ԱՄՆ-Ի ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ ԶԵԿՈՒՅՑ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում կպահպանի իր նախկին ընթացքը, սակայն կենթարկվի ներքաղաքական գործոնների ազդեցությանը` ասվում է ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպպերի` միջազգային անվտանգությանը սպառնացող գնահատականի մասին Կոնգրեսին ուղղված ամենամյա զեկուցման մեջ:

Ինչպես ասվում է հրապարակված զեկուցման մեջ, ՌԴ-ի իշխանությունները շատ ցավագին են ընդունում ԱՄՆ-ի կողմից նրանց ներքին քաղաքականության ցանկացած քննադատություն, որն ընդունում են որպես միջամտություն իրենց ներքին գործերին: «Այնուամենայնիվ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշակի հարցերում գիտակցում է ԱՄՆ-ի հետ համագործակցության առավելությունները»,-նշվում է զեկուցման մեջ:


Դրանից բացի ԱՄՆ-ի հետախուզությունը կանխատեսում է, որ Ռուսաստանի քաղաքական համակարգը մոտակա տարում` ժողովրդի աճող դժգոհության պատճառով, լուրջ դժվարություններ կկրի: «Մոտակա տարվա ընթացքում ռուսական քաղաքական համակարգը կհայտնվի էլ ավելի մեծ ճնշման տակ` կախված այն բանից, թե Կրեմլը ինչպես կփորձի հաղթահարել հասարակության մեջ աճող այն հասարակական դժգոհությունը, որում էլ ավելի են զգացվում խմորումները: Ռուսական հասարակության կարևոր հատվածները լրջորեն անհանգստացած են երկրի տնտեսության թուլացումից, դժգոհ են այն քաղաքական համակարգից, որում բացակայում է իրական պլյուռեալիզմը և որը տառապում է թույլ և ինքնակամ կառավարումից և կաշառակերության համաճարակից»,-ասվում է զեկուցման մեջ:


Հիմնվելով այդ ամենի վրա, ԱՄՆ-ի ազգային հետախուզությունը հանգում է եզրակացության, որ Պուտինի համար ներկա նախագահական ժամկետը կլինի ավելի ծանր, քան նախկին երկուսը:


ԱՄՆ-ի իշխանությունները ավանդաբար քննադատում են Ռուսաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակը, իսկ վերջերս ռուսական խոշոր քաղաքներում փողոցային ցույցերի անցկացումը նրանք համարում են որպես երկրի ներքաղաքական կուրսից ժողովրդի դժգոհության վկայություն:


Զեկուցագրում ասվում է նաև, որ Ռուսաստանը կշարունակի ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից երաշխիքներ պահանջել, որպեսզի նրանց հակահրթիռային պաշտպանության համակարգերը /ՀՀՊ/ ուղղված չլինեն իրենց զսպիչ ուժերի դեմ:


Ռուսաստանի ղեկավարները ամերիկյան ՀՀՊ համակարգերը դիտարկում են որպես իրենց կարևորագույն ազգային շահերի անվտանգության սպառնալիք:

Հետախուզությունը կանխագուշակում է, որ ՌԴ-ն կշարունակի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործընկերներից երաշխիքներ պահանջել, որ այդ համակարգը ուղղված չէ Ռուսաստանի դեմ:

«Ռուսաստանի համար հակաօդային պաշտպանությունը ցավոտ հարց է»,-նշվում է փաստաթղթում: Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն 2010 թվականին Լիսաբոնում կայացած գագաթնաժողովում պայմանավորվել էին համագործակցել ԵվրոՀՀՊ-ի ծրագրերում, սակայն բանակցությունները մտան փակուղի, քանի որ ԱՄՆ-ը հրաժարվեց իրավաբանական երաշխիքներ տալ ռուսական զսպող ուժերի դեմ այդ համակարգերի ընդարձակման տեսակետից: Ներկայումս ԱՄՆ-ի կողմից Եվրոպայում ՀՀՊ համակարգերի ստեղծումը ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածության պատճառներից մեկն է:


Կլեպպերի զեկուցագրում նշվում է, որ ԱՄՆ-ը չպետք է շատ հույսեր ունենա համագործակցելու Ռուսաստանի հետ Աֆղանստանին վերաբերող հարցերում

2014թ-ից հետո: Զեկուցագրում ասվում է նաև, որ չնայած ՀՀՊ-ին, Իրանի միջուկային ծրագրերի խնդիրներին և Սիրիային վերաբերող անհամաձայնություններին, Մոսկվան դեպի Աֆղանստան զինվորական բեռների փոխադրման համաձայնության շրջանակներում իր աջակցությունը համարում է ռուս-ամերիկյան հարաբերությունների սյուներից մեկը, որը միաժամանակ օժանդակում է նաև Աֆղանստանում իրավիճակի կայունացմանը:

«Այնուամենայնիվ, Ռուսաստանը կասկածանքով է վերաբերվում Աֆղանստանում ԱՄՆ-ի մտադրություններին և փորձերին` առանց ՄԱԿ-ի մանդատի` 2014 թվականից հետո էլ պահպանել այդ երկրում զինվորական ներկայությունը: Դա կարող է հարցականի տակ դնել Մոսկվայի հետ համագործակցությունը»,-ընդդծում է հետախուզությունը՝ պնդելով, որ ԱՄՆ-ը մոտակա տասնամյակում որոշ երկրների` այդ թվում նաև Չինաստանի և Ռուսաստանի հետ խնդիրներ կունենա տիեզերքում:


«Տիեզերական համակարգերը և նրանց ուղեկցող կառուցվածքները թույլ են տալիս ապահովելու կյանքի համար կարևոր ծառայությունների մի ամբողջ փունջ` դիրքորոշում, նավագնացություն, ժամանակի հաշվարկ, հետախուզություն, դիտարկումներ և տեղազննումներ: Այդ ամբողջը կենսականորեն անհրաժեշտ է մեր գիտության, տնտեսության, հասարակության և բանակի համար: Շատ երկրներ գիտակցում են մեր առաջնայնությունը և մշակում են սեփական ռազմավարություն, որը նախատեսում է սահմանափակել կամ արգելել մեր մուտքը տիեզերք»,-ասվում է զեկույցում:


Ըստ հետախուզության ղեկավարի, այդ ասպարեզում առաջատար են համարվում ԱՄՆ-ի ավանդական հակառակորդները` Ռուսաստանը և Չինաստանը»: ԱՄՆ-ի տիեզերական նախագծերի նկատմամբ սպառնալիքը մոտակա տասնամյակում ավելի կաճի: 2007-ին Չինաստանը արբանյակային համակարգերի ոչնչացման փորձարկումներ կատարեց: 2009-ին ռուսական զինվորական ղեկավարներից մեկը ԶԼՄ-ից մեկում հայտարարեց, որ Մոսկվան մշակել է տիեզերքում գործող հակազդեցության համակարգեր»,- ասվում է փաստաթղթում: Ընդ որում, հոդվածում չի նշվում պաշտոնյայի անունը:

Ռազմական բարենորոգումները Ռուսաստանին թույլ կտան բարելավել զորքերի մարտունակությունն այնքանով, որ նրանք կարողանան արագ հաղթանակ տանել հարևան ոչ մեծ երկրների նկատմամբ և մնան հետխորհրդային տարածքում գերիշխող դիրքերում, բայց ՆԱՏՕ-ի համար դա սպառնալիք չի ներկայացնի»` ասվում է զեկույցում:


ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը հաշվում է, որ Ռուսաստանի համար Վաշինգտոնի հետ հարաբերությունները առաջնային չեն: Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է նախկին ՍՍՀՄ-ի երկրների վրա:


Ջեյմս Կլեպպերի զեկուցագրում, մասնավորապես, ասվում է, որ «Մոսկվան, ըստ երևույթին, իր արտաքին քաղաքականությունը կկենտրոնացնի նախկին ՍՍՀՄ-ի երկրներում իր ազդեցության ուժեղացման վրա», նրանց միավորելու այնպիսի նախաձեռնությունների շնորհիվ, ինչպիսիք են Ռուսաստանի, Բելոռուսի և Ղազախստանի մաքսային միությունը կամ Եվրասիական միությունը, չնայած նրան, որ ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունները կշարունակեն մնալ կարևոր»:


Diplomat.am
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
4367 reads | 30.03.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com