ԿՆՈՒՏ ՀԱՄՍՈՒՆ. ՄԻ ԽՑԿՎԻՐ ԱՅՆՏԵՂ
ԱՐԹՈՒՐ ԱԶԱՐՅԱՆ
Լրագրող, հրապարակախոս







Մի անգամ՝ Ամերիկայում...
(Նոբելյան մրցանակի դափնեկիր Կնուտ Համսունի ուղիղ մեկ դար առաջ կարդացած դասախոսությունից)



Հազիվ է հասցնում հոգնատանջ ճանապարհորդը ոտք դնել Ամերիկա` տեղնուտեղը զգում է իրեն ուշքը կորցրած` զարհուրելի աղմուկից ու անդադրում վազվզուքից: Նա ապուշ կտրած նայում է, թե որչափ արագ է սլանում փողոցային կառքը. հավերժ անհանգիստ փութկոտությունն անմիջապես տիրում է նրան: Եթե նա Նյու-Յորք գար ամռանը, պակաս չէր լինելու զարմանքը, երբ տեսներ անխռով զբոսնող տղամարդկանց` առանց վերնաշոր, առանց սերթուկ ու առանց բաճկոն, մետաքսե շրջազգեստ հագած իրենց պերճաշուք տիկնանց թևանցուկ: Դա ամիջապես ինչ-որ խորթ ու ազատ բանի տպավորություն է թողնում:Ամենուր անդադար աղմուկ է, հավերժական եռուզեռ, շոգեմուրճերի զարկ ու գործի հաղթանակ. այս երկիրն ասես հենց նոր ստեղծվող համայնք լինի, ուր բնակիչները նոր են սկսում ապրել:

Նորաբնակները ժամանում են ամեն Աստծո օր` իրենց հետ բերելով իրարանցման տենդը: Ամեն ոք դռնեդուռ ընկած բնավորվելու ճար է փնտրում իր և տնեցիների համար. բոլորը շտապում են, վազվզում, ինչը, բնականաբար, կյանքը դարձնում է այսպես անվերջ աղմկալի ու տենդագին: Սակայն տեղի մամուլը, ճառասացներն ու բանաստեղծները, ամերիկյան կյանքի այս առանձնահատկությունները ազատ հիմնադրումների արդյունք են համարում:Ամերիկացիներն իրենք համոզված են, որ այդ անխոնջ եռանդը հատկանշում է ամերիկյան խառնվածքի իրենց ազգային յուրահատկությունը, ինչը հետևանք է երկրում իշխող ազատության: Մի խցկվիր այնտեղ, այնտեղ ազատության դաստիարակող իշխանությունն է:


Ինչ-որ մի երկու հարյուրամյակի ընթացքում Ամերիկան կարողացավ վերստեղծել Եվրոպայի ամենաողորմելի վիժվածքներին՝ ոչնչի պիտանի թափառաշրջիկներին դարձնելով հարկավոր արհեստավորներ: Ես զարմանալի պատմություններ լսեցի այն մասին, թե ինչպես, շնորհիվ միմիայն ամերիկյան ազատության, փայտե ոտնամաններ հագած դինջ գեղջուկները հանկարծ փութով, ճարպիկ գործարարներ են դարձել: Մի գնա այնտեղ` այնտեղ ազատության դաստիարակող իշխանությունն է:

Այս երկրում ինչքան էլ ապրես` միևնույն է, քեզ զգում ես օտարի պես: Կյանքի ամբողջ դրվածքն այնքան է տարբերվում այն պայմաններից, ինչին արտասահմանցին սովոր է իր հայրենիքում, որին նա ոչ մի կերպ չի կարողանում մերվել, մերվել ամերիկյան ապրելակերպին: Բայց այս երկիրը քայքայում է նրա նյարդային համակարգը, և նա, ի վերջո, նույնպես սկսում է իր խելահեղ վազքը: Նա չի կարողանում ազատվել հավերժական վախի զգացումից, նրան ճնշում են անսովոր պայմանները, նրան ապշեցնում է ամենայն նորը, անսովորն ու խորթը շփոթեցնում են նրան: Նա սկսում է հուզվել, երբ, ասենք, պետք է լինում կոշիկ գնել, և որքան է խեղճն ափսոսում, որ չափազանց վատ է խոսում անգլերեն, որպեսզի սակարկել կարողանա: Նա հուզմունքից շփոթվում է, երբ քաղաքային գանձապահից կտրոն է ստանում, և շնչակտուր վազում է հարկ վճարելու:

Եկվորները կորցրել են իրենց հանգիստը, սակայն դարձել են չափազանց գործունյա ու ճարպիկ: Ամերիկայում ապրելն արդեն ասես խթանիչ հանգամանք լինի. մտավոր և ֆիզիկական կարողությունները ձգտում են զարգացման: Վտարանդիները այս առանձնահատկությունը ձեռք են բերում անմիջապես, այն պահից, երբ ոտք են դնում մայրցամաք և սկսում առաջին ճաշի համար գումար հայթայթել, հետևաբար` շատ ավելի վաղ, քան կարող էր նրանց վրա ազդել հանրապետության ազատ քաղաքականությունը:
ԿՆՈՒՏ ՀԱՄՍՈՒՆ. «ՄԻ ԱՆԳԱՄ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ...»
1355 reads | 21.02.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com