«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս ութերորդ)
ՍԿԻԶԲԸ՝


-Ուրեմն, մեր ընկերը դոկտոր Աբասալիևի փեսան է, հա՞, -կրկին հարցրեց բժիշկը և նորից լցրեց բաժակները:
Նուվարիշ Կարաբախլին ուրախությունից ցնցվեց, որ բժիշկը ասաց ոչ թե «քո ընկերը» , այլ «մեր ընկերը», ու մեկ էլ, որ նորից օղի լցրեց:
-Այո, այո, փեսան է: Նրանք մեծ բարեկամներ են: Ուղղակի պաշտում են մեկմեկու: Երեսուն տարուց ավելի ապրում են միասին: Էլ ո՞վ ունի դոկտոր Աբասալիևը: Կինը մահացել է: Մնացել է միակ աղջիկը: Փեսային էլ որդու պես է սիրում:
-Տե՛ս է…-ինքն իրեն խոսեց բժիշկը, ինչ-որ բան մտածելով:- Նրանք կարծես թե հայրենակիցնե՞ր են: Որքան գիտեմ, դոկտոր Աբասալիևը Նախիջևանից է: Խմենք:- Նա բարձրացրեց բաժակը, խմեց և մի կտոր լավաշ դրեց բերանը:
-Չեք սխալվում: Նրանք նախիջևանցիներ են,-հաստատեց Նուվարիշը, խմեց օղին, վերցրեց մի կտոր երշիկ և համարյա առանց ծամելու կուլ տվեց: -Համագյուղացիներ են Այլիսից: Գժի պես սիրում են իրենց գյուղը: Երբ և որտեղ նստեն, անպայման Այլիսից պետք է խոսեն: Ասում են՝ ժամանակին շատ հայ է եղել այնտեղ: Եվ նրանք` այսինքն այդ հայերը, ստացվում է, շատ հաշտ են ապրել մեր մուսուլմանների հետ: Դոկտոր Աբասալիևը շատ է գովում այնտեղի հայերին: Ասում է, այդպիսի քաղաքավարի, ազնիվ և աշխատասեր մարդիկ աշխարհիս երեսին չկան: Շատ հաճախ եմ լսել փեսայի և աներոջ խոսակցությունը: Այնքան են գովում, այդ Այլիսը, որ ուզում ես վեր կենալ գնալ այնտեղ և այնտեղ էլ մեռնել:

Բժիշկ Ֆարզանին լսում էր արտիստին` ինքն իրեն մտորելով:
-Այդպե՜ս: Ուրեմն, դոկտոր Աբասալիևը հիմա ապրում է Մարդակյանում,- ինքն իրեն քրթմնջաց վիրաբույժը , հետո մի փոքր խորհելուց հետո հարցրեց,- Նա այնտեղ մենա՞կ է ապրում:
-Իհարկե, մենակ: Էլ ո՞վ ունի: Միայն Ազադե հանումն է հաճախ այցելում հորը: Ամեն կիրակի, առավոտից գնում է, գիշերում է այնտեղ, իսկ երկուշաբթի առավոտ ուղիղ գալիս է աշխատանքի: Դուք իրավացի եք, հասակով մարդու համար դժվար է մենակ ապրել դաչայում: Բայց դե նա այդքան էլ ազատ ժամանակ չունի, որ ձանձրանա: Քաղաքի բնակարանում երեսուն հազար կտոր գիրք ունի: Խեղճ Ազադայի հոգին դուրս է գալիս ամբողջ տարի Բաքվից Մարդակյան գիրք կրելով: Իսկ դոկտոր Աբասալիևը դաչայում նստած կարդում է այդ գրքերը: Ասում են, ինքն էլ է սկսել գիրք գրել:
-Իսկ ի՞նչ է, նրանք երեխա չունեն:
-Չունեն դոկտոր: Մի կողմից լավ է, որ Սադայ Սադօղլուի նման մարդը երեխաներ չունի: Այդ մարդն, ազնիվ խոսք, այս աշխարհից չէ: Մշտապես ճախրում է երկնքում: Բնավորությամբ էլ կատարյալ երեխա է: Երբ փոքր է եղել, գյուղում նրա ներկայությամբ մեկը սպանել է աղվեսի ձագին: Քանի-քանի անգամ պատմել է այդ մասին և ամեն անգամ արտասվել է: Ահա, այդպիսի մարդ է նա:
-Ասում ես նա լա՞վ դերասան է,-
հարցրեց բժիշկը` պարզապես խոսակցությունը շարունակելու համար:

Նուվարիշ Կարաբախլին ծայր աստիճան հուզվեց:
-Նա հանճար է, դոկտոր, Աստված վկա: Մեծագույն արտիստ Աբաս Միրզայի և Ուլվի Ռաջաբի մակարդակի: Հապա զարգացածությու՜նը: Իսկական գիտնական է: Գիրք կա՞ որ նա կարդացած չլինի: Բայց բնավորությամբ համառ է, ասես սատանա լինի: Շատ է իր ասածին: Դեռ 20 տարի առաջ կարող էր ժողովրդական կոչում ստանալ: Այդպես էլ մնացել է: Վաստակավոր է` ինչպես ես: Որովհետև լեզուն չի կարողանում ատամների արանքում պահել: 79-ին երեք մեր դերասանների, այդ թվում իրեն, ներկայացրին ժողովրդականի: Նախօրեին բոլորն արդեն շնորհավորում էին: Հաջորդ օրը թերթերում տպեցին շնորհումներ ստացածների անունները, նրա անունը չկար: Պարզվում է, երեկոյան մի լավ խմել էր և լեզուն շաղ տվել, թե ինձ պետք չէ այդ կոչումը, որը աջ ու ձախ բաժանում է ձեր առատաձեռն Տերը: Այդ կոչմանը ես կարժանանամ ժողովրդի կողմից:

Արտիստը երկար պրպտեց գրպաններում, հետո սիրտ արեց գրպանից հանել սիգարետի տուփը և աղերսագին նայեց Ֆարզանիին:
-Դոկտոր, թույլ տվեք գոնե մի կում քաշեմ: Չնեղանաք, խնդրում եմ, ի սեր Աստծո: Ահավոր ծխել եմ ուզում:

Բժիշկը դարակից հանեց փոքր ապակե մոխրամանը և դրեց արտիստի առաջ:
-Ծխիր ուզածիդ չափ: Ես 25 տարեկանից ծխել եմ, ուղիղ 40 տարի: Հինգ տարի է, որ թողել եմ: Նա կրկին օղի լցրեց:
-Մի-մի հատ էլ խմենք և հերիք է: Լավ խմիչք է, մաքուր, երբեք չի վնասել: Մի ծանոթ ունեմ Ղազախում: Հետաքրքիր անունով` Ավթանդիլ: Մի անգամ մեքենայով շրջվել, բոլոր կողերը ջարդել էր: Ես նրան հիմնավոր վերանորոգեցի: Հիմա ամեն գալուց երկու լիտր հետը բերում է:-
Բժիշկը պատուհանը բացեց, վերցրեց բաժակը և հենց պատուհանի մոտ էլ թափով խմեց:- Ուրեմն, ասել է իրեն կոչում պետք չէ, որն իշխանությունն է բաժանում: Լավ, իսկ ո՞վ է կեսգիշերին այդ մասին ‹‹թխկացրել›› Տիրոջը:
-Դեհ, մատնող եղել է, թե չէ ինչու՞ երեքից հենց նրա անունն են ջնջել:
-Արտիստը, ծխեց սիգարեթի կեսը և հանգցրեց:- Չգիտես ինչու, նա հենց էն գլխից չի սիրել խորհրդային կարգերը: Հավատացեք, տանել չի կարողացել: Կարծեմ, 68 թիվն էր: Մեր բեմադրություններից մեկը ներկայացրել էին Պետական մրցանակի: Հինգ կատարողներ ստացան մրցանակ: Սադայ Սադօղլին կրկին դուրս մնաց: Իսկ գլխավոր դերը նա էր խաղում: Այն ժամանակ էլ լեզուն իրեն չէր քաշել: Կենտկոմի անդամներից մեկին ուղիղ երեսին շրմփացրել էր, թե այն, ինչ ձեր գրպանում է, ոչ թե կուստոմս է, այլ ատրճանակ: Սյդ ատրճանակով դուք վախեցնում եք ժողովրդին, պահում եք սարսափի մեջ, որ ինքներդ ապրեք առանց սարսափի:

Նուվարիշը դեռ երրորդ բաժակը չխմած այնքան էր ոգևորվել, իրեն այնքան թեթև ու երջանիկ էր զգում, որ եթե չամաչեր, տեղն ու տեղը կսկսեր պարել: Մի կողմից օղին էր վրան ազդել, մյուս կողմից` երջանիկ էր, որ ուտում-խմում և զրուցում է Ֆարզանիի նման մեծ վիրաբույժի հետ: Եվ օրվա բոլոր տանջանքները, անգամ մղձավանջային երազը, մոռացվել էին: Նույնիսկ շուն-շանորդի Շահգաջար Արմաղանովը արտիստին այդքան էլ սարսափելի չէր թվում: Իսկ բժիշկ Ֆարզանիին ուրախություն էր պատճառում հյուր-արտիստի թարմացած տեսքը և ուրախ տրմադրությունը:

-Էլի խմիր,-
բարեկամաբար կարգադրեց բժիշկը:-Ասում ես, կուստոմս-ատրճանա՞կ: Լավ է ասել: Ուղիղ ճակատին: Իսկապես, եթե չես ուզում մարդուն վախեցնել, էլ ինչի՞դ է պետք կուստոմսը, հը՞:
-Ատրճանակն ի՞նչ է որ, դոկտոր, դա հեչ: Նա երբեմն այնպիսի բաներ կարող է ասել, որ չես էլ հավատա: Մի անգամ նրան լավ ծեծեցին Նարդարանում, թլպատման տոնի ժամանակ: Այդ տոնի խնջույքին, ինչպես գիտեք, օրենքներ կան, և եթե քեզ խոսք են տալիս, պետք է այդ օրենքներով շարժվես: Դեհ, ի՞նչ կարելի է ասել թլպատման մասին, ասա, որ ազնիվ գործ է, որ կարևոր է առողջության և հիգիենայի համար: Խոսիր իմամներից և սրբերից: Մարգարեի ամենազոր իմաստությունից և ուսմունքից խոսիր, որտեղ այդ ծեսը համարվում է մուսուլմանների համար գլխավորներից մեկը… Ուրեմն քեֆի ամենաթեժ պահին խոսքը տալիս են Սադայ Սադօղլուին՝ որպես պատվավոր հյուրի: Իսկ սրա էծերն էլի եկած են լինում: Վերցրու ու ծաղրիր ծեսը: Հետո բոլորովին համը հանում է, մեղա քեզ տեր Աստված, սկսում է ծաղրել Մարգարեին: Էդ ո՞վ ասաց,- հարցնում է նա,-թե Մարգարեն Աստծուց խելոք է: Եթե մարդու մարմնի վրա ավելորդ մի մաս լիներ, ի՞նչ է, Աստված քյոռ հո չէ՞ր, որ չտեսնե՞ր: Էդ ո՞նց եղավ, որ Աստված, երբ սարքում էր մարդու դեմքը, աչքերը, քիթը, ականջները` ճիշտ էր վարվում, չսխալվեց, իսկ երբ հերթը հասավ, գրողը տանի էդ տեղին, աշակերտի պես սխալվեց: Այդ ո՞վ է իրավունք տվել ձեր Մարգարեին խառնվել Աստծո գործերին:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Թարգմանությունը՝ Արման Նավասարդյանի

Հ.Գ. Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» աշխատության հայերեն թարգմանությունը www.diplomat.am կայքի սեփականությունն է: Դրա մասնակի կամ ամբողջական արտատպությունը թույլատրվում է միայն կայքի հիպերհղման դեպքում, որը պետք է տեղադրվի նյութի առաջին պարբերությունում: Հակառակ դեպքում արտատպությունը կհամարվի գրագողություն, որը արգելված է ՀՀ օրենսդրությամբ:


ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՎԵՊՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ ԱՅՍՏԵՂ

ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ
2735 reads | 05.03.2013
Քարե երազներ, ադրբեջանցի սկանդալային գրող, Աքրամ Այլիսլի |
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com