ՔԵՆԵԴՈՒ «ՍՏՐԿԱՑՈՒՄԸ» ԳԵՐՄԱՆԱՑԻ DR. FEELGOOD-Ի ՁԵՌՔՈՒՄ
Դժվար է պատկերացնել, որ 20-րդ դարի հզորագույն մարդկանցից ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդին ստրուկ էր դարձել գերմանացի ինքնակոչ բժշկի ձեռքում, գրում է բրիտանական DAILY MAIL պարբերականը:

Քենեդու մահվան տարելիցին ընդառաջ լույս է տեսել Ռիչարդ Լերցմանի և Ուիլյան Բիրնեսի «Dr Feelgood» գիրքը՝ նկարագրելով նախագահի կյանքի մասնավորապես այն հատվածը, որը վերաբերում է գերմանացի բժշկի հետ նրա հարաբերություններին:

Գերմանացի խորհրդավոր բժշկին տարբեր անուններով էին կոչում. բժիշկ Ֆիլգուդ (թարգ.՝ լավ զգալ), Նիդլս (ասեղներ), Հրաշագործ Մաքս կամ Մաքս Յակոբսոն:

Յակոբսոնը ծնունդով Բեռլինից էր: Առաջին Համաշխարհայինի տարիներին աշխատել էր հիվանդանոցում, այնուհետև բժշկի որակավորում էր ստացել: Նրան առավելապես գրավում էր կենսաքիմիկայի ճյուղը, և պատահական չէ, որ իր հիմնադրած լաբորատորիայում տարբեր դեղատոմսեր էր մշակում մարդկային կյանքերը փրկելու համար: Ֆրոյդի և Յունգի մոտ ուսանելուց հետո Յակոբսոնը սկսեց ստիմուլյատորների փորձարկումը, որը, ըստ էության, թմրանյութ էր՝ նախատեսված մարդկանց զգացմունքների ու տրամադրության վրա դրական ազդեցություն գործելու համար: 

Իր դեղատոմսին նա ավելացնում էր նաև վիտամիններ, կենդանական հավելումներ, հորմոններ և այլ բաղադրիչներ: Ստացված դեղատոմսը նախապես իր վրա էր փորձարկում, այնուհետ՝ հիվանդների:

Յակոբսոնի հիվանդների թվին էր դասվում ԱՄՆ քաղաքական և հասարակական գրեթե ողջ էլիտան՝ աշխարհահռչակ դերասանաուհի Մերիլին Մոնրոն, երգչուհի Էլիզաբեթ Թեյլորը, Մարիա Կալասը, դերասաններ Էդդի Ֆիշերն ու Ինգրիդ Բերգմանը, գրող Թրուման Կապոտը, Հոլիվուդի տնօրեն Սեսիլ դըՄիլեն և այլն:

Ուշագրավ է բժշկի հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի հետ, որը վերջինիս համար ճակատագրական էր, նշում է պարբերականը, քանի որ «Յակոբսոնն իր վերահսկողության տակ էր առել աշխարհի ամենահզոր մարդուն, ով նաև Արևմուտքի դինամիկ ուժն էր»:

Քենեդին դեռևս ծառայության տարիներին վնասել էր մեջքը, իսկ 1960 թվականին՝ նախագահական ընտրարշավի ժամանակ, ցավերն անտանելի էին դարձել՝ զուգորդվելով սուր նոպաներով:

Նրան խորհուրդ են տալիս դիմել Յակոբսոնի հրաշագործ դեղամիջոցի օգնությանը, ում գաղտնի հրավիրում են նախագահի գրասենյակ-լաբորատորիա: Առաջին իսկ ներարկումից հետո նախագահը միանգամից առույգանում է, այլևս կորչում են մեջքի ցավերը, ավելանում է աշխատասիրությունը:

Հեղինակները նշում են, որ Յակոբսոնը այսուհետ ուղեկցում էր նախագահին պետական և ոչ պետական գրեթե բոլոր հանդիպումներում, համագումարներում և նույնիսկ նախագահի հետ հայտնվել է օդուժում:

Ըստ Սպիտակ տան տեսագրության՝ նախագահի միայն 30 հանդիպում Օվալային կաբինետում իրականացվել է բժշկի ներկայությամբ, ինչը, ըստ հեղինակների, արդեն գագաթնակետն էր:

Իսկ խորհրդային ղեկավար Նիկիտա Խրուշչովի հետ հանդիպման ընթացքում արդեն իսկ մեկ չափաբաժին թմրանյութ ընդունած Քենեդին, ևս երկու չափաբաժին ընդունեց մինչ բանակցությունների ավարտը, որոնք, ի դեպ, ընթանում էին Կուբայի տնտեսական ճգնաժամի և Բեռլինի պատի կառուցման հարցերի շուրջ:

Խրուշչովը հանդիպումն ավարտեց համոզմամբ, որ ԱՄՆ նախագահը անհավասարակշիռ վիճակում է:

Ի դեպ, «երջանկացնող հաբերի» մեծ սիրահար էր նաև նախագահի շրջապատը (կա վարկած, որ Ժաքլին Քենեդին ևս օգտագործում էր այս թմրադեղը), նշում է պարբերականը հավելելով, որ նախագահի ծննդյան տոնին Մերիլին Մոնրոն բեմ բարձրացավ արդեն իսկ թմրանյութի մեծ չափաբաժին ընդունած՝ կատարելով «Ծնունդդ շնորհավոր» հայտնի երգը:

Ամերիկյան հատուկ ծառայություններին հայտնի էր Քենեդիի՝ թմրամոլ լինելու փաստը, և մի անգամ նրանք հազիվ կարողացան հետ պահել նախագահին «ամոթալի քայլից», որը բացահայտվելու դեպքում այլևս վերջ կդներ նրա՝ ԱՄՆ նախագահի կոչումին՝ ծիծաղի առարկա դարձնելով նրան լրագրողների և լուսանկարիչների աչքում:

Դեպքը տեղի էր ունեցել Նյու Յորքում: Թմրանյութի ազդեցության տակ՝ նախագահը հանել էր շորերը և փորձել հյուրանոցի իր համարից դուրս գալ, սակայն գաղտնի գործակալներին հաջողվել էր նրան հետ բերել սենյակ: Միայն համապատասխան բժշկի կողմից հանգստացնող դեղահաբ ներարկելուց հետո նախագահը «խելքի էր եկել»:

Ջոն Քենեդիի սպանությունից հետո էլ հրաշագործ բժիշկն իր ծառայություններն էր շարունակում մատուցել բոլորին, մինչ ամերիկյան թերթերից մեկը բացահայտեց նրա ոչ պրոֆեսիոնալ պահվածքն ու պատրաստած դեղերի վնասակարությունը՝ զրկելով նրան բժշկի որակավորումից:

Յակոբսոնի մահից հետո՝ 1979 թվականին, բժիշկները ապշած էին նրա մարմինը դիահերձելուց հետո. այն ամբողջությամբ քայքայված էր իր ձեռքով պատրաստված վտանգավոր թմրադեղերից: Բժիշկը շուրջ կես դար շարունակ ընդունել էր դրանք:

Մարգարիտ Առաքելյան

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
1868 reads | 19.11.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com