ՄԵԾԱՀՌՉԱԿ ԵՐԳԱՀԱՆՆԵՐԻՆ ԿՈՐԾԱՆՈՂ «9-ՐԴ ՍԻՄՖՈՆԻԱՅԻ» ԼԵԳԵՆԴԸ ԿԱՄ «ՀԵՔԻԱԹՆԵՐԻ» ԱՆԵԾՔԸ
Արվեստն ընդհանրապես առեղծվածային բնագավառ է: Խոսք կգնա, իհարկե, նաև երաժշտության մասին: Իզուր չէ, որ հին ժամանակներում շատերը հավատում էին, որ դա դիվային զբաղմունք է… Պատմում են ոչ քիչ առեղծվածային պատմություններ այնպիսի երաժշտական ստեղծագործությունների մասին, որոնք կործանել են իրենց ստեղծողներին և իբր թե դարձել են տարբեր աղետների և մարդկանց մահվան պատճառ… Իհարկե, այդ բոլորը, ամենայն հավանականությամբ, առասպելներ են, բայց և այնպես…

Ում հայտնի չէ պատմությունն այն մասին, թե ինչպես գորշագույն թիկնոցով խորհրդավոր անծանոթը Մոցարտին պատվիրեց թաղման երաժշտություն: Պարզվեց, որ պատվիրատուն կոմս ֆոն Վալզեգ-Շտուպախն էր, որը մտադիր էր այդ ստեղծագործությունը նվիրել իր հանգուցյալ կնոջ հիշատակին և յուրաքանչյուր տարի կատարել այն: Գորշ համազգեստով մարդը նրա տան կառավարիչն էր…

«Ռեքվիեմի» վրա աշխատելու ընթացքում Մոցարտի առողջությունը սկսեց արագորեն վատանալ: Պատվերը նա ստացավ 1791 թ. հուլիսին: Նույն թվի դեկտեմբերի 5-ին երգահանը մահացավ: Ինչպես գիտենք, նրա մահը դարձավ բազմաթիվ լուրերի և ենթադրությունների առարկա, այդ թվում նաև թունավորման վարկածը` Մոցարտին նախանձող Սալիերիի կողմից: Հետագայում այդ վարկածը լիակատար սնանկ դուրս եկավ…

Այսպես թե այնպես, Մոցարտը չհասցրեց ավարտել աշխատանքը «Ռեքվիեմի» վրա, իսկ առաջին անգամ այն հնչեց նրա թաղման ժամանակ…

Պարզվում է, որ ճակատագրական «թաղման» սիմֆոնիաներ գոյություն են ունեցել նաև ուրիշ երգահանների ստեղծագործություններում: Օրինակ, Բեթհովենի համար վերջինը եղավ նրա Իններորդ սիմֆոնիան, որը նա գրել էր 1823 թվականին: Տասներորդը նա այդպես էլ ավարտել չհասցրեց:

Շուբերտի «Մեծ սիմֆոնիան» գրվեց մահից անմիջապես առաջ, որը նույնպես իններորդն էր:

Չկարողացավ հաղթահարել Իններորդ սիմֆոնիայի սահմանը նաև Գուստավ Մալերը: Ճիշտ է, նա ավարտեց իր Իններորդ սիմֆոնիան, բայց Տասներորդը մնաց անավարտ` նա վախճանվեց 1911 թվին:

1998 թ. մահացավ հանրահայտ Ալֆրեդ Շնիտկեն: Նրա մահից մի քանի ամիս առաջ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում հնչեց նրա Իններորդ սիմֆոնիան:

Ի դեպ, վերը հիշատակված բոլոր երգահաններն էլ ռեքվիեմի հեղինակներ էին: Զուգադիպությու ՞ն է դա…

Եվս մեկ ահ ու սարսափ առաջացնող երաժշտական ստեղծագործություն կապված է գերմանական ծագումով ֆրանսիացի երգահան Ժակ Օֆֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» օպերայի հետ:

Ինչպես հայտնի է, այն հեքիաթները, որոնք գրել էր Հոֆմանը, ամենևին էլ զվարճալի չէին: Նրանցում հաճախ գոյություն ունեին մահը, սև մոգությունը և այլ սատանայական բաներ… Սկզբում Օֆֆենբախը իր նոր ստեղծագործությունը մտադրվել էր նվիրել իր բարեկամ և օգնական, թատերական գործիչ Վիլմեսանին: Բայց նա անսպասելիորեն մահացավ: Ճիշտ է, նա ծեր էր և զառամյալ: Այն ժամանակ երգահանը այն ձոնեց իր որդի Օգյուստին: Բայց նա էլ էր դատապարտված մահվան: Եվ դա էլ ոչ մեկին չզարմացրեց` Օգյուստը շատ հաճախ էր հիվանդանում:

Օպերայի վրա աշխատելիս Օֆֆենբախի առողջությունը նույնպես սկսեց տեղի տալ: Կարծես թե «Հեքիաթները» քամել էին նրա բոլոր ուժերը: 1880թ. հոկտեմբերին երգահանը մահացավ:

«Հեքիաթների» առաջին ներկայացումը կայացավ Փարիզում, 1881 թ. փետրվարի 10-ին և ունեցավ մեծ հաջողություն: Սակայն դրանից անմիջապես հետո նրանց, ովքեր կապ ունեին օպերայի ստեղծման հետ, սկսեց հետապնդել ինչ-որ չարաբաստիկ ճակատագիր: Օֆֆենբախի բարեկամ և ընկերակից Էռնեստ Գիրոն, որին վիճակված էր ավարտել «Հեքիաթների» պարտիտուրան և գործիքավորումը` ընկավ և կոտրեց ոտքը: Թատերագիր Մելյակը և Գալեվին, որոնք գրել էին օպերայի տեքստը` լրջորեն հիվանդացան, իսկ Կարվալյոն` «Օպերա կոմիկ» թատրոնի տնօրենը, որն առաջինն էր բեմադրել «Հեքիաթները»` անհաջող վերցնելով թատրոնի աստիճաններից մեկի բազրիքը` ընկավ և ձեռքը դուրս ջարդեց:

1881թ. վերջերին «Հեքիաթները» բեմադրեցին վիեննական «Ռինգտեատրում»: Այն հասարակության մեջ ունեցավ շռնդալից հաջողություն, բայց երկրորդ բեմադրության ժամանակ թատրոնի շենքում հրդեհ բռնկվեց, որի հետևանքով մի քանի մարդ զոհվեց և մի քանի հարյուր մարդ էլ տուժեց հրմշտոցի պատճառով: Թատրոնի շենքը ամբողջությամբ այրվեց: Հենց այդ ժամանակ էլ հիշեցին հենց իր` Հոֆմանի «Ունդինա» օպերան (հանրաճանաչ գրողը, այսպես ասած, համատեղության կարգով նաև երաժիշտ էր ու երգահան), որի բեմադրության ժամանակ այրվեց Բեռլինի թագավորական թատրոնը… Անցավ որոշ ժամանակ, և 1887թ. հրդեհ բռնկվեց «Օպերա կոմիկի» շենքում` նույնպես «Հեքիաթների» բեմադրության ժամանակ:

Այնուհետև «Հոֆմանի հեքիաթները» արժանացան վատ համբավի: Այն սկսեցին անվանել «սատանայական օպերա» և դադարեցին բեմադրել` հավատալով, որ նա միայն դժբախտություն է բերում: Եվ միայն 1905 թ. այն նորից հայտնվեց բեմում, այս անգամ էլ պարզվեց, որ Օֆֆենբախի ստեղծագործության պարտիտուրայի բնագիրը ինչ-որ մի տեղ անհետացել է: Որոշեցին, որ այն այրվել է «Օպերա կոմիկի» հրդեհի ժամանակ:

Բայց առեղծվածը դեռ շարունակվում էր: 70-ական թվականներին գերմանական կինոյի Շաբաթօրյակում ցուցադրեցին «Հեքիաթների» էկրանավորումը: Այս անգամ էլ ժապավենը կտրվեց և այն վերականգնել այդպես էլ չհաջողվեց: Միանգամից չստացվեց նաև օպերայի հեռուստացուցային բեմադրությունը, որտեղ Հոֆմանի դերերգը կատարում էր Պլասիդո Դոմինգոն:

2004 թ. ամռանը անսպասելիորեն գտնվեց «Հոֆմանի հեքիաթների» պարտիտուրան: Այն հանգիստ սպասում էր իր ժամին Փարիզյան օպերայի գրադարանում: Այդ ժամանակից սկսած «սատանայական օպերայի» բեմադրություններն անցնում են առանց որևէ միջադեպի: Ըստ երևույթին, հանելուկային անեծքը դադարել էր գործել: Ինչպես ասում են` «չարը խափանվեց»:

Մարգարիտա Տրոյցինա

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
2917 reads | 22.05.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com