ԱՔՐԱՄ ԱՅԼԻՍԼԻ. ԵՍ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՐԻՈՏ ՉԵՄ…
Գրող Աքրամ Այլիսլին ադրբեջանական haqqin.az-ում մեկնաբանել է «Ռուսական թղթակից» ամսագրում իր տված վերջին հարցազրույցը: «Ես չեմ վախենում իշխանական ճնշումներից»,-ասել է գրողը՝ խոսելով ռուս լրագրողներին տված հարցազրույցի մանրամասների և ավելի վաղ հրատարակած «Քարե երազներ» վեպի մասին:

«Ես անձամբ հայերին թշնամի չեմ համարում: Բազմիցս նշել եմ, որ ինձ մտահոգում է ստեղծված իրավիճակը և միշտ կողմ եմ հանդես եկել հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև խաղաղության հաստատմանը: Չեմ վախենում: Իշխանություններն ինձ արդեն զրկել են վաստակավոր գրողի կոչումից և ճնշում են գործադրել ընտանիքիս անդամների վրա. այսքանից հետո վախենալու ոչինչ չունեմ: Ես իմ կյանքն արդեն ապրել եմ, և այժմ իմ գերխնդիրն է երկու ժողովուրդների միջև խաղաղության հաստատումը»,-ասել է գրողը:

«Ներկայումս երկու ժողովուրդների միջև լարվածությունը ամենևին կախված չէ նրանից, թե ում են պատկանում այդ հողերը. այստեղ հարցն ավելի խոր արմատներ ունի: Կարծում եմ, հայերի ու ադրբեջանցիների միջև կրկին խաղաղություն կհաստատվի, եթե քաղաքական գործիչները չմիջամտեն»:

«Ես Ադրբեջանի պատրիոտ չեմ»,-ասել է Այլիսլին:

«Որտե՞ղ եք տեսել մի գրողի, որ լինի հայրենասեր: Գրողը պետք է գրի այն ամենի մասին, ինչն իր սիրտն ու միտքն է թելադրում: Ազգայնականությունն ու հայրենասիրությունը հատուկ չեն ստեղծագործող անձանց: Իսկ գիտե՞ք, թե ինչպիսի հոդված է գրել Ջալիլ Մամեդկուլիզադեն հայերի մասին «Մոլլա Նասրեդին» ամսագրում: Նա գրում է, որ 1909 թվականին այցելելով հայկական Այլիս գյուղ՝ տեսել է մարդկանց՝ ուրախությամբ լի , մաքուր փողոցներ ու քաղաքակիրթ ժողովուրդ, մինչդեռ վերադառնալով ադրբեջանական գյուղ՝ ականատես է եղել միայն լացի ու խոշտանգումների: Այս դեպքում ինչո՞ւ չեն մեղադրում Մամեդկուլիզադեին հայրենիք ուրանալու համար, կամ քանդում նրա հուշարձանները: Այն բանի համար, որ նա մեծ գրող էր, և գրում էր այն, ինչ տեսնում էր»:

Աքրամ Այլիսլին հերքել է լուրերը, թե ուզում է Նոբելյան մրցանակ ստանալ, ինչպես թուրք գրող Օրհան Փամուկը:

«Օրհան Փամուկը մեծ գրող է և Նոբելյան մրցանակ ստացավ ոչ թե հայերի ցեղասպանությունը ճանաչելու, այլ Թուրքիայում միջազգային և հասարակաքաղաքական բարդ հարաբերությունները նկարագրելու համար: Իսկ ինձ այդ հարցով դեռևս չեն դիմել, քանի որ ես գիրք եմ գրում ոչ թե մրցանակի կամ կոչման, այլ ադրբեջանցի իմ ընթերցողների համար: Սա է իմ կարծիքը. կուզեք համաձայնեք, կուզեք ոչ, բայց ես չեմ պարտադրում կարդալ իմ գրքերը և պատրաստ եմ բոլորի հետ վարել քաղաքակիրթ բանավեճ, սակայն դեմ եմ «բազարային վեճերի»:

Գրող Աքրամ Այլիսլին «Ռուսական թղթակից» ամսագրում տված հարցազրույցում նշել է. «Մենք հայերի հետ հողի համար ենք կռվում, բայց հողն ինքնին ոչ ոքի պետք չէ: Մենք միևնույն ցավով տառապող ընկերներ ենք: Ո՛չ Պուտինը, ո՛չ Ալիևը այդ հողերի տերերը չեն. նրանք հարստության, նավթային կալվածքների տերերն են»:

Խոսելով «Քարե երազներ» գրքի հրատարակման մասին՝ Աքրամ Այլիսլին ասել է, որ ի սկզբանե չի ցանկացել հրատարակել վեպը, սակայն չի կարողացել չընդդիմանալ այն ամենին, ինչ տեղի է ունենում. «Ճիշտն ասած՝ հազիվ եմ ողջ մնացել. ախր սիրտս հո քար չի՞: Բայց կարողացել եմ ապրել 75 տարի ու կնվիրաբերեմ կյանքս նրան, ում խաղաղություն է պետք, պետք է մարդկային ջերմություն, հարևանների հետ նորմալ հարաբերությունների հաստատում: Վերցնենք, օրինակ, իմ ընտանիքը. ճիշտ է նրանք չէին ցանկանա այս ամենը կորցնել: Նրանք վերացականորեն են նայում ազգերի միջև խաղաղությանը, իսկ ինձ համար դա կյանքի և մահու հարց է: Եթե մեռնեմ՝ չտեսնելով հայերի և ադրբեջանցիների հաշտությունը, ապա նման մահ ինձ պետք չէ: Երբ ավարտեցի վեպը, սկզբում որոշեցի չհրատարակել: Սակայն հետո որոշումս փոխեցի՝ չկարողանալով չընդդիմանալ այն ամենին, ինչ տեղի էր ունենում»,-նշել է գրողը՝ կոչ անելով խոստովանել այն վայրագությունները, որոնք 1988-ին իրականացվել են Ադրբեջանում հայերի դեմ:

«Եղբայրնե՛ր, եկե՛ք խոստովանենք, որ կեղտոտ քայլերի ենք դիմել: Միայն խոստովանելուց հետո հավանաբար կարող ենք հուսալ լավ հարաբերություններ հաստատելուն: Սատանա՛ն տանի նրանց, ովքեր կասկածում են իմ՝ թուրք լինելու մեջ. կարող եք արյունս ստուգել: Ասում են՝ Նոբելյան մրցանակ եմ ուզում, ինչ-որ շուկայի համար ապրանք եմ բերում: Բայց ամենացավալին այն է, որ դա ասվում է ժողովրդի անունից: Ինչ-որ գրասենյակային առնետ ինձ սովորեցնում է, թե ինչ է մտածում ժողովուրդը: Մանկուց ի վեր միայն լավ բաներ եմ լսել հայերի մասին տատիկիցս, մայրիկիցս ու քեռուցս»,-ասել է Աքրամ Այլիսլին՝ հավելելով, որ եթե այսօր հանրաքվե անցկացվի ադրբեջանցիների շրջանում, ճնշող մեծամասնությունը «այո» կքվեարկի հայերի հետ հարաբերությունների լավացման համար:

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
2375 reads | 15.11.2013
|
ComForm">
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com