ԼԵՊՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՍԻՆԱՏՐԱ… ԻՆՉՊԵ՞Ս Է ՄԱՖԻԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԱՆՎԱՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ
Օրերս ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ նշանակեց ռուս երգիչ Գրիգորի Լեպսի դեմ՝ նրա կողմից քրեական հեղինակություն Վլադիսլավ Լեոնտևին գումարներ փոխանցելու հավանականությամբ, գրում է բրիտանական BBC պարբերականը՝ միևնույն ժամանակ անդրադառնալով հանրահայտ երգիչների և դերասանների ներգրավվածությանը թմրաբիզնեսում, մեծաքանակ գումարների շրջանառությանը և քրեական հեղինակությունների հետ կապին:

Իտալական արմատներով ամերիկացի երգիչ Ֆրենկ Սինատրան ծնվել է Նյու Ջերսի նահանգում՝ հանցագործների թաղամասում, և պատահական չէ, որ նրան հաճախակի կարելի էր տեսնել մաֆիայի այս կամ այն պարագլխի հետ զբոսնելիս կամ զվարճանալիս, թեև ինքն անձամբ հերքում էր այդ լուրերը:

Ըստ պարբերականի՝ Սինատրան սերտ հարաբերությունների մեջ էր «բախտավոր» (Lucky) մականունով Չարլի Լուչիանոյի հետ, որը հայտնի էր որպես «ժամանակակից մաֆիայի հայր»:

1947թ. Սինատրան Չիկագոյի հայտնի Ալ Կապոնեի ավազակախմբի երկու անդամների՝ Ջո և Ռոկկո Ֆիշետների ուղեկցությամբ ԱՄՆ-ից ուղևորվում է Հավանա՝ 2 միլիոն դոլար պարունակությամբ պորտֆելը ձեռքին, որը պետք է փոխանցեր բախտավոր Լուչիանոյին:

Երբ 1981-ին Սինատրան ցուցմունք էր տալիս Նևադա նահանգի հանձնաժողովի առջև իր խաղատների գործունեության լիազորությունները չեղյալ համարելու կապակցությամբ, ոստիկանները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք 1947-ին նա իսկապես 2 միլիոն դոլարով պորտֆելը տեղափոխել է Հավանա, որին Սինատրան պատասխանեց. «Ցույց տվեք ինձ պորտֆել, որի մեջ կարելի է տեղավորել 2 միլիոն դոլար, և ես ինքս ձեզ կտամ 2 միլիոն»:

Սինատրան չէր սահմանափակվում մեկ կամ մի քանի անգամ «կլորիկ գումարներ» տեղափոխելով:

Հայտնի է, որ նա, 50 դոլարանոց թղթադրամներից բաղկացած 3,5 միլիոն դոլար պարունակությամբ ճամպրուկը ձեռքին, հատել է սահմանը, իսկ երբ ոստիկանները փորձել են ստուգել նրա ուղեբեռը, բախվել են երկրպագուների հսկայական ամբոխին, որն օգնել է Սինատրային ազատվել ոստիկաններից:

Ամերիկացի հայտնի դերասան Ջեյմս Կաանի առնչությունը Կոլոմբո կլանի 76-ամյա Էնդրյու Ռուսսոյի հետ հայտնի դարձավ, երբ 2011-ին ԱՄՆ-ի հետախուզության դաշնային բյուրոն ձերբակալեց 127 ավազակի՝ այդ թվում Ռուսսոյին:

Կաանը ցուցմունք էր տվել վերջինիս օգտին՝ նշելով, որ նա ոչ միայն իր լավագույն ընկերն է, այլև որդու կնքահայրը:

Կաանի «մտերիմ ընկերների» թվում էին նաև Կոլոմբո կլանի պարագլուխ Կարմին Պերսիկոն՝ «ամենապստիկ, օձ և անմահ» մականուններով, ինչպես նաև նյույորքյան Բոննանո կլանի առաջնորդ Ռոնալդ Լորենսոն:

Գաղտիք չէ, որ մի շարք դերասանների գործունեությունը ֆինանսավորվում է մաֆիայի կողմից: 

Բացառություն չէ նաև հայտնի ամերիկացի դերասան, «ավազակների որսորդ» Սթիվեն Սիգալը, նշում է պարբերականը:

Երբ Սիգալը որոշում է այլևս չնկարահանվել մարտաֆիլմերում, որտեղ նա սովորաբար «ջարդում էր մաֆիայի պարագլուխներին», Սիգալի պրոդյուսերը դատի է տալիս նրան՝ պահանջելով 60 միլիոն դոլար:

Պրոդյուսերը դերասանի դեմ մաֆիայի ներկայացուցիչ, դատապարտված Չիկոննե անունով մեկին հանձնարարում է ցուցմունք տալ ձայնագրությունների տեսքով, որն ուղղակի թակարդ էր Սիգալի համար:

Ըստ պարբերականի՝ առասպելներ են հյուսվել Սիգալի շուրջ, որ նա իրեն «լավ տղայի» կերպար էր հյուսել, մինչդեռ մաֆիայի իրական դեմքերի հետ առնչվելով՝ հասկանում է, որ «Կոզա նոստրայի» լիիրավ անդամներն այնքան էլ ռոմանտիկ և բարեգութ չեն, որքան թվացյալ պատկերումները, ինչը լավ նկարահանման արդյունքում կարող է մարտաֆիլմի սցենար դառնալ:

Մարգարիտ Առաքելյան

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
2915 reads | 07.11.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com