ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԳՐՊԱՆՈՒՄ ՄԻ ԱՏՐՃԱՆԱԿ
Ազատությունը, ինչպես և ամեն բան այս երկրում, խիստ անհամաչափ է և աններդաշնակ: Իսկույն երևում է, որ դա ոչ թե աստիճանական զարգացման արդյունք է, այլ ինչ-որ ժողովականների վայրկենական որոշման հետևանք: 

Ամերիկյան ազատությունը տձև է, անհավասարակշիռ և անկապ: Ամերիկայում կարելի է ազատորեն մարդ սպանել փողոցում, սակայն չի կարելի դեն նետել վառվող ծխախոտը: Ամերիկյան ազատությունը ծիծաղելիորեն նեղլիկ է ու պահանջկոտ` մանրուքների նկատմամբ, և` շնորհիվ Սահմանադրության` սաստիկ ընդարձակ ու ներողամիտ կարևորագույն հարցերում: Այսպես, օրինակ, չի հասցնում վտարանդին ոտք դնել Նյու Յորք` անմիջապես ձեռքից առնում են ֆիննական դանակը, որը նա պահում է հատուկ պատյանում` գերազանցապես ծխախոտ կտրատելու համար, և միաժամանակ թույլատրում նրան թեկուզ յուրաքանչյուր գրպանում մի-մի ատրճանակ կրել. թույլատրում են, որովհետև ատրճանակը ազգային զենք է: 

Ամերիկյան ազատությունը հոժարակամ ընտրություն չէ, այն պարտադրված է օրենքով. թույլատրելիի սահմանները ճշգրտելու փոխարեն` Կոնգրեսն օրենքներ է մշակում և որոշում, թե ինչ չափով ենք պարտավոր ազատ լինել: Այս տնտեսահարկադրական ազատությանը հանդիպում ես ամեն քայլափոխի: Այսպես` "Վաշինգտոնի օրը" հարկադիր ազատություններից մեկն է, և բոլորն անխտիր պարտավոր են այդ օրն ազատ լինել: Գրող Ֆրեդ Նիկոլսը, 1868-ին տպագրված "Thughts" գրքում իր համակրանքն է արտահայտել միապետական հասարակարգի նկատմամբ…և իզուր: Թերթերն ու ժողովրդական հանրահավաքները, ի վերջո, ստիպեցին գրողին "հոժարակամ" մեկնել Մեքսիկա, որտեղից նա երբեք այլևս չվերադարձավ, որովհետև չէր հասկանում, որ պարտավոր է ազատ լինել: Ամերիկացիները պահանջում են, որ մարդու գլխում ազատության որոշակի քանակություն լինի, այլապես ստիպված ես լինելու մեկնել Մեքսիկա: 

Օտարերկրացին չի կարող Ամերիկայում իրեն ազատ չզգալ: Նրան պարզապես թելադրում են իր իսկ համակրություններն ու մտածմունքը, և նա պարտավոր է ենթարկվել, կամ` հակառակ դեպքում, սպասել անախորժությունների: Այո, նա պարտավոր է ենթարկվել ազատության կոշտ ու կոպիտ հարկադրանքներին, որ հատկապես բռնի է դառնում, քանի որ ինքնագոհ ու անկիրթ մարդկանց թելադրանքն է: 

Ամերիկայում տարբերություն չի դրվում ազատության և ժողովրդավարության (դեմոկրատիա) միջև. նրանք զոհում են ազատությունը, որպեսզի պահպանեն ժողովրդավարությունը: Հնարավոր բոլոր ձևերով նրանք ստորացնում են ազատ լինելու անհատական որևէ փորձ: Ազատության զգացումն իսպառ ոչնչացնելու համար` Ամերիկան ստեղծել է ազատության ավտոմատ-մեքենաների ցնորական նախիր, ինչը և ամերիկյան ժողովրդավարությունն է: 

Մի խոսքով, ազատությունը հսկայական ճեղքեր ունի, հատկապես այն ոլորտներում, ուր դրսևորվում է նրանց կրոնական տխմարությունն ու ազգային մոլեռանդությունը: 

Ամերիկյան ազատությունը պահանջում է ազատամտության սահմանված չափ ու քանակ` ոչ ավել, ոչ պակաս, և միջնադարյան բռնապետի պես չի հանդուրժում որևէ շեղում: Այն չափազանց պահպանողական է տեղից մի քայլ անելու համար, և ճիշտ այնպիսին է, ինչպիսին էր 200 տարի առաջ: Ժողովրդավարությունն ունի իր կուռ օրենքները: Եթե հայտնվում է մեկը, ասենք, մի գրող, որը հավատում է միապետական հասարակարգին, նրան անմիջապես վտարում են, որովհետև պակաս ազատամիտ է. եթե այդ գորշ խառնամբոխում գտնվում է մեկը, ով հավատում է, թե սոցիալիզմը (կամ անարխիզմը) ապագայում լավագույն հասարակարգը կստեղծի` նրան կախաղան են հանում, որովհետև` չափազանց ազատամիտ է: Նրանք վտարում են կամ կախաղան հանում բոլորին, ով համարձակվում է քիչ թե շատ շեղվել Գեորգ (Ջորջ) Վաշինգգոնի գաղափարներից: Ահա այսպիսին է ամերիկյան ազատությունը, դա մարդկանց ազատությունը չէ, դա ազատություն է en masse:

Թարգմանությունը՝ Աշոտ Խաչատրյանի
ԿՆՈՒՏ ՀԱՄՍՈՒՆ. «ՄԻ ԱՆԳԱՄ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ...»
1216 reads | 05.04.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com