ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՀՎ-Ի ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
![]() Ըստ իրավապաշտպան ընկերությունների հավաքած տվյալների՝ արդեն 1987թ. ամերիկյան ԿՀՎ -ի հատուկ գործողությունների հետևանքով մահացել է 6 մլն մարդ: Եվ պատահական չէ, որ ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին աշխատակից Ուիլյամ Բլյումը այս դաժան իրողությունը որակել է «Ամերիկյան հոլոքոսթ»: ԿՀՎ -ի դաժան ոճրագործությունների թիվը անհամար է, որը սկիզբ է առել դեռևս 1945թ.՝ PAPERCLIP գործողության անվան տակ: Երբ Դաշնակից երկրների հատուկ ծառայության ջոկատները նացիստ հանցագործներին ձերբակալում էին, ԿՀՎ վերջիններիս տեղափոխում էր Ամերիկա, որպեսզի հետագայում օգտագործեր ԽՍՀՄ-ի դեմ: 1947-ին Հարի Թրումանը, շրջանցելով Կոնգրեսին, ստորագրում է փաստաթուղթ՝ ԿՀՎ-ի կազմավորման վերաբերյալ, որը ենթարկվում էր միայն ԱՄՆ-ի նախագահին: Այնուհետ սկսվում են գործակալների մեծամասշտաբ գործողությունները սկզբում Հունաստանում, որտեղ պայքար է սկսվում կոմունիստական ընդդիմության հետ: «Հունաստանի սցենարը» շուտով տեղափոխվում է Իտալիա, որտեղ 1948թ. ԿՀՎ -ի գործակալները տապալում են անցկացվող ընտրությունները՝ գնելով ընտրական հանձնաժողովի անդամներին և լրագրողներին, ծեծելով ձախակողմյան առաջնորդներին. իսկ պատճառը մեկն էր՝ նրանք չէին ուզում, որ կոմունիստները հաղթեին, քանի որ վերջիններս ակնհայտ առաջատարներ էին: Ռուսական պարբերականի փաստերով, 1949թ. ԿՀՎ-ն ստեղծում է իր ռադիոկայանը՝ «Ազատ Եվրոպա», որը հետագայում վերանվանվում է «Ռադիո ազատության», թեև գաղափարախոսությունն այնքան կեղծ և շինծու էր, որ նույնիսկ ամերիկյան մի շարք նահանգներ արգելեցին դրա հեռարձակումը իրենց տարածքում: 1990-ականներին ԿՀՎ-ն սկսում է ամերիկյան լրագրողներին «իրենով անել» MOCKINGBIRD գործողության անվան տակ: Շուտով նրա լրատվական ակտիվներում են հայտնվում այնպիսի հեղինակավոր ԶԼՄ-ներ և հեռուստաընկերություններ, ինչպիսիք են Washington Post-ը, ABC, NBC, CBS, Time և Newsweek ամսագրերը, տեղեկատվական գործակալություններից՝ Associated Press, United Press International և Reuters-ը, իսկ ավելի քան 400 հեղինակավոր լրագրողներ դառնում են ԿՀՎ-ի ակտիվիստներ: Անհամար են ԿՀՎ -ի միջամտությամբ այս կամ այն երկրի առաջնորդի տապալման փորձերը. այսպես օրինակ՝ 1953թ. ԿՀՎ-ի ջանքերով տապալվում է Իրանի վարչապետ Մոհամեդ Մոսադիկը, ով ուզում էր ազգայնացնել անգլո-ամերիկյան նավթային առևտրական կազմակերպությունները: Նրան փոխարինում է Փեհլեևի շահը, ով հայտնի էր իր բռնապետական գործողություններով: ![]() Վիետնամում շուրջ 4 տարի հեղաշրջման անհաջող փորձեր կատարելուց հետո, որով ուզում էր տապալել սոցիալիստական կառավարությունը, ԿՀՎ-ն 1958-ին կոչ է անում Սպիտակ տանը՝ դիմել բացահայտ ռազմական գործողությունների: ԿՀՎ -ի գործողության առաջին տապալումը տեղի է ունենում 1961թ., երբ վերջինս Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի դեմ 1,5 հազարանոց զինյալներ է ուղարկում, սակայն «Մանգուստ» գործողությունը տապալվում է վատ պլանավորման հետևանքով, իսկ նախագահ Քենեդին աշխատանքից ազատում է ԿՀՎ-ի տնօրեն Ալան Դալեսին: POLITIKUS պարբերականի հաղորդած տվյալներով՝ ԿՀՎ-ն իր դաժան գործողություններն իրագործելու նպատակին ընդառաջ՝ տարբեր երկրներում հեղաշրջում է կատարել՝ այնտեղ ուղարկելով իր «առաքյալներին», որոնք հայտնի էին իրենց բռնատիրական տրամադրություններով: Բռնապետերը, իշխանության գալով, ոչնչացնում էին ոչ միայն իրենց թշնամիներին, այլև խաղաղ ժողովրդին. բացի վերոհիշյալ տապալված առաջնորդներից՝ ԿՀՎ-ի ոչնչացման մեքենայի զոհ են դարձել Կոնգոյի առաջնորդ Պատրիս Լումումբան, Կուբայի հեղափոխության մեկ այլ առաջնորդ լեգենդար Չե Գեվարան: Հարավային Վիետնամում իրականացված «Ֆենիքս» գործողության զոհ են դառնում ոչ միայն կոմունիստ առաջնորդները, այլև 20.000 խաղաղ բնակիչ, իսկ վիետնամական կռվի ժամանակ ԿՀՎ-ի գործակալները գաղտալսումներ են իրականացնում ամերիկացի բնակիչների շրջանում և վերացնում պատերազմին դեմ արտահայտվողներին. այս ժամանակաշրջանում սպանվեցին շուրջ 7000 ամերիկացիներ: 1967-ին Հունաստանում ռազմական հեղաշրջման հետևանքով ԿՀՎ-ն իշխանության է բերում «սև գնդապետներին», ովքեր հետագա 6 տարիներին գործի են դնում իրենց քաղաքական թշնամիներին հետապնդման և մասսայական սպանությունների մեխանիզմը: Գալով մեր ժամանակները՝ հետաքննական հոդվածի հեղինակը նշում է, որ ԿՀՎ-ի վերջին գործն է նաև 1991 և 2003թթ. ԱՄՆ-ի՝ Իրաքի դեմ պատերազմական գործողությունները: Ըստ պարբերականի՝ Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնը ևս ԿՀՎ-ի «արտադրանք» էր, ում 1980-ին ամերիկյան դիվանագետները ստիպում են հարձակվել Իրանի վրա: Ութամյա պատերազմի ընթացքում ԿՀՎ-ն աջակցում է Հուսեյնի բանակին ոչ միայն զինամթերքով, այլև մարզում է սպաներին և օգնում գումարով, ինչի շնորհիվ Հուսեյնը կարողացավ ոչնչացնել իր ներքին թշնամիներին և իրագործել նոր ռազմական արկածախնդրություններ, որոնցից էր Քուվեյթի շրջափակումը: Հետաքրքիրն այն է, որ ԿՀՎ -ի հիմնական գործողությունները կոմունիստների դեմ էին ուղղված, սակայն ամերիկյան հետախուզական մեքենան այդպես էլ չկարողացավ գուշակել ԽՍՀՄ-ի փլուզումը: Մինչդեռ 21-րդ դարում կարողացավ ձեռք բերել իրեն արժանի ու հզոր թշնամի՝ «Ալ-Ղաիդա» անունով, որի կնքահայրը, ի դեպ, նույնպես համարվում են ամերիկյան հատուկ ծառայությունները: ՄԱՐԳԱՐԻՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ | |
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ | |
7571 reads | 18.10.2013
| |