ԼԵՆԻՆԻ ՍԻՐՈՒՀԻ ԻՆԵՍԱ ԱՐՄԱՆԴ. ԵՐԲ ԵՍԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹՈՒՄ Է ՍԻՐՈՒՆ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ՍԿԻԶԲԸ՝ ԱՅՍՏԵՂ ![]() Նա հազվագյուտ անձնավորություն էր: Արմանդի հոգեկերտվածքն ուսումնասիրման կարիք ունի: Նրա մասին տեղեկությունները խիստ ժլատ են. ոչնչացված են գրեթե բոլոր նամակներն ու փաստաթղթերը` հասկանալի պատճառներով: Ժամանակակիցների վկայությամբ` Ինեսան աչքի է ընկել ծայրահեղ և հակասական բնավորությամբ: Մի կողմից նա եղել է երկաթյա կամքի տեր, վճռական ու սառնասիրտ, մյուս կողմից` կատարյալ կին` սիրող, ենթարկվող և անձնական ‹‹ես››-ը զոհող: Եվ այս հանգամանքը ինչ-որ ձևով ու չափով շահագործվել է նրա զուգընկերոջ` Լենինի կողմից: Նախ` Ինեսան լեզուների իր փայլուն իմացությամբ, խորը գիտելիքներով և վերլուծական ունակություններով անգնահատելի ծառայություններ է մատուցել Լենինին: Բացի այդ, Ինեսան իր վրա է վերցրել Լենինի գործունեության ողջ սև աշխատանքը: Սոցիալ-դեմոկրատական տարբեր ֆրակցիաների ու քաղաքական ուժեղ հակառակորդների դեմ պայքարում, երբ Լենինն իր բռնկվող և անզիջում բնավորության պատճառով մտնում էր փակուղի կամ պարտություն էր կրում, Ինեսայից էր օգնություն հայցում: Այդ տարիներին Լենինը մշտապես իր սիրուհու հետ էր քննարկում հեղափոխության ռազմավարական և մարտավարական խնդիրները: Ինեսան շանթարգելի դեր էր խաղում, և մեկ անգամ չէ, որ սիրեցյալին փրկել է հարվածից ` այն վերցնելով իր վրա: Ինեսա Արմանդը բանակցային հաղորդակցության բնածին վարպետ էր, և նրա վաղաժամ մահը մեծ կորուստ էր խորհրդային ապագա դիվանագիտության համար: ![]() Սակայն Լենինը նպատակին հասնելու համար կանգ չէր առնում ոչ մի բանի առաջ: Եվ ահա 1912 թվականին, երբ կուսակցության կենտրոնական պարբերաթերթ ‹‹Պրավդան›› սկսեց դուրս գալ նրա հսկողությունից, խմբագիրները պարզապես չէին տպագրում նրա հոդվածները, Լենինը որոշեց դրությունը շտկելու համար Կրակովից Սանկտ-Պետերբուրգ ուղարկել Ինեսա Արմանդին` ‹‹իր հատուկ հանձնակատարի և կոնֆլիկտները կարգավորողի›› կարգավիճակով: Բացի այդ, Ինեսայի վրա դրված էր սանկտպետերբուրգյան բոլշևիկյան կազմակերպությունում ծագած գժտությունների վերացման և չորրորդ Դումայի նախընտրական կամպանիայի կազմակերպման դժվար խնդիրները: Լենինը քաջ գիտակցում էր, որ Ինեսային ուղարկում է նրա կյանքին սպառնացող վտանգին դեմ հանդիման: Նրա սիրած կինը ցարական ոստիկանության (պահնորդության) հետախուզման մեջ էր: Ինքը` առաջնորդը, իրեն երբեք նման ռիսկի չէր ենթարկի: Հայտնի է, որ և՛ հեղափոխությունից առաջ, և՛ հեղափոխությունից հետո նա ունեցել է այն սևեռուն միտքը, որ ինքը պետք է իրեն ապահովագրի ամեն տեսակի վտանգներից, քանի որ իր վրա է դրված համաշխարհային հեղափոխություն իրագործելու պատմական առաքելությունը: Իսկ երբ Լենինը դարձավ պետության ղեկավար, պահանջեց Ինեսայից վերադարձնել նրան ուղղված սիրային նամակները` անվանարկվելուց ապահովագրվելու համար, չնայած նրանց սիրային կապը հայտնի էր Կրեմլի փողոցներն ավլողներին անգամ: …Եվ ահա Իլյիչի թեթև ձեռքով Ինեսան հայտնվում է Սանկտ-Պետերբուրգում, Ֆրանսիայի Լոնժյումո քաղաքում իր հիմնած կուսակցական դպրոցի քսանմեկամյա ուսանող Գեորգի Սաֆարյանի ուղեկցությամբ: Վերջինս նույնպես հեղափոխական էր, երկու տարի առաջ փախել էր Ֆրանսիա և հետախուզման մեջ էր: Ինեսային և Գեորգիին, որոնք Ռուսաստան մտան կեղծ անձնագրերով` ուրիշի անվան տակ, ոստիկանությունը համարում էր ամուսիններ: Անգլիացի հայտնի պատմաբան Մայքլ Պիրսոնը Ինեսա Արմանդին նվիրված իր հայտնի աշխատության (‹‹Inessa-Lenin’s Mistress››) մեջ չի բացառում, որ Ինեսայի և Գեորգիի միջև եղել են սեքսուալ հարաբերություններ, ‹‹քանի որ նրանք երկար ապրել են միասին, իսկ Ինեսան նախապատվություն էր տալիս իրենից երիտասարդ տղամարդկանց››: ![]() Եթե Ինեսան գնացել է այդ քայլին, հավանաբար վրեժ է լուծել Լենինից, որի նկատմամբ իր զգացմունքները որոշ չափով ‹‹բթացել›› էին` իրեն վտանգաշատ գործուղման ուղարկելու համար: Ինչևէ, ոստիկանությունը ձերբակալում է Ինեսա Արմանդին: Նրա դեմ հարուցվում է դատական գործ, սակայն մեծ փրկագնի դիմաց նա ազատ է արձակվում բանտից մինչև դատի օրը և փախչում է արտասահման: Ի դեպ, Ինեսայի փրկագինը վճարում է առաջին ամուսինը` Ալեքսանդրը, որը, չնայած ամեն ինչին, սիրել է կնոջը և միշտ օգնության է հասել: Արտասահմանում Ինեսան կրկին միանում է Լենինին` մինչև կյանքի վերջն այլևս չբաժանվելու համար: Իսկ երբ առաջնորդը հայտարարում է, թե Ռուսաստանը ‹‹հղի է հեղափոխությամբ››, սիրո եռյակը 1917 թվականի ապրիլին կնքված վագոնով վերադառնում է Ռուսաստան: Լենինն իր հետ տանում էր գերմանական 40 միլիոն ոսկե մարկ (մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ) Ռուսաստանում իշխանությունը տապալելու, Առաջին աշխարհամարտը դադարեցնելու և համաշխարհային հեղափոխություն անելու համար: «Գերմանացիները Լենինին տեղափոխեցին Ռուսաստան, ճիշտ այնպես, ինչպես տիֆի կամ խոլերայի մանրէներն են տեղափոխում սրվակով, որը հետո դատարկում են մեծ քաղաքի ջրմուղ-կոյուղու մեջ: Եվ այդ գործողությունը պսակվեց միանգամայն հաջողությամբ»: Այսպես է մեկնաբանում Լենինի վերադարձը Ռուսաստան Չերչիլը անգլիական հետախուզության տվյալների հիման վրա, որը դեռ այն ժամանակ համարվում էր լավագույններից մեկը աշխարհում: ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ... | |
ԼԵՆԻՆԻ ՍԻՐՈՒՀԻ ԻՆԵՍԱ ԱՐՄԱՆԴ | |
2117 reads | 24.12.2013
| |