ԿՆՈՒՏ ՀԱՄՍՈՒՆ. ԻՆՉ ԱՎԵԼԻՆ Է` ՉԱՐԻՑ Է …
Երբ ճանապարհորդը փոքր-ինչ ծանոթանա երկրին և հնարավորություն ունենա տարբերել այս հար աղմկալի կյանքի մասնակի երևույթները, նրան նախևառաջ կապշեցնի ամերիկացիների արտասովոր չափերի հասած հայրենասիրությունը: Օտարերկրացին հաճախ կտեսնի շքերթի ելած պատերազմն ավարտած զինվորների:Դա եզան պես զուգված, գլխարկներին փոքրիկ դրոշակներ ցցած ու ժապավենների կտորտանքով զարդարված պղնձե կրծքանշանակիրների ամբոխ է, որ խաղաղ ցույցի ելած ընթանում է իրենց իսկ փչած հարյուր անագե շեփորների ձայնին համաչափ: 

Եվ այդ շքերթն ընդամենը մի նպատակ ունի` անցնել փողոցից փողոց և համընդհանուր ուշադրություն գրավել: Ուրիշ ոչ մի նշանակություն: Այս հաճախադեպ շքերթը` հայրենիքի հետ ամերիկացիների ջերմագին կապվածության հանգամանքն է խորհրդանշում: Երբ ամբոխն անցնում է փողոցով` դադարում է որևէ շարժում, կանգ է առնում երթևեկությունը, բնակիչները դուրս են թափվում, որպեսզի նորեն տեսնեն ամենօրյա հանդիսախաղը: Եվ դա, որոշակիորեն նրանց քաղաքացիական պարտքն է` այդ շեփորահարներին նայել լրջմիտ, ծանրախոհ, անխնդուք, վասնզի շեփորահարները հայրենասերներ են: Այդ զինվորների պես, որոնք վերջին պատերազմում պատժեցին հարավային նահանգների ազնվականությանը` իրենց հնազանդվել չցանկանալու համար, ամերիկացիներն ուզում են միշտ կռվի պատրաստ լինել, եթե հանկարծ, ինչ-որ մեկը հանդգնի հակառակվել իրենց ցանկություններին: Նրանց համոզմունքը, թե իրենք կարող են հնազանդեցնել բոլորին, հասնում է անասելի պարզամտության: 

Ամերիկացիների հայրենասիրությունը սահմաններ չունի: 

Ամերիկյան հայրենասիրությունը բարձրացնում է իր ձայնը, հաշվի չառնելով որևէ հանգամանք, և բացարձակորեն չզգուշանալով հետևանքներից: Լինելով ծայրաստիճան պարզունակ` այն թերի կրթվածներին դարձնում է հիմար և ամբարտավան: Աշխարհում գոյություն ունի միայն մի երկիր` Ամերիկան, իսկ "ինչ ավելին է` չարից է": Ամերիկայից զատ ուրիշ ոչ մի տեղ չկա այսօրինակ ազատություն, չկա առաջադիմություն, չկան բարելավումներ, և չկա, ի վերջո, մտավորականություն: Այս ինքնահավանությունը հաճախ է վիրավորում օտարերկրացուն: Նա ամեն օր հայտնվում է այնպիսի իրավիճակներում, որ ակամա սկսում է տանջվել տեղացիների ինքնագոհությունից. նրան ստորացնում են, ծաղրում, հիմարի տեղ դնում ու խղճում: Այդ մշտօրյա ստորացումներն, ի վերջո, ստիպում են նրան հասկանալ, որ արդեն ինքն է ձգտում դառնալ ամերիկացի, ընտրության իրավունք ստանալ, մի խոսքով` ամերիկանացվել: Նա արագ վարժվում է ամերիկյան ձևականություններին, սովորում խոսել անգլերեն, գլխարկը կրել իրենց պես թարսութեք, տեղը կանանց զիջել մայթի ներս ընկած մասում… 

Այսինքն` նա ձեռք է բերում այն արտաքին յուրահատուկ փայլը, ինչը բնորոշ է միայն ամերիկացուն: Ազգային հպարտությունը ցնծության մեջ է. Ամերիկան ավելացավ ևս մեկով. ընդ որում` ամերիկացի մեկով: Բայց հաճախ ազգային այդ հպարտությունն ունենում է անչափ մակերեսային դրսևորումներ, ինչը` հիմնավորելով նրանց բռի վարքն ու տգիտությունը, շատ դեպքերում շփոթության մեջ են գցում օտարերկրացուն: Նա տեսնում ու չի կարողանում հասկանալ, թե որչափ անտեղյակ է այդ ինքնասիրահարված ժողովուրդն ընդհանրապես: Ամերիկացիները հաճախ են հպարտանում,երբ իրենց երկրում ինչ-որ եզակի, հազվագյուտ բան է հայտնվում, գաղափար անգամ չունենալով իհարկե, որ Եվրոպայում դա վաղուց ի վեր նորություն չէ: Ես բազմիցս առիթ եմ ունեցել տեղեկանալ, որ նորվեգական մետաղներն ու գերմանական վրձինները զուտ ամերիկյան գյուտ են: Դակոտա նահանգի ագարակներից մեկում իմ ֆիննական դանակն առավել ուշադրության արժանացավ, քան ես ինքս.- "հա, ինչեր ասես,որ չեն հորինի ամերիկացիք": Եվ ես ստիպված եղա մի ամբողջ շաբաթ` յոթ օր, յոթ գիշեր ապացուցել, որ ձեռքիս դանակն, այնուամենայնիվ, շվեդների գյուտն է: Եվ այդ տգիտությունը չէ, թե բնորոշ է միայն հասարակ ժողովրդին: Ամերիկացիների համազգային և հիմնական թերություններից մեկը` մյուս ժողովուրդների արժանիքներն անտեսելն է: Եվ դա պատահական չէ, որովհետև, ասենք` աշխարհագրության կամ պատմության պարտադիր ուսուցումն ամփոփում է միայն Ամերիկայի աշխարհագրությունն ու Ամերիկայի պատմությունը, և ընդամենը մի քանի լրացուցիչ էջ է հատկացնում մյուս երկրներին ու ժողովուրդներին: Ամերիկացիները սիրում են փառաբանել իրենց դպրոցներն ու դրանք համարում են օրինակելի: 

Ամերիկայի գովքն անող ճառասացներն ու նրանց բարեբանող օրհներգն անմիջապես յուրացնող թերթերը համոզված են, որ իրենց դպրոցներից զատ ուրիշ որևէ լավ բան լինել չի կարող:

ԱՐԹՈՒՐ ԱԶԱՐՅԱՆ
Լրագրող, հրապարակախոս
ԿՆՈՒՏ ՀԱՄՍՈՒՆ. «ՄԻ ԱՆԳԱՄ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ...»
1157 reads | 27.02.2013
արտագաղթ, Կնուտ Համսուն, Մի անգամ Ամերիկայում, Արթուր Ազարյան |
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com