ԼԵՆԻՆԻ ՍԻՐՈՒՀԻ ԻՆԵՍԱ ԱՐՄԱՆԴ. ՍԻՐՈ ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՆԿՅՈՒՆԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





ՍԿԻԶԲԸ՝ ԱՅՍՏԵՂ

Լենինի և Ինեսայի պատմական հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում 1909 թվականին: Այն ժամանակ Լենինը 39 տարեկան էր, Ինեսան` 35: Նա հասուն կին էր, բազմազավակ մայր, սակայն չէր կորցրել անդիմադրելի հմայքը:

Հոգեբանության մեջ գոյություն ունի ‹‹առաջին տպավորություն›› հասկացությունը, որը ձևավորվում է հանդիպման առաջին 3-6 վայրկյանի ընթացքում և որոշիչ ազդեցություն ունենում հարաբերությունների հետագա ձևավորման վրա: Ասում են` առաջին տպավորությունը երկրորդ շանս չունի:

Եթե այդպես լիներ, ապա Ինեսան չէր սիրի Լենինին ու չէր դառնա նրա սիրուհին, քանի որ համաշխարհային պրոլետարիատի առաջնորդը Բրյուսելում նրա վրա առանձին տպավորություն չթողեց, չնայած Արմանդը ծանոթ էր նրա գործունեությանը և աշխատություններին:

Սակայն շատ շուտով նա կարծիքը փոխեց: Ինեսան Լենինի նման մարդու չէր հանդիպել, իսկ նա գիտեր տղամարդկանց: Իր միջավայրում, ապա բանտում և աքսորավայրում ճանաչած հեղափոխականներից և ոչ մեկն այդպես նվիրված չէր եղել սեփական գաղափարներին, չէր ունեցել նման ինտելեկտ ու գիտելիքներ: Ոչ մեկը համոզված չէր եղել, որ իրեն է վերապահված փոխելու մարդկության ճակատագիրն ու պատմության ընթացքը:

Ինեսան, որը հասել էր բալզակյան տարիքի և շատերի սիրուհին էր եղել, սիրահարվեց Լենինին, ինչպես գիմնազիստուհին է սիրահարվում: Իր առաջին զգացմունքները նա այսպես է նկարագրում Լենինին ուղղված նամակում:

‹‹Այն ժամանակ ես քեզնից վախենում էի, ինչպես կրակից: Ուզում էի տեսնել քեզ, բայց ավելի հեշտ էր մեռնել տեղնուտեղը, քան մտնել քո սենյակը, իսկ երբ դո՛ւ էիր անցնում Ն.Կ.-ի (Նադեժդա Կրուպսկայան -Ա.Ն.) աշխատասենյակը (Ինեսան այդ սենյակում էր աշխատում -Ա.Ն), ես ինձ կորցնում էի և ապուշանում: Միշտ զարմանում էի և նախանձում նրանց, ովքեր քաջություն էին ունենում մտնել քո աշխատասենյակը և խոսել քեզ հետ: Միայն հաջորդ աշնանը Լոնժյումոյում ես կարողացա մի փոքր վարժվել քեզ` կապված թարգմանչական գործերի հետ: Ես այնպես սիրում էի ոչ միայն լսել, այլև նայել քեզ, երբ դու խոսում էիր: Ինչպե՜ս էր քո դեմքն աշխուժանում: Եվ այդ ժամանակ էր հնարավոր քեզ նայել, քանի որ դու դիմացինին չէիր նկատում››:

Իսկ ինչո՞ւ Լենի՛նը տարվեց այդ շենշող ֆրանսուհիով: Հազիվ թե նա կարող էր կարծել, որ այդ` մինչև ուղն ու ծուծն արիստոկրատ կինը դառնալու էր հեղափոխական դաժան գործի իր ընկերն ու դաշնակիցը:

Սակայն գալու էր ժամանակ, երբ Լենինը նրան համարելու էր ամենամոտ մարդը, որին վստահելու էր ավելի, քան իր ‹‹եռյակ›› ընկերներին` Զինովևին, Կամենևին, Ռիկովին): Ի դեպ, Ինեսան ավելի փորձառու հեղափոխական էր, քան նրանք, ավելի շատ էր եղել բանտերում և աքսորավայրերում: Սակայն այդ փոխըմբռնումը և գաղափարական դաշինքը հետո էր ձևավորվելու:

Ծանոթության հենց սկզբից Ինեսան նրան գերեց որպես կին, որի նմանը նա չէր տեսել և չէր ունեցել: Փորձված ֆրանսուհին կարողացավ բորբոքել այն զուտ տղամարդկային զգացմունքներն ու կրքերը, որոնք Լենինի հոգում թաքնված էին գերլարվածության և աշխարհը վերափոխելու հավակնոտ ծրագրերի կարծրացած շերտի տակ:

Լենինի զգացմունքների պոռթկմանը, իհարկե, նպաստեցին ձևական, պլատոնական հարաբերությունները կնոջ` Նադեժդա Կրուպսկայայի հետ: Նրանք վաղուց չէին ապրում որպես ամուսիններ: Նադեժդան տառապում էր բազեդովյան հիվանդությամբ, որի հետևանքով նրա աչքերն անբնական մեծ էին և կարծես խոռոչներից դուրս պրծած: Նա գիրացել և վաղուց կորցրել էր կանացի հմայքը: Բայց նա նվիրված և հավատարիմ կին էր, հեզ, խելացի, աշխատասեր: Նադեժդան հմտորեն վարում էր Լենինի հսկայածավալ գրագրությունը, ապահովում էր գաղտնի կապը և ծածկագրությունը կուսակցական բոլոր ճյուղային կազմակերպությունների հետ:

Լենինը բարձր էր գնահատում այդ ամենը և ամենևին մտադրություն չուներ բաժանվելու կնոջից:

Իսկ Նադեժդա՞ն: Լենին-Ինեսա սիրային կապի սկզբին նա ըմբոստության երկչոտ փորձեր արեց. ցանկացավ հեռանալ ամուսնուց: Վերջինս չհամաձայնեց: Շատ շուտով նա հաշտվեց կատարվածի հետ: Ինեսան, որպես սիրուհի, խանդի ոչ մի տեսարան չսարքեց Նադեժդայի հաշվով: Ավելին, երկու կանայք կապվեցին ամուր ու ջերմ բարեկամությամբ` մինչև Ինեսայի մահը:

Այնպես որ, Լենին-Նադեժդա-Ինեսա եռանկյունը սիրո, բարեկամության և ընդհանուր նպատակներին ուղղված կատարյալ ու անթերի միություն էր` սկզբից մինչև վերջ: Այն ամուր էր նրանով, որ երկու կողմերն անձնազոհաբար և անվերադարձ նվիրված էին ընդհանուր գործին` հեղափոխությանը, որը եռանկյունու երրորդ կողմի` Լենինի հավատամքն էր:

Այդ կանանց համար, հավանաբար, որպես օրհներգ են հնչել Մայակովսկու` ‹‹Ասում ենք պարտիա, հասկանում ենք Լենին, ասում ենք Լենին, հասկանում ենք պարտիա›› խոսքերը:

Երկու կանայք ամեն ինչ անում էին Լենինին պահպանելու և նրա առաքելության իրագործման համար: Իլյիչը դա գնահատում էր և պատրաստ չէր զոհելու մեկին մյուսի համար:

Կարևոր էր նաև այն, որ Ինեսան և Նադեժդան հակոտնյա, իրարից միանգամայն տարբեր անձնավորություններ էին. մեկը` գեղեցիկ, հմայող և սեքսուալ, մյուսը` գորշ, թառամած և հիվանդ: Նրանք այդպես էին լրացնում մեկմեկու:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ԼԵՆԻՆԻ ՍԻՐՈՒՀԻ ԻՆԵՍԱ ԱՐՄԱՆԴ
1216 reads | 21.12.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com