«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ»
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ» ՎԵՊԻ ԱՌԱՋԻՆ ԳԼՈՒԽԸ՝  ԱՅՍՏԵՂ
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ» ՎԵՊԻ ԵՐԿՐՈՐԴ ԳԼՈՒԽԸ՝  ԱՅՍՏԵՂ
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ» ՎԵՊԻ ԵՐՐՈՐԴ ԳԼՈՒԽԸ՝  ԱՅՍՏԵՂ
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ» ՎԵՊԻ ՉՈՐՐՈՐԴ ԳԼՈՒԽԸ՝  ԱՅՍՏԵՂ










Իսկ Հայկանուշը սովորականի պես կանգնել էր եկեղեցու մուտքի մոտ ու ջանադրաբար աղոթում էր: Եվ արդյոք երկրի վրա ի՞նչ հրաշք էր կատարվել, որ մինչ այդ հայերեն ոչ մի խոսք չիմացող Սադայը հանկարծ սկսեց հասկանալ Հայկանուշի շշուկով, համարյա մտքում արտասանած ամեն մի խոսքը: Միգուցե նա այս ամենը տեսնում էր երազո՞ւմ: Կամ գուցե ամենակարող Արարչի այն հոգևոր-երկնային շնորհն էր իջել նրա վրա, որը գոնե մի անգամ հայտնվում է նրա ստեղծած ածրարածներին, ում նա մարդիկ է կոչել: Հետաքրքիր է, արդյո՞ք «Գլխաշորով կնոջ» պատկերը, որ աշխարհին միշտ նայել ՝է մեռած քարե հայացքով, իրոք հանկարծ մոռացել էր, որ ինքը քարից է ու հանկարծ ժպտացել էր Սադային: Իսկ նրա գրկի մանկիկը հանկարծ կենդանացել է, պտտել գլուխը և շարժել թաթիկներն ու տոտիկները: Եվ, աստված իմ, այդ ինչ բան էր, որ այդ փոքրիկի աչքերը միաժամանակ նաև Ջամալի աչքերն էին: Ենթադրենք, թե այս ամենը պատրանք էր, երազ կամ տեսիլք, բայց այդ դեպքու որտեղի՞ց էր հնչում Կաղ Չիմնազ եկեղեցու կողքին ապրող Ջիննի Սակինի միջնեկ անճոռնի դստեր այդ ձայնը, «Մարդի՜կ, տեսեք, Սառը Սադայը խաչակնքվում է հայի պես»:

Եվ Բանահյուսական այն հատվածը, որ հիմար Չիմնազը երգում էր իր զզվելի ձայնով.
Հայը, հեյ, հայը,
Սարերում ցորեն է ցանում
ունի դուստր և որդի
Իսկ հետույքում՝ կոտոշ ցլի:

Իսկ այն վերերկրային լույսը...

Այդ ինչպե՞ս պատահեց, որ այն օրը, երբ Սադայը սկսեց հասկանալ պառավ Հայկանուշի աղոթքն ու կյանքում առաջին անգամ ակամայից խաչակնքվեց, Փրկչի աչքերի դեղնավարդագույն լույսը, որ նախկինում փայլում էր միայն եկեղեցու գմբեթին ու լեռան բարձունքին, հանկարծ տարածվեց ամենուր: Սադայը նախկինում երբեք չէր տեսել, որ աշխարհը լուսավորված լիներ նման աներևակայելի վառ լույսով, բայց և երբեք չէր դադարում հավատալ, որ գոյություն ունի մեկ այլ լույս, որ պատկանում է միայն Այլիսին: Սադայի խորին համոզմամբ այն ուղղակի չէր կարող չլինել, քանի որ երկարությամբ ու լայնությամբ Այլիսը վեց-յոթ կիլիոմետրից ավել չէր: Ու եթե մարդիկ, որ ժամանակին հողի այս փոքրիկ հատվածի վրա քսան եկեղեցի են կանգնեցրել՝ իրենց հարակից դրախտային տարածքներով, իրենցից հետո լույսի ոչ մի նշույլ չեն թողել, ուրեմն մարդու էլ ինչի՞ն է պետք Աստված:

Կամ ինչ-որ մեկը Սադայից բացի արդյոք տեսե՞լ է, թե ինչպես այն օրը ողջ Մյլիսով մեկ տարածվեց այն դեղնավարդագույն լույսը: Եվ ինչո՞ւ նա չհամարձակվեց այդ մասին հենց նույն օրը եկեղեցու բակում հարցնել որևէ մեկից: Հիմա Բաքվում այդ մասին կարելի էր հարցնել միայն Բաբաշից: Բայց ինչպե՞ս, և ի՞նչ Բաբաշ: Այսօրվա Բաբաշից այդ օրվա և այդ լույսի մասին հարցնելը նույնքան ծիծաղելի կլիներ, որքան Ժեկի պետից աստծո հասցեն հարցնելը:
Այդ ամառ Բոմբա Բաբաշը Մեջնունի պես անվերջ պտտվում էր Հայկանուշի Երևանից եկած թոռնուհու՝ Լուսիկի շուրջը՝ գործի դնելով տարբեր խղճուկ հնարքներ: Նա մերթ բարձրանում էր ամենաբարձր ծառերը՝ աքաղաղի պես կուկուրուկու կանչելով ու ագռավի պես կռկռալով, կամ էլ թփերում թաքնվելով՝ լորի ձայն էր արձակում: Նա բառաչեց ոչխարի պես, ոռնաց գայլի պես... Պատահում էր, որ օրական մի քանի անգամ ոտքերը վեր՝ ձեռքերի վրա, պտտվեր եկեղեցու շուրջը: Ես Կեզ սուրում եմ, ես կեզ սուրում եմ», -գոռում էր նա մեկ ցանկապատի ետևից, մեկ եկեղեցու տանիքից՝ կարծելով, թե Լուսիկին սեր է խոստովանում հայերեն լեզվով:

Իսկ նիհարիկ ու տատի պես թխամաշկ Լուսիկը համբերատար տանում էր նրա բոլոր հնարքները՝ ոչ մի ուշադրություն չդարձնելով, անգամ չնկատելով Բաբաշին: Շուրջը ոչ ոքի և ոչինչ չնկատելով՝ է Լուսիկն եկեղեցու բակում օրն ի բուն աշխատում էր իր վրձիններով ու ներկերով:

Բնականաբար, պառավ Հայկանուշը, որ պատասխանատու էր իր թոռնուհու՝ գյուղում անցկացրած յուրաքանչյուր օրվա համար, անպայման օրվա մեջ մեկ անգամ եկեղեցի էր գնում, թոռնուհու համար տաք թեյ կամ կաթսայով տաք ապուր տանում: Բաբաշի արարքների մասին սակայն Լուսիկը նրան երբեք չէր պատմում: Բայց ժամանակի ընթացքում Հայկանուշն ինքը ինչ-որ տեղից իմացել էր Բաբաշի արարքների մասին ու գնացել էր Զիյադովների տուն՝ թոռան չարաճճիություններից տատի մոտ բողոքելու համար:

Մի անգամ էլ՝ նույն արձակուրդի ժամանակ գյուղում, խոսակցություններ սկսեցին պտտվել այն մասին, թե ինչ-որ մեկը գիշերով մտել է Հայկանուշի բակ ու կիտրոնի ծառերից մեկական կիտրոն քաղել: Դա, իհարկե, լուրջ գողություն չես անվանի, պարզապես ինչ-որ մեկը ցանկացել էր տանտիրուհուն վատություն անել: Հայկանուշը բոլորից շատ հենց Բաբաշին էր կասկածում, բայց այդ մասին ոչ ոքի չասաց: Մի երկու օրից կրկին ինչ-որ մեկը մտել էր Հայկանուշի բակ ու այս անգամ պարանից գողացել Լուսիկի վարտիքը: Հաջորդ առավոտը նրանց երկար տարիների ընկերության ու անհոգ ու լուսավոր մանկության վերջին օրը դարձավ:

Այդ առավոտ այլիսցի երեխաների խաղալու սովորական վայրում` մզկիթի մոտ, Սադայը, ինքն էլ չիմանալով ինչպես, այնպես հարվածեց տղաների մեջ իրեն ամենաուժեղը համարող Բաբաշին, որ վերջինս, ի զարմանս Սադայի, գետնին տապալվեց: Հետո նրա ձեռքից խլելով վարտիքը, որ Բաբաշին ծածանում էր ի տես երեխաներին՝ նա ամբողջ ուժով գոռաց.
-Սա ոչ թե Լուսիկի, այլ Բաբաշի քույր Ռասիմայի վարտիքն է: Մոտեցեք, վաճառվում է, կարող եք առնել:

Այդ դեպքից հետո նրանք թեև սովորում էին նույն դասարանում, բայց մեկուկես տարի միամյանց հետ չէին խոսում, չէին էլ բարևում իրար: Հետո կարծես թե հաշտվեցին, բայց սառնությունն այդպես էլ չանցավ: Անգամ երկուսն էլ ուսման համար Բաքու մեկնեկով՝ հանդիպելու ոչ մի փորձ չարեցին: Սադայը հետո իմացավ, որ Բաբաշին դեռ ուսանողական տարիներին աշխատանքի է ընդունվել կոմսոմոլի կենտկոմում և հաջող կարյերա է անում: Ամեն անգամ, լսելով Բաբաշիի՝ պատասխանատու որևէ պաշտոնում նշանակվելու մասին, նա ակամայից հիշում էր եկեղեցին, Լուսիկին, Հայկանուշի կիտրոնները, մզկիթի մոտի հրապարակը և Լուսիկի վարտիքը թափահարող Բաբաշին:

Հաջորդ օրն իսկ Հայկանուշը Օրդուբադի կայարանից թոռնուհուն գանցք նստեցրեց և ուղարկեց Երևան: Դրանից հետո Լուսիկն այլևս երբեք Այլիս չեկավ:
Այլիսի մյուս աչքի ընկնող հայուհին Անիկոն էր, որին բոլորն Անիխ էին կոչում: Նա շատ քաջ կին էր՝ հպարտ ու կամային: Նա կարողանում էր անել ամեն բան, կարող էր օգտակար խորհուրտ տալ մեղվապահության վերաբերյալ, մետաքսագործներին խորհուրդ տալ մետաքսի բոժոժների վերաբերյալ, ինչպես նաև ունենալով բժշկական կրթություն՝ բուժում էր գյուղի բոլոր հիվանդներիին:

Միայն Աստծուն էր հայտնի, թե որտեղից այդ կնոջն այդքան ուժ ու եռանդ: Անիկոն իր աչքով էր տեսել, թե ինչպես 1919 թվականի այն սև օրը թուրք զինվորները զենքի ուժով մեծից փոքր բոլորին տարան ու խեղդեցին այն արյունոտ լճում: Զոհերի թվում էին նաև նրա ծնողները, քույրերն ու եղբայրները: Ողջ Այլիսին էր հայտնի, որ տասնամյա Անիկոն փրկվել էր թոնրի մեջ թաքնվելով և լրիվ պատահաբար էր կենդանի մնացել: Երեք-չորս օր առանց հաց ու ջրի թաքնվել էր թոնրում, մինչև որ Միրզա Բագաբի մայրը՝ Զոխրա արվադը նրան չէր գտել այնտեղ: Միրզա Բագաբը, որ կրթությունը ստացել էր Ստամբուլում և համարվում էր տարածքում ամենակրթված մարդկանցից մեկը, այն ժամանակ երեսուն տարեկան էր: Նա թաքցրել էր Անիկոյին, մեծացրել ու բնականաբար ուժով նրան կնության առել: Աշխարհի մեծագույն հրաշքից բացի էլ ի՞նչպես կարելի է անվանել այն ուշադրությունն ու քնքշանքը, որ Անիկոն ցուցաբերում էր իրենից քսան տարի մեծ իր ամուսնու նկատմամբ: Նա նրա մասին միշտ խոսում էի հպարտությամբ, հպարտանում էր նրա կրթվածությամբ, գիտելիքներով ու ազնվությամբ: Միրզա Բագաբի համար նա լույս աշխարհ էր բերել երկու որդի և մեկ դուստր, իսկ ամուսնու անունն անվերջ նրա շուրթերին էր:
Ամենուր նա բարձրաձայնում էր, որ ընդունել է մահմեդական կրոնը: Եվ որքան անվախ, նույնքան էլ ջերմեռանդորեն պնդում էր, որ գալու են ժամանակներ, երբ հայերը ետ են դառնալու Այլիս, և այն կրկին դրախտավայր է դառնալու:
 
Իրեն մահմեդական հռչակած Անիկոն իմամների սգո օրերն չէր մոռանում մյուս գլխաշորով կանանց հետ նստել մեկնումեկի տանն ու ողբալ Մուհամեդ մարգարեի թոռներին, այդուհանդերձ գրեթե ամեն օր վաղ առավոտյան Վանքի եկեղեցի էր այցելում, ավլում էր եկեղեցու բակը, հոգ տանում իր ցանած գույնզգույն ծաղիկների մասին, չէր մոռանում նաև նախատինքի խոսքեր թափել ծերունի Միրալի կիշի հասցեին, ով եկեղեցին սեփական պահեստի էր վերածել ու դռներին փական կախել:

Անիկոյի տունը ևս անթառամ ծաղիկների ցուցահանդես էր հիշեցնում, որոնց նմանը Այլիսում ոչ ոք չէր տեսել: Սադայ հիշողության մեջ անիկոն մնացել է ոչ միայն որպես հրաշալի մարդ, հրաշալի կին, այլ նաև որպես մի ուրախ ու զրնգուն ձայն: Ձայն, որ ներառում էր ողջ Այլիսն իր տներով, եկեղեցիներով, լեռներով, ծառներով, ճանապարհներով, աղբյորրներով ու առուներով. բացվող օրվա զրնգուն մի խորհրդանիշ: Պատճառն այն էր, որ անիկոն միշտ շատ վաղ էր արթնանում և եորգում իր բարձր պատշգամբում, կարծես դրանով ցանկանում էր ասելմ որ Այլիսում դեռ ապրում է հայի ձայնը:

Ի տարբերություն Հայկանուշի, նա Վանքի եկեղեցի գնում էր բավական աղմկոտ, քայլում էր ֆայտոնների հին լեռնայնի ճանապարհով ու բարձր-բարձր խոսում: Ի լուր բոլորին հիշում էր ժայռից իրեն վայր նետած Էսխիին, անիծում էր Աֆիդ-բեյին, հեռվից հեռու հայհոյում Միրալի կիշիին, որ Այլիսի ամենագեղեցիկ եկեղեցին խղճուկ մի խորդանոցի էր վերածել: Թվում էր՝ Անիկոյի ձայնը, որ երբեք չէր մոռանում հիշատակել, որ ինքը մահմեդականություն է ընդունել և որ ամուսնացել է Միրզա Բագաբի պես ուսյալ ու ազնիվ մարդու հետ, ոչ մի կապ չուներ մի ժամանակ թուրքի յաթաղանից հազիվ փրկված այն որբ աղջկա հետ: Դա, անկասկած, Այլիսի իրական տիրուհու՝ դարերի խորքից հնչող ձայնն էր: Մի խոսքով, նրա ձայնն ազդարարում էր Այլիսի լուսաբացը:

Բաքվում ապրելու տարիներին Սադայ Սադօղլիի ականջներում հաճախ էր հնչում այդ ձայնը, և քանի-քանի առավոտներ Բաքվում սկսվել են հենց այդ ձայնով: Նույն ժամանակահատվածում, երբ ծեր կուրտիզանուհու վավաշոտ ու ծախու դեմքի պես հին այս աշխարհի երեսին հայ-մուսուլմանական անխուսափելի բախումների նախանշաններն էին ի հայտ գալիս, Սադայ Սադօղլին իր երազում տարօրինակ մի եկեղեցի տեսավ: Տարիօրինակ էր նրանով, որ նման չէր Այլիսում եղած և ոչ մի եկեղեցու, բայց յուրաքանչյուրի հետ ընդհանուր ինչ-որ բան, այնուամենայնիվ, ուներ:

Այդ երազում տարվա եղանակն անորոշ էր: Այլիսում վաղ լուսաբաց էր, գյուղը մի կերպ էր դուրս պրծել խավարի գրկից: Լեռների ստվերոտ լանջերին դեռ ձյուն կար, իսկ գլխավերևում՝ նոսր ճերմակ ամպեր էին: Նաև տիեզերական, անիրական ու օտար, բայց միևնույն ժամանակ վերին աստիճանի հարազատ ու ծանոթ մի լույս:

Սադայի երազում հայտնված եկեղեցու սպիտակ պատերը ներսի կողմից ճաքճքել էին, ու հենց այդ ճեղքերի արանքից էլ ներս էր թափանցում այդ լույսն ու մեղուների բզզոցի նման սարսափ առաջացնող մի ձայն, որ կարծես ուրիշ մի աշխարհից ուղիղ լցվում էր եկեղեցի, որը նույն այդ ճեղքերի արանքից էլ դուրս էր գալիս՝ աշխարհով մեկ ահավոր մի լուր տարածելու համար:

Այդ ժամանակվանից անիրական այդ ձայները հետևում էին Սադային: Ռադիոյից, հեռուստացույցից, այս ու այն տեղ՝ սյուներին, շենքերի մուտքերին փակցված հեղափոխական, կրոնական ու հայրենասիրական տարբեր թռուցիկներից, հոդվածների՝ թերթերի ու ամսագրերի առաջին էջերում աչքի ընկնող մեծ տառերով գրված վերնագրերից, ամենուրեք արտիստի ականջին էր հասնում աշխարհի երեսին սարսափ տարածող այն լուսաձայնը:

Նա ինքն էլ չէր հասկանում, թե ինչու ինքը պետք է մշտապես ապրի վախի մեջ այն ժամանակներում, երբ, թվում է, թե վախենալու ոչ մի բան էլ չկա, և ինչու է թերթերում կարդացած, ռադիոյով ու հեռուստացույցով, հրապարակներում ելույթ ունեցաղ բանախոսներից, փողացում կանանցից լսած ամեն մի բառից նա ողբերգության հոտ առնում: Հղի կանանց և բուլվառներում ու այգիներում զբոսնող երիտասարդ զույգերի տեսնելիս ինչի՞ համար էր նրա սիրտն այդքան մռայլվում, արդյոք մարդկության ապագայի դարդը հենց նրան էր միայն տրված: Ինչո՞ւ էր կարծում, թե փողոցներում կանգնած համատարած աղմուկը վաղ թե ուշ բերելու է իշխանափոխության: Ինչո՞ւ պետք է հենց ինքն այդքան վաղ արդեն զգար անխուսափելի արյունահեղության բոլոր սարսափները:

Ոչ մի կերպ չստանալով իրեն այդքան տանջող հարցերի պատասխանները՝ Սադայը երազում հաճախ տեսնում էր իր սրտի անբուժելի սպի Այլիսը: Առանց այդ էլ դեպրեսիվ-մելանխոլիային հակված Սադայն էլ ավելի շատ սկսեց խուսափել մարդկանցից ու ողջ աշխարհից: Տնքում ու զառանցում էր երազում: Զառանցագին անկապ խոսքում նա հաճախ էր հիշում Ազադա խանումին ծանոթ ու անծանոթ անուններ՝ Հայկանուշ, Անիկո, Ջամալ, Լուսիկ, Բաբաշ... Ազադա խանումը դեռ երկար ժամանկ չէր կարողանում ուշքի գալ այն բանից հետո, ինչ տեսել էր Սադային գիշերով խաչակնքվելիս:
Սադայը մեկ-մեկ այնպես էր զառանցում, որ Ազադա խանումը, չնայած նրան, որ հրից գաղտնի էր պահում ոմուսնու վիճակը, ստիպված եղավ կիսել նրա հետ իր անհանգստությունները:

-Գուցե դո՞ւ հետը խոսես, հայրիկ, իմանաս, թե ինչից է էսպես տանջվում:
Բժիշկ Աբասալիեևը, շատ լավ հասկանալով, որ փեսայի պրոբլեմները բժշկության հետ ոչ մի կապ չունեն, փորձեց հանգստացնել աղջկան.
-Դա կոչվում է կրիպտամնեզիա, որ պատահում է բոլոր էմոցիոնալ մարդկանց մոտ: Իզուր մի նեղվիր, էսպես թե էնպես ամեն մեկն էլ ինքն է իր կյանքն ապրում:

Հարցն էլ հենց այն էր, որ Սադայն այժմ ապրում էր ոչ իր կյանքով: Հետաքրքիր էր, որ իր երակներում ոչ մի կաթիլ հայկական արյուն չունեցող (Սադայի պապերից մեկն ուխտի է գնացել դեպի Կերբելու, մյուս պապը՝ դեպի Մեքքա) Սադայի ներսում կարծես վերջին ժամանակներում բնակություն էր հաստատել անանուն մի հայ: Ավելի շուտ՝ նա թաքնված էր Սադայի ներսում: Այս մեծ քաղաքում յուրաքանչյուր ծեծված, վիրավորված ու սպանված հայի հետ միասին կարծես ինքն էլ ծեծվում, վիրավորվում էր ու սպանվում:

Անձրևոտ ու ցուրտ մի օր նա տուն վերադարձավ այնպիսի վիճակում, որ Ազադա խանումը քիչ էր մնում վախից գոռար. թվում էր ինչ-որ մեկը նրան հրել էր ջրափոսի մեջ. հագուստը լրիվ թաց էր, մազերից, դնչից ու գրպաններից ջուր էր թափվում, շալվարը ցեխոտված էր, պիջակի ու օձիքի կոճակները՝ պոկված:
Ազադա խանումը լացելով հանեց ամուսնու շորերն ու նստեցրեց տաք վաննայի մեջ: Մի գավաթ կոնյակ տվեց, ու մի բաժակ թեյ: Հենց Սադայն ուշքի եկավ, սկսվեց հարցուփորձը.
-Որտե՞ղ ես կռիվ արել:
-Ես կռիվ չեմ արել:
-Էդ դեպքում ո՞վ է քեզ էս օրը գցել:

Սադայը ոչ մի բան չպատասխանեց: Երկար լռությունից հետո էլ այնպես լաց եղավ, որ Ազադա խանումը փոշմանեց իր հարցի համար:
-Ազյա, կայարանում վառեցին երիտասարդ մի կնոջ: Վրան բենզին լցրեցին ու վառեցին:
-Ո՞վ վառեց, -հարցրեց Ազադա խանումն՝ արցունքները սրբելով:
Կանայք, Ազյա, մի խումբ փողոցային առևտրականներ: Կարծես իրենք մարդ չէին, այլ իսկական ջիներ:
-Կանա՞յք են քեզ էս օրը գցել:
Արտիստը զարմացավ, քանի որ իրոք չէր գիտակցում, թե ինչ վիճակով է տուն եկել:
-Չգիտեմ: Ոչ մի բա չհասկացա: Երբ էդ սատանաները հայ կնոջը վառեցին ու անմիջապես չքացան, ես նկատեցի, որ կայարանում մենակ եմ կանգնած:

Հետո նա այնպիսի բաներ պատմեց, որ Ազադա խանումն իրեն վատ զգաց:
-Երեկ երազումս տեսա, իբր մի հայի գումար տցվեցին, որ ինձ սպանի:
-Ո՞վ, ո՞վ է ուզում սպանել քեզ:
-Փող տվողը մերոնցից էր, նրանցից, որ հիմա իշխանության գլուխ են կանգնած:
-Զարթնիր, այստեղ վաղուց արդեն ոչ մի իշխանություն էլ չկա, իսկ եթե կա էլ, ուրեմն հենց նրանք են թշնամանքի սերմերն ամենուր ատարածում: Քո կարծիքով ժողովո՞ւրդն էր սումգայիթյան մղձավանջի հեղինակը: Չէ, սիրելիս, չէ: Դա ԿԳԲ-ի ձեռքի գործն էր, կամ էլ իշխանական մնացորդների, որ բաժանվել են տարբեր մաֆիոզական խմբերի: Ես ոչ մի դեպքում չեմ հավատա, Սադայ, որ ադրբեջանցիները, առանց իրական կազմակերպչի, կարող էին նման վայրագություններ անել:
-Ինչպե՞ս կարող ես նման բան ասել: Դու Այլիսում եղել ես, չէ՞, -հարցրեց Սադայը՝ տխուր աչքերը հառելով կնոջն ու անմիջապես երեխայի պես գլուխը տխուր կախեց:
-Այո, Այլիսում եղել եմ և լավ գիտեմ, թե թուրքերն ինչ վայրագություններ են արել անմեղ մարդկանց նկատմամբ: Իսկ դու եղե՞լ ես այնպիսի վայրերոմ , որտեղ հայերն են դուրս շպրտել հազարավոր անմեղ ադրբեջանցիների: Դու գոնե մեկ անգամ մտածե՞լ ես, թե ինչ է նշանակում լինել առանց տանիքի ու ապագայի նկատմամբ առանց որևէ հույսի: Այդ արյունոտ անցքերի հեղինակները, որոնց անիծում են հենց այստեղի, Արցախի ու այն հայերը, ովքեր հիմա թքած ունեն մեզ վրա մենակ նրա համար, որ մեզ էլ թուրք են համարում, արդյո՞ք մտածում են նրանց մասին: Ձեզ թուրքերն են մորթել, ձեր հարցերը նրանց հետ պարզեք, մենք ի՞նչ կապ ունենք: Ինչո՞վ են նրանք լավը մեր ժողովրդից, ինչո՞ւ դու այդ մասին չես մտածում, սիրելիս: Քեզ չես խղճում, գոնե ինձ խղճա: Հասկացիր, էսպես չի կարելի: Հասկացիր, էս աշխարհում ոչ մի բան չես կարող փոխել մենակ ինքդ քեզ կկործանես: Ասում ես՝ կայարան էիր գնացել.. ի՞նչ էիր էնտեղ կորցրել, սիրելիս:
-Ես ուզում էի... Ուզում էի.... Ուզում եմ մեռնել, Ազյա, -մի կերպ արտաբերեց նա:

Ազադա խանումը, հասկանալով, որ ամուսինն արդեն խանգարման եզրին է, լռեց:
Վերջնականապես ներփակվելով՝ Սադայն այժմ ամբողջությամբ հեռացել էր և կնոջից, և աշխարհից ընդհանրապես: Ազադա խանումը հասկացավ, թե ամուսինն ինչի համար էր կայարան գնացել: Սադայն ամբողջ օրն այնտեղ էր անցկացնում մենակ նրա համար, որ դիմավորեր ու ճանապարհեր մանուկ ժամանակներից այդքան ծանոթ «Բաքու-Երևան» գնացքը: Իր հայրենի Օրդուբադով անցնող այդ գնացքով նա ամեն օր ճանապարհորդում էր՝ նոր զառանցագին երազանքներ փայփայելով Էջմիածնի մասնի, որտեղ ցանկանում էր քրիստոնեություն ընդունել:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Թարգմանությունը՝ Արման Նավասարդյանի, Արուսյակ Հոխիկյանի

Հ.Գ. Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» աշխատության հայերեն թարգմանությունը www.diplomat.am կայքի սեփականությունն է: Դրա մասնակի կամ ամբողջական արտատպությունը թույլատրվում է միայն կայքի հիպերհղման դեպքում, որը պետք է տեղադրվի նյութի առաջին պարբերությունում: Հակառակ դեպքում արտատպությունը կհամարվի գրագողություն, որը արգելված է ՀՀ օրենսդրությամբ:

ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ
7288 reads | 12.04.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com