր որ է այս փխրուն կինը մանուկի պես իր գիրկը կառնի քարե այս ողջ շինությունը: 

Մինչ Հայկանուշը խաչակնքվում էր գլխաշորով կնոջ պատկերի առաջ, Ջամալը՝ թանզիֆը գլխին, լուռ նստած էր եկեղեցու մուտքի մոտ: Իսկ Լուսիկը, որ մինչ այդ դարպասների անկյունում կուչ եկած սարսափով հետևում էր, թե ինչպես է իր տատիկը լվանում Ջամալի գլուխը, հիմա արդեն բալենու բնին հենված կարծես լուռ լաց էր լինում; Ջամալի աչքերում ևս փայլփլում էին արցունքի կաթիլները: Նա զարմանքով նայում էր աշխարհին, որ կարծես առաջին անգամ էր տեսնում: Բաբաշը կանգնած էր կողքին՝ գլուխը կախած, ու ամաչում էր, որ չկարողացավ իրեն զսպել ու խայտառակ ձևով հետ տվեց:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Թարգմանությունը՝ Արման Նավասարդյանի, Արուսյակ Հոխիկյանի

Հ.Գ. Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» աշխատության հայերեն թարգմանությունը www.diplomat.am կայքի սեփականությունն է: Դրա մասնակի կամ ամբողջական արտատպությունը թույլատրվում է միայն կայքի հիպերհղման դեպքում, որը պետք է տեղադրվի նյութի առաջին պարբերությունում: Հակառակ դեպքում արտատպությունը կհամարվի գրագողություն, որը արգելված է ՀՀ օրենսդրությամբ:
ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ
1560 reads | 05.04.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com