«ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ՄԱԴՈՆՆԱ» ԼԱՐԻՍԱ ՌԵՅՍՆԵՐԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Ֆեմինիստներից ամենաակտիվը, որը սահմաններ չէր ճանաչում շարժման տեսական և գործնական հարցերում, Լարիսա Ռեյսներն էր: Նա սերում էր հրեա-գերմանացի հորից և ռուս ազնվական մորից: Պրոֆեսիոնալ հեղափոխական, քաղաքացիական պատերազմի մասնակից, Ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի կոմիսար, հետախույզ, տաղանդավոր բանաստեղծ, լրագրող, գրող:

‹‹Բոլշևիկյան մադոննա››. այս մակդիրն էր կրում Լարիսան: Պատահական չէ, որ նա՛ դարձավ Վիշնևսկու հայտնի ‹‹Լավատեսական ողբերգություն›› պիեսի կին կոմիսարի նախատիպը: Պաստեռնակն իր ‹‹Դոկտոր Ժիվագոյի›› հերոսուհուն անվանել է Լարիսա: Բլոկի անկրկնելի բանաստեղծությունների տողերում ուրվագծվում է Լարիսա Ռեյսների կերպարը: Շուխաևը, ոգեշնչվելով այդ կնոջ գեղեցկությամբ, կերտել է իր ‹‹XX դարի Մոնա Լիզա›› հայտնի կտավը:

Լարիսայի առաջին տղամարդը եղել է Գումիլյովը, հետո` Տրոցկին, որը նրան փոխանցել է իր օգնական պրոֆեսիոնալ զինվորական, լեգենդար ‹‹Ավրորա›› հածանավի նավաստի, Ֆեոդոր Ռասկոլնիկովին: Նրանք ամուսնանում են և մեկնում Աֆղանստան, որտեղ Ռասկոլնիկովը նշանակվում է Խորհրդային Ռուսաստանի դեսպան:

Ասում են, եթե մարդն օժտված է, ապա օժտված է ամեն ինչում: Այդպիսին է եղել Լարիսա Ռեյսները: Աֆղանստանում նա իրեն դրսևորում է որպես ճկուն դիվանագետ: Ակտիվորեն օգնում է ամուսնուն` խափանելու անգլիական դիվանագետների և հատուկ ծառայությունների լարած որոգայթները Ռուսաստանի դեմ: Սակայն ամենակարևոր խնդիրը, որը դրված էր դեսպանության առջև, միջինասիական խորհրդային հանրապետությունների վրա Աֆղանստանից բասմաչիների բանդիտական հարձակումների դադարեցումն էր: Լարիսայի գեղեցկությամբ տառացիորեն հմայված էմիր Ամանուլ խանը ընդառաջ է գնում նրա խնդրանքին: Աֆղանական ցեղերի ավագանու խորհուրդը հավանություն է տալիս ռուս-աֆղանական պայմանագրին, և Աֆղանստանը հայտարարում է ՌՍՖՍՀ-ի և Թուրքեստանի Խորհրդային Հանրապետության դեմ քայքայիչ գործողություններից հրաժարվելու մասին:

Լարիսան անում է այն, ինչը դիվիզաները չէին կարողանում անել: Հետո նա անսպասելի բաժանվում է Ռասկոլնիկովից և ամուսնանում (ոչ պաշտոնական) Քաղբյուրոյի անդամ Կարլ Ռադեկի հետ: Նորապսակները մեկնում են Գերմանիա և զենքը ձեռքներին կռվում կոմունիստական չհաջողված հեղափոխության բարիկադների վրա:

Լարիսա Ռեյսների փոթորկալից ռոմանտիզմով, կրակով և արյունով շաղախված կյանքը հիացմունքով է գովերգում տաղանդավոր Միխայիլ Կոլցովը, որն ինքն էր հերոսանալու Իսպանական պատերազմում և զոհվելու էր ՆԿՎԴ-ի նկուղներում, որպես` օտարերկրյա ագենտ:

Լարիսա Ռեյսների կարճատև կյանքի քառուղիներում խաչաձևվել, նրանով հիացել են ժամանակի հայտնի մարդիկ` Անդրեևը, Մանդելշտամը, Ախմատովան, Բլոկը, Վ. Ռոժդեստվենսկին, Շալամովը, Կրամովը և ուրիշներ, իսկ մահը ողբացել են` թողնելով խորը ցավակցական տողեր:

Նրան հավերժ սիրահարված էր Կոլցովը, իսկ Մանդելշտամը նրան նվիրում է մադրիգալ (կարճ հովվերգական-սիրային բանաստեղծություն):

Լարիսա Ռեյսների երկրպագուները և նրանով հիացողները, բնականաբար, չէին անդրադառնալու նրա ազատ սիրո գաղափարախոսությանը, որը Լարիսան լայնորեն քարոզում էր` որպես ֆեմինիզմի ջատագով:

Նրան է պատկանում ‹‹Մի բաժակ ջրի›› հայտնի տեսությունը: ‹‹Ցանկացար-խմեցիր-մոռացար››: Այսկերպ է նա բացատրում սեքսուալ հարաբերությունները:

Ռեյսների սեքսուալ դրույթներն ամենքին չէ, որ հիացմունք էին պատճառում: Նիկոլայ Կուզմինն իր պատմական ‹‹Մթնշաղ›› վեպում այն կարծիքն է հայտնում, որ Ռեյսները հայտնի հողի վրա ընդհանրապես խելքը թռցրել էր և դարձել ‹‹կատարյալ մոլագար››:

Մինչդեռ երկրի ղեկավարությունը ներողամտորեն և մատների արանքով էր նայում ֆեմինիստների ‹‹չարաճճիություններին››, իսկ Իլյիչը հումորի էր վերածում Լարիսայի և ամուսնու` Ֆեոդորի հարաբերությունները: Առաջնորդը կատակում էր, թե այդ զույգի համար ամենամեծ պատիժը կլիներ կուսակցական որոշում ընդունելը` գոնե մեկ տարի նրանց արգելվեր կողմնակի մարդկանց հետ սեքսով զբաղվելը:

Լարիսա Ռեյսները մահացել է երեսուն տարեկանում` տիֆից: Եթե նա ապրեր մինչև 1937-ը, ամենայն հավանականությամբ կզոհվեր անողորմ մսաղացում` ավելի տանջալից մահով:

Լարիսայի տղամարդիկ ռեպրեսիայի տարիներին զոհվեցին ՆԿՎԴ-ի բանտերում` բոլորը: Ողբերգական եղավ ամուսնու` ֆեոդոր Ռասկոլնիկովի ճակատագիրը: Կնոջ մահից հետո նա շարունակեց աշխատել արտգործնախարարության համակարգում, կրկին ամուսնացավ: 1939 թվականին, երբ նա Ռուսաստանի դեսպանն էր Բուլղարիայում, որոշեց չվերադառնալ հայրենիք` համոզված լինելով, որ ձերբակալվելու է: Հետո նա մեղադրական բաց նամակ հղեց Ստալինին, որը հրապարակեց արտասահմանյան թերթերթում: Դա մահապատժի որոշում էր ինքն իր դեմ: Խորհրդային դատարանը նրան հեռակա կարգով դատապարտեց մահվան, որը, չանցած մեկ տարի, ի կատար ածվեց Ֆրանսիայի Նիս քաղաքում ` չեկիստների ձեռքով:

Իրոք, որ հեղափոխությունը լափում է իր զավակներին:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ԼԵՆԻՆԻ ՍԻՐՈՒՀԻ ԻՆԵՍԱ ԱՐՄԱՆԴ
1710 reads | 29.12.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com