«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս վեցերորդ)





Ինքն իրեն վերջնականապես համոզելով, որ շուտով հենց Գլխավոր Բեյից ինքը ատրճանակ է ստանալու, Նուվարիշ Կարաբախլին թախիծով հիշեց, թե ինչպես ընդամենը տարի, տարիուկես առաջ նրանք երկար ու հաճելի նստում էին տարբեր չայխանաներում: Հիշեց նաև, թե ինչպես 1979 թվականի մայիսին այն ժամանակվա ողջ Ադրբեջանի «Առաջինը» հանկարծ հաճախեց թատրոն և հանկարծ էլ նրան հատկացրեց բնակարան քաղաքի կենտրոնում: 

Նույնպես հիշեց, թե ինչպես մի անգամ, 60-ականների վերջին ուժեղ հարբեց, և այդ վիճակում ավտոբուսի կանգառում, Զեվին փողոցի անկյունում, հանդիպեց նրան, որին քաղաքում Տեր էին անվանում: Այն ժամանակ Նուվարիշ Կարաբախլին դեռ ապրում էր հոր տանը և նոր-նոր էր բեմ դուրս գալիս երկրորդական դերերով: (Սակայն լինում են չէ՞ կյանքում հրաշքներ) քաղաքի այն ժամանակվա Տերը տեսել էր այդ աննշան դերերը Նուվարիշի կատարմամբ: Եվ ոչ միայն տեսել էր , այլև հիշել: 

Այդ երեկո Տիրոջ քեֆն էլ էր տեղը, գալիս էր ինչ-որ կերուխումից (կողքից քայլում էր երկու ամրակազմ տղամարդ` նրա թիկնապահները): 
-Ա~…ա~ արտիստ, սպասի ախպերս,-ասաց նա:- Համա թե խմել ես, էդ որտե՞ղ ես էդպես կոնծել:- Նա աչքով արեց թիկնապահներին:- Ես էլ եմ խմած: Մենակ թե տեսնու՞մ ես քեզ պես կանգնած տեղս չեմ ճոճվում: 

Այն ժամանակ Նուվարիշը, բնականաբար, դեռ ծանոթ չէր հանրապետության Առաջին մարդու հետ, և եթե Առաջինը ձեռք չմեկներ նրան և չասեր, որ  ‹‹ծանոթանան››, հավանաբար, չէր իմանա, թե այդ գիշեր ում էր հանդիպել Զեվին փողոցում:
-Արի ծանոթանանք (ասաց անունը): Ես քեզ գիտեմ, դու արտիստ ես: Եվ լավ դերեր ես խաղում թատրոնում: Իսկ ո՞ւր ես գնում այս կեսգիշերին:
Նուվարիշը փաթ-փաթ ընկնող լեզվով հազիվ արտաբերեց.
-Խը-խը-Խըրդալան: Ավտոբուս եմ նստում:
Երկար դիմագծեր ունեցող Առաջինը ոտքից գլուխ չափեց արտիստին:
-Դե գնա,- հրամայեց նա վախեցնող արհամարանքով:- Ուշ է: Քայլով մա՛րշ: Մեկ էլ էդպես չխմես:

‹‹Դու դեռ Խըրդալանու՞մ ես ապրում››: Առաջինի` ավելի ուշ թատրոնում ասված այդ խոսքերը, ասես կենդանի հնչեցին արտիստի ականջներին, այնքան կենդանի, որ կարծես հիվանդանոցի անշունչ պատերն անգամ լսեցին դրանք: 

-Ես հիմա ապրում եմ Մոնտինա ավանում, հողից մի հարկ ներքև,- համարձակ կատակեց արտիստը:
-Վաղվանից կապրես քաղաքի ճիշտ կենտրոնում` գետնից 10 հարկ բարձր,- կատակին կատակով պատասխանեց Առաջինը:

Այդ երեկո թատրոնի ողջ ստեղծագործական կոլեկտիվը` խաղալով Ախունդովի ‹‹Մեսյո Ժորդանը››, հավաքվել էր տնօրեն Մոպասան Միրալամովի առանձնասենյակում: Նուվարիշը ներկայացման մեջ խաղում էր դերվիշ Մաստալի-շահի դերը, և Առաջինը կարծես թե գոհ էր նրա կատարումից: ‹‹Դու Շեյխ Ահմեդն էլ ես փայլուն խաղում ‹‹Մեռածներում››,- ասաց նա:- Հեռուստատեսությամբ երկու անգամ դիտել եմ: Շա՛տ խաղա նման դերեր»:

Պարզ դարձավ, որ այդ օրը գալով թատրոն, Առաջինը նախօրոք պլանավորել էր բնակարաններ հատկացնել մի քանի աշխատողի: Երջանիկների մեջ պետք է որ անպայման լիներ Գրետա Մինասովան: ‹‹Այստեղ մի հնագույն աշխատող կար` Մինասովա: Նա դեռ աշխատու՞մ է››,- ձևի համար տնօրենին հարցրեց Տերը: 

Եվ Գրետա Սարկիսովնան անսպասելի հրավերից շփոթված, մեռելից էլ գունատված մտավ Մոպասանի առանձնասենյակը, իսկ դուրս եկավ այնտեղից երջանկությունից լալով և անընդհատ կրկնելով. ‹‹Շնորհակալություն, որդյակս, անսահման շնորհակալություն››:

Մինչև հիմա Գրետա Սարկիսովնայի դեմքի արտահայտությունը, որը նա ուներ այդ երեկո, արտիստի աչքերի առաջ է: Միգուցե ավելի կենդանի, ավելի արտահայտիչ, քան թե կար իրականում: Մեկ էլ նա հիշում էր Սադայ Սադօղլուի դեմքը` գորշագույն դարձած դեմքը, արնակալած աչքերը, բարկությամբ և կատաղությամբ լի հայացքը: Հենց սկզբից նրա և Տերի ջուրը մի առվով չէր հոսում: Նուվարիշի կարծիքով մեղքը ոչ թե Տերինն էր, այլ Սադայինը` նրա համառության և հպարտության երեսից: ‹‹Սաունայում բարեկամներ է ձեռք բերում օղի խմելով: Ամեն մեկին մի բան է շպրտում, իսկ խլում է մարդու ամենակարևոր բանը` արժանապատվությունը: Կռտում է ժողովրդի ոգին, որ բոլորին սարքի անլեզու և ձեռնասուն››: 

Նման սարսափելի խոսքեր Սադայ Սադօղլուն չէր վախենում արտասանելուց նաև թատրոնի ղեկավարության ներկայությամբ:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Թարգմանությունը՝ Արման Նավասարդյանի

Հ.Գ. Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» աշխատության հայերեն թարգմանությունը www.diplomat.am կայքի սեփականությունն է: Դրա մասնակի կամ ամբողջական արտատպությունը թույլատրվում է միայն կայքի հիպերհղման դեպքում, որը պետք է տեղադրվի նյութի առաջին պարբերությունում: Հակառակ դեպքում արտատպությունը կհամարվի գրագողություն, որը արգելված է ՀՀ օրենսդրությամբ:

ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՎԵՊՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ ԱՅՍՏԵՂ
ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ
2742 reads | 27.02.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com