ՈՐՍ ՀԻՏԼԵՐԻ ԳԼԽԻ ՀԱՄԱՐ. ՕՊԵՐԱՑԻԱ ՎՈԼՖՇԱՆՑԵՈՒՄ
1944 թ. հուլիսին արևելա-պրուսական ռազմակայանում մահափորձ կատարվեց Գերմանիայի ռեյխսկանցլեր Ադոլֆ Հիտլերի դեմ: Մահափորձին մասնակից հիմնական գործող անձերից մեկի մահը վերջերս նորից իր վրա բևեռեց այն օրերի դեպքերը: Ապշեցուցիչ է ոչ այնքան դավադրության փաստը, որն ուղղված էր Երրորդ Ռեյխի գաղափարախոսության ղեկավարի վերացմանը, այլ նրա մասշտաբներն ու գեներալական ուսադիրներով մասնակիցների թվաքանակը:

Մյունխենում` կյանքի 91-րդ տարում վախճանվեց Էվալդ-Հենրիխ ֆոն Կլեյստը` գերմանական բանակի նախկին լեյտենանտը: Նրան էր վստահված Հիտլերի դեմ մահափորձի նախապատրաստման և իրականացման կարևորագույն դերերից մեկը:

Կլաուս ֆոն Շտաուֆենբերգի ու նրա մերձավոր շրջապատի կողմից մշակված և իրականացված օպերացիան տրամաբանական ավարտին հասցրեց 40-ական թվականների կեսերին Գերմանիայի ռայխսկանցլերի դեմ ուղղված դավադրությունների շարքը:

Հակահիտլերյան տրամադրությունների ծագման պատմությունը

Ադոլֆ Հիտլերի և նրա գեներալների միջև ինչ-որ չափով միշտ էլ առկա է եղել անվստահության և թյուրիմացության բարդույթ: Սկսած 1936-ից, երբ օկուպացվեց ապառազմակայանացված Ռեյնի մարզը, ֆյուրերի շրջապատի բարձրագույն զինվորական աստիճանավորները սկսեցին կասկածներ արտահայտել իրենց անմիջական ղեկավարի որոշ գործողությունների նկատմամբ: Կողմերի դիրքորոշումները հետագա մի քանի տարվա ընթացքում այլևս չէին համընկնում: 

Օրինակ, Իսպանիային զինվորական օգնության ցուցաբերումը, Ավստրիայի և Չեխոսլովակիայի միակցումը, Անգլիայի և Ֆրանսիայի հետ հարաբերությունները, Լեհաստանի նկատմամբ ագրեսիան: Սկզբում, ստիպված լինելով գնալու որոշ զիջումների, Հիտլերը հետագայում իր բազմափորձ գեներալների գործողություններում նկատեց չափից դուրս զգուշավորություն: Իսկ դա հակասում էր նրա զավթողական նկրտումներին:

Մոսկվայի մոտ գերմանական բանակի կրած պարտությունից հետո երկրի ներսում հակահիտլերական տրամադրություններն էլ ավելի ակտիվացան: Մեկը մյուսի հետևից կազմավորվեցին խմբեր, որոնց հիմնական նպատակը գործող իշխանության տապալումն էր, ընտրված ստրատեգիայի փոփոխությունը կամ Գերմանիայի համար այդ կործանարար պատերազմի դադարեցումը: Ընդդիմադիր շարժման ղեկավարության մեջ էին այն ժամանակվա շատ հայտնի ազդեցիկ դեմքեր և
ռազմական խմբավորումներ: Իշխող կառավարության հակառակորդների տքնաջան կազմակերպչական աշխատանքը` Հիտլերի դեմ մահափորձ իրականացնելու նպատակով ստեղծված «Վալկիրիա» գաղտնի պլանի հիմքը հանդիսացավ: Այն իրականացվեց 1944-ի հուլիսի 20-ին Հիտլերի «Վոլֆշանցե» շտաբում:

«Վոլֆշանցե»` գազանի որջը

«Գայլի որջը» փշալարերով պատված, տասնյակ բունկերների և շինությունների համալիր էր: Այն գտնվում էր լճերի և ճահիճների մեջ թաղված անմատչելի տեղանքում: 1941-1944 թթ. Հիտլերն այդտեղ անցկացրեց մոտ 800 օր` ղեկավարելով բանակի գործողությունները Արևելյան ճակատում (ԽՍՀՄ տարածքում): Հիտլերի ֆիզիկական վերացումը պետք է ազդանշան լիներ Գերմանիայում և Արևելյան Եվրոպայի օկուպացված տարածքներում խոշորամասշտաբ գործողություններ սկսելուն` ուղղված գործող ռեժիմի դեմ և դրան հաջորդող խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Դավադրության բոլոր մասնակիցներին ուղարկվեց «Վալկիրիա» ծրագրի գործողությունների պլանը:

Ճշմարտության պահը

Պլանը պետք է իրականացներ Էվալդ-Հենրիխ ֆոն Կլեստը (որի մահվան լուրով սկսվեց մեր պատմվածքը), բայց հետագայում նրան փոխարինեց Կլաուս ֆոն Շտաուֆենբերգը: Նա պետք է անձամբ տեղ հասցներ և տեղադրեր ռումբերով լիքը պայուսակը:

Պատահականությունների շարքը որոշ չափով խախտեց նրանց ծրագրերը: Խորհրդակցությունը հետաձգվեց 30 րոպեով, փոխվեց նրա անցկացման վայրը և կրճատվեց ելույթի համար սահմանված ժամանակը: Ֆոն Շտաուֆենբերգի տեղադրած պայուսակը, որը երկու մետր էր հեռու Հիտլերից, շտաբի սպայի կողմից տեղափոխվեց ծածկի տակ, որը բնական արգելքի դեր կատարեց: Երկրորդ ռումբը ընդհանրապես չգործեց պատրաստողի շտապողականության և հաշմանդամության պատճառով (նա պատերազմում կորցրել էր մեկ աչքը, մեկ ձեռքն ամբողջությամբ և մյուսի` երեք մատը):

Ժամը 12:42-ին «Վոլֆշանցեում» որոտած մի խլացուցիչ պայթյուն, որի հետևանքով զոհվեց չորս սպա, վիրավորվեցին խորհրդակցության մյուս մասնակիցները, այդ թվում նաև ռեյխսկանցլերը (այրվածքներ, բեկորային վիրավորում, կոնտուզիա): Ֆոն Շտաուֆենբերգը և նրա համհարզը, որոնք լքել էին բունկերը պայթյունից առաջ, բարեհաջող հասան Բեռլին: Նրանք համոզված էին գործողության հաջող ավարտի մեջ:

Ըստ «Վալկիրիա» օպերացիայի պլանի, հեղաշրջման գաղափարախոսները սկսեցին սղագրություններ ուղարկել բոլոր զինվորական օկրուգներին` պահանջելով ենթարկվել նոր ղեկավարությանը: Եվ այստեղ նրանք թույլ տվեցին ճակատագրական սխալ: Սղագրություններից մեկը ուղարկվեց հենց Ռաստենսբուրգ` ուղիղ Հիտլերի որջը, որտեղից էլ նա անձամբ տեղեկացավ պետական հեղաշրջման փորձի մասին:

Անհաջողության հետևանքները և հաջողության հեռանկարները

«Գեներալների դավադրության» տապալման պատճառով Գերմանիան թաղվեց մահապատիժների և պատժամիջոցների մղձավանջի մեջ: Կախաղանների և գնդակահարությունների զոհ դարձան դավադրության մոտ 5000 մասնակիցներ, 7000 մարդ ձերբակալվեց: Պատժվեցին նաև ընդդիմադիրների չափահաս բարեկամները, իսկ անչափահաս երեխաներն ուղարկվեցին որբանոց: Քչերը փրկվեցին, իսկ անմիջական մասնակիցներից դա հաջողվեց միայն Էվալդ-Հենրիխ ֆոն Կլեյստին:

Եթե ճակատագիրը դեմքով շուռ գար ֆոն Շաուֆենբերգի և նրա մարդկանց կողմը, ապա հնարավոր է, որ Գերմանիայի ապագան դասավորվեր այլ կերպ: Հնարավոր է, որ իշխանության գային հակաֆաշիստական ուժեր, որոնք դեռևս 1944թ. կստորագրեին հաշտության պայմանագիր: Դա թույլ կտար խնայել միլիոնավոր մարդկանց կյանք: Կսկսվեր ապառազմանականացում, և երկիրը չէր հասնի լրիվ կործանման: Հնարավոր է նաև, որ Հիտլերի մերձավոր շրջապատը կարողանար պահպանել իշխանությունը և հրահրեր քաղաքացիական հակամարտություն: Բայց պատմությունը գնաց իր ընտրած ճանապարհով, իսկ մեզ մնում է միայն ենթադրել:

Սերգեյ Վասիլենկով
«Pravda»
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
2282 reads | 02.04.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com