ԼԵՆԻՆԻ ՍԻՐՈՒՀԻ ԻՆԵՍԱ ԱՐՄԱՆԴ (ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ)
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






ՀՐԱԺԵՇՏ ՍԻՐԱԾ  ԿՆՈՋԸ

1920 թվական, հոկտեմբերի 11, վաղ առավոտ: Համաշխարհային պրոլետարիատի առաջնորդը կանգնած է ‹‹Կազանյան›› կայարանի կառամատույցում, գլխաբաց, կքված ահավոր, անդարմանելի վշտի ծանրության տակ:

Լենինը կորցրել էր ամենամոտ և ամենահավատարիմ էակին, զինակցին ու գաղափարակցին` Ինեսա Արմանդին: Մի կնոջ, որին նա սիրել էր բոլորից շատ` նվիրված, կրքոտ: Դա նրա միակ իսկական սերն էր իր ողջ փոթորկալից կյանքի ընթացքում:

Կովկասից ժամանող գնացքը, դանդաղ մոտենալով կառամատույցին, կանգ է առնում: Սև թավշով և կարմիր ժապավեններով ձևավորված ցինկե դագաղը տեղափոխում են երկու սպիտակ ձիերով լծված դիակառք:

Փոքրաթիվ թափորն առավոտյան աղջամուղջին դատարկ փողոցներով հեռանում է կայարանից:

Լենինի կողքին քայլում են կինը` Նադեժդա Կրուպսկայան, Ինեսայի ամուսինը` Ալեքսանդրը, նրանց չորս մեծահասակ երեխաները և Կրեմլի պարետ Աբրահամ Բելենկին:

Մաղում է աշնանային բարակ, ձանձրալի անձրև: Ճանապարհը երկար է, ուղեկիցները փորձում են համոզել Լենինին նստել մեքենա: ‹‹Ես կքայլեմ դագաղի հետևից››,- ատամների արանքից նետում է առաջնորդը:

Նա չէր կարողանում իրեն ներել, որ պատճառ դարձավ Ինեսայի անժամանակ մահվան. ստիպեց նրան գնալ բուժվելու Կիսլովոդսկ, որտեղից վերադառնալու ճանապարհին, Նալչիկում, վարակվեց խոլերայով և վախճանվեց` 46 տարին հազիվ բոլորած: Երկաթյա տրամաբանության տեր առաջնորդը չէր կարողանում հասկանալ ճակատագրի ծաղրը, և ինքն իրեն հարց էր տալիս՝ ինչո՞ւ իր խորը, գրեթե հայրական հոգատարությունը Ինեսայի նկատմամբ պետք է դառնար այդ չքնաղագեղ կնոջ կործանման պատճառը:

Վերջապես թափորը հասնում է Միությունների տուն, որտեղ Ինեսան շատ անգամներ կրակոտ ու ոգևորիչ ելույթներ էր ունեցել լեփ-լեցուն դահլիճում` որպես Ռուսաստանի աշխատավոր կանանց ճանաչված առաջնորդ և ֆեմինիստական շարժման բոցաշունչ տրիբուն:

Ինեսա Արմանդին թաղեցին հաջորդ օրը Կարմիր հրապարակում` Կրեմլի պատի մեջ: Կրուպսկայայի կողքին կանգնած առաջնորդի տեսքը ցնցեց ներկաներին: Նրանք առաջին անգամ տեսան նրա արցունքները:

Հայտնի դիվանագետ Ալեքսանդրա Կոլոնտայի վկայությամբ` ‹‹Լենինն անճանաչելի էր: Վիշտը ճզմել էր նրան: Թվում էր, թե ամեն վայրկյան կարող է ուշաթափվել››:

Բոլշևիկյան նշանավոր գործչին հրաժեշտ տվող հոծ բազմությունը թնդացրեց հրապարակը հեղափոխության ամենասիրված հիմնով` ‹‹Ինտերնացիոնալով››`

Ելի՛ր, ում կյանքը անիծել է,
Ով ճորտ է, մերկ է և ստրուկ.

Արդեն վառվում են մեր սրտերը

Արդեն կռվի ենք մենք ձգտում…


Սիրուհու մահը կոտրեց Լենինին, վերջնակապես քայքայեց նրա առանց այդ էլ խախուտ առողջությունը: ‹‹Իմ երգը երգված է››,- ասում է նա Ինեսայի մահից հետո:

Մտերիմների վկայությամբ` Ինեսայի հեռանալն արագացրեց առաջնորդի մահը: Նադեժդա Կրուպսկայան, որն ընդունել էր Իլյիչի և սիրուհու կապը, 1924 թվականին խնդրեց, որ ամուսնու աճյունը տեղավորեն Ինեսայի կողքին: Ստալինը չհասկացավ այդ մեծահոգի ժեստը և չհամաձայնվեց: Նա արդեն սկսել էր ստեղծել հեղափոխության առասպելաբանությունը, այդ թվում` առասպելը Լենինի մասին: Եվ, ընդհակառակը, ճնշում էր գործադրում նրա վատառողջ կնոջ վրա:

Ստալինին դուր չէր գալիս, որ Լենինը և կինը հոգ էին տանում Ինեսայի երեխաներին նրանց մոր մահից հետո: Իսկ երբ Իլյիչը չկար, նա արգելեց Նադեժդային անելու նույնը, չնայած դա Լենինի կամքն էր:



ՓԱՐԻԶԻՑ ՄՈՍԿՎԱ

Ինեսա Ֆեոդորովնա Արմանդ. Ռուսաստանում նրան այդկերպ էին անվանում: Սակայն նա զտարյուն ֆրանսուհի էր` Էլիզաբեթ-Ինես Պեշո դ’Եբերվիլ, ծնվել էր 1874 թվականին Ֆրանսիայում:

Միջավայրը, որտեղ ծնվել էր Ինեսան, արտիստական էր: Հայրը` Թեոդոր Ստեֆանը, օպերային երգիչ էր, մայրը` Նատալի Վիլդը` արտիստուհի: Հոր վաղաժամ մահից հետո ընտանիքը հայտնվում է ծանր վիճակում: Օգնության է հասնում մորաքույրը: Նա վերցնում է Ինեսային ու քրոջը` Ռենեին, և մեկնում Ռուսաստան: (Այդ հիմա են մարդիկ արտագաղթում Եվրոպա ապրուստ հայթայթելու համար: Այն ժամանակ հակառակն էր):

Ֆրանսիական համայնքը սիրով է ընդունում գեղեցկատես և բարեկիրթ քույրերին: Ինեսան և Ռենեն հաճախ են լինում ռուսացած մեծահարուստ ֆրանսիացիներ Արմանդների դաստակերտ Պուշկինոյում: Նրանք ‹‹Եվգենի Արմանդ և որդիներ›› խոշոր մանածագործական ֆաբրիկայի և ֆինանսաբեր այլ ձեռնարկությունների սեփականատերեր էին: Արմանդներն այնքան սիրեցին փարիզեցի քույրերին, որ երբ
նրանք դարձան չափահաս, ամուսնացրին իրենց որդիների` Ալեքսանդրի և Նիկոլայի հետ:

ԻՆԵՍԱՅԻ ՍԻՐՈ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՆԿՅՈԻՆԸ

Ինեսան 9 տարի ապրեց Ալեքսանդր Արմանդի հետ և ունեցավ չորս երեխա: Նրանց ամուսնական կյանքը հագեցած էր հոգեբանական ու դրամատիկական բարդ դրվագներով: Ինեսայի փուխր և զմայլելի արտաքինի տակ հավանաբար թաքնված է եղել երկաթյա կամք և մարդկանց վրա ներգործելու, իրեն ենթարկելու անբացատրելի զորություն:

Այդ հատկանիշը նա մեկ անգամ չէ, որ դրսևորելու էր հեղափոխական պայքարի լարված պահերին և բանավեճերում, անգամ դիմակայել է մտքի տիտաններ Տրոցկուն, Պլեխանովին, Աքսելրոդին:

Իսկ ո՞վ էր նրանց համեմատությամբ Ինեսայի ամուսինը` Ալեքսանդրը, հարուստ, վերին աստիճանի բարի և կամազուրկ ինտելիգենտ: 19-ամյա կինը նրան ամբողջովին ենթարկել էր իրեն` առանց ճիգ գործադրելու և ճնշում բանեցնելու: Իսկ նա ասես հաճույքով էր ստորադասվում կնոջը, նրա որոշումներին, որոնք իր համար դառնում էին ընդունելի և անշրջելի:

Ինեսայի` մորից ժառանգած  հախուռն խառնվածքը չէր կարող չժայթքել: Նա կապվում է ամուսնու` իրենից 11 տարի երիտասարդ եղբոր` Վլադիմիրի հետ, որից ունենում է հինգերորդ երեխան:

Ամուսինը հաշտվում է այդ իրողության հետ: Նա չի բաժանվում կնոջից և հետագայում, երբ ցարական ոստիկանությունը Ինեսային նետում է բանտ, հետո աքսորում Արխանգելսկի նահանգ, ամեն կերպ օգնում է նրան և հոգ տանում իրենց երեխաներին: Ինեսան սիրում էր երկու եղբայրներին էլ. պարզապես դրանք տարբեր զգացմունքներ էին: Սա Ինեսայի կյանքում սիրո առաջին եռանկյունն էր:


ՍԵՐ ԵՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Արմանդների հասարակական դիրքը և մեծ հարստությունը հնարավորություններ էին ընձեռում Ինեսային՝ ունենալու ապահով ու անհոգ կյանք, սակայն նրա երակներում ըստ երևույթին հոսում էր ֆրանսիական յակոբինյան հեղափոխականների արյունը: Եվ նա ընտրում է ցարին տապալելու, ‹‹աշխարհը վերափոխելու›› փշոտ ու վտանգաշատ ուղին:

Արմանդը ոտքով- գլխով նետվում է հեղափոխական պայքարի մեջ, որը դառնում է նրա կոչումը, իսկ սոցիալիզմի գաղափարախոսությունը` հավատամքը, որոնց նա նվիրվում է կուրորեն` պատրաստ զոհվելու հանուն նպատակի:

Այս մոլեռանդ հավատն է նրան ուժ տալիս տոկալու և դիմանալու այն անմարդկային պայմաններում, որոնք բաժին են ընկնում նրան Արխանգելսկի Մեզենին աքսորավայրում, որտեղ հայտնվում է այդ ‹‹փափուկ›› ապրած կինը` հակակառավարական ակտիվ գործունեության համար:

Սակայն հեղափոխությունը չի մարում նրա կանացի էությունը: Սերը և հեղափոխությունը Ինեսայի մեջ եղել են անբաժան ամբողջականություն, սիմբիոզ: Աքսորավայրում նրան է միանում ամուսնու եղբայր Վլադիմիրը, սակայն որոշ ժամանակ միասին ապրելուց հետո նա ստիպված է լինում թողնել աքսորավայրը, քանի որ հիվանդությունը (թոքախտ) խիստ սրվում է, և բժիշկները զգուշացնում են, որ այնտեղ մնալու դեպքում շուտով կարող է մահանալ:

Պայքարելու մարմաջն ու սիրած մարդուն կրկին տեսնելու կարոտը Ինեսային ուժ են տալիս փախչելու աքսորավայրից` երկրորդ տարվա ձմռանը, երբ ճահիճները սառցակալում են, նա սահնակով անցնում է Ռուսաստանի սահմանը, իսկ այնտեղից` Շվեյցարիա:

Վոլոդյան միանում է Ինեսային, սակայն նրանց վիճակված չէր վայելելու միասին լինելու երջանկությունը. շուտով նա մեռնում է կնոջ ձեռքերի վրա:

Ինեսա Արմանդը սփոփանք է գտնում հեղափոխական ջրապտույտում: Նա դառնում է բոլշևիկյան կուսակցության և միջազգային կոմունիստական շարժման ակնառու գործիչներից մեկը:

1905 թվականի հեղափոխության ժամանակ Ինեսա Արմանդը մեծ հեղինակություն է ձեռք բերում սոցիալ-դեմոկրատների ամեն գույնի կուսակցություններում և իշխանությունների շրջանում վաստակում ամենավտանգավոր հեղափոխականներից մեկի համբավը:

‹‹Ես տեղեկություն ունեմ, որ քաղաքացի Արմանդը երբեք չի դադարեցնի իր քայքայիչ գործունեությունը››: Սա մի հատված է Մոսկվայի նահանգապետի գրությունից`
ներքին գործերի նախարարին:

Չնայած մշտական սպառնացող վտանգին, բանտերին ու աքսորներին` Ինեսա Արմանդը հեղափոխությունից անբաժան էր, կարծես խաղում էր նրա հետ բարձր արտիստիզմով:

Բնությունն ասես օժտել էր նրան` այդ առաքելությունն անթերի կատարելու համար. չորս լեզվի
ազատ տիրապետում, բազմակողմանի զարգացվածություն, բարձր ինտելեկտ, փայլուն հռետորական հատկություններ, արիստոկրական կեցվածք: Երաժշտության նուրբ գիտակ էր, փայլուն դաշնամուր էր նվագում, հատկապես Բեթհովեն:

Ինեսան եղել է արտակարգ հմայիչ կին` կանաչ, ճառագայթող աչքերով, մագնիսացնող
հայացքով, փայլուն փարթամ վարսերով, նրբագեղ կառուցվածքով:


Նրա ակտիվ մասնակցությունը Կանանց սոցիալիստական միջազգային և Ինտեռնացիոնալիստների Ցիմերվալդի կոնֆերանսներին և ՌՍԴԲ(բ)Կ VI համագումարին, ինչպես նաև ռուսական և միջազգային այլ ֆորումների կազմակերպման աշխատանքներին ապացուցեց, որ հանձին Ինեսա Արմանդի, Ռուսաստանը ձեռք է բերել բոլշևիկյան շարժման առաջին մեծության աստղ:

‹‹Թվում էր, թե այդ կինը կյանքի անսպառ աղբյուր է, հեղափոխության բորբ խարույկ, իսկ նրա լայնեզր գլխարկի կարմիր փետուրներն ասես կրակի բոցե լեզուներ լինեին››,- այսպես է Ինեսային հիշում սոցիալ-դեմոկրատ Գրիգորի Կոտովը:

Խորհրդային կոմունիստական գաղափարախոսությունն ուներ դրույթներ, որոնք կարող են ներկա սերնդի ժպիտն առաջացնել: Դրանցից մեկն այն էր, որ մեր երկրում սեքս չկա: Դե, եթե սեքս չկա, երկրի առաջնորդներն ինչպե՞ս կարող են սիրուհի ունենալ:

Իսկ եթե անգամ որևէ մեկի մտքով անցներ, որ Իլյիչը` Աստծուն փոխարինող այդ կուռքը, կարող է զբաղվել նման ‹‹անվայելուչ բաներով››, առնվազն
հերետիկոսություն կլիներ: 

Հետևաբար պետական մեքենան խնամքով թաքցնում էր Լենին-Ինեսա սիրային կապը, իսկ
վերջինս ներկայացվում էր ընդամենը որպես բոցաշունչ հեղափոխական:


Հետագայում որևէ կասկած չառաջացնելու և Լենինի կերպարի կուսական անաղարտությունը պահելու համար Ստալինի ցուցումով վերացվեցին սիրահարների հիշատակի վրա ստվեր գցող բոլոր ապացույցները: Ոչնչացվեցին կամ արխիվներում փակվեցին բոլոր նամակներն ու փաստաթղթերը:
Պատահաբար պահպանված նամակներից մեկը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Ինեսան այն գրել է Լենինի հետ հարաբերությունների վաղ շրջանում, երբ սիրահարներն արտասահմանում էին:

‹‹Նայելով լավ ծանոթ տեղերին` պարզ գիտակցում եմ, ավելի լավ քան երբեք, թե այստեղ` Փարիզում դու ինչքան մեծ տեղ ես գրավել իմ կյանքում: Ողջ գործունեությունս մտքի հազարավոր թելերով կապված է քեզ հետ: Ես այն ժամանակ ամեևին սիրահարված չէի քեզ… բայց քեզ էլի շատ էի սիրում: Ես հիմա էլ կարող էի յոլա գնալ առանց համբուրվելու, միայն
թե տեսնեի քեզ: Երբեմն հետդ խոսելն անգամ ուրախություն է, իսկ դա ոչ ոքի չէր խանգարի, այնպես չէ՞: Ինչու՞ ինձ զրկեցին դրանից: Դու հարցնում ես` բարկանու՞մ եմ վրադ բաժանման համար: Ոչ, ես մտածում եմ, որ դու դա արել ես ո՛չ քեզ համար… Ամուր համբուրում եմ: Քո Ինեսա››:


Համաձայնեք, որ այսպես գրում են միայն սիրուհիները:

ՍԻՐՈ ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՆԿՅՈՒՆԸ

Լենինի և Ինեսայի պատմական հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում 1909 թվականին:
Այն ժամանակ Լենինը 39 տարեկան էր, Ինեսան` 35: Նա հասուն կին էր, բազմազավակ մայր, սակայն չէր կորցրել անդիմադրելի հմայքը:


Հոգեբանության մեջ գոյություն ունի ‹‹առաջին տպավորություն›› հասկացությունը, որը ձևավորվում է հանդիպման առաջին 3-6 վայրկյանի ընթացքում և որոշիչ ազդեցություն ունենում հարաբերությունների հետագա ձևավորման վրա: Ասում են` առաջին տպավորությունը երկրորդ շանս չունի:

Եթե այդպես լիներ, ապա Ինեսան չէր սիրի Լենինին ու չէր դառնա նրա սիրուհին, քանի որ համաշխարհային պրոլետարիատի առաջնորդը Բրյուսելում նրա վրա առանձին տպավորություն չթողեց, չնայած Արմանդը ծանոթ էր նրա գործունեությանը և աշխատություններին:

Սակայն շատ շուտով նա կարծիքը փոխեց: Ինեսան Լենինի նման մարդու չէր հանդիպել, իսկ նա գիտեր տղամարդկանց: Իր միջավայրում, ապա բանտում և աքսորավայրում ճանաչած հեղափոխականներից և ոչ մեկն այդպես նվիրված չէր եղել սեփական գաղափարներին, չէր ունեցել նման ինտելեկտ ու գիտելիքներ: Ոչ մեկը համոզված չէր եղել, որ իրեն է վերապահված փոխելու մարդկության ճակատագիրն ու պատմության ընթացքը:

Ինեսան, որը հասել էր բալզակյան տարիքի և շատերի սիրուհին էր եղել, սիրահարվեց Լենինին, ինչպես գիմնազիստուհին է սիրահարվում: Իր առաջին զգացմունքները նա այսպես է նկարագրում Լենինին ուղղված նամակում:

‹‹Այն ժամանակ ես քեզնից վախենում էի, ինչպես կրակից: Ուզում էի տեսնել քեզ, բայց ավելի հեշտ էր մեռնել տեղնուտեղը, քան մտնել քո սենյակը, իսկ երբ դո՛ւ էիր անցնում Ն.Կ.-ի (Նադեժդա Կրուպսկայան -Ա.Ն.) աշխատասենյակը (Ինեսան այդ սենյակում էր աշխատում -Ա.Ն), ես ինձ կորցնում էի և ապուշանում: Միշտ զարմանում էի և նախանձում նրանց, ովքեր քաջություն էին ունենում մտնել քո աշխատասենյակը և խոսել քեզ հետ: Միայն հաջորդ աշնանը Լոնժյումոյում ես կարողացա մի փոքր վարժվել քեզ` կապված թարգմանչական գործերի հետ: Ես այնպես սիրում էի ոչ միայն լսել, այլև նայել քեզ, երբ դու խոսում էիր: Ինչպե՜ս էր քո դեմքն աշխուժանում: Եվ այդ ժամանակ էր հնարավոր քեզ նայել, քանի որ դու դիմացինին չէիր նկատում››:

Իսկ ինչո՞ւ Լենի՛նը տարվեց այդ շենշող ֆրանսուհիով: Հազիվ թե նա կարող էր կարծել, որ այդ` մինչև ուղն ու ծուծն արիստոկրատ կինը դառնալու էր հեղափոխական դաժան գործի իր ընկերն ու դաշնակիցը:

Սակայն գալու էր ժամանակ, երբ Լենինը նրան համարելու  էր ամենամոտ մարդը, որին վստահելու էր ավելի, քան իր ‹‹եռյակ›› ընկերներին` Զինովևին, Կամենևին, Ռիկովին): Ի դեպ, Ինեսան ավելի փորձառու հեղափոխական էր, քան նրանք, ավելի շատ էր եղել բանտերում և աքսորավայրերում: Սակայն այդ
փոխըմբռնումը և գաղափարական դաշինքը հետո էր ձևավորվելու:

Ծանոթության հենց սկզբից Ինեսան նրան գերեց որպես կին, որի նմանը նա չէր տեսել և չէր ունեցել: Փորձված ֆրանսուհին կարողացավ բորբոքել այն զուտ
տղամարդկային զգացմունքներն ու կրքերը, որոնք Լենինի հոգում թաքնված էին գերլարվածության և աշխարհը վերափոխելու հավակնոտ ծրագրերի կարծրացած շերտի տակ:

Լենինի զգացմունքների պոռթկմանը, իհարկե, նպաստեցին ձևական, պլատոնական հարաբերությունները կնոջ` Նադեժդա Կրուպսկայայի հետ: Նրանք վաղուց չէին ապրում որպես ամուսիններ: Նադեժդան տառապում էր բազեդովյան հիվանդությամբ, որի հետևանքով նրա աչքերն անբնական մեծ էին և կարծես խոռոչներից դուրս պրծած: Նա գիրացել և վաղուց կորցրել էր կանացի հմայքը: Բայց նա նվիրված և հավատարիմ կին էր, հեզ, խելացի, աշխատասեր: Նադեժդան հմտորեն վարում էր Լենինի հսկայածավալ գրագրությունը, ապահովում էր գաղտնի կապը և ծածկագրությունը կուսակցական բոլոր ճյուղային կազմակերպությունների հետ:

Լենինը բարձր էր գնահատում այդ ամենը և ամենևին մտադրություն չուներ բաժանվելու կնոջից:

Իսկ Նադեժդա՞ն: Լենին-Ինեսա սիրային կապի սկզբին նա ըմբոստության երկչոտ փորձեր արեց. ցանկացավ հեռանալ ամուսնուց: Վերջինս չհամաձայնեց: Շատ շուտով նա հաշտվեց կատարվածի հետ: Ինեսան, որպես սիրուհի, խանդի ոչ մի տեսարան չսարքեց Նադեժդայի հաշվով: Ավելին, երկու կանայք կապվեցին ամուր ու ջերմ բարեկամությամբ` մինչև Ինեսայի մահը:

Այնպես որ, Լենին-Նադեժդա-Ինեսա եռանկյունը սիրո, բարեկամության և ընդհանուր նպատակներին ուղղված կատարյալ ու անթերի միություն էր` սկզբից մինչև վերջ: Այն ամուր էր նրանով, որ երկու կողմերն անձնազոհաբար և անվերադարձ նվիրված էին ընդհանուր գործին` հեղափոխությանը, որը եռանկյունու երրորդ կողմի` Լենինի հավատամքն էր:

Այդ կանանց համար, հավանաբար, որպես օրհներգ են հնչել Մայակովսկու` ‹‹Ասում ենք պարտիա, հասկանում ենք Լենին, ասում ենք Լենին, հասկանում ենք պարտիա›› խոսքերը:

Երկու կանայք ամեն ինչ անում էին Լենինին պահպանելու և նրա առաքելության իրագործման համար: Իլյիչը դա գնահատում էր և պատրաստ չէր զոհելու մեկին մյուսի համար:

Կարևոր էր նաև այն, որ Ինեսան և Նադեժդան հակոտնյա, իրարից միանգամայն տարբեր անձնավորություններ էին. մեկը` գեղեցիկ, հմայող և
սեքսուալ, մյուսը` գորշ, թառամած և հիվանդ: Նրանք այդպես էին լրացնում մեկմեկու:


ԵՐԲ ԵՍԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹՈՒՄ Է ՍԻՐՈՒՆ




Ինեսա Արմանդը Ռուսաստանի կին հեղափոխականների ճանաչված առաջնորդն էր, ֆեմինիստական շաժման կազմակերպիչն ու ղեկավարը:

Նա հազվագյուտ անձնավորություն էր: Արմանդի հոգեկերտվածքն ուսումնասիրման կարիք ունի: Նրա մասին տեղեկությունները խիստ ժլատ են. ոչնչացված են գրեթե բոլոր նամակներն ու փաստաթղթերը` հասկանալի պատճառներով:

Ժամանակակիցների վկայությամբ` Ինեսան աչքի է ընկել ծայրահեղ և հակասական բնավորությամբ: Մի կողմից նա եղել է երկաթյա կամքի տեր, վճռական ու սառնասիրտ, մյուս կողմից` կատարյալ կին` սիրող, ենթարկվող և անձնական ‹‹ես››-ը զոհող:

Եվ այս հանգամանքը ինչ-որ ձևով ու չափով  շահագործվել է նրա զուգընկերոջ` Լենինի կողմից: Նախ` Ինեսան լեզուների իր փայլուն իմացությամբ, խորը գիտելիքներով և վերլուծական ունակություններով
անգնահատելի ծառայություններ է մատուցել Լենինին:

Բացի այդ, Ինեսան իր վրա է վերցրել Լենինի գործունեության ողջ սև աշխատանքը: Սոցիալ-դեմոկրատական տարբեր ֆրակցիաների ու քաղաքական ուժեղ հակառակորդների դեմ պայքարում, երբ Լենինն իր բռնկվող և անզիջում բնավորության պատճառով մտնում էր փակուղի կամ պարտություն էր կրում, Ինեսայից էր օգնություն հայցում: Այդ տարիներին Լենինը մշտապես իր սիրուհու հետ էր քննարկում
հեղափոխության ռազմավարական և մարտավարական խնդիրները:

Ինեսան շանթարգելի դեր էր խաղում, և մեկ անգամ չէ, որ սիրեցյալին փրկել է հարվածից ` այն վերցնելով իր վրա:

Ինեսա Արմանդը բանակցային հաղորդակցության բնածին վարպետ էր, և նրա վաղաժամ մահը մեծ կորուստ էր խորհրդային ապագա դիվանագիտության համար:

Սակայն Լենինը նպատակին հասնելու համար կանգ չէր առնում ոչ մի բանի առաջ: Եվ ահա 1912 թվականին, երբ կուսակցության կենտրոնական պարբերաթերթ ‹‹Պրավդան›› սկսեց դուրս գալ նրա հսկողությունից, խմբագիրները պարզապես չէին տպագրում նրա հոդվածները, Լենինը որոշեց դրությունը շտկելու համար Կրակովից Սանկտ-Պետերբուրգ ուղարկել Ինեսա Արմանդին` ‹‹իր հատուկ հանձնակատարի և կոնֆլիկտները կարգավորողի›› կարգավիճակով: Բացի այդ, Ինեսայի վրա դրված էր սանկտպետերբուրգյան բոլշևիկյան կազմակերպությունում ծագած գժտությունների վերացման և չորրորդ Դումայի նախընտրական կամպանիայի կազմակերպման դժվար խնդիրները:

Լենինը քաջ գիտակցում էր, որ Ինեսային ուղարկում է նրա կյանքին սպառնացող վտանգին դեմ հանդիման: Նրա սիրած կինը ցարական ոստիկանության (պահնորդության) հետախուզման մեջ էր:
 
Ինքը` առաջնորդը, իրեն երբեք նման ռիսկի չէր ենթարկի: Հայտնի է, որ և՛ հեղափոխությունից առաջ, և՛ հեղափոխությունից հետո նա ունեցել է այն սևեռուն միտքը, որ ինքը պետք է իրեն ապահովագրի ամեն տեսակի վտանգներից, քանի որ իր վրա է դրված համաշխարհային հեղափոխություն իրագործելու պատմական առաքելությունը:

Իսկ երբ Լենինը դարձավ պետության ղեկավար, պահանջեց Ինեսայից վերադարձնել նրան ուղղված սիրային նամակները` անվանարկվելուց ապահովագրվելու համար, չնայած նրանց սիրային կապը հայտնի էր Կրեմլի փողոցներն ավլողներին անգամ:

…Եվ ահա Իլյիչի թեթև ձեռքով Ինեսան հայտնվում է Սանկտ-Պետերբուրգում, Ֆրանսիայի Լոնժյումո քաղաքում իր հիմնած կուսակցական դպրոցի քսանմեկամյա ուսանող Գեորգի
Սաֆարյանի ուղեկցությամբ: Վերջինս նույնպես հեղափոխական էր, երկու տարի առաջ փախել էր Ֆրանսիա և հետախուզման մեջ էր:


Ինեսային և Գեորգիին, որոնք Ռուսաստան մտան կեղծ անձնագրերով` ուրիշի անվան տակ, ոստիկանությունը համարում էր ամուսիններ:

Անգլիացի հայտնի պատմաբան Մայքլ Պիրսոնը Ինեսա Արմանդին նվիրված իր հայտնի աշխատության (‹‹Inessa-Lenin’s Mistress››) մեջ չի բացառում, որ Ինեսայի և Գեորգիի միջև եղել են սեքսուալ հարաբերություններ, ‹‹քանի որ նրանք երկար ապրել են միասին, իսկ Ինեսան նախապատվություն էր տալիս իրենից երիտասարդ տղամարդկանց››:

(Ըստ նույն Պիրսոնի` հեղափոխությունից հետո ցարական ընտանիքը մահվան դատապարտող
հրամանագրի երեք ստորագրողներից մեկը եղել է Գեորգի Սաֆարյանը):


Եթե Ինեսան գնացել է այդ քայլին, հավանաբար վրեժ է լուծել Լենինից, որի նկատմամբ իր զգացմունքները որոշ չափով ‹‹բթացել›› էին` իրեն վտանգաշատ գործուղման ուղարկելու համար:

Ինչևէ, ոստիկանությունը ձերբակալում է Ինեսա Արմանդին: Նրա դեմ հարուցվում է դատական գործ, սակայն մեծ փրկագնի դիմաց նա ազատ է արձակվում բանտից մինչև դատի օրը և փախչում է արտասահման: Ի դեպ, Ինեսայի փրկագինը վճարում է առաջին ամուսինը` Ալեքսանդրը, որը,
չնայած ամեն ինչին, սիրել է կնոջը և միշտ օգնության է հասել:

Արտասահմանում Ինեսան կրկին միանում է Լենինին` մինչև կյանքի վերջն այլևս չբաժանվելու համար:

Իսկ երբ առաջնորդը հայտարարում է, թե Ռուսաստանը ‹‹հղի է հեղափոխությամբ››, սիրո եռյակը 1917 թվականի ապրիլին կնքված վագոնով վերադառնում է Ռուսաստան:

Լենինն իր հետ տանում էր գերմանական 40 միլիոն ոսկե մարկ (մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ) Ռուսաստանում իշխանությունը տապալելու, Առաջին
աշխարհամարտը դադարեցնելու և համաշխարհային հեղափոխություն անելու համար:


«
Գերմանացիները Լենինին տեղափոխեցին Ռուսաստան, ճիշտ այնպես,
ինչպես տիֆի կամ խոլերայի մանրէներն են տեղափոխում սրվակով, որը հետո դատարկում են մեծ քաղաքի ջրմուղ-կոյուղու մեջ: Եվ այդ գործողությունը պսակվեց միանգամայն հաջողությամբ»: Այսպես է մեկնաբանում Լենինի վերադարձը Ռուսաստան Չերչիլը անգլիական հետախուզության տվյալների հիման վրա, որը դեռ այն ժամանակ համարվում էր լավագույններից մեկը աշխարհում:



ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՖԵՄԻՆԻՍՏԱԿԱՆ ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐԸ

Ինեսա Արմանդը Հոկտեմբերյան հեղափոխության ակնառու գործիչներից է, Խորհրդային Միության հիմնադիրներից մեկը: Սակայն եթե պատմաբանները լրջորեն զբաղվեն նրա կենսագրության ուսումնասիրմամբ, ապա հարց կծագի` որն է գերիշխել նրա գործունեությունում` կուսակցական-քաղաքական աշխատա՞նքը, թե՞ ֆեմինիստական շարժման ստեղծումն ու ղեկավարումը:

Վտարանդիությունից վերադառնալուց հետո Լենինն Ինեսային նշանակում է կուսակցության Կենտրոնական կոմիտեի կանանց բաժնի ղեկավար: Նա հսկայական երկրի ամենաազդեցիկ կինն էր: Օգտվելով այն հանգամանքից, որ մշտական կապի մեջ է Լենինի հետ, Ինեսան մեծ ջանքեր է թափում կանանց միլիոնավոր զանգվածների վիճակը բարելավելու ուղղությամբ:

Ունենալով առաջնորդի աջակցությունը, լինելով մեծ արիության տեր խորաթափանց կին` Արմանդը, այդուհանդերձ, չէր կարող հասնել շատ մեծ հաջողությունների դեմոկրատական երկրների ֆեմինիստների համեմատությամբ: Երկրի քայքայված տնտեսությունը, նահապետական սովորույթներն ու հետամնացությունը արգելակում էին Ինեսայի գործունեությունը, նրա հավակնոտ ծրագրերը:

Այդուհանդերձ, հեղափոխությունից հետո կանայք Ռուսաստանում ստացան քաղաքական և քաղաքացիական իրավունքներ` հատկապես նոր տիպի ամուսնության հարցում: Ապահարզանի սահմանափակումները հանվեցին, ապօրինի ծնված երեխաներն ստացան նույն իրավունքները, ինչպես մյուսները: Կանանց սկսեցին վճարել տղամարդկանց հավասար աշխատավարձ: Այս բոլոր լիբերալ օրենքների
ընդունման ակունքներում կանգնած է եղել Ինեսա Արմանդը:


Նա զբաղվում էր կանանց շահերը շոշափող բոլոր գործերով. կրթություն, հասարակական ճաշարանների, մսուր-մանկապարտեզների, դպրոցների, լվացքատների բացում և այլն: Ինեսան աշխատում էր օրական 14-16 ժամ:

Ֆեմինիստական շարժումը տղամարդկանց և կանանց հավասարության, նրանց իրավունքների պաշտպանության, սոցիալ-տնտեսական, կրթական և դաստիարակչական խնդիրների կողքին ուներ ևս մի ուղղվածություն, որը խոր հետք էր թողնելու հետհեղափոխական սերունդների վրա: Խոսքը վերաբերում է ազատ սիրո և սեքսուալ հարաբերություններին, որոնք լայնորեն քարոզում էին ֆեմինիստները` որպես կապիտալիզմի լծից մարդկության ազատագրման և սոցիալիստական հասարակարգ կառուցելու միջոց:


ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԵՏԵՐԱՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՋՈԿԱՏԸ

Հոկտեմբերյան հեղափոխությանը կամ պետական հեղաշրջմանը (ինչպես այժմ ապացուցում են մի
շարք ռուս և օտարերկրյա պատմաբաններ) նախորդեց պատմության մի փուլ, որը հայտնի է որպես պոեզիայի և արվեստների ‹‹արծաթե դար››, և որը Ռուսաստանում ծնեց ամենագեղեցիկ կանանց մի սերունդ: Իզուր չէ, որ Պիկասոն, Դալին, Մատիսը, Ռոմեն Ռոլանը, Փարիզի գեղեցկուհիներին թողած, ամուսնանում էին ռուս կանանց հետ:


Եվ պատահական չէ, որ ‹‹արծաթե դարին›› հաջորդող ֆեմինիստական շարժումը, անցնելով հեղափոխության փոթորիկների, պատերազմների, բռնությունների և սովի միջով, ներառում էր ազգի լավագույն կանանց, որոնք ունեին ազնվական ծագում, վայելուչ արտաքին, բարձր ինտելեկտ: Այդուհանդերձ, ֆեմինիստները,
ամազոնուհիների նման, հեղափոխության ալիքով ներխուժեցին Ռուսաստան` քանդելով դարերով կազմավորված ընտանեկան սովորույթները, բարոյականության նորմերն ու հոգեբանական դիրքորոշումները:


Ֆեմինիստական շարժումը դատարկ տեղում չառաջացավ: Հետհեղափոխական Ռուսաստանն ապրում էր քաղաքական և հոգեկան ազատագրության բարձրակետը: Դառնալով հեգեմոն` պրոլետարիատը ցանկանում էր բաց խոսել ոչ միայն արտադրության միջոցների վերաբաշխման, այլև սեռերի հավասարության մասին:

Ճիշտ է՝ բանը չհասավ ‹‹Սեքսի դեկրետին››, սակայն պրոլետարիատի սեռական բարոյականության հարցը դարձավ համընդհանուր քննարկման առարկա: Հասարակությունը ցանկանում էր ունենալ ազատագրված կնոջ կերպար, ինչպիսին Դելակրուայի ‹‹Ազատությունը բարիկադների վրա›› կտավում կիսամերկ պատկերված կնոջ կերպարն էր:

‹‹Առաջին լեդի›› Նադեժդա Կրուպսկայան շատ հեռու էր այն բանից, որ մարմնավորի նոր հասարակության սեքս-սիմվոլի գաղափարը: Բայց պահանջարկը
ծնում է առաջարկ: Երևան եկան ֆեմինիստական շարժման առաջամարտիկները` անհրաժեշտ ժամանակին, անհրաժեշտ տեղում: 

Նրանք նոր հասարակագի հետերաներն էին, որոնք ընտանիքի ու բարոյականության վերաբերյալ իրենց հայացքները փորձում էին արմատավորել հասարակության բոլոր խավերում և օրինականացնել դրանք:

Իսկ ովքե՞ր էին էլլադայի հետերաների ռուսական հետնորդները: Ինեսա Արմանդ, Լարիսա Ռեյսներ և Ալեքսանդրա Կոլոնտայ: 
Այս եռյակը գլխավորող Ինեսա Արմանդը, որի հետ որոշ չափով արդեն ծանոթ ենք, մյուսներից ամենահամեստն էր և չափավորը` ազատ սիրո մասին իր փիլիսոփայությամբ:

«ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ՄԱԴՈՆՆԱ» ԼԱՐԻՍԱ ՌԵՅՍՆԵՐԸ


Ֆեմինիստներից ամենաակտիվը, որը սահմաններ չէր ճանաչում շարժման տեսական և գործնական հարցերում, Լարիսա Ռեյսներն էր: Նա սերում էր հրեա-գերմանացի հորից և ռուս ազնվական մորից: Պրոֆեսիոնալ հեղափոխական, քաղաքացիական պատերազմի մասնակից, Ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի կոմիսար, հետախույզ, տաղանդավոր բանաստեղծ, լրագրող, գրող:

‹‹Բոլշևիկյան մադոննա››. այս մակդիրն էր կրում Լարիսան: Պատահական չէ, որ նա՛ դարձավ Վիշնևսկու հայտնի ‹‹Լավատեսական ողբերգություն›› պիեսի կին կոմիսարի նախատիպը: Պաստեռնակն իր ‹‹Դոկտոր Ժիվագոյի›› հերոսուհուն անվանել է Լարիսա: Բլոկի անկրկնելի բանաստեղծությունների տողերում ուրվագծվում է Լարիսա Ռեյսների կերպարը: Շուխաևը, ոգեշնչվելով այդ կնոջ գեղեցկությամբ,
կերտել է իր ‹‹XX դարի Մոնա Լիզա›› հայտնի կտավը:

Լարիսայի առաջին տղամարդը եղել է Գումիլյովը, հետո` Տրոցկին, որը նրան փոխանցել է իր օգնական պրոֆեսիոնալ զինվորական, լեգենդար ‹‹Ավրորա›› հածանավի նավաստի, Ֆեոդոր Ռասկոլնիկովին: Նրանք ամուսնանում են և մեկնում Աֆղանստան, որտեղ Ռասկոլնիկովը նշանակվում է Խորհրդային Ռուսաստանի դեսպան:

Ասում են, եթե մարդն օժտված է, ապա օժտված է ամեն ինչում: Այդպիսին է եղել Լարիսա Ռեյսները: Աֆղանստանում նա իրեն դրսևորում է որպես ճկուն դիվանագետ: Ակտիվորեն օգնում է ամուսնուն` խափանելու անգլիական դիվանագետների և հատուկ ծառայությունների լարած որոգայթները Ռուսաստանի դեմ: Սակայն ամենակարևոր խնդիրը, որը դրված էր դեսպանության առջև, միջինասիական խորհրդային հանրապետությունների վրա Աֆղանստանից բասմաչիների բանդիտական հարձակումների դադարեցումն էր: Լարիսայի գեղեցկությամբ տառացիորեն հմայված էմիր Ամանուլ խանը ընդառաջ է գնում նրա խնդրանքին: Աֆղանական ցեղերի ավագանու խորհուրդը հավանություն է տալիս ռուս-աֆղանական պայմանագրին, և Աֆղանստանը հայտարարում է ՌՍՖՍՀ-ի և Թուրքեստանի Խորհրդային Հանրապետության դեմ քայքայիչ գործողություններից հրաժարվելու մասին:

Լարիսան անում է այն, ինչը դիվիզաները չէին կարողանում անել: Հետո նա անսպասելի բաժանվում է Ռասկոլնիկովից և ամուսնանում (ոչ պաշտոնական) Քաղբյուրոյի անդամ Կարլ Ռադեկի հետ: Նորապսակները մեկնում են Գերմանիա և
զենքը ձեռքներին կռվում կոմունիստական չհաջողված հեղափոխության բարիկադների վրա:

Լարիսա Ռեյսների փոթորկալից ռոմանտիզմով, կրակով և արյունով շաղախված կյանքը հիացմունքով է գովերգում տաղանդավոր Միխայիլ Կոլցովը, որն ինքն էր հերոսանալու Իսպանական պատերազմում և զոհվելու էր ՆԿՎԴ-ի նկուղներում, որպես` օտարերկրյա ագենտ: Լարիսա Ռեյսների կարճատև կյանքի քառուղիներում խաչաձևվել, նրանով հիացել են ժամանակի հայտնի մարդիկ` Անդրեևը, Մանդելշտամը, Ախմատովան, Բլոկը, Վ. Ռոժդեստվենսկին, Շալամովը,
Կրամովը և ուրիշներ, իսկ մահը ողբացել են` թողնելով խորը ցավակցական տողեր:

Նրան հավերժ սիրահարված էր Կոլցովը, իսկ Մանդելշտամը նրան նվիրում է մադրիգալ (կարճ հովվերգական-սիրային բանաստեղծություն):

Լարիսա Ռեյսների երկրպագուները և նրանով հիացողները, բնականաբար, չէին անդրադառնալու նրա ազատ սիրո գաղափարախոսությանը, որը Լարիսան լայնորեն քարոզում էր` որպես ֆեմինիզմի ջատագով:

Նրան է պատկանում ‹‹Մի բաժակ ջրի›› հայտնի տեսությունը: ‹‹Ցանկացար-խմեցիր-մոռացար››: Այսկերպ է նա բացատրում սեքսուալ հարաբերությունները:

Ռեյսների սեքսուալ դրույթներն ամենքին չէ, որ հիացմունք էին պատճառում: Նիկոլայ Կուզմինն իր պատմական ‹‹Մթնշաղ›› վեպում այն կարծիքն է հայտնում, որ Ռեյսները հայտնի հողի վրա ընդհանրապես խելքը թռցրել էր և դարձել ‹‹կատարյալ մոլագար››:

Մինչդեռ երկրի ղեկավարությունը ներողամտորեն և մատների արանքով էր նայում ֆեմինիստների ‹‹չարաճճիություններին››, իսկ Իլյիչը հումորի էր վերածում Լարիսայի և ամուսնու` Ֆեոդորի հարաբերությունները: Առաջնորդը կատակում էր, թե այդ զույգի համար ամենամեծ պատիժը կլիներ կուսակցական որոշում ընդունելը` գոնե մեկ տարի նրանց արգելվեր կողմնակի մարդկանց հետ սեքսով զբաղվելը:

Լարիսա Ռեյսները մահացել է երեսուն տարեկանում` տիֆից: Եթե նա ապրեր մինչև 1937-ը, ամենայն հավանականությամբ կզոհվեր անողորմ մսաղացում` ավելի տանջալից մահով:

Լարիսայի տղամարդիկ ռեպրեսիայի տարիներին զոհվեցին ՆԿՎԴ-ի բանտերում` բոլորը: Ողբերգական եղավ ամուսնու` ֆեոդոր Ռասկոլնիկովի ճակատագիրը: Կնոջ մահից հետո նա շարունակեց աշխատել արտգործնախարարության համակարգում, կրկին ամուսնացավ: 1939 թվականին, երբ նա Ռուսաստանի դեսպանն էր Բուլղարիայում, որոշեց չվերադառնալ հայրենիք` համոզված լինելով, որ ձերբակալվելու է: Հետո նա մեղադրական բաց նամակ հղեց Ստալինին, որը հրապարակեց արտասահմանյան թերթերթում: Դա մահապատժի որոշում էր ինքն իր դեմ: Խորհրդային դատարանը նրան հեռակա կարգով դատապարտեց մահվան, որը, չանցած մեկ տարի, ի կատար ածվեց Ֆրանսիայի Նիս քաղաքում ` չեկիստների ձեռքով: Իրոք, որ հեղափոխությունը լափում է իր զավակներին:


ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ԿՈԼՈՆՏԱՅ` ԴԵՍՊԱՆ-ՖԵՄԻՆԻՍՏ

Ֆեմինիստական շարժման փայլուն եռյակի նշանավոր դեմքը Ալեքսանդրա Կոլոնտայն էր, որը չնայած խորհրդային պատմագրության կողմից, ոչ լիարժեք գնահատանքին, իր պատվավոր տեղն ունի երկրի անվանի մարդկանց շարքում:

Բոցաշունչ հեղափոխական, փայլուն հռետոր, տաղանդավոր դիվանագետ, աշխարհի առաջին կին դեսպան, խորհրդային առաջին կին` ապահովության նախարարը: Կենսագրական այս հայտնի փաստերի կողքին Կոլոնտայը ցայսօր մնում է խորհրդային Ռուսաստանի ամենախորհրդավոր կանանցից մեկը, որի կերպարը պարուրված է մշուշապատ առասպելներով:

Կոլոնտայը (ծնունդով` Շուրոչկա Դոմոնտովիչ)` գեներալի դուստրը, ինչպես ֆեմինիստական շարժման իր երկու հայտնի գաղափարակիցները, ազնվական ծագում ուներ, պատկանում էր վերին դասին, ստացել էր փայլուն կրթություն, տիրապետում էր յոթ լեզվի, բնավորությամբ վճռական էր, հանդգնության աստիճան համարձակ, ծայրահեղ հախուռն: Գեղեցիկ արտաքինի և տաքարյուն խառնվածքի շնորհիվ նա 16 տարեկանից խելքահան էր անում տղամարդկանց:

Շուրոչկան ինքնասպանության է հասցնում իր գեներալ կնքահոր որդուն, մերժում է մեկ ուրիշ գեներալի` Տուտոմլինի ձեռքը, որին ծնողները շատ էին ցանկանում ունենալ որպես փեսա, քանի որ այդ գեներալն Ալեքսանդր III-ի համհարզն էր և մեծ ապագա էր խոստանում:

Ծնողների կամքին հակառակ` Շուրոչկան ամուսնանում է Վլադիրմիր Կոլոնտայի հետ, ունենում երեխա և բաժանվում, հրաժեշտ է տալիս նաև Ալեքսանդր Սատկևիչին, որի հետ զուգահեռաբար բուռն սիրավետ ուներ:

Կոլոնտայն արդեն այդ ժամանակ տարվել էր հեղափոխական հովերով: Նրա կարծիքով` ընտանիքն ավելորդ բեռ է, և ավելի լավ է առանձնանալ ու կարդալ Լենին, քան ‹‹քնել ամուսնու հետ և կատարել իր ռազմական պարտականությունները նրա նկատմամբ››:

Բաժանվելով ամուսնուց` Կոլոնտայը մեկնում է արտասահման, որտեղ ծանոթանում և ակտիվորեն համագործակցում է միջազգային հեղափոխական գործիչներ Լենինի, Լաֆարգի, Կաուցկու, Պլեխանովի և Լյուքսեմբուրգի հետ:

Մինչև 1917 թվականը Կոլոնտայն ապրում է արտասահմանում` լինելով հայտնի հեղափոխականներ Պյոտր Մասլովի և Ալեքսանդր Շլյապնիկովի սիրուհին:

‹‹Հեղափոխության Վալկիրան›› (ռազմատենչ կին, սկանդինավյան առասպելական Օդին աստծու դուստրը), այսպես էին անվանում Կոլոնտային, իր պաշտոնական ու հասարակական ելույթներում և տպագրված աշխատություններում կոչ էր անում ոչ միայն կանանց ազատագրման օգտին, այլև ապացուցում էր նրանց սիրո և սեքսուալ ազատ ընտրության անհրաժեշտությունը:

1923 թվականին Կոլոնտայը հրատարակում է այն ժամանակ աղմուկ հանած ‹‹Ճանապա՛րհ թևավոր Էրոսին›› մենագրությունը, որտեղ նա ‹‹գիտականորեն›› մեկնաբանում է սեռական հարաբերությունները: ‹‹Թևավոր Էրոսը›› նշանակում է ինտիմ հարաբերություններ սիրած մարդու հետ, իսկ ‹‹Անթև Էրոսը›› ընդամենը սեքս է սեռական պահանջը բավարարելու համար` ում հետ պատահի: Կոլոնտայն այն միտքն է հայտնում, որ ‹‹պրոլետարիատի դասակարգային խնդիրների լուծման համար ամենևին նշանակություն չունի` սերը երկարատև և օրինականացված է, թե անցողիկ:

Հետագայում նա վերը նշված ‹‹Մի բաժակ ջրի›› տեսությունն ավելի է զարգացնում` ասելով. ‹‹Կոմերիտականի և կոմերիտուհու ինտիմ կապը այնքան հասարակ պետք է լինի, ինչպես ծարավը հագեցնելը››:

Մեկ տարի անց Սվերդլովի անվան կոմունիստական համալսարանը հրատարակում է Կոլոնտայի ‹‹Հեղափոխություն և երիտասարդություն›› բրոշյուրը, որտեղ զետեղված են հեղափոխական պրոլետարատի տասներկու սեռական պատգամները: ‹‹Սեռական ընտրությունը,- ասվում է դրանցից մեկում,- պետք է իրականացվի` պրոլետարական-հեղափոխական անհրաժեշտությունից ելնելով››:

Կոլոնտայը կոչ է անում կին-տղամարդ հարաբերություններում հրաժարվել բուրժուական այնպիսի հետամնաց սովորույթից, ինչպիսին խանդն է: Սակայն երբ իմանում է ամուսնու` հեղափոխական Պավել Դիբենկոյի դավաճանության մասին, նախ կրակում և վիրավորում է նրան, ապա` բաժանվում:

Ստալինի ցուցումով Ալեքսանդրա Կոլոնտայը 1922 թվականին մեկնում է դիվանագիտական աշխատանքի: 23 տարի նա ԽՍՀՄ-ը ներկայացնում է Սկանդինավյան երկրներում` դրսևորելով իրեն որպես փայլուն դեսպան: Կոլոնտայը հատկապես նկատելի դեր է խաղում Երկրորդ համաշխարհային պատերազմում Շվեդիայի չեզոքության պահպանման գործում, որը կենսական նշանակություն ուներ Մոսկվայի համար:

Նրա բոլոր սիրեկաններին և ամուսնուն` Դիբենկոյին, գնդկահարեցին 1937-ին: Ինքն ապրեց երկար` հիվանդ, մոռացված ու հիասթափված: Իր վերջին սիրեկանին` ֆրանսիացի կոմունիստ Մարսել Բոդիին ուղղված նամակում Կոլոնտայը գրում է. ‹‹Մենք պարտվեցինք, գաղափարները փլվեցին, բարեկամներին սարքեցին թշնամիներ, կյանքը չլավացավ, այլ վատացավ››:

Ալեքսանդրա Կոլոնտայը մահացավ 80 տարին չբոլորած: ‹‹Նրա բախտը բերեց, որ մեռավ անկողնում››,- գրել է Իլյա Էրենբուրգը:

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՅՍՏԵՂ
ԼԵՆԻՆԻ ՍԻՐՈՒՀԻ ԻՆԵՍԱ ԱՐՄԱՆԴ
22076 reads | 31.12.2013
|
avatar

avatar
1
Լենինը տառապել է սիֆիլիսի ուղեղային ձևով և ենթադրվում է, որ վարակվել էր Արմանդից:
avatar
2
....ուշացած ինֆորմացիա է ու վնասակար. հետին թվով ենք իմանում, որ նա էլ սուրբ չէր ՃՃ
avatar
0
3
Իսկ նյութի աղբյուրնե՞րը:

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com