ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 6-ԱՄՍՅԱ ԱՆՊՏՈՒՂ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԵԽ-ՈՒՄ
2013-ի մայիս-նոյեմբեր ամիսներին Հայաստանը նախագահում է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն: Կառույց, որտեղ քննարկվում ու լուծում են ստանում միջազգային ու ռեգիոնալ նշանակության բազմաթիվ խնդիրներ: Որպես կանոն, նախագահող երկիրը առաջ է մղում իր համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր: Թուրքիայի ներկայացուցիչ Մեվլութ Չավուշօղլուի ժամանակ, օրինակ, ի վնաս հայկական կողմի ընդունվեցին մի քանի բանաձևեր, նույնն է տեղի ունենում նաև ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում Ադրբեջանի ժամանակավոր անդամակցության ընթացքում: 

Ի՞նչ է արել Հայաստանի դիվանագիտությունը նախագահության 4 ամսվա ընթացքում:

2012թ. դեկտեմբերի 31-ին արտգործնախարար Նալբանդյանը հարցազրույց է տալիս «Արմենպրեսին»՝ խոստանալով 2013-ին վերելակով բարձրացնել հայկական դիվանագիտության հաջողությունների մակարդակը: Համահունչ կլինեն միջազգային հանրության ու Հայաստանի դիրքորոշումները, շեշտում էր Էդվարդ Նալբանդյանը: Նույն համոզմունքն էր նաև Ստրասբուրգում ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելուց օրեր առաջ՝ 2013-ի ապրիլի 17-ի պաշտոնական հանդիպման ժամանակ, երբ կառույցի գլխավոր քարտուղար Թյորնբորն Յագլանդը Երևանից հեռացավ երջանիկ բավարարվածությամբ. հայերը 6 ամսում իսպառ կվերացնեն քսենոֆոբիան ու Եվրոպան կհարստացնեն մշակույթով:

«Շատ կարևոր է, որ շարունակենք մեծացնել կազմակերպության դերը ամբողջ աշխարհում: Հայաստանը բավական երկար ճանապարհ է անցել Եվրախորհրդի հետ, իրականացվել են շատ բարեփոխումներ: Մենք ձգտում ենք Եվրախորհրդի ներկայությունը Հայաստանում ավելի ուժեղացնել: Մենք պետք է պայքարենք, որպեսզի եվրոպական պետություններն առաջին հերթին հարգեն մարդու և պետությունների իրավունքները»,-ասաց Յագլանդը:

Նալբանդյանը խոստացավ անել ճիշտ այդպես, Յագլանդն էլ գնաց՝ Ստրասբուրգում առանձնահատուկ դիմավորելու հայկական պատվիրակությանը: Մեր դրոշը ֆրանսիական քաղաքապետարանի վրա, Հայաստանի անվան տրոլեյբուս, քաղաքական գործակցության խոստումներ:

Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական արարողության ժամանակ շեշտեց, թե. «Հայաստանի նախագահությունը հատուկ ուշադրություն կդարձնի մայրաքաղաքների խնդիրներին՝ հաշվի առնելով նրանց դերը, կշիռը և ազդեցությունը քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կյանքում և տեղական ժողովրդավարության զարգացման մեջ: Կրթությունը նույնպես կլինի Հայաստանի նախագահության ուշադրության կենտրոնում»։

Եվրոպայում, ինչպես Հայաստանում: Մեր պաշտոնյաները 4 ամսվա ընթացքում փորձեցին անտեսել տարածքների համաչափ զարգացումը՝ ամեն ինչ կենտրոնացնելով մայրաքաղաքների վրա: Որքանով դա թույլ տրվեց նրանց, ակնառու է կատարված գործերից, որոնց մասին Արտգործնախարարության հաշվետվություններում չկա ոչ մի գրառում: Թե ինչպես էր մեր դիվանագիտության առաջնորդը ոչնչացնելու այլատյացությունը, նույնպես անպատասխան մնաց, իսկ եվրոպացիները գերադասեցին չանդրադառնալ Հայաստանի նախագահության օրոք Ադրբեջանի կողմից շարունակվող ամենաբարձր մակարդակի քարոզչությանը՝ աշխարհի բոլոր հայերին ոչնչացնելու կոչերով: 

Հայաստանի նախագահության օրոք 47 երկրից որևէ մեկը քննարկման չդրեց Հայոց ցեղասպանության ճանաչման կամ արցախյան հակամարտության վերաբերյալ հայանպաստ բանաձև, իսկ այդ ընթացքում Թուրքիան հասցրեց հայկական երկու ճաշատեսակ միջազգային մակարդակով գրանցել որպես թուրքական, Ադրբեջանն էլ առանց ԵԽ դժգոհության որևէ ակնարկի, Ռուսաստանից գնեց 1 մլրդ դոլարի մեծ մասամբ զանգվածային ոչնչացման զենք:

Ի՞նչ է անելու Հայաստանը հաջորդող երկու ամսվա ընթացքում: Հարցը ևս անպատասխան է: Դեռ իրականացված չէ նախարարի մեկ խոստում՝ Ստրասբուրգում կազմակերպել «Սպարտակ» բալետի ներկայացումը: 2014-ի հունիսից ԵԽ նախարարների կոմիտեն նախագահելու է Ադրբեջանը: Այսօրվանից ծրագրերն արդեն պատրաստ են:

Նաիրի Հոխիկյան
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
925 reads | 30.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com