ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Ամերիկայում ամեն քայլափոխի կարող ես հանդիպել Աստծուն… 

Եկեղեցիներում գունանախշ ապակիներից թափանցող հաճելի կիսալույս է: Նստարանները խորն են, փափուկ, հատակը գորգածածկ է, դռները ողորկ են, ողորկ են մարդիկ, և Աստծո խոսքերն են ողորկ: Չափազանց հաճելի զբաղմունք է անձրևոտ եղանակին ժամերգություն լսել ամերիկյան եկեղեցիներում:
Քարոզները սովորական քարոզներ չեն, այլ զուտ ամերիկյան. աստվածաբանության հետ որևէ կապ չունեցող բարոյախոսություն, մետաքսաշուք ունկնդիրներին հարմարեցված բոստոնյան բարոյախոսություն: 

Ըստ էության, դրանք սրամտություններով համեմված հետաքրքիր լուրեր են, ինչին հավատացյալների հոտն արձագանքում է պատշաճ ծիծաղով: Այդ քարոզները թեև ոչինչ չեն ավելացնում իմացությանը, սակայն ճշմարտության առաջ չմեղանչելու համար ասեմ, որ զուրկ չեն տրամաբանությունից ու մարդկային լեզվից, այսինքն` քարոզները ոչ թե խրատում, այլ զբաղեցնում են, և դա է նրանց մեծագույն արժանիքը: Անձամբ ես, գրպանումս թատրոնի հրավիրատոմս ունենալով հանդերձ, միշտ գերադասել եմ երեկոն անցկացնել եկեղեցում: Եթե թատրոնում իշխում է արվեստի լիակատար բացակայությունը, ապա եկեղեցում հաճախ կարող ես գոնե գեղեցիկ խոսք լսել: 

Բացի դրանից` եկեղեցում քեզ չես ենթարկում պատահաբար սպանվելու վտանգին, ոչ էլ` ծխախոտի մնացուկներ են շպրտում գլխիդ: Եկեղեցու բոլոր այցելուները աստիճանավոր ու բարեկիրթ քաղաքացիներ են, որոնց տեսնելն իսկ բավականություն է պատճառում: Հարևանացիորեն նշեմ, որ ամերիկացիները արտասովոր գեղեցիկ ժողովուրդ են: 

Ամերիկացիները, հատկապես կանայք, մոլեռանդորեն հետևում են քահանային ոչ թե բացարձակ հավատից դրդված, այլ նյութական շահի, կատաղի կրոնասիրության և երկրում տիրող սովորույթների մղումով: Յուրահատուկ երանգավորում են ստացել կրոնական զգացմունքները. մեր աստվածաբանները դա կանվանեին սովորույթի հավատք կամ, գուցե թե, այդ հասկացությունը ավելի համապատասխաներ truism` ժառանգական հավատք հասկացությանը: 

Նրանք հավատում են, որովհետև հավատացել են նախնիները, որովհետև հավատը բազում սերունդների միս ու արյան մեջ է մտել, և դա ոչ թե բացարձակ (absolutus), այլ փաստացի հավատք է: Ամերիկացիները եկեղեցի են գնում ինչպես կգնային ինչ-որ հրապարակային դասախոսության: Հարմար տեղ են գտնում և խորն ու փափուկ բազկաթոռների մեջ ընկղմված մի ամբողջ ժամ ուշի ուշով լսում, թե ինչպես է քահանան ջանք թափում իրենց հոգու փրկության համար: Ոչ արցունք է երևում, ոչ հույս, ինչը հաճախ կտեսնես ճշմարիտ հավատացյալի մոտ, բայց, մյուս կողմից, չես ասի, թե անտարբեր են. ամեն ինչ, հավանաբար, ընկալվում է լրջորեն: 

Սա զղջման ու զվարթ օրհներգի արանքում ընկած ինչ-որ բան է: 

Որոշ ժամանակ Ամերիկայում ապրելուց հետո հասկանում ես, որ նրանք Տեր Աստծուն սիրում են մոտավորապես նույնքան, որքան Վաշինգտոնին, ընդ որում, պահանջվում է, որ Տերն այդքանով գոհանա: Ամերիկյան քահանաների զորությունը, հավանաբար, չկարողացավ համայնքի անդամների բարոյական աճն ապահովել. ամերիկյան բարոյախոսության էությունը փողն է: Մենք սովոր ենք գեղեցիկ բառեր շռայլել Ամերիկայում տիրող կրոնական ազատության մասին: Բայց իրականում այդ ազատությունը բոլորովին էլ մեծ չէ, ինչպես սովորաբար կարծում ենք: Այս, ինչպես և մնացած բոլոր հարցերում, որոշիչ դեր ունի միայն փողը: Եթե մարդը հարուստ է, ապա կարող է իր դրամները վատնել ձիարշավներում կամ մի ուրիշ տեղ և հոգ չտանել քահանայի մասին, և որևէ մեկը նրան չի մեղադրի: Աղքատ մեկը, սակայն, իրավունք չունի հանապազօրյա հացի մասին ավելի շատ մտածել, քան կմտածի քահանայի մասին: Հակառակ դեպքում չափազանց անբարյացակամ վերաբերմունքի կարժանանա: Փողն է, և ուրիշ ոչինչ, ամերիկյան բարոյախոսության էությունը: 

Ես ուզում եմ երկու օրինակ բերել: Ամերիկայում ապրում է Բեննեթ անունով մի մարդ, "the Truth seeker"- ի ("Ճշմարտություն որոնողի") նախկին խմբագիրը, որ բազում փոքր ու մեծ գրքերի հեղինակ է: Իր «Դավանաբանական համեմատական ուսումնասիրությունների» հրապարակումից հետո նրան անմիջապես բանտարկեցին: Նրան բանտարկեցին ազատամտության համար: Ինչո՞ւ նա բանտարկվեց ազատամտության համար. ահա թե ինչու` իր աշխատություններում Բեննեթը ծանրակշիռ խոսք էր ասել ժողովրդի տգիտությունը չարաշահող ամերիկյան քահանայության մասին, իսկ այդ մասին խոսելու համար նա բավականաչափ միջոցներ չուներ: Այսինքն, նա արեց ավելին, քան թույլ կտար ունեցած փողը: Երկրորդը, Բէր Ջոնսոնը, խելահեղ միամտություն ունեցավ նկատելու, որ կան բազմակնության կողմնակից մարդիկ, և գիրք գրեց ազատ սիրո մասին: Ավելի ճիշտ, լինելով բացառապես տեսաբան, պաշտպանեց անկաշկանդ սիրո գաղափարը: Եվ ի՞նչ… Բէր Ջոնսոնին ևս բանտարկեցին, իսկ ինչո՞ւ, որովհետև պարզվեց, որ նա էլ չափազանց աղքատ էր, այսինքն` միջոցներ չուներ, որպեսզի կարողանար թույլ տալ իրեն ազատամիտ լինելու շռայլությունը: Ահա թե ինչու: 

Հոգևոր տհասությունը ազգային բնավորություն որդեգրելով` ամերիկացիներն, ի վերջո, կարողացան կյանքը դարձնել թունոտ:

Թարգմանությունը՝ Աշոտ Խաչատրյանի
ԿՆՈՒՏ ՀԱՄՍՈՒՆ. «ՄԻ ԱՆԳԱՄ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ...»
930 reads | 04.05.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com