«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ երկրորդ (մաս 2-րդ)
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ» ՎԵՊԻ ԱՌԱՋԻՆ ԳԼՈՒԽԸ՝  ԱՅՍՏԵՂ
ԵՐԿՐՈՐԴ ԳԼԽԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԸ՝ ԱՅՍՏԵՂ

Բժիշկ Աբասալիևը հեռախոսով մոտ մեկ ժամ Այլիսի մասին դասախոսություն էր կարդում դստեր համար: Այդ հեռախոսազրույցը ոչ միայն չհանգստացրեց Ազադա հանումին, այլև ավելի խորացրեց նրա անհանգստությունը. նա արդեն մտածում էր, թե բոլոր տղամարդիկ աստիճանաբար սկսել են ցնդել:
«Վանքի մեր եկեղեցին Էջմիածնի տաճարի լիակատար կրկնօրինակն է» (եկեղեցու ադրբեջանական անվանումն է: Վանքը հիմնվել է առաջին դարում, Բարդուղիմեոս առաքյալի կողմից: Թաղամասը, որտեղ գտնվում է եկեղեցին, կոչվում է Վանգի թաղամաս): Այս խոսքերը բժիշկը ժամանակին ասել էր իր ապագա փեսային: Հետաքրքիր է միայն մի բան՝ ինչպես էր արտիստը գլխի ընկել, որ Էջմիածին տանող բազմաթիվ ճանապարհներից մեկն անցնում է հենց Վանքի եկեղեցով: Համենայն դեպս, նա սանտիմետր առ սանտիմետր հաղթահարել էր աստիճաններից ու խութերից կազմված Վուրագըրդին նմանվող (Հայկական Վարդակերտ անվան ձևափոխված տարբերակը. խոսքը Վարդակերտի եկեղեցու մասին է, որ գտնվում է Այլիսի ամենաբարձր կետում) այդ քարե աշխարհը: 

Աստվա՜ծ իմ, չէ՞ որ սա Վանքի եկեղեցին է: 

Արևի դեղնավարդագույն ճառագայթը, անցնելով քանդակված բարդու նմանվող բալենու պսակի միջով, ուղիղ ընկնում էր քարակերտ եկեղեցու գմբեթին՝ հեռվում կանգնած սարի գագաթին շարունակելով փայլել նույն գույնով ու նույն ուժգնությամբ: Մեկ անգամ լավ տրամադրության ժամանակ Սադայ Սադօղլին լույսն այդ, որ մերթ հայտնվում էր, մերթ կորչում եկեղեցու գմբեթից ու սարի բարձունքից, համեմատել է Աստծո ժպիտի, բարձրյալի աչքերի փայլի հետ: Այդ մասին տեղյակ էր ինքն՝ Աստված: Առանց նրա օրհնության ինչպե՜ս կարող էր Բաքվի հիվանդանոցում անգիտակից պառկած Սադայ Սադօղլին այդքան մոտիկից ու այդքան պարզորեն տեսնել Այլիսի Վանքի եկեղեցին, նա գմբեթին ընկնող դեղնավարդագույն լույսը, նրա բակը, այգին ու նրա բարդու պես բարձր դեպի երկինք ձգվող բալենին: 

Ամռան առաջին օրերն էին: 1952 թվականի հունիսը: 

Ուռիներն արդեն ծաղկել էին: Հասմիկի ու ակացիայի ճյուղերից դեռ կախված էին ծաղիկները, ինչպես նաև բազմերանգ ու բազմազան ծաղիկների պուրակը, որ հենց Անիկո եկեղեցու առջև էր, որ Այլիսում Անիխ էր կոչվում.... Ինչպես նաև մարդու սիրտը թարմության շնչով լցնող նորաբաց արևածաղիկները, որ տնկել էր եկեղեցուց ոչ այնքան հեռու բնակվող Միրալի կիշին, որն Աստծո տունը վերածել էր ցախի ու խոտի սեփական խորդանոցի: 

Գմբեթի դեղնավարդագույն լույսը, թվում էր, իր պես բարձրաբերձ լեռներին պատմում էր երբևէ այստեղ գոյություն ունեցած աշխարհի մաքրության, անսահմանության ու գեղեցկության մասին: Լուսիկը կրկին այնտեղ էր, գեղեցկուհի եկեղեցու՝ Վանքի եկեղեցու բակում: Հայկանուշի թոռ նկարչուհի Լուսիկը 13-14 տարեկան էր: Այդ ամառ Լուսիկն առաջին անգամ ամառային արձակուրդին Երևանից Այլիս էր եկել և առաջին իսկ օրից չէր լքում եկեղեցու բակը: Քանի՜ անգամ կարելի էր նկարել նույն եկեղեցին: Իսկ միգուցե եկեղեցին միայն պատրվա՞կ էր: Միգուցե Լուսիկը ևս տեսնում էր երեկոներին ու առավոտյան գմբեթին դեղնավարդագույն լույսի ներքո հայտնվող Աստծո ժպիտը և հավատում էր, որ այն հնարավոր է պատկերել, ու հենց դրա համար էլ անվերջ նկարում էր նույն պատկերը: Իսկ միգուցե նա դեռ այն ժամանա՞կ գիտեր, որ այդ եկեղեցին Էջմիածնի եկեղեցու «բացարձակ կրկնօրինակն է»: 

Այն ժամանակ Սադայը իր ապագա աներոջ անունն անգամ դեռ չէր լսել: Այլիսի համար մեծ իրադարձություն էր բժշկի՝ երկար տարիների բացակայությունից հետո վերադարձը՝ դստեր հետ: 

60-ականների սկիղզբն էր: Սադայն ուսանող էր: 

Զուլֆիի հայրը՝ Հաջի Հասանը, առևտրով էր զբաղվում Իրանում, Իրաքում, Անատոլիայում (Արևմտյան Հայաստանը-թարգմ.), իսկ Այլիսում նա ուներ իր սեփական հողը, տնտեսությունը, անասուններն ու այլ սեփականություն: Հայ-ադրբեջանական բախումների մասին Հաջի Հասանը լսել է Սպահանում եղած ժամանակ: Վերադառնալով, նա իր հսկայական ունեցվածքից վերցրեց ամենաթանկարժեք իրերն ու ընտանքիքի հետ միասին վերջնականապես տեղափոխվեց Բաքու: 

Երկար տարիների բացակայությունից հետո վերադառնալով Այլիս, Աբասալիևն իր՝ մահմեդականների թաղամասում գտնվող երկհարկանի տան երկրորդ հարկն ամբողջովին ավերված գտավ: Համեմատաբար պահպանված էին առաջին հարկում գտնվող երկու սենյակ միայն: Սենյակներից մեկը կարգի բերելով՝ Աբասալիևը աղջկա հետ տեղավորվեց այնտեղ: Միաժամանակ նույն բակի հակառակ կողմում իր համար կառուցում էր մեկ սենյակից բաղկացած, փոքրիկ միջանցքով մի տուն: Համագյուղացիների մասնակցության շնորհիվ մեկ ամսում տան շինարարությունն ավարտված էր, նույնիսկ տանիքն էին հասցրել թերթաքարով պատել, մի բան, որ չէիր հանդիպի Այլիսի տներից և ոչ մեկի տանիքին: 

Նոր տան շինարարության ընթացքում Աբասալիևը չէր մոռանում նաև հանգստի մասին: Ամեն առավոտ՝ մինչ լուսաբացը, նա զբոսնելով հասնում էր մինչև հեռավոր Վանքի եկեղեցի: Եկեղեցու բակի աղբյուրում լվացվում էր, խմում այդ արցունքի պես մաքուր ջրից ու Բաքվից բերած մեծ թերմոսով վերցնում իր հետ՝ տանն օգտագործելու համար: 

Աբասալիևների ողջ տոհմն Այլիսում մեծ հարգանք էր վայելում: Այդ հարգանքը Աբասալիևը զգում էր ամեն քայլափոխի, ինչն էլ նրան, ինչ խոսք, շատ էր ուրախացնում: Իր նկատմամբ այդ հարգանքն ու պատիվն էլ ավելի էր ավելացնում գյուղում անցկացվող ամառային օրերի վայելքը՝ ուժեղացնելով հանգստության, ազատության զգացումն ու հեշտացնում այլիսցիների ու նրանց հանրահայտ համագյուղացու միջև հարաբերությունները: 

Բժիշկ Աբասալիևը հանգիստ կարող էր մտնել համագյուղացիկներից ցանկացած մեկի տուն ու զրույցի բռնվել տանտիրոջ հետ: Նա հարազատի պես կարող էր դիտողություն անել այն կանանց, ովքեր չէին մաքրում իրենց տան բակը կամ աղտոտում էին գետի ափերը: Նա օգնում էր հիվանդներին ու հնարավորությունների սահմաններում աջակցում կարիքավորներին: Ընդամենը մեկ անգամ զրուցելով եկեղեցին սեփական խորդանոցի վերածած Միրալի կիշի հետ՝ մեկընդմիշտ վերջ դրեց հայուհի Անիկոյի ու այդ կամակոր ծերունու միջև պատերազմին. ծերունին նույն օրն իսկ ոչ միայն ազատեց եկեղեցին, այլև մաքրեց տարածքն ու բանալիները հանձնեց անձամբ Անիկոյին: 

Բժիշկ Աբասալիևը պատմում է, որ ժամանակին Այլիսում եղել են 12-ից ավելի եկեղեցիներ: Սադայ Սադօղլիին հայտնի էր դրանցից ութի գտնվելու վայրը: Մնացած չորսի փլատակների գտնվելու վայրը հայտնի չէր անգամ Աբասալիևին: Չնայած հայտնի ութ եկեղեցիներն էլ այդպիսին անվանելը շատ դժվար էր, քանի որ դրանցից մնացել էին միայն խղճուկ ավերակներ: 

Եկեղեցիներից ամենահինը այլիսցիներն անվանել են «Իստազին»: Հիմա էլ գրեթե ոչ մեկի չես կարող համոզել, որ իրականում դա ոչ թե «Իստազին»-ն է, այլ Աստվածատունը՝ Աստծո տունը, իսկ այդ ավերակը, որոնցից կանգուն են միայն երկու պատն ու երկու նկուղը, ժամանակին հայերի համար եղել է նրանց մեքքան ու մեդինան: 

Գյուղից բավական հեռավորության վրա՝ լերկ լեռների ստորոտին, որտեղ չէր աճում ոչ մի ծառ ու ստվերի ոչ մի պատառ չկար, իսկ ամռան տապին հողն ու խճաքարերը շիկանում էին թոնրի պես, գտնվում էր հայկական այս «Մեքքան», որի պահպանված նկուղները այժմ հովիվների ու անասունների համար ծառայում են որպես պատսպարվելու վայր, իսկ նրա կիսավեր պատերը կարծես կանգնած են միայն հուշելու համար, որ աշխարհում ամեն բան անցողիկ է, անգամ Աստծո տունը: 

Մյուս երեք եկեղեցիները (Այլիսում ոչ ոք չի հիշում, թե երբ են դրանք ավերվել) կոչվում էին Աղ կիլիսե (Սպիտակ եկեղեցի), Եթիմ կիլիսե (որբ եկեղեցի) և Մեյդան կիլիսե (Հրապարակի եկեղեցի): Իսկ պահպանված Վուրագըրդի, Վանքի եկեղեցիները, Քարե եկեղեցին ու Դոպը թեև մնացել են առանց հսկողության ու առանց Աստծո, այնուամենայնիվ, դեռ չեն կորցրել իրենց երբեմնի վեհությունը: Թե ինչպես են կառուցվել այս չորս եկեղեցիները, որոնց թիկունքում բառացիորեն մեկական լեռ է կանգնած, Այլիսի մահմեդական բնակչությունը, բնականաբար, չի տեսել: Սակայն այս եկեղեցիների ու նրանց թիկունքում կանգնած լեռների ներդաշնակությունը տեսնելու համար ամենևին էլ հարկավոր չէ լինել հայ կամ ծանոթ լինել դրա պատմությանը: Յուրաքանչյուր եկեղեցի գույնով համապատասխանում է իր թիկունքում գտնվող լեռան գույնին՝ կարծես քանդակված լինեն նույն ապառաժից ու կանգնեցված հենց այնտեղ, որտեղ Աստծուն առավել հարմար կլիներ հետևել դրանց: 

Այդ ամառ հենց Բժիշկ Աբասալիևից իմացավ Սադայ Սադըգլըն, որ «Վանգ» հայերեն թարգմանվում է որպես «վանք»: Հենց նույն այդ Վանքի եկեղեցու բակում էլ Սադայն առաջին անգամ տեսավ իր ապագա աներոջը: Այնտեղ նրանք մի քանի բառ փոխանակելուց հետո զրույցի բռնվեցին ու փոխադարձ համակրանքը աստիճանաբար վերածվեց ամուր ընկերության: 

Այդ ամառ նրանք (երբեմն երկուսով, երբեմն էլ Ազադայի ընկերակցությամբ) շատ են շրջել Այլիսի տարածքով՝ այգիներով, գետերով ու եկեղեցիներով: Բարձրանում էին նրա լեռներն ու սարերը: Ոչ այնքան շոգ եղանակին նրանք շրջում էին հարևան գյուղերով: 

Երեկոյան պայմանավորվում էին ու հաջորդ օրը կրկին հանդիպում՝ նշանակված վայրում: Պատահում էր, որ բժիշկ Աբասալիևն ինքն էր գնում Սադայի մոտ ու շտապեցնում նրան. «Շտապիր, երիտասարդ, լույսը շուտով կբացվի»: Այդ ժամանակներից ի վեր բժիշկը սկսեց Սադային «երիտասարդ» անվանել:
Ամառային այդ օրերից յուրաքանչյուրը հավերժ տպավորվել է Սադայի հոգում՝ որպես իրական տոն՝ ոչ միայն Այլիսի մասին Աբասալիևի պատմություններով, այլ նաև չոր ջերմությամբ, նրա թարմ կանաչով, բազում աղբյուրների ջրով ու բնակչության առանձնահատուկ բարեհամբուրությամբ:
Մի անգամ երեկոյան նրանք պայմանավորվեցին հաջորդ օրը հանդիպել և ուղևորվել հեռավոր ճանապարհորդության, Վուրագըրդից հեռու՝ դեպի Այլիսի արոտավայրերը: Նախկինում ևս ամառային արձակուրդներին գյուղում հանգստանալիս Սադայը երազել է գոնե մեկ անգամ տեսնել այդ ամառային արոտավայրերը: 

(Սադայի մանկության ընկեր, համադասարանցի Ջամալը, 7-րդ դասարանն ավարտելուն պես միացել էր ծեր հովվին ու նրա հետ միասին սարերում արածացնում էր կոլտնտեսության հոտը: Այդ ժամանակվանից Ջամալին այլևս հնարավոր չէր գյուղում գտնել, սակայն Սադայը չէր կարող միայնակ գնալ սարերը՝ ընկերոջը գտնելու): 

Նախ հարթ ճանապարհով նրանք հասան Վանքի եկեղեցուն, այնտեղից իջան դեպի գետն ու հասան դեպի վեր բարձրացող կածանը: Այլիսի փոքրիկ լեռնային գետակն այդ օրերին փոքրիկ առվակից ավելի ջրառատ չէր, ու ծարավը հագեցնելու համար էլ այնքան սառը չէր: Բայց երկար ճանապարհին ծարավը հագեցնելու հարցում օգնության էր գալիս ճամփորդներին: Այդուհանդերձ, նրանք հասան մինչև արհեստական լճակները: Հասկանալով, որ առանց ուղեկցորդի, ձիու կամ ավանակի նշանակետին հասնել չեն կարողանա, նրանք հովիվների բացած նեղլիկ արահետով մի կերպ վերադարձան ու կեսօրին մոտ հայտնվեցին Այլիսի ամենաբարձր գագաթին կանգնած Վուրագըրդի եկեղեցու մոտ: 

Սադային եկեղեցին ծանոթ էր դեռ մանկուց: Այստեղ այնքան աղավնիներ կային, որ ժողովուրդն այն անվանել էր «Աղավնիների շուկա»: Եկեղեցու ներսում աղավնիներ չկային. թռել էին դեպի այգիներն ու ցանքատարածությունները, որտեղ առատ հատիկ ու ջուր կա: Այդ էր պատճառը, որ եկեղեցու բարձր ու հաստ պատերից ներս տիրում էր իրական կյանքի հետ ոչ մի կապ չունեցող առանձնահատուկ մի տրամադրություն՝ լռության ու անդորրի առանձնահատուկ մի աշխարհ, աշխարհ առանց մարդկանց, ժամանակի ընթացքից դուրս:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Թարգմանությունը՝ Արման Նավասարդյանի, Արուսյակ Հոխիկյանի

Հ.Գ. Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» աշխատության հայերեն թարգմանությունը www.diplomat.am կայքի սեփականությունն է: Դրա մասնակի կամ ամբողջական արտատպությունը թույլատրվում է միայն կայքի հիպերհղման դեպքում, որը պետք է տեղադրվի նյութի առաջին պարբերությունում: Հակառակ դեպքում արտատպությունը կհամարվի գրագողություն, որը արգելված է ՀՀ օրենսդրությամբ:
ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ
1794 reads | 28.03.2013
Քարե երազներ, Աքրամ Այլիսլի |
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com