«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս իններորդ)



Նարդարանցիների մազերը, որոնք կյանքում նման բան լսած չկային, բիզ-բիզ կանգնեցին: Թե ի՜նչ կատարվեց հետո, պատմելու բան չէ: Էլ աքսակալների քվուր-քյավար, էլ կանանց անեծքներ, որոնք սեղանի շուրջը նստած չէին, բայց դրսից ծղրտացին. «Անիծվես դու, անիծվես»: Իսկ հետո սեղանից վեր կացան նարդարանցի ջահելները և մի լավ դնգստեցին դոկտորին: Խեղճին այնպես ծեծեցին, որ երեք ամիս բեմ չէր բարձրանում: Ինքը` Կովկասի բոլոր մուսուլմանների առաջնորդ շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեն այցելեց հիվանդանոց, որպեսզի համոզի Սադային հրապարակայնորեն ներողություն խնդրել նարդարանցիներից: Հակառակ դեպքում վիրավորված նարդարանցիները նրան կարող էին պարզապես սպանել: 

Նուվարիշը այդ տրագիկոմիկ պատմությունը ներկայացրեց հիացմունքով և, բնականաբար, մի փոքր էլ գունազարդելով: Հետո հանկարծ նկատեց, որ բժշկի դեմքի արտահայտությունը միանգամայն փոխվեց, և վախեցավ, չլինի թե ավելորդություններ է դուրս տվել: Նրան թվաց, թե պատմածն այնքան էլ դուր չի եկել բժշկին: Շտապեց հարցնել տագնապած.

-Ի՞նչ իմանամ, կարող է նման բան ընդհանրապես չի եղել: Կարող է պատահել իմ նման հիմարի մեկը կամ ինձանից վատ մի ծաղրածո՞ւ է հնարել այդ ամենը: 

Նա վշտացած կտրեց ձայնը` մտածելով որ աստվածավախ նարդարանցիների գլխին Սադայի սարքած մահացու վտանգավոր օյինը վիրավորեց նաև բժիշկ Ֆարզանիի կրոնական զգացումները: Բայց Ֆարիդ Ֆարզանին մոլեռանդ մուսուլման չէր: Նա ոչ ծոմ էր պահում, ոչ էլ նամազ էր անում: Ճիշտ է, երբ ապրում էր Մոսկվայում, աշխատում էր հնարավորության սահմաններում պահել կրոնի և Մարգարեի սահմանած օրենքներն ու կանոնները: Եվ Ֆարիդ Ֆարզանիի Մոսկվայից Բաքու անակնկալ տեղափոխվելու հիմնական պատճառը հենց իր մեջ քիչ թե շատ պահպանված հավատարմությունն էր կրոնի նկատմամբ: Եթե ընդամենը երեք տարի առաջ Մոսկվայում նրան պատմեին այն, ինչը Մարգարեի հասցեին ասել էր հիվանդասենյակում հիմա անգիտակից պառկած արտիստը, ապա բժշկից մեծ ջանքեր կպահանջվեր ասվածը մինչև վերջ ունկնդրելու համար: Սակայն ինչին նա ականատես եղավ Բաքվում, կտրուկ փոխեց նրա վերաբերմունքը և' կրոնի, և' հայրենիքի, և' հենց Մարգարեի նկատմամբ: Բժշկին հատկապես ապշեցրել էր քաղաքի մուսուլմանների ցուցաբերած դաժանությունը հայերի նկատմամբ, թերևս, այն պատճառով, որ նման դաժանություն հայերի կողմից նա անձամբ չէր տեսել:

-Շե՞յխն էլ է նախիջևանցի,- մտքերի մեջ հարցրեց բժիշկը` նկատելիորեն ընկճված և մտահոգ:

Հարցը զարմանք պատճառեց արտիստին: 

-Դե չէ, որտեղից: Շեյխը լենքորանցի է, թալիշ: Կարծես թե լավ էլ մարդ է, մեղմ բնավորությամբ:- Արտիստը մի պահ լռեց` բառեր էր որոնում:- Անկեղծ ասած, ամաչում եմ հարցնել: Իսկ դուք, դոկտոր, ծննունդով որտեղի՞ց եք: Ձեր ազգանունն ինձ պարսկական է թվում: 

-Պարսիկ էլ կամ:-Բժիշկը խորը հոգոց հանեց:- Հայրս մի անգամ ինձ այստեղ բերելու հիմարություն ունեցավ: Ես ավելի մեծ հիմարություն գործեցի Մոսկվայից այստեղ գալուս համար: Տասնհինգ տարի վիրաբույժ էի աշխատում Սկլիֆասովսկու հիվանդանոցում: Վերջին խոսքերը բժիշկը արտասանեց առանձին հպարտությամբ, նորից մի քիչ օղի լցրեց և ասաց:- Խմենք մեր անաստվածի կենացը: Մաղթենք, որ նա այևս երբեք չընկնի վայրենիների ձեռքը:- Առաջին անգամ վիրաբույժը չխկացրեց բաժակը արտիստի բաժակին: 

Արտիստը զգում էր, որ վիրաբույժի համակրամքն իր նկատմամբ գնալով մեծանում է, և ուրախանում էր ինչպես երեխա:
- Խմենք, դոկտոր, խմենք և մաղթենք, որ նա այլևս չընկնի «երազերիների» տիպի անզգամ անասունների ձեռքը: Բայց, դոկտոր, նրա կինը վաղուց էր կանխազգում ամուսնու գլխին գալիք փորձանքը: Աշխատում էր, որ նա փողոց դուրս չգա: Եվ դուրս չէր գալիս: Միայն երեկ մի երկու ժամով մտավ թատրոն: Այն էլ, ես էի զանգահարել տնօրենի առանձնասենյակից և համոզել, որ գա: Չէր այցելում, թատրոնն անգամ ձանձրացրել էր: Նույնիսկ աշխատավարձ ստանալու չէր գալիս: Աստված գիտե, թե նա ինչու էր երեկ հայտնվել քաղաքում:

-Ծխիր, հանգիստ ծխիր:- Բժիշկը որոշեց ազատել արտիստին գրպանները քչփորելու տանջանքից: Նա մոտեցավ կիսաբաց պատուհանին և լայն բացեց: -Այդպիսի մարդը հազիվ թե կարողանա ապրել այսպիսի քաղաքում,- ասաց նա կերկերուն ձայնով, հետո կծկվեց նստած տեղը և ընկավ մտքերի մեջ:
Արտիստը ճիշտ էր նկատել, որ դոկտոր Ֆարզանիի տրամադրությունը միանգամից փոխվեց: Պատճառը ոչ հոգնությունն էր, ոչ էլ արտիստի պատմածը: Պարզապես թլպատման տոնին Սադայի ասածը Ֆարզանին ժամանակին լսել էր սեփական կնոջից. «Ձեր Մարգարեն Աստծուց խելո՞ք է, ի՞նչ է»: Այն ժամանակ այդ խոսքերը տակնուվրա էին արել նրան, որի պատճառով էլ հրաշալի ընտանիքը քանդվել էր Մոսկվայում: Հենց վիրավորական և հոգին խորապես խոցող խոսքերն էին իր ներկա անուրախ և, ըստ էության, օտար քաղաքում իր ներկա ամուրի կյանքի պատճառը: 
Ճակատագիրը երբեմն անսպասելի անակնկալներ է հրամցնում: Ամուսնացած լինելով ռուս կնոջ հետ, երկար տարիներ չզգալով որևէ հոգեկան անհամատեղելիություն, լինելով միակ աղջկա երջանիկ հայր` տղայի ծնվելուց հետո Ֆարիդ Ֆարզանին հանկարծ կորցրեց հոգեկան հավասարակշռությունը: Արդեն երբ տղան դեռ երեխա էր, թլպատման հարցը հոր համար վերածվել էր իսկական պրոբլեմի: Եվ այդ պրոբլեմը աստիճանաբար մեծացավ որդու հասակ առնելուն զուգընթաց: Կպչուն մտքերն այն աստիճան սկսեցին ճնշել բժշկին, որ վերածվեցին գիշերային մղձավանջի: Նման բան նախկինում նրա հետ երբեք չէր եղել: Իսկ երբ լրացավ տղայի տասներկու տարին, մի անգամ առավոտյան Ֆարիդ Ֆարզանին վճռականորեն հայտարարեց կնոջն իր որոշումը. «Դա օրենք է` պատգամած Մարգարեի կողմից: Ես իրավունք չունեմ չենթարկվելու»

Լսելով կնոջ պատասխանը, թե. «Ի՞նչ է, ձեր Մարգարեն Աստծուց խելո՞ք է», կատաղի ցանկություն ունեցավ գլուխը ջարդել պատին:
Եվ մի առավոտ, երբ կինն աշխատանքի էր, իսկ երեխան` դպրոցում, բժիշկ Ֆարզանին հեշտությամբ համոզեց տղային և ընդամենը մի տաս-տասնհինգ րոպեում արեց այն, ինչը Մարգարեն համարում էր յուրաքանչյուր մուսուլմանի առաջին պարտականությունը Աստծու հանդեպ: Եվ ո՞վ կարող էր ենթադրել, թե Սկլիֆասովսկիի հիվանդանոցի փորձառու վիրաբույժի համար այդ հասարակ գործողությունը վերջանալու էր բարդություններով: Վախից էր, թե մեկ այլ պատճառով` երեկոյան կողմը երեխայի ջերմությունը բարձրացավ մինչև քառասուն: Մայրը, երեկոյան գործից տուն գալով և տեսնելով երեխային այդ վիճակում` կորցրեց խոսելու ունակությունը: Նա ամուսնուն ոչ մի բառ չասաց, չփորձեց տաքությունն իջեցնել, պարզապես սարսափած նայեց երեխային: Հետո նետվեց վաննայի սենյակ, որտեղից երկար լսվում էին նրա հեկեկանքն ու հեծկլտոցը: 

Պարզվում է, ռուս կնոջ սերը շատ հեշտությամբ է փոխվում ատելության: Չնայած առավոտյան տղան ոտքի կանգնեց և հանգիստ սկսեց ման գալ, Ֆարզանիի կինը մեկընդմիշտ խզեց հարաբերությունները ամուսնու հետ: Նա անմիջապես դիմեց ապահարզանի և կենտրոնի երեք սենյականոց բնակարանը փոխանակեց քաղաքի տարբեր ծայրերի երկու սենյականոց երկու բնակարանների հետ: Առանց ընտանիքի մի քանի տարի ապրելուց հետո Ֆարիդ Ֆարզանին 1986-ին փոխանակեց իր բնակարանը բաքուաբնակ մի ռուսի հետ և նույն օրն էլ հասկացավ, որ աններելի սխալ է թույլ տվել:
Որդին հիմա քսան տարեկան է, սակայն հոր հիշողության մեջ այդպես էլ մնաց տասներկու տարեկան երեխա: Եվ նրա անմեղ ու մոլորված աչքերը դեռ երկար-երկար տարիներ անողոք կերպով հետապնդում էին բժշկին: Ողջ սարսափն այն էր, որ թլպատման ժամանակ երեխան ոչ մի ծպտուն չհանեց, իսկ հետո այնպիսի ոչնչացնող հայացք նետեց հոր վրա, որ մոռանալ այդ հայացքը պարզապես նրա ուժերից վեր էր: Ֆարզանին որդու աչքերում կարդաց գործողությունը երբեք չմոռանալու դատավճիռ: Արդեն շատ ժամանակ անց բժիշկը հասկացավ, թե ինչումն էր իր մեղքը: Տղայի համար մեկ էր, հայրը իրենից մի կտոր մաշկ է կտրել, թե մի ամբողջ մատ: Լինելով մոսկովյան միջավայրի դաստիարակության ծնունդ, նա չըմբռնեց հոր քայլը: Տղան կատարվածը ընկալել էր որպես ֆիզիկական բռնարարք, որպես անիմաստ դաժանություն և վայրենություն: Թլպատման հաջորդ առավոտ բժիշկը իր անսահման սիրած և փայփայած որդու հայացքից հասկացավ, որ այլևս օտար է նրա համար: Եվ իզուր է ինքն-իրեն հույս տալիս, որ կանցնի ժամանակ, խորթությունն էլ հետը: Հայրը ուժ չուներ պայքարելու այդ զգացմունքի դեմ, տղան` ցանկություն: Բաքու տեղափոխվելուց հետո աղջիկը երկու անգամ այցելեց իրեն: Հիմա էլ շաբաթը մեկ զանգահարում էր հորը, հետաքրքրվում նրա կյանքով, առողջությամբ: Իսկ տղան ոչ եկավ, ոչ էլ զանգահարեց:
Իրոք, որդին բժիշկ Ֆարզանիի աքիլլեսյան գարշապարն էր: Եվ արտիստի պատմածն, ըստ երևույթին, դիպել էր հենց այդ թույլ կետին, փորփրել էր վերքը, թարմացրել այն: Նա ընկել էր իր էությանն ամենևին ոչ հարիր միստիկ-մելանխոլիկ տրամադրության մեջ և ամեն կերպ աշխատում էր դուրս գալ այդ վիճակից: 

-Դե. նա բնածին Դոն Կիխոտ է ,- ուրախություն ձևացրեց Ֆազրանին: -Դոն Կիխոտը` իսկ և իսկ նրա դերն է: Կասեմ իրեն, երբ լավանա: Ի՞նչ ես կարծում, չի՞ նեղանա:
Արտիստը զարմացած նայեց բժիշկին: Ի՞նչ նեղանա, երբ «Դոն Կիխոտը» Սադայ Սադօղլուի սիրած ստեղծագործությունն է: Նա կրկին սկսեց գրպանում ծխախոտ փնտրել:
-Նա երևի հարյուր անգամ կարդացել է «Դոն Կիխոտը»: Սերվանտեսը նրա ամենասիրած հեղինակն է: Իսկ մեր գրողներից նա բարձր է գնահատում Միրզա Ֆաթալի Ախունդովին: Կյանքում նրա կուռքը դոկտոր Աբասալիևն է, մեկ էլ Հայկանուշ անունով իր հայ դասընկերուհին, որի մասին միշտ սիրով է խոսում:
Այս ամենը մի շնչով վրա տալով, Նուվարիշ Կարաբախլին ձեռքը քաշեց գրպանից և երկչոտ նայեց բժշկին: Բժիշկ Ֆարզանին «Դոն Կիխոտը» երկու անգամ կարդացած կլիներ, Միրզա Ֆաթալի Ախուդովի մասին որոշ տեղեկություն ուներ, սակայն հայուհի Հայկանուշին, իհարկե, չէր ճանաչում: Դրա փոխարեն նա լավ ծանոթ էր դոկտոր Աբասալիևին: Նրանք հաճախ էին հանդիպել բժշկական տարբեր սիմպոզիումներում` Մոսկվայում, Լենինգրադում, Պրահայում, Վարշավայում…
-Իսկ որտե՞ղ է աշխատում դոկտոր Աբասալիևի դուստրը:
-Ազադա հանումն սկզբում աշխատում էր «Լեչկոմիսիայում»: Իսկ հիմա աշխատում է Նեֆտյանիկների պողոտայում բացված ատամնաբուժական կլինիկայում:
- Արտիստը նայեց ժամացույցին:- Բայց հիմա նա այնտեղ չի լինի: Հավանաբար տուն գնացած կլինի:
-Դու ասում էիր, որ նա կիրակի օրերը գնում է հոր մոտ` Մարդակյանի:
-Այո, գնում է…
- Հանկարծ արտիստի գլխում միտք փայլատակեց:-Այսօր կիրակի է, չէ՞, դոկտոր: Ի՜նչ հիմարն եմ: Տանջվում եմ, թե ինչպես գնամ ու պատմեմ Ազադե հանումին կատարվածը: Թող նա դեռ ոչինչ չիմանա: Իսկ վաղը, առաջ Աստված, Սադայը լավ կլինի, ուշքը տեղը կգա, Ազադե հանումի համար էլ այնքան ծանր չի լինի ամուսնուն տեսնելը: Նրանք իրար շատ են սիրում: Երեխաներ չունեն, և այն սերը, որը պետք է տային նրանց, բաշխում են իրար մեջ:-Աչքի պոչով նայելով սեղանին, հարցրեց,- թույլ կտա՞ք հավաքել:

-Մի անհանգստացիր, կհավաքեն,- բժիշկը կիսատ գրաֆինը դրեց սառնարանը:- Դու Ազադե հանումի հեռախոսն ունե՞ս:
-Աշխատանքայինը` չունեմ, տան համարը գիտեմ:
-Գրիր, խնդրում եմ: Հավանաբար, դոկտոր Աբասալիևի դաչայում հեռախոս կա, չէ՞:
-Հա, բայց համարը չգիտեմ:
Դոկտոր Ֆարզանին սեղմեց արտիստի ձեռքը:
-Դե, դու գնա, էս գիշեր մի լավ հանգստացիր: Ես դեռ շատ գործ ունեմ:
-Դոկտոր,-
աղերսագին բացականչեց Նուվարիշ Կարաբախլին և այնպես խղճալից նայեց Ֆարզանիին, որ վերջինս անխոս հասկացավ խնդրանքը:
-Հիվանդասենյակ չենք մտնում,-հայտարարեց նա,- իմաստ չունի: Մի վախեցիր, ամեն ինչ լավ կլինի: Ես նրան հրաշալի սենյակում եմ պառկեցրել, դու հետո կհամոզվես: Հեռախոս, հեռուստացույց: Ոչ թե հիվանդասենյակ է, այլ խանի պալատ:-Բժիշկը նայեց արտիստի տված հեռախոսի համարը:- Ընտանիքի հետ ես կկապվեմ,-ավելացրեց նա, -մի անհանգստացիր:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Թարգմանությունը՝ Արման Նավասարդյանի

Հ.Գ. Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» աշխատության հայերեն թարգմանությունը www.diplomat.am կայքի սեփականությունն է: Դրա մասնակի կամ ամբողջական արտատպությունը թույլատրվում է միայն կայքի հիպերհղման դեպքում, որը պետք է տեղադրվի նյութի առաջին պարբերությունում: Հակառակ դեպքում արտատպությունը կհամարվի գրագողություն, որը արգելված է ՀՀ օրենսդրությամբ:


ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՎԵՊՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ ԱՅՍՏԵՂ
ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ
1508 reads | 13.03.2013
|
avatar

avatar
1
Davay dasvidania, aj adrbejanci

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com