ԵԹԵ ՀՅՈՒՍԻՍԻՑ ԵՍ, ՎԵՐՋ, ՈՒՐԵՄՆ ՇՎԵԴ ԵՍ…
Ամերիկյան միջավայրում որոշ ժամանակ ապրելուց հետո հասկանում ես, որ նրանց համար բոլոր սկանդինավցիներն անխտիր շվեդներ են, որ շվեդ բառն իսկ մի տեսակ ծաղրական ու ստորացուցիչ նշանակություն ունի, և որ քեզ մնում է միայն նրանց ներողամտությունն աղերսել, որովհետև դու շվեդ ես: Եվ զուր չարչարանք կլինի, եթե փորձես համոզել նրանց, որ դու ոչ թե շվեդ` այլ, ասենք, դանիացի կամ նորվեգացի ես, որովհետև, եթե սկանդինավյան աշխարհից ես, ուրեմն` վերջ, շվեդ ես: Պարզ ու հասկանալի: Եվ եթե Սկանդինավիայից եկած շվեդին ամերիկացիները մի տեսակ խղճում, թե հանդուրժում են, ապա ֆրանսիացուն անարգում են բացահայտորեն: Ամերիկացիների համար "ֆրանսիացի" նշանակում է հայհոյանք, գրեթե նույնը, ինչ մենք հասկանում ենք «թուրք» ասելիս: 

Նրանց կարծիքով անմեղ մարդը թույլ չի տա իր վրա այնպիսի մեղք բարդել, որպիսին, պարզվում է, ֆրանսիացի լինելն է: Այո, պետք է վերևից նայես ու ծիծաղես նրանց հիմարության վրա: Սակայն ընտանիք ունեցող մեկը դժվար թե կարողանա ծիծաղելու ուժ գտնել իր մեջ. նրան շարունակ ստորացնում են և նա հնարավորություն չի ունենալու երբևէ ընտանիքի ապրուստն ապահովող որևէ աշխատանք գտնել, սոսկ այն պատճառով, որ ֆրանսիացի է կամ շվեդ: 

Այս իրողությունն ունի մի շատ կարևոր կողմ, ինչն զգացել եմ մաշկիս վրա: Ես հյուսիսից եմ, եթե հյուսիսից եմ` ուրեմն շվեդ եմ, իսկ եթե շվեդ եմ` ուրեմն ինձ ստորացնում են, խղճում, և իհարկե` ծաղրում: Արժանանալով նմանօրինակ վերաբերմունքի` օտարերկրացին, բնականաբար, շատ արագ ամերիկանացվում է, ինչը էական նշանակություն ունի մի կտոր հաց ճարելու նրա հավերժական պայքարում: Նա այնքան հաճախ է լսում ամերիկացիների գերազանցության մասին, որ ի վերջո, գործածում է ողջ ուժն ու եռանդը` ջանալով նմանվել նրանց` արդեն իսկ հասկացնել տալով, որ հրաժարվել է հնից, այսինքն` իր հին "ես"-ից: Նա սկսում է անգլերեն խոսել նույնիսկ տանը, անգամ ծնողների հետ, որոնք, իհարկե, որևէ բառ չեն հասկանում, և ջանք չի խնայում, որպեսզի ջնջի-ոչնչացնի իր այլացեղ լինելու բոլոր նշանները: Երբ վտարանդին վերադառնում է հայրենիք, ուր ժամանակին իր ոտնամաններն է դինջ-դինջ քստքստացրել` վերադառնում է արդեն ուրիշ մարդ դարձած. այնքան թեթևաշարժ ու ճարպիկ, որ այլևս չես ճանաչում: Բայց Ամերիկայի օդը չէ` որ փոխել է նրան, դարձրել այդպիսին, և ոչ էլ ազատ հանրապետությունը: Ոչ, նրան այլափոխել է ամերիկացիների բութ հայրենասիրությունը, և սոսկ նյութական պատճառներն են ստիպել նրան դառնալ ժրաջան: 

Ամերիկյան Կոնգրեսի ներգաղթի խնդիրներին վերաբերող քննարկումները նույնպես ժողովրդի անսահման հայրենասիրության վկայությունն են: Սկսել են լրջորեն ճառաբանել` թե հարկավոր է արգելել ներգաղթը, և ոչ թե մի երկու հարյուր տարի հետո, երբ դրա անհրաժեշտությունն իսկապես զգացվի, այլ հենց հիմա` հանուն կամավոր հայրենասիրության: Պահանջվող արգելքի հիմքում նույնպես ընկած է նրանց ինքնահավանությունը. ամերիկացիները համարում են, որ շվեդները, ֆրանսիացիք, և օտարերկրացիներն ընդհանրապես, իրենց հետ որևէ ասպարեզում պետք է չմրցակցեն: Նրանք չեն ցանկանում ընդունել ոչինչ, ինչ ամերիկյան չէ, որովհետև ինչն ամերիկյան չէ` "չարից է": Նրանք պնդում են, թե երկիրն արդեն գերբնակեցված է, բայց դա հնարք է սոսկ: Իրականում ամերիկացիներն ուզում են արգելել օտարերկրացիների մուտքն իրենց իսկ հայրենասիրությունից հուզված. մինչդեռ առանց այդ նույն օտարերկրացիների նրանք անկարող կլինեն նույնիսկ ամենաանհրաժեշտ աշխատանքներն անել, որովհետև ամերիկացիներն իրենք` չեն աշխատում: Ասում են` թե աշխատում են իբր, բայց դա սուտ է, հնարանք: Ըստ վիճակագրության` ամերիկացիների հիսունից մեկն է միայն զբաղված ֆիզիկական աշխատանքով. հողը մշակում են օտարերկրացիները, և հենց նրանց մուտքն են ուզում արգելել, "որովհետև երկիրն, ասում են, գերբնակեցված է": Անհիմն են մուտքի արգելման խնդրին վերաբերող բոլոր պատճառաբանումները. դրանք ամերիկյան հայրենասիրության կանաչ պտուղներն են: Նրանք պարզապես ցանկանում են կանխել որևէ կողմնակի միջամտություն: Ամերիկացիները երբեք չեն հասկանա ու երբեք չեն գնահատի օտարերկրացիների աշխատասիրությունն ու վաստակը, չեն հասկանա` միմիայն իրենց ահագնացած, գրեթե չինական ինքնավստահության պատճառով: Ահա թե ուր կարող է հասնել ամերիկյան հայրենասիրությունը: Ահա թե ի՜նչ հայրենասերներ են նրանք: Եվ երանի նրան, ով առօրյա կյանքում իր վրա չի կրել ամերիկյան հայրենասիրության լուծը: 

Ինչ քաղաքակրթություն կարող է ունենալ մի ժողովուրդ, որը միմիայն իրեն է ճանաչում: Եվ ինչ հոգևոր կյանք կարող է լինել մի երկրում, որը բնակեցված է վերոհիշյալ հայրենասերներով: Եթե ամերիկացիները պատմական անցյալ ունեցող հնագույն ժողովուրդ լինեին, ինչն, անշուշտ, կհատկանշեր ազգային խառնվածքի անհատականությունն ու կպայմանավորեր իրենց յուրօրինակ կյանքը, ապա Ամերիկան` առանց ուրիշ երկրների հետ հարաբերվելու, թերևս կարողանար բավարարվել ինքն իրենով,այնպես` ինչպես, օրինակ, ժամանակակից գրականության "չինաստանը": Բայց Ամերիկան նոր երկիր է, հազիվ ձևավորվող հանրություն, ուր ամեն բան պոռթկուն է, ոչ ներդաշնակ, ուր իսպառ բացակայում են սեփական մշակույթն ու ժողովրդի հոգևոր նկարագիրը: Նման երկրում ինքնագոհացման տենչը զգալիորեն խոչընդոտում է հետագա զարգացումը, մի խոսքով` դրված է veto, և ոչ ոք չի կարող դրան ընդդիմանալ:

ԱՐԹՈՒՐ ԱԶԱՐՅԱՆ
ԿՆՈՒՏ ՀԱՄՍՈՒՆ. «ՄԻ ԱՆԳԱՄ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ...»
1039 reads | 07.03.2013
Կնուտ Համսուն, Ամերիկա |
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com