«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս չորրորդ)

ՍԿԻԶԲԸ՝


Նուվարիշը և այն ժամանակ, և հիմա մազաչափ անգամ չէր կասկածում, որ այդ ‹‹ինքնասպանությունը›› շուշեցի աժդահայի ձեռքի գործ է: Անկասկած, Շահղաջար Արմաղանովն է գցել Գրետա Սարկիսովնային պատշգամբից: Հիմա այդպիսի ժամանակներ են: Կուզես պատշգամից օրական հարյուր հայ նետիր վար: Հետներն էլ մուսուլման: Ուզած մարդու հանգիստ կարելի է ջնջել երկրի երեսից, եթե նա ‹‹մեջք›› չունի: Եվ արտիստն օրեցօր ավելի ու ավելի էր վախենում այդ շուշեցուց: Հիմա ոչ օրենք կա, ոչ դատ, ոչ դատաստան: Մի գեղեցիկ օր կառնի` իրեն էլ ցած կշպրտի պատշգամբից, հետո կասի, թե ինքնասպան է եղել: Ո՞վ է քննողը, ո՞վ է ապացուցողը, որ այդ սառնարյուն, անխիղճ, անաստված մարդը բանդիտ է:

Սառը, մոխրագույն սթրեսը դեռ չէր անցել, իսկ արտիստի փուխր, հուզական ոգում գլուխ էին բարձրացնում զայրույթն ու ատելությունը: Ախր օրական քանի՞ անգամ կարելի է տեղամասային ոստիկանին նույն բանն ասել՝ մարդ եղիր, խիղճ ունե՞ս, փակիր այդ բարդակը, թե չէ ողջ քաղաքը շուտով կդառնա մի մեծ հանրային պոռնկանոց: Այդ հարցով արտիստը քանի-քանի անգամ է եղել միլպետի մոտ, քանի-քանի նամակ ու հեռագիր է ուղարկել ռայկոմ, Կենտրոնական Կոմիտե, նույնիսկ Բաքսովետ, մինչև որ չի հանգել հետևյալ եզրակացության՝ կամ երկրում իշխանություն չկա, կամ էլ մարդիկ, ովքեր կանգնած են այդ իշխանության ղեկին` դահիճ Շահղաջարով Արմաղանովի հետ են: Թատրոնում էլ նա բոլորին պատմում էր, թե ինչ է կատարվում վերջերս Գրետա Սարկիսովնայի բնակարանում: Միայն Սադայ Սադօղլին ոչինչ չէր ասում: Անիմաստ էր համարում, քանի որ այդ մարդն ուներ իր աշխարհը, ճախրում էր անուրջներում: Հետո նա չէր ուզում այդ կեղտի մեջ թաթախել մի մարդու, որի հանճարեղությանը հավատում էր ողջ հոգով:

Վերջերս նա, ամառվա տոթին անգամ պինդ փակում էր դուռ ու լուսամուտ, և միայն Աստված գիտե, թե ինչ ապրումների մեջ էր ընկնում ամեն գիշեր մինչև լուսաբաց: Այդպիսի մղձավանջային գիշերներից մեկում նա միտք հղացավ՝ ձեռք բերել ատրճանակ: Այդ խնդրանքով նա դիմեց միլիցիայի և զինկոմիսարիատի բազմաթիվ ծանոթների: Սակայն նրա խնդրանքը միայն ծիծաղ էր առաջացնում: Նրա տեսքից մարդիկ արդեն ծիծաղում էին: Եվ երբ արտիստն արդեն հույսը բոլորովին կտրել էր, թե կարող է զենք ճարել և գոնե տանն իրեն ապահով զգալ, անվանի գրողներից մեկը, որի երեք պիեսները բեմադրվել էին նրանց թատրոնում, Նուվարիշին հուշեց ամենապարզ ճանապարհը: Ըստ գրողի խոսքերի, հիմա Ժողովրդական ճակատի յուրաքանչյուր անդամ ունի մեկ, նույնիսկ մի քանի ատրճանակ: Այդ ‹‹տղաների›› միջոցով կարելի է գնել ոչ միայն ‹‹մակարով›› կամ ‹‹կալաշնիկով››, այլև` նույնիսկ իսկական գնդացիր: Եվ հենց նույն հեղինակավոր գրողի ասելով, բավական է, որ Նուվարիշ Կարաբախլին այցելի Ժողովրդական ճակատի շտաբ և խնդրանքը շշնջա Գլխավոր Բեյի ականջին:

Արտիստը վաղուց և լավ էր ճանաչում Բեյին: Հարյուր անգամ նրա հետ թեյել էր Բաքվի զանազան չայխանաներում` Բուլվարում, Մալականների այգում, Ազնեֆթի հրապարակում, և երբ գրպանում գրեթե փող չէր լինում անգամ, աշխատում էր վճարել թեյի համար:
Եվ ահա արտիստն այդ օրը՝ կեսօրին, դուրս գալով տնից, ուղիղ գնաց «Ժողովրդական ճակատի» շտաբ: Բեյը դեռ չէր եկել: Արտիստը համարյա մեկ ժամ սպասեց մուտքի մոտ: Հետո մտավ ‹‹Արազ›› կինոթատրոնին կից կաֆեն, խմեց 150 գրամ օղի ու կերավ երկու բաժին նրբերշիկ: Իսկ երբ դուրս եկավ կաֆեից և կրկին ուղղվեց դեպի Ժողճակատի շտաբ, այնտեղ` ավազանի մոտ ընկավ այդ սարսափելի պատմության մեջ:

Հիմա նստած հիվանդանոցի միջանցքի նստարանին և սպասելով վիրահատության ավարտին, Նուվարիշ Կարաբախլին նախօրոք գրում էր Գլխավոր Բեյի հետ իր դեռևս չկայացած հանդիպման հոյակապ սցենարը:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Թարգմանությունը՝ Արման Նավասարդյանի

Հ.Գ. Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» աշխատության հայերեն թարգմանությունը www.diplomat.am կայքի սեփականությունն է: Դրա մասնակի կամ ամբողջական արտատպությունը թույլատրվում է միայն կայքի հիպերհղման դեպքում, որը պետք է տեղադրվի նյութի առաջին պարբերությունում: Հակառակ դեպքում արտատպությունը կհամարվի գրագողություն, որը արգելված է ՀՀ օրենսդրությամբ:
ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ
2829 reads | 21.02.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com