ՋՈՆ ՔԵՆԵԴԻԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ 50 ՏԱՐՎԱ ՆՈՐ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





«Անհրաժեշտ մարդը, անհրաժեշտ պահին, անհրաժեշտ տեղում»: Այս ծեծված խոսքերը կարծես ճիշտ և ճիշտ ասված են Ջոն (Ջեկ) Ֆիցջերալդ Քենեդիի համար:

…Անցյալ դարի երկրորդ կեսին ռուս-ամերիկյան փոխադարձ ատելությունը գնալով խորանում էր: Օվկիանոսի երկու ափերին ապրող մարդկանց հալածում և հանգիստ չէր տալիս դիմացի ափի գլխավոր թշնամու վիրտուալ կերպարը:

Ամերիկան հոգնել էր սառը պատերազմից, սովետների նկատմամբ ունեցած սարսափից, միջուկային զենքի հավանական ապոկալիպսիսից այն աստիճան, որ մարտական գեներալներ էին ցած նետվում երկնաքերներից:
 
Եվ այս մռայլ համապատկերին հայտնվում է երկրի 35-րդ նախագահը` երիտասարդ, խարիզմատիկ, հարուստ, մշտապես ժպտացող: Ամերիկան, ընդհանրապես, ժպիտի երկիր է, որը էթնոհոգեբանական կատեգորիա է, կենսակերպ: Բայց Քենեդիի ժպիտն ուներ իր յուրահատուկ դյութանքը, որը, ինչպես ասում էին, հմայում էր անգամ ծառերին նստած թռչուններին:

Ամերիկան նաև հերոսներին սիրող և մեծարող երկիր է: Իսկ Ջեկը մասնակցել էր Երկրորդ համաշխարհային պատերազմին` ամերիկյան ռազմածովային նավատորմի կազմում: Ծովամարտերից մեկի ժամանակ Սողոմոնյան կղզիների մոտ նրա ղեկավարած ռազմանավը ճապոնացիները խորտակում են: Վիրավոր վիճակում նա ավելի ծանր վիրավորված մեխանիկին, մեջքին առած, լողալով ափ է հասցնում: Քենեդիի կյանքի այս դրվագը հաճախ էին հիշում նրա հայրենակիցները:



Նորընտիր նախագահը Քենեդիների հայտնի տոհմի արժանավոր ներկայացուցիչն էր: Ստացել էր իր դասին վայել կրթություն (Հարվարդի համալսարան), զարգացած էր, կարդացած: Նա փայլուն հռետոր էր, հոյակապ տիրապետում էր հաղորդակցության արվեստին, խոսքի վերբալ և ոչ վերբալ միջոցներին ու հոգեբանական հնարներին:

Քենեդիի մուտքը Սպիտակ տուն ասես թարմ շունչ հաղորդեց երկրին, լավատեսություն ներշնչեց քաղաքական ապատիայի (հուլություն) մեջ ընկած ամերիկացիներին, որոնք նրա գալուստն ընկալեցին որպես պարգև:

Միջին ամերիկացին, որի համար ընտանեկան ավանդույթները և ամուսնական հավատարմությունը մոտենում են վիկտորիանական պուրիտանիզմին, ներեց ու մատների արանքով նայեց Ջեկի սիրային բազմաթիվ արկածներին, որոնք նրա կենսագրության անբաժան ուղեկիցներն են եղել` պատանեկան տարիներից մինչև կյանքի վերջը:

Ներեց նաև նրա սկանդալային հարաբերությունները կինոաստղ Մերիլին Մոնրոյի հետ, որը նախկինում եղել էր հայտնի դրամատուրգ Արթուր Միլլերի օրինական կինը, հետո` երգիչ Իվ Մոնտանի սիրուհին և վերջում դառնալով խմիչքի ու թմրանյութերի գերի` ինքնասպանություն գործեց` կասկածի ստվեր գցելով Քենեդիների տոհմի, մասնավորապես` արդարադատության նախարար Ռոբերտ Քենեդիի վրա:

Եթե հավատալու լինենք Ջոն Քենեդիին նվիրված հարյուրավոր գրքերին ու հետազոտություններին, ապա նրա սեքսուալ հակումները պայմանավորված էին գենետիկական ծագումնաբանությամբ, որը հատուկ է Քենեդիներին: Որպես օրինակ է բերվում այն փաստը, որ Ջոնի հայրը` Ջո Քենեդին` ԱՄՆ-ի դեսպանն Անգլիայում, ուներ դոնժուանի համբավ: Հանրությանը հայտնի էին նրա արկածները Հոլիվուդի երիտասարդ աղջիկների հետ, որոնք գալիս էին փորձելու իրենց բախտը «Աստղերի ֆաբրիկայում»:

Ինչևէ: Պարզապես անարդար է, որ մեկ անգամ սայթաքած Բիլ Քլինթոնը ենթարկվեց ազգային պարսավանքի և օբստրուկցիայի: Իսկ Ջոն Քենեդին կարծես կախարդել էր հասարակությանը, որը չէր ուզում տեսնել նրա փոքր սխալն անգամ: Թերևս դրա շնորհիվ նա մինչև վերջ հավատարիմ մնաց իր մոլորումներին ու թուլություններին, որոնք, ինչպես նշում են նրա կենսագիրները, եղել են երկուսը` քաղաքականությունը և կանայք:

Ի դեպ, Քենեդին շահեց ամերիկացիների համակրանքն ու սրտերը հենց իր երդմնակալության 15-րոպեանոց ելույթով, որը համարվում է ամենափայլունը ամերիկյան պատմության մեջ: «Հայրենակիցնե՛ր, մի հարցրեք, թե ի՞նչ կարող է անել Ամերիկան ձեզ համար: Ավելի լավ է` ասեք, թե դուք ինչ կարող եք անել երկրի համար»:

Քենեդիի այս միտքը դարձավ թևավոր խոսք և ուղեցույց ամերիկացիների համար:

Սա և բազմաթիվ այլ թևավոր խոսքեր իրենց արժանի տեղն են գրավում միջազգային քաղաքական ու դիվանագիտական բառաֆոնդում:

Սակայն Ջոն Քենեդին մտավ համաշխարհային պատմության մեջ ոչ թե իր անձնական արժանիքների շնորհիվ, այլ որպես հզոր երկրի նախագահ, որը, ասպարեզ իջնելով սառը պատերազմի ամենածանր և վտանգաշատ տարիներին, փորձեց կանգնեցնել նրա առաջընթացը և հետ պտտել ռազմական մրցավազքի թափանիվը:

Նա շատ կարճատև ղեկավարեց Միացյալ Նահանգները` ընդամենը 3 տարի, սակայն ավելին արեց միջազգային քաղաքականության համար, քան նրա անմիջական նախորդները և հետնորդները. կոտրեց սառը պատերազմի էսկալացիան:

Ակնհայտ է, որ Քենեդին կարևորում էր արտաքին քաղաքականությունը` ըստ երևույթին առաջնորդվելով իր իսկ նշանաբանով. «Ներքին քաղաքականությունը սպառնում է ընդամենը պարտությամբ, իսկ արտաքին քաղաքականությունը կարող է մեզ տանել գերեզման»:

Առաջնորդվելով այս տրամաբանությամբ` Քենեդին իր դիվանագիտության գերխնդիր է համարում Արևմուտքի և Արևելքի միջև լարվածության թուլացումը, պետությունների միջև խաղաղ գոյակցության ապահովումը, ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունների նորմալացումը:

Այս վերջին խնդիրն ամենադժվարն էր, եթե ոչ անհնարինը, եթե նկատի ունենանք այն հիվանդագին ատելությունը, որն ուներ Նիկիտա Խրուշչովը Վաշինգտոնի նկատմամբ:

Քենեդին այդ կուրսը սկսում է նրանից, որ առաջարկում է Խրուշչովին համատեղ նվաճել Տիեզերքը և Լուսին ուղարկել տիեզերագնացների միացյալ խումբ: Խրուշչովը Խրուշչով չէր լինի, եթե համաձայներ: Չնայած Կորոլյովի և Կելդիշի հորդորներին` համաձայնել ամերիկյան առաջարկին, նա կոպտորեն մերժում է այն:

Այդուհանդերձ, կողմերին հաջողվեց Մոսկվայում ստորագրել միջուկային փորձարկումների արգելման վերաբերյալ եռակողմ (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, ԽՍՀՄ) համաձայնագիր` բացի ստորգետնյա փորձարկումներից:

Այն տարիներին և այն իրադրությունում կնքված նման համաձայնագրի նշանակությունը դժվար է գերագնահատել:

Մեծ հաշվով` Քենեդիի նախագահությունը զուգադիպեց միջազգային շատ բարդ ու պայթյունավտանգ խնդիրների առաջացմանը` Բեռլինի պատի կառուցում, կուբացի վտարանդիների օգնությամբ Ֆիդել Կաստրոյի վարչակարգի տապալման փորձ, ամերիկյան պատերազմ Լաոսում և Հարավային Վիետնամում:
Սակայն Ջոն Քենեդիի, և ոչ միայն նրա, այլև ողջ մարդկության համար ամենամեծ փորձությունը Կարիբյան ճգնաժամն էր (1962 թ. հոկտեմբեր), երբ աշխարհը կանգնած էր կործանման եզրին: Բայց փառք Աստծու, որ սթափ մտածողությունը հաղթեց, և հաջողվեց շրջանցել այդ արհավիրքը:

…1963 թվականին` նոր նախընտրական կամպանիայի ժամանակ, Դալաս քաղաքում (Տեխասի նահանգ) հնչեցին երկու ճակատագրական կրակոցներ, որոնք կտրեցին Ջոն Քենեդիի կյանքի թելը: Ոստիկանությունը ձերբակալեց Լի Հարվի Օսվալդին, որին երկու օր անց սպանեց Ջեկ Ռուբին` հանցավոր աշխարհից, հետո ինքը մեռավ բանտում:

Ըստ պաշտոնական տարբերակի (Ուորենի հանձնախումբ)` Քենեդիին սպանել է մեկ մարդ: Մինչդեռ ցայսօր այդպես էլ անհայտ է մնում, թե ով էր կանգնած այդ ոճրագործության հետևում, ովքեր էին կազմակերպիչները, և որն էր սպանության դրդապատճառը: (Կարող ենք մեզ մխիթարել, որ հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ողբերգության չպարզաբանված մանրամասներով մենք միայնակ չենք):

Սենսացիոն ինֆորմացիա` Ջոն Ֆիցջերալդ Քենեդիի սպանության 50-ամյա տարելիցին:

Միացյալ Նահանգների Հասարակական կարծիքի ինստիտուտի (Gullap) հարցապնդմանն ի պատասխան ամերիկացիների 70%-ը կարծիք է հայտնել, որ Քենեդիի սպանությունը քաղաքական դավադրություն էր:

Նրա սպանության մեջ կասկածվում են Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ), մաֆիան, Կուբայի հետախուզությունը` G2, Հարավվիետնամական կառավարությունը և … փոխնախագահ Լինդոն Զոնսոնը, որը հետո փոխարինելու էր սպանված նախագահին: Կատարյալ ծաղկեփունջ:

Կասկածյալներից յուրաքանչյուրն ունեցել է իր քաղաքական, տնտեսական և ֆինանսական հետաքրքրությունները, որոնց իրագործման ճանապարհին անհողդողդ կանգնած է եղել Ջոն Քենեդին` պաշտպանելով երկրի ազգային ու պետական շահերը: Կարճ ասած, խանգարել է նրանց, որի համար էլ հատուցել է կյանքով:

Եվ ամենասենսացիոնը: Ի տարբերություն պաշտոնական տեսակետի, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին վերջերս հայտարարեց NBC-ին. «Ես մինչև օրս լուրջ կասկածներ ունեմ, որ Լի Հարվի Օսվալդը գործել է միայնակ»:

«DIPLOMAT.AM»-ի կարծիքով, այս հարցում ավելի հեղինակավոր անձնավորություն, քան ԱՄՆ-ի արտգործնախարարն է, դժվար թե գտնվի:
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
6107 reads | 23.11.2013
|
ComForm">
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com