ԼԵՆԻՆԻ ՍԻՐՈՒՀԻ ԻՆԵՍԱ ԱՐՄԱՆԴ. ՍԵՐ ԵՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





ՍԿԻԶԲԸ՝ ԱՅՍՏԵՂ

 ՍԵՐ ԵՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Արմանդների հասարակական դիրքը և մեծ հարստությունը հնարավորություններ էին ընձեռում Ինեսային՝ ունենալու ապահով ու անհոգ կյանք, սակայն նրա երակներում ըստ երևույթին հոսում էր ֆրանսիական յակոբինյան հեղափոխականների արյունը: Եվ նա ընտրում է ցարին տապալելու, ‹‹աշխարհը վերափոխելու›› փշոտ ու վտանգաշատ ուղին:

Արմանդը ոտքով- գլխով նետվում է հեղափոխական պայքարի մեջ, որը դառնում է նրա կոչումը, իսկ սոցիալիզմի գաղափարախոսությունը` հավատամքը, որոնց նա նվիրվում է կուրորեն` պատրաստ զոհվելու հանուն նպատակի:

Այս մոլեռանդ հավատն է նրան ուժ տալիս տոկալու և դիմանալու այն անմարդկային պայմաններում, որոնք բաժին են ընկնում նրան Արխանգելսկի Մեզենին աքսորավայրում, որտեղ հայտնվում է այդ ‹‹փափուկ›› ապրած կինը` հակակառավարական ակտիվ գործունեության համար:

Սակայն հեղափոխությունը չի մարում նրա կանացի էությունը: Սերը և հեղափոխությունը Ինեսայի մեջ եղել են անբաժան ամբողջականություն, սիմբիոզ: Աքսորավայրում նրան է միանում ամուսնու եղբայր Վլադիմիրը, սակայն որոշ ժամանակ միասին ապրելուց հետո նա ստիպված է լինում թողնել աքսորավայրը, քանի որ հիվանդությունը (թոքախտ) խիստ սրվում է, և բժիշկները զգուշացնում են, որ այնտեղ մնալու դեպքում շուտով կարող է մահանալ:

Պայքարելու մարմաջն ու սիրած մարդուն կրկին տեսնելու կարոտը Ինեսային ուժ են տալիս փախչելու աքսորավայրից` երկրորդ տարվա ձմռանը, երբ ճահիճները սառցակալում են, նա սահնակով անցնում է Ռուսաստանի սահմանը, իսկ այնտեղից` Շվեյցարիա:

Վոլոդյան միանում է Ինեսային, սակայն նրանց վիճակված չէր վայելելու միասին լինելու երջանկությունը. շուտով նա մեռնում է կնոջ ձեռքերի վրա:

Ինեսա Արմանդը սփոփանք է գտնում հեղափոխական ջրապտույտում: Նա դառնում է բոլշևիկյան կուսակցության և միջազգային կոմունիստական շարժման ակնառու գործիչներից մեկը:

1905 թվականի հեղափոխության ժամանակ Ինեսա Արմանդը մեծ հեղինակություն է ձեռք բերում սոցիալ-դեմոկրատների ամեն գույնի կուսակցություններում և իշխանությունների շրջանում վաստակում ամենավտանգավոր հեղափոխականներից մեկի համբավը:

‹‹Ես տեղեկություն ունեմ, որ քաղաքացի Արմանդը երբեք չի դադարեցնի իր քայքայիչ գործունեությունը››: Սա մի հատված է Մոսկվայի նահանգապետի գրությունից` ներքին գործերի նախարարին:

Չնայած մշտական սպառնացող վտանգին, բանտերին ու աքսորներին` Ինեսա Արմանդը հեղափոխությունից անբաժան էր, կարծես խաղում էր նրա հետ բարձր արտիստիզմով:

Բնությունն ասես օժտել էր նրան` այդ առաքելությունն անթերի կատարելու համար. չորս լեզվի ազատ տիրապետում, բազմակողմանի զարգացվածություն, բարձր ինտելեկտ, փայլուն հռետորական հատկություններ, արիստոկրական կեցվածք: Երաժշտության նուրբ գիտակ էր, փայլուն դաշնամուր էր նվագում, հատկապես Բեթհովեն:

Ինեսան եղել է արտակարգ հմայիչ կին` կանաչ, ճառագայթող աչքերով, մագնիսացնող հայացքով, փայլուն փարթամ վարսերով, նրբագեղ կառուցվածքով:

Նրա ակտիվ մասնակցությունը Կանանց սոցիալիստական միջազգային և Ինտեռնացիոնալիստների Ցիմերվալդի կոնֆերանսներին և ՌՍԴԲ(բ)Կ VI համագումարին, ինչպես նաև ռուսական և միջազգային այլ ֆորումների կազմակերպման աշխատանքներին ապացուցեց, որ հանձին Ինեսա Արմանդի, Ռուսաստանը ձեռք է բերել բոլշևիկյան շարժման առաջին մեծության աստղ:

‹‹Թվում էր, թե այդ կինը կյանքի անսպառ աղբյուր է, հեղափոխության բորբ խարույկ, իսկ նրա լայնեզր գլխարկի կարմիր փետուրներն ասես կրակի բոցե լեզուներ լինեին››,- այսպես է Ինեսային հիշում սոցիալ-դեմոկրատ Գրիգորի Կոտովը:

Խորհրդային կոմունիստական գաղափարախոսությունն ուներ դրույթներ, որոնք կարող են ներկա սերնդի ժպիտն առաջացնել: Դրանցից մեկն այն էր, որ մեր երկրում սեքս չկա: Դե, եթե սեքս չկա, երկրի առաջնորդներն ինչպե՞ս կարող են սիրուհի ունենալ:

Իսկ եթե անգամ որևէ մեկի մտքով անցներ, որ Իլյիչը` Աստծուն փոխարինող այդ կուռքը, կարող է զբաղվել նման ‹‹անվայելուչ բաներով››, առնվազն հերետիկոսություն կլիներ:

Հետևաբար պետական մեքենան խնամքով թաքցնում էր Լենին-Ինեսա սիրային կապը, իսկ վերջինս ներկայացվում էր ընդամենը որպես բոցաշունչ հեղափոխական:

Հետագայում որևէ կասկած չառաջացնելու և Լենինի կերպարի կուսական անաղարտությունը պահելու համար Ստալինի ցուցումով վերացվեցին սիրահարների հիշատակի վրա ստվեր գցող բոլոր ապացույցները: Ոչնչացվեցին կամ արխիվներում փակվեցին բոլոր նամակներն ու փաստաթղթերը:
Պատահաբար պահպանված նամակներից մեկը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Ինեսան այն գրել է Լենինի հետ հարաբերությունների վաղ շրջանում, երբ սիրահարներն արտասահմանում էին:

‹‹Նայելով լավ ծանոթ տեղերին` պարզ գիտակցում եմ, ավելի լավ քան երբեք, թե այստեղ` Փարիզում դու ինչքան մեծ տեղ ես գրավել իմ կյանքում: Ողջ գործունեությունս մտքի հազարավոր թելերով կապված է քեզ հետ: Ես այն ժամանակ ամեևին սիրահարված չէի քեզ… բայց քեզ էլի շատ էի սիրում: Ես հիմա էլ կարող էի յոլա գնալ առանց համբուրվելու, միայն թե տեսնեի քեզ: Երբեմն հետդ խոսելն անգամ ուրախություն է, իսկ դա ոչ ոքի չէր խանգարի, այնպես չէ՞: Ինչու՞ ինձ զրկեցին դրանից: Դու հարցնում ես` բարկանու՞մ եմ վրադ բաժանման համար: Ոչ, ես մտածում եմ, որ դու դա արել ես ո՛չ քեզ համար… Ամուր համբուրում եմ: Քո Ինեսա››:

Համաձայնեք, որ այսպես գրում են միայն սիրուհիները:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ԼԵՆԻՆԻ ՍԻՐՈՒՀԻ ԻՆԵՍԱ ԱՐՄԱՆԴ
1465 reads | 19.12.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com