«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս երրորդ)
ՍԿԻԶԲԸ՝



Նուվարիշը հաճախ էր լինում Սադայ 
Սադօղլիի տանը: Եվ գիտեր, որտեղ է աշխատում նրա կինը: Ազադե խանումը երևի դեռ գործի տեղում է: Սակայն այս րոպերին վեր կենալ և գնալ նրա մոտ Նուվարիշի համար գրեթե անհնար էր: Նա դեռ չէր որոշել, թե ինչպես պատմի նրան ամեն ինչի մասին: Ամենալավը կլիներ մնալ այստեղ և սպասել մինչև գործողությունը վերջանա: Իսկ երբ Սադայն ուշքի գա, ավելի հեշտ կլինի Ազադե խանումին պատմել կատարվածը (նա մոռացել էր, որ օրը կիրակի էր և նա չէր աշխատում): Նուվարիշ Կարաբախլին ամուսնացել էր երեք անգամ, սակայն տանը նրան ոչ ոք չէր սպասում: Առաջին անգամ ընտանիք կազմելու փորձ Նուվարիշն արել էր 15-20 տարի առաջ: Սիրած աղջկան առանց նշան, առանց հարսանիք, առանց օժիտ և առանց ձևականության նա նստեցրեց տաքսի ու բերեց հայրական տուն: Լավ, հարսանիքը գլուխը քարը, բայց Նուվարիշի մայրը ոչ մի կերպ կուլ չտվեց, որ հարսն անօժիտ է: Կեսուրի հետ մեկուկեսամսվա կռիվներից հետո հարսը հավաքեց ունեցած-չունեցածը, տնից դուրս եկավ ու այլևս չվերադարձավ:

Այդ ժամանակ` իր երիտասարդ տարիներին, երբ նա խաղում էր ընդամենը երկրորդական դերեր, թատրոնի հնագույն աշխատողներից մեկի ‹‹բնակարանային պայմանները բարելավվեց››, իսկ նրա կիսանկուղային բնակարանը Մոնտինեում, բաժին հասավ Նուվարիշին: Այս բնակարանում նա ապրում էր երկրորդ կնոջ հետ, որն ինը ամիս հետո վախճանվեց քաղցկեղից: Իսկ երրորդ կինը` թատրոնի անվանի դերասաններից մեկի աղջիկը` Զուլիետան, 36-ամյա պառաված օրիորդ էր: Հինգ տարի նրանք երեխա չէին ունենում: Հետո տղա ծնվեց: Բայց մի անգամ, երբ նորածինը դեռ երեք ամսական չկար, Զուլետան գիշերը նրան կերակրելիս ամուր քնեց, իսկ երբ զարթնեց հայտնաբերեց երեխայի կապտած դիակը. երեխան խեղդվել էր մոր կրծքերի արանքում: Զուլետան դադարեց ուտել, խմել, քնել: Խեղճը երեխայից հետո 10 օր էլ չապրեց: Նիհարեց, չոփ կտրեց, վառվեց մոմի պես, հալվեց, չքացավ ինչպես ստվեր, ասես` չէր էլ եղել: Հիմա, 10 տարուց ավելի Նուվարիշը քաղաքի կենտրոնում ուներ երկու սենյականոց բարեկարգ բնակարան: Եվ մինչև այս տարվա փետրվարը նա այդ բնակարանում ապրում էր այսօրվա համար անգամ երջանիկ, անհոգ կյանք: Հետո բախտը երես թեքեց նրանից: Հիմա Նուվարիշ Կարաբախլին աշխատում էր տուն վերադառնալ միայն գիշերները, այն էլ նրա համար, որ գնալու տեղ չուներ: Սեփական տանը ոչ խաղաղություն կար, ոչ քուն, ոչ հանգիստ` ոչ մի րոպե: Պատճառը Բաքսովետի աննշան, բայց փողոտ պաշտոն զբաղեցնող հաստափոր աժդահան էր, որը զավթել էր թատրոնի հնագույն աշխատակցուհու, հանդերձապահ Գրետա Սարկիսովնա Մինասովայի բնակարանը, որը վերջինս ստացել էր Նուվարիշի հետ միաժամանակ նույն տան տասներորդ հարկում: Բաքսովետի հաստափորն այդտեղ բացել էր իսկական բարդակ: Պատից այն կողմ ողջ օրը աղմուկ-աղաղակ էր: Հնամաշ, փորձառու և տակավին ջահել` այդ արհեստը նոր սկսած պոռնիկների հիստերիկ ծիծաղը և ճվոցները, նրանց բնական կամ ձևական հաճույքի տնքոցները խենթացնում էին արտիստին, հանգիստ չէին տալիս ցերեկը, քնել չէին թողնում գիշերը:

Լուրեր էին պտտվում, որ այդ աժդահան Շուշիի ամենահարուստ մարդկանցից է: Բաքվում նա հայտնվել էր վերջերս, աշխատանքի էր տեղավորվել Բաքսովետում, Նուվարիշի հարևանությամբ, կոոպերատիվ շենքում առել էր չորսսենյականոց բնակարան: Այդ մարդու կառուցվածքը քառակուսի էր: Ուսերի լայնությունն ամեն ստանդարտներից դուրս էր: Սևագորշ մազեր, սև ու խիտ հոնքեր, առատ բուսած բեղեր, դուրս պրծած, ոչինչ չարտահայտող կոկորդիլոսի աչքեր: Այդ մարդու անգամ անունն ու ազգանունը Նուվարիշ Կարաբախլիի համար դաժանության և անգթության արտահայտություն էր` Շահղաջար Արմաղանով: Թող գետնի տակն անցնի այդ կենդանուն նման անուն տվողը:

Մի օր առավոտյան, երբ նոր-նոր էր լույսը բացվում, բակում հարայ-հրոց բարձրացավ, թե ինչ-որ մի հայ կին պատշգամբից իրեն գցել է: Գրետա Սարկիսովնայի ծերունական փոքրիկ մարմինը դեռ թփրտում էր սեփական արյան լճակի մեջ, իսկ քաղաքում սկսեցին անհեթեթ լուրեր պտտվել, թե իբր պատշգամբից նետված հայ կինը մահից առաջ մեղայական գրություն է թողել. ‹‹Ես ատում եմ ինձ` հայերի կատարած հանցագործությունների համար: Ես ատում եմ իմ ժողովրդին և այդ պատճառով այլևս չեմ ուզում ապրել: Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին: Կեցցե Ադրբեջանը››:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Թարգմանությունը՝ Արման Նավասարդյանի

Հ.Գ. Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» աշխատության հայերեն թարգմանությունը www.diplomat.am կայքի սեփականությունն է: Դրա մասնակի կամ ամբողջական արտատպությունը թույլատրվում է միայն կայքի հիպերհղման դեպքում, որը պետք է տեղադրվի նյութի առաջին պարբերությունում: Հակառակ դեպքում արտատպությունը կհամարվի գրագողություն, որը արգելված է ՀՀ օրենսդրությամբ:
ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ
2934 reads | 20.02.2013
Բաքվի ջարդեր, Քարե երազներ, ադրբեջանցի սկանդալային գրող, Աքրամ Այլիսլի |
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com