ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԽԱԼ ԿԱՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՎԵՆԴԵՏԱ. ԻՆՉՈ՞Ւ ՓԱՐԻԶՆ ԱՐՏԱՔՍԵՑ 105 ԴԻՎԱՆԱԳԵՏԻ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Սառը պատերազմի տարիները մեր մեջ ծնում են ծանր հիշողություններ ԽՍՀՄ-ԱՄՆ լարված հարաբերությունների և անհաշտ հակամարտությունների մասին: Բավական է ասել, որ Սմոլենսկի հրապարակի և Լուբյանկայի առանձնասենյակներում Ամերիկան անվանվում էր «Գլխավոր հակառակորդ»:

Կապիտալիստական մյուս երկրների հետ Խորհրդային Միության կապերը մի փոքր այլ կերպ էին դիտվում: Հատկապես դը գոլյան Ֆրանսիայի հետ, որը վարում էր ինքնուրույն քաղաքականություն և հրաժարվել էր մեզ համար վտանգաշատ ռազմաքաղաքական ՆԱՏՕ-ին անդամակցելուց: Մինչդեռ հրաշալի գրականության, երաժշտության և նուրբ արվեստների այդ գեղեցիկ երկրի հետ հարաբերությունները, եթե խիստ թշնամական չէին, ապա այնքան էլ անամպ ու լիրիկական չէին:

1980-ական թվականներին, սակայն, ֆրանս-խորհրդային հարաբերությունները վատթարացան և երկար տարիներ դոփեցին տեղում: Պատճառը ֆրանսիական կողմի աննախադեպ քայլն էր, երբ նա «պերսոնա նոն գրատա» հայտարարեց 105 խորհրդային քաղաքացիների և վտարեց երկրից` մեղադրելով նրանց լրտեսության ու Ֆրանսիայի ազգային շահերը վտանգելու մեջ:

Այն, որ խորհրդային արտաքին և ռազմական հետախուզություններն ակտիվ աշխատում էին Ֆրանսիայում` կասկածից դուրս է: Սակայն ինչպես լինում է նման դեպքերում, «թացը չորից չջոկվեց»: Դեսպանության, գլխավոր հյուպատոսությունների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, առևտրական ներկայացուցչության և մյուս բազմաթիվ այլ կազմակերպությունների «տանիքի տակ» աշխատող կադրային հետախույզների կողքին այդ 105-ի մեջ մեծ թիվ էին կազմում հատուկ ծառայությունների հետ կապ չունեցող դիվանագետներն ու մասնագետները:

Դեսպանության արտաքին հակահետախուզության (ԿԳԲ-ի «K» վարչություն) սպաներն արտակարգ միջոցներ ձեռնարկեցին մեկնողների ու նրանց ընտանիքների մեջ խուճապ չառաջացնելու համար` վախենալով, որ ոմանք կարող են քաղաքական ապաստան խնդրել տեղական իշխանություններից, ինչն այն տարիներին հավասարազոր էր պետական դավաճանության: Մեկնողներին հավաստիացրին, որ տանը նրանք կարժանանան ամենաջերմ և հոգատար վերաբերմունքի: Մոսկվան հատուկ ինքնաթիռներ ուղարկեց արտաքսվածների տեղափոխման համար:

Իսկ ինչու՞ ֆրանսիական իշխանությունները գնացին այդպիսի ծայրահեղ քայլի, ի՞նչ էր թաքնված այդ ամենի հետևում:


…1981 թվականին Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Ֆրանսու Միտերանն իր թեկնածությունն առաջադրեց նախագահական ընտրություններում: Նրա մրցակիցն աջ ուժերի թեկնածու Ժիսկար դ’ Էստենը էր:

Ձախ ուժերին, այդ թվում կոմունիստներին ներկայացնող Միտերանը պետք է որ նախընտրելի լիներ Մոսկվայի համար: Սակայն հենց սկզբից նա տհաճ անակնկալի եկավ, երբ Միտերանն ընտրությունների նախօրեին հայտարարեց, թե Ֆրանսիային սպառնում է երկու վտանգ` ամերիկյան իմպերիալիզմը և խորհրդային էքսպանսիոնիզմը (ծավալապաշտություն): Ավելին` Միտերանը զգուշացրեց, որ ընտրվելու դեպքում` ի տարբերություն գեներալ դը Գոլի, Ֆրանսիան պետք է ուժեղացնի պրոատլանտյան քաղաքական կուրսը:

Սա արդեն Մոսկվայի համար նույնն էր, ինչը ցուլին կարմիր լաթ ցույց տալը:

Եվ այստեղ մոռանալով սոցիալիստների հետ և’ դասակարգային հարազատությունը, և’ գաղափարական ընդհանրությունը, Կրեմլը որոշեց գալիք ընտրություններում «պաշտպանել» ոչ թե Միտերանին, այլ Ժիսկար դ’Էստենին, հավանաբար հենվելով նաև Փարիզում աշխատող իր դիվանագետների ու հետախույզների սխալ վերլուծության և կանխատեսումների վրա:

Ընթերցողի մոտ կարող է բնական հարց ծագել, իսկ ի՞նչ է նշանակում «պաշտպանել» օտար երկրի նախագահության թեկնածուին. չէ՞ որ դա կոպիտ միջամտություն է ուրիշ պետության ներքին գործերին: Մի՞թե դա հնարավոր բան է: Երևակայեք, հնարավոր է: Եվ արվում է... գերտերությունների կողմից: Ինչպե՞ս կամ ի՞նչ ճանապարհով: Սա արդեն այլ հարց է` պարուրված գաղտնապահության թանձր շղարշով:

Ուրեմն, Մոսկվան, որքան էլ տարօրինակ թվա, «պաշտպանում» է աջ կենտրոնամետ Ժիսկար դ’ Էստենին, որն իր նախագահության օրոք (1974-1981 թթ.) Ֆրանսիան աստիճանաբար վերադարձնում էր ՆԱՏՕ-ի կառույցներ, պաշտպանում էր ՆԱՏՕ-ի խորհրդի որոշումները Եվրոպայում ամերիկյան միջին և մոտիկ տարածության հրթիռների տեղադրման օգտին:

Կարճ ասած, դ’Էստենը չընտրվեց, իսկ Միտերանը Մոսկվային չներեց գոտկատեղից ներքև հարվածի համար (ըստ երևույթին հիշաչար մարդ էր): Նա սպասեց հարմար առիթի, և երբ «Թանկագին Լեոնիդ Իլյիչը» մեռավ, ու իշխանությունն անցավ երկրի պատմության ամենաթույլ ղեկավարին` Չեռնենկոյին, իրագործեց իր վենդետան` խորհրդային մարդկանց մի մեծ խմբի հայտարարեց «պերսոնա նոն գրատա», որն աննախադեպ երևույթ էր ֆրանս-խորհրդային դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ:

Իսկ շարքային ֆրանսիացիներն ուշադրություն անգամ չդարձրին խորհրդային մարդկանց արտաքսմանը:


Նրանք շարունակեցին համակրել Ֆրանսու Միտերանին, ինչպես նաև նրա ախոյան, Անդորայի իշխանի տիտղոսակիր Ժիսկար դ’Էստենին թեկուզ այն բանի համար, որ նրանք երկուսն էլ լինելով ամուսնացած` ունեին սիրուհիներ, ինչը չէին թաքցնում հասարակությունից: Պետական այրերի նման վարքագիծն այստեղ արժանի է հարգանքի: Ի դեպ, Ժիսկար դ’Էստենի սիրուհին էրոտիկայի ճանաչված կիոաստղ Սիլվիա Քրիստելն էր` «Էմանուել» ֆիլմի հերոսուհին: Ֆրանսիան, իրոք, տարբերվում է Ամերիկայից: Տարբերվում են նաև նրանց բարոյական արժեքները: Պատկերացնում եմ, թե խեղճ Բիլ Քլինթոնն ինչպես է նախանձում իր ֆրանսիացի գործընկերներին…
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
1087 reads | 20.05.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com