«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին
Աքրամ Այլիսլին ադրբեջանցի հայտնի գրող է: 2002թ. արժանացել է երկրի «Իստիգլալ» բարձրագույն օրդենի և ադրբեջանական գրականության «Շոհրատ» օրդենի ասպետի կոչումների: Դեռևս խորհրդաին տարիներին Այլիսլին հանրահայտ է դարձել իր «Մարդիկ և ծառեր» եռահատոր աշխատության շնորհիվ, որը թարգմանվել է ԽՍՀՄ բոլոր անդամ-պետությունների և Արևմտյան Եվրոպայի լեզուներով: 75-ամյա գրողի վերջին գործը «Քարե երազներ»-ն է, որը մեծ աղմուկ բարձրացրեց Ադրբեջանում:
Սա միայն գեղարվեստական աշխատություն չէ, սա դառը ճշմարտությանը բաց աչքերով նայելու փորձ է: Վեպում արծարծվում է ռուսներին, հայերին, վրացիներին, սերբերին, ալբանացիներին ու ադրբեջանցիներին վերաբերող խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, սակայն չեն լուծվում քաղաքական դրդապատճառների, և մարդկային նոր ողբերությունների պատճառ են դառնում: «Վեպը նվիրում եմ իմ բոլոր այն հայրենակիցներին, որոնցից հետո անբուժելի ցավ է մնացել»,-գրել է Աքրամ Այլիսլին իր գրքի նախաբանում: «Քարե երազներ»-ը հայ-ադրբեջանական հակամարտության ու դրանում բազմաթիվ ճշմարտությունների վերհանում է, Ադրբեջանի ներսում հակահայ քարոզչության և իշխանության իրական դեմքի բացահայտում է:




Գլուխ առաջին

Պառավ հանդերձապահուհու առեղձվածային մահը, անվանի դերասանի
մահաբեր կատակը և կուստոմս-ատրճանակը


Բաքվի խոշոր հիվանդանոցներից մեկի վիրաբուժական բաժանմունք հասցված վիրավորի վիճակը ծայրաստիճան ծանր էր: Շարժական պատգարակի վրա անգիտակից պառկած վիրավորին հարկի երկայնքով ձգվող կիսամութ միջանցքով տեղափոխեցին շենքի մյուս թևում գտնվող վիրահատական բաժանմունք: Ուղեկցողները սպիտակ խալաթ հագած երկու կին և երկու տղամարդ էին: Պատգարակի կողքից քայլում էր ինքը` նիհարավուն, ճերմակամազ, միջին տարիքի վիրաբույժը: Նա տարբերվում էր գործընկերներից իր զսպվածությամբ, իշխանավայել խստությամբ և խալաթի առանձնակի մաքրությամբ: Եթե հիվանդանոցային այդ առօրեական պատկերում կար էլ անսովոր և անհարկի մի բան, ապա վիրավորին տեղ հասցրած մարդու դեմքի և շարժուձևի տրագիկոմիզմն էր: Նա մանրակազմ, 55-60 տարեկան վտվտուն, հսկայական տռուզ փորին ոչ մի կերպ չհամապատասխանող, փոքրիկ դեմքով մի մարդ էր, որը վազվզում էր բժշկի շուրջբոլորը` անընդհատ կրկնելով.

-Դոկտոր, հարազատս, դոկտոր… սպանեցին: Նման մարդուն օրը ցերեկով ջարդուխուրդ արին, ստորացրին: Նրանք բոլորն էլ «երազիներ» էին, բոլորը: Հինգ-վեց ջահել «երազիներ»… Այդ փախստական շուն-շան որդիները ամենևին չեն հարգում մարդկանց, դոկտոր, հարազատս: Ոչ արտիստ են ճանաչում, ոչ բանաստեղծ, ոչ գրող: Մենակ թե իմանան, որ դիմացինը հայ է` վերջ: Տեղն ու տեղը կգցեն քածու տակ և վայրի գազանների պես կկոխկրտեն: Բզիկ-բզիկ կանեն, և ոչ մեկը ռիսկ չի անի մոտենալ… Ես նրանց ասում եմ՝ մի խփեք, այդ մարդը, ասում եմ, հայ չէ, նա մեր մարդն է, մեր ժողովրդի զավակը, մեր ազգի հպարտությունն ու խիղճը: Լսողն ո՞վ է: Նույնիսկ չթողեցին ասեմ, թե ե'ս ով եմ: Ոտքով այնպես հասցրին կողքիս, որ քիչ մնաց տեղն ու տեղը մեռնեի: Այստեղ, դոկտոր, աջ կողքիս: Մինչև հիմա նվվում է…

Բժիշկը այնքան էլ լավ չէր հասկանում վիրավորին բերած մարդու ասածները: Թերևս, չէր էլ ուզում հասկանալ: Կարող է պատահել, նույնիսկ չէր էլ լսում, թե ինչ էր անդադար մրթմրթում վանդակավոր մոխրագույն վերնաշապկի վրա դեղին փողկապ կապած այդ անդադրում, ծիծաղաշարժ մարդը: Սակայն ուշադիր աչքը կարող էր նկատել, որ բժիշկը մերթ ընդ մերթ քմծիծաղ էր տալիս բեղի տակ: Եվ ոչ թե այն պատճառով, որ վիրավորին բերած մարդու ամեն ժեստը առաջացնում էր կոմիկական տեսարան: Այլ ավելի շուտ այն պատճառով, որ պատգարակին պառկած բաց շիկահեր տղամարդը նիհարակազմ էր և բավական բարձրահասակ: Ով գիտե, միգուցե վիրավորի և նրան տեղ հասցնողի արտաքին տարբերությունը բժշկին հիշեցնում էր Դոն Կիխոտի և Սանչո Պանսայի պատմության ամենատխուր դրվագները:
Երբ նրանք հասան վիրահատարանի մուտքին, սպիտակ խալաթավոր տղամարդկանցից մեկը փակեց դեղին փողկապով ծիծաղաշարժ մարդու ճանապարհը:

-Թողեք մտնի,- կարգադրեց բժիշկը,-նա ասելու բան կունենա: Թող պատմի:

Վիրահատության սրահը չափերով միջանցքից փոքր էր, սակայն ընդարձակ մի սրահ էր` բարձր առաստաղով և մեծ պատուհաններով: Սենյակի մեջտեղում կանգնած վիրաբուժական սեղանը հիշեցնում էր անիվավոր պատգարակը, որով ներս բերեցին վիրավորին: Սպիտակ խալաթով երկու տղամարդիկ, որոնք պատգարակը հասցրել էին վիրահատարան, բարձրացրին նրան, պառկեցրին վիրասեղանին և հայացքով բժշկից հեռանալու թույլտվություն խնդրելով` լուռ դուրս եկան:
-Պերօքսի՛դ,- բարձրաձայն կարգադրեց բժիշկը` ծալելով խալաթի թևքերը,- բերեք և սրբեք դեմքը:

Զննելով արնաշաղաղ վիրավորին, նա հայոյեց քթի տակ և դիմելով նրա ուղեկցին հարցրեց.- ո՞վ է սրան այս օրը գցել:

-Ես արդեն ասացի, դոկտոր «երազիները»: Հայաստանից եկած այդ սրիկա փախստականները: Հերիք չէ, նրանք ջարդեցին մարդու դեմքը, հետո էլ գցեցին գետին և վայրի կենդանինների նման սկսեցին ոտքերով հարվածել փորին: Դոկտոր, դեռ լավ է, որ ես մեջ ընկա: Առավոտից դուրս էի եկել մի փոքր թարմ օդ շնչելու: Մոտեցա այդ անիծված վայրին, որը կոչվում է Ճաղաշար: Մեկ էլ տեսնեմ, շատրվանի մոտ հինգ-վեց բեղավոր սրիկա մարդ են ծեծում: Իսկ ժողովուրդը մի կողմ քաշված, լուռ դիտում է:

Հետո նա հանկարծ լռեց: Շրթունքները շարունակում էին շարժվել, սակայն խոսքերն ասես ադամախնձորին չէին հասնում:

-Պերեկիսը վերջացավ, դոկտոր,- հնարավորինս ցածր, ներողություն հայցող ձայնով ասաց բուժքույրը: (Նրանցից մեկը տարիքով էր, մյուս` բոլորովին երիտասարդ):
-Կարծեմ, սպիրտ պետք է լինի,- անվստահ ասաց վիրաբույժը:
-Չկա, դոկտոր: Ինչ կար, երեկ ծախսվեց:
-Լավ, ջրով լվացեք: Մարգանեցը շատ չանեք: Բժիշկը անկյունի լվացարանում ձեռքերն օճառով լվաց, հետո մոտեցավ վիրաբուժական սեղանին:- Հանեք հագուստները, բոլորը: Թողեք միայն վարտիքը:

Հիվանդը, որի դեմքը, քիթը, կզակը, նարնջագույն բրդե վերնաշապկի օձիքը, երկնագույն պիջակի փեշերը ներկված էին վառ կարմիր արյունով, պառկած էր վիրաբուժական սեղանին` այնքան հանգիստ, որ ասես այդ` այսպես կոչված Ճաղավոր հրապարակում ծեծել էին ոչ թե իրեն, այլ իր ոխերիմ թշնամուն: Նա ամուր քնած էր, չնայած նրա կրծքից պոկվում էին խռպոտ հառաչանքներ: Հերիք չէ նա քնած էր, կարծես թե երազ էլ էր տեսնում, ընդ որում, այդ երազներն ասես նրան մեծ հաճույք էին պատճառում:

Մինչ կանայք սրբում էին վիրավորի դեմքի լերդացած արյունը, բժիշկը ստուգում էր զարկերակը: Երբ բուժքույրերը մերկացրին վիրավորին, նա սկսեց ուշադիր զննել վերջինիս, ասես հաշիվ էր տալիս ինքն իրեն կամ էլ տեքստ էր թելադրում ինչ-որ մեկին.
-Երկու կար` վերին շրթունքին: Կզակի շրջանում կոտրվածք չի նկատվում: Ձախ ձեռքը երկու տեղ դուրս է ընկած` արմուկի մոտ և դաստակում: Աջ ձեռքի երկու մատերը կոտրված են` բութը և միջնամատը: Ձախ ոտքի` ծանր մկանային վնասվածք: Աջ ոտքի` ծնկոսկրի ջարդվածք: Մեջքի, կրծքավանդակի, ողնաշարի լուրջ վնասվածքներ չկան: Գանգոսկրի կոտրվածք նույնպես հայտնաբերված չէ:

Բժիշկը լռեց, հետո թունդ հայոյեց,-Ուղեղի ցնցում:-Նա, չգիտես ինչու, հայոյեց բարձր, ռուսերեն, հետո տաբատի գրպանից հանեց թաշկինակը, առանց շտապելու սրբեց ճակատի քրտինքը և կրկին ռուսերեն,- գազանավարի ծեծել են:
Բժշկի յուրաքանչյուր խոսքից վիրավորին ուղեկցողի դեմքին արտացոլվում էին ապրումներ, ցավ ու տառապանք: Նա հազիվ էր իրեն զսպում, որպեսզի չհեկեկա: Երբ բժիշկը զննումը վերջացրեց` վերջացավ նաև ծիծաղաշարժ մարդու զսպվածությունը: Նա նեղացած երեխայի նման սկսեց հունգուր-հունգուր լաց լինել:

Սպիտակ խալաթով կանանցից մեկը (նա որ ավելի երիտասարդ էր)` արտասվեց: Տարիքավոր բուժքույրը նույնպես հուզվեց և ցավագին օրորեց գլուխը: Բժիշկն էլ էր շատ խղճում տուժածին: Եվ նա սկսեց հանգստացնել նրան հիվանդանոց բերած մարդուն:
-Պետք չէ այդպես տանջվել… Սարսափելի բան չկա: Մի տասնհինգ օրից ձեր ընկերը կնմանվի նորածնի, ես նրան ոտքի կկանգնեցնեմ:- Նա գլուխը կախեց, ընկավ մտքերի մեջ, հետո բարձրացրեց գլուխը և զգուշորեն հարցրեց.
-Ասում ես այս մարդը հա՞յ է…

Մեր կոմիկական հերոսի աչքերը զարմանքից թռան ճակատը:

-Վայ, դուք նրան չճանաչեցի՞ք… Դուք չգիտե՞ք Սադայ Սադօղլիին: Ադրբեջանական թատրոնի պարծանքի'ն: Համար մեկ արտիստի'ն: Դուք, իրո՞ք չեք ճանաչում այդ մեծ վարպետին, դոկտոր: Հեռուստատեսությունի՞ց էլ չեք տեսել… Դուք ինձ էլ հաճախ պետք է որ տեսած լինեք հեռուստատեսությամբ: Մի գուցե մոռացել եք… Նուվարիշ Կարաբախլի` կոմիկական դերերի հայտնի կատարող… Լավ, ինձ դեռ կարող եք չիմանալ: Ես չեմ նեղանա: Բայց մարդ չկա, որ չճանաչի Սադայ 
Սադօղլիին: Աշխարհում ոչ-ոք այդպես չի խաղացել Համլետ, Օթելլո, Այդընա, Քեֆալի:
- Իսկ ես անմիջապես ճանաչեցի ձեզ,- անսքող հպարտությամբ ասաց երիտասարդ բուժքույրը:

-Ես երկուսիդ էլ հաճախ եմ տեսել հեռուստատեսությամբ,- չգիտես ինչու, մի քիչ խունջիկ-մունջիկ եկավ նրա ավագ գործընկերը:
-Իսկ դոկտոր Ֆարզանին մեղք չունի: Նա երեսուն տարուց ավելի ապրել է Մոսկվայում, երեք տարի էլ չկա, որ վերադարձել է Բաքու:
Տեսնելով թե ինչու բժիշկը չի ճանաչում Սադայ 
Սադօղլիին, արտիստը միանգամից խաղաղվեց: Իսկ որ բուժքույրերը անմիջապես ճանաչելով արտիստներին, ցույց չտվեցին, Նուվարիշ Կարաբախլին վերագրեց այն բանին, որ նրանք, հավանաբար, վախեցան բժշկին անհարմար դրության մեջ դնելուց:
Նուվարիշ Կարաբախլին նկատեց, որ ասված բոլոր խոսքերը բժշկի ականջին չեն դիպչում: Կամ նա խիստ մտազբաղ էր, կամ ինքը` Նուվարիշ Կարաբախլին, չի կարողանում գտնել անհրաժեշտ բառեր: Դրա համար նա փորձեց հնարավորինս կենտրոնանալ և սկսեց ավելի պարզ և պրիմիտիվ ձևով պատմել կատարվածը:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Թարգմանությունը՝ Արման Նավասարդյանի

Հ.Գ. Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» աշխատության հայերեն թարգմանությունը www.diplomat.am կայքի սեփականությունն է: Դրա մասնակի կամ ամբողջական արտատպությունը թույլատրվում է միայն կայքի հիպերհղման դեպքում, որը պետք է տեղադրվի նյութի առաջին պարբերությունում: Հակառակ դեպքում արտատպությունը կհամարվի գրագողություն, որը արգելված է ՀՀ օրենսդրությամբ:
ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ
5426 reads | 14.02.2013
Բաքվի ջարդեր, Քարե երազներ, ադրբեջանցի սկանդալային գրող, Աքրամ Այլիսլի |
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com