«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս յոթերորդ)






‹‹Իսկ դու ինչի՞ կարիք ունես, պարոն Սադօղլի››,- Սադային այդկերպ դիմեց այն ժամանակ Առաջինը` խուլ և անվստահ ձայնով, ինչն ամենևին բնորոշ չէր նրան, և կարծես ձայնը նույնիսկ թեթև դողաց: Իսկ ‹‹պարոն›› բառի մեջ հնչեց անսքող ծաղր, նույնիսկ թաքնված զայրույթ: Սադայ Սադօղլուի ‹‹աշխարհայացքը››, անշուշտ, հայտնի էր Տերին: ‹‹Ես ոչ մի բանի կարիք չունեմ››,-բարձր և մեծամտաբար պատասխանեց Սադայ Սադօղլին: Առաջինի հետ խոսելիս մարդիկ ոտքի են կանգնում: Իսկ սա տեղից անգամ չշարժվեց: ‹‹Երբ բան ու գործ չունի, գալիս է թատրոն զվարճանալու: Ամեն մեկին հասնող բնակարանը նա այն ձևով է զիջում մարդկանց, ասես քաղաքի տները հորից է ժառանգել››,- առանց որևէ մեկից վախենալու նա հայտարարեց ժողովից հետո: Հաջորդ օրը թատրոնում բոլորն ափսոսանքով նշում էին, որ եթե Սադայ Սադօղլին Առաջինի ներկայությամբ իրեն մի փոքր ‹‹արժանավել›› պահեր, նրան էլ քաղաքի կենտրոնում բնակարան կհասներ, այն շենքում, որտեղ նախարարներն էլ կերազեին ապրել: Դե, դրանից հետո արի ու մի ասա, որ մարդու ամենաոխերիմ թշնամին իր լեզուն է: 

Նստարանին Նուվարիշ Կարաբախլին կծիկ գալով քնեց ու տեսավ կյանքի երևի ամենասարսափելի երազը: Գորշավուն, տարօրինակ մի տեղ էր ընկել: Խոնավությունը թափանցում էր ոսկորների մեջ: Շուրջբոլորը ամայություն էր. ոչ տուն, ոչ ծառ, ոչ ոք և ոչինչ, բացի արյան սև լճակից: Հանկարծ Գրետա Սարկիսովնան հայտնվեց` կրիայի ձվից նոր պրծած ձագի տեսքով, որը դուրս սողաց իր սեփական արյան լճակից և ուղղվեց դեպի ջուրը: Կես մեռած, կես կենդանի, մերկ, քերթված մաշկով` այնքան այլանդակ, այնքան սարսափելի, որ երևի երկրի արարման օրից ոչ ոք նման զարհուրելի բան չէր տեսել: Գրետա Սարկիսովնան սողում ու սողում էր գետնի վրաով` գալարվելով օձի պես: Բայց դա Նուվարիշի բնակարանի ասֆալտապատ բակը չէր: Տեղանքը հիշեցնում էր նրա Խըրդալանի տան լերկ հողը, որի վրայով սողում էր Գրետա Սարկիսովնան, ասես ճգնում էր սողալ մինչև իր մահվան դուռը: Սակայն նրա մահը ինչ-որ մեկը գողացել էր և անամոթաբար թաքցրել, որ նա չհասնի դրան: Սողալով նա մերթընդմերթ բարձրացնում էր գլուխը գետնից և քրթմնջում էր. ‹‹Շնորհակալ եմ որդիս, հոգաչափ շնորհակալ եմ»,- հետո կրկին անասելի ցավերի ու տանջանքների մեջ շարունակում էր սողալ մահվանն ընդառաջ… Եվ Նուվարիշը հանկարծ հասկացավ, որ Գրետա Սարկիսովնան շիփ-շիտակ սողում է դեպի ինքը: Թվում էր, թե այդ կնոջ մահը հենց Նուվարիշից է կախված, և Գրետա Սարկիսովնան ցանկանում էր նրա ձեռքից ստանալ իր մահը և մեկընդմիշտ ազատել չարչրկված մարմինը ցավից ու տանջանքից… Որքան մոտ էր սողում Գրետա Սարկիսովնան, այնքան վախն ու սարսափը պատում էր Նուվարիշին: Արտիստը փորձում էր փախչել մեռնող կնոջից, որը ոչ մի կերպ ոգին չէր ավանդում: Սակայն նա չէր կարողանում քայլ անգամ գցել, ասես արճիճով լցված լիներ: Մղձավանջից տանջահար արտիստը բացեց աչքերը և երջանիկ զգացումով իրեն գտավ սառն ու խոնավ միջանցքում: Լույսերը վառել էին, և միջանցքի մյուս ծայրին վիրհատարանի դռները կրնկի վրա բաց էին:
Քունը գլխին, դեռ երազի տպավորության տակ, Նուվարիշ Կարաբախլին մտավ բժիշկ Ֆարզանիի առանձնասենյակը և հասկացավ, որ նա խոսելու ուժ անգամ չունի: Ֆարզանին նոր էր դուրս եկել վիրահատարանից և ձեռքերն էր լվանում. 

-Անցի, նստիր, Մուբարիզ մուալլիմ,- ասաց բժիշկը: -Չվախենաս: Ամեն ինչ լավ է: Ընկերդ հիվանդասենյակում է: Քնած է: Ամուր օրգանիզմ ունի: Երկաթից: Մեր մեջ ասած, հարբեցողի բոլորովին նման չի:
Արտիստն այն աստիճանի էր հուզված, որ անգամ չնկատեց, որ բժիշն իրեն անվանեց ոչ թե Նուվարիշ, այլ Մուբարիզ:
-Ո՞նց թե քնած է, դոկտոր, ուշքը տեղը չէ՞:
-Դեռ ոչ,- հանգիստ պատասխանեց բժիշկը` սրբելով ձեռքերը:- Մի շտապիր, ամեն բան իր ժամանակին: Այսօր գիշեր կամ վաղ առավոտը ուշքը տեղը կգա: Ես լավ բուժքրոջ եմ ուղարկել մոտը: Մինչև լույս կհսկի:- Բժիշկը կախեց սրբիչը և նստեց իր տեղը:- Տեսնում եմ դու էլ ես պինդ քնել, բայց տեսքդ մի բան չի: Վատ երա՞զ ես տեսել:
-Շատ վատ, դոկտոր, ո՞նց գլխի ընկաք: Նման սարսափելի երազ կյանքումս չէի տեսել:-Արտիստը լռեց: Հետո սկսեց հոնգուր-հոնգուր լալ և արցունքների միջից,- Աստված սիրեք դոկտոր մի տաս գրամ սպիրտ տվեք: Խեղդվում եմ, ազնիվ խոսք: Գլուխս էլ տրաքում է: Գանգիս մեջ ասես մկներն ու առնետները բռնոցի են խաղում:
-Չէ, եղբայրս, էդպես գործ չի լինի,- սիրալիր ասաց բժիշկը, անկեղծորեն խղճալով արտիստին: Նա սեղանին մի հին թերթ փռեց: Սառնարանից հանեց փոքր, քրտնած գրաֆինը` մեջը արցունքի պես թափանցիկ ինչ-որ հեղուկ, դրեց սեղանին: Թերթի վրա շարեց մի երկու շերտ երշիկ: Մի քանի թթու վարունգ: Աղի կաթնաշոռ: Սաջի լավաշ: Մի փունջ մաքրած և լվացած համեմ… Թեյի տանձատիպ երկու բաժակների մեջ լցրեց հոնի օղին, որի միայն տեսքից արտիստի աչքերը բոցկլտացին:
-Դուք շատ լավ մարդ եք, դոկտոր: Ձեզ տեսնելուն պես դա հասկացա:-Արտիստ ձգվեց դեպի բաժակը, սակայն չդիպավ դրան, քանի դեռ բժիշկն իր բաժակը չէր վերցրել: Բժիշկ Ֆարզանիի հայացքն ուղղված էր լվացարանի կողմը: Արտիստը հասկացավ բժիշկի միտքը: Լվաց ձեռքերն օճառով և վերադարձավ տեղը:
-Խմե՞նք,- ժպտալով ասաց բժիշկը և խմեց օղին: Վերցրեց մի փոքր կաթնաշոռ, փաթաթեց լավաշի մեջ ու կերավ:
-Ձեր կենացը, դոկտոր:- Նուվարիշը ոտքի կանգնած խմեց, խոժոռվեց օղուց ու նստեց:
-Երշիկ վերցրու: Կեր, մի՛ քաշվիր,- հորդորեց բժիշկը,- ինքը երշիկին ձեռք չտվեց: Վերցրեց մի երկու թել համեմ և դանդաղ ծամեց:- Ընտանիք ունի՞:
-Ունի, դոկտոր: Հոյակապ կին ունի` Ազադա հանումը: Հրաշալի ատամնաբույժ է և լավ անձնավորություն: Նա հայտնի հոգեբույժ դոկտոր Աբասալիևի աղջիկն է: Կարող է լսած լինեք:
Այդ խոսքերը դոկտոր Ֆարզանիին շատ զարմացրին:
-Իսկ ո՞վ չգիտի դոկտոր Աբասալիևին,-վրա բերեց նա:-Նա դեռ կա՞:
-Կա, դոկտոր, կա: Ողջ ու առողջ է,- ոգևորված պատասխանեց օղուց ուշքի եկած Նուվարիշը: Ամուր է ինչպես սառցահատը: Արդեն մեկ տարուց ավելի է տեղափոխվել և ապրում է Մարդակյանում, ամառանոցում: Ասում է, գժերի հետ այլևս չեմ ուզում գործ ունենալ: Խելքից դուրս շատացել են, ասում է:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Թարգմանությունը՝ Արման Նավասարդյանի

Հ.Գ. Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» աշխատության հայերեն թարգմանությունը www.diplomat.am կայքի սեփականությունն է: Դրա մասնակի կամ ամբողջական արտատպությունը թույլատրվում է միայն կայքի հիպերհղման դեպքում, որը պետք է տեղադրվի նյութի առաջին պարբերությունում: Հակառակ դեպքում արտատպությունը կհամարվի գրագողություն, որը արգելված է ՀՀ օրենսդրությամբ:


ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՎԵՊՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ ԱՅՍՏԵՂ
ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ
2703 reads | 01.03.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com