ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ (ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ)
ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ
պատմաբան, հրապարակախոս, ԵՐԵՎԱՆ


ՍԿԻԶԲԸ՝  ՄԱՍ ԱՌԱՋԻՆ



Երեք ճակատամարտ կա, որոնց ոգով դաստիարակվել ենք:


Այդ երեքն են՝ Հայկի և Բելի, Ավարայրի, Սարդարապատի ճակատամարտերը: Մնացած մեր բոլոր հաղթանակներն ու պարտություններն ընդհանրացվել են դարեր ի վեր մաքառողի բրոնզե կերպարում: Հայոց զենքի փառաբանությունից բացի, այս հզոր ընդվզումները փաստարկումներ են, համաձայն որոնց հայը՝
ա) Բելին կործանելով հաստատեց ազատ ապրելու իր կամքը,
բ) Վարդանանց նահատակությամբ ջատագովեց հանուն հավատի զոհաբերվելու պատրաստակամությունը,
գ) ճակատագրական պահին միասնականանալով, Սարդարապատում ապացուցեց կյանքի սեփական իրավունք ունենալը:


Թեև թվարկման մեջ նույնպես մեր ազգային վիճակի վարընթաց զարգացումը նկատելի է, բայց հայրենա սիրություն սերմանելու համար պատմական այս երեք մեծագույն իրադարձությունները միանգամայն բավարար են համարվել, իսկ գնահատումները՝ անառարկելի: Ավելին, հիմա էլ կարող է սրբապղծություն որակվել ընդունվածին չհամընկնող կարծիք հայտնելը, սակայն դրանով, միևնույն է, անհնար է գտնել այն հարցի պատասխանը, թե, այնուամենայնիվ, ինչու և ինչպես մենք դարձանք բարոյական հաղթանակներով ոչ միայն գոհացող, այլև ոգևորվող ժողովուրդ: Իսկ հարցը բխում է Վարդանանց պատերազմի մեկնաբանությունից, եկեղեցու կողմից նրան արժանացրած առանձնաշնորհից: Հարմար է, որ սկզբից ևեթ պատմության դասերից այն մեկը հիշենք, որն ասում է, թե երբեք որևէ բան անսպասելի, հանկարծակի, միանգամից չի լինում. իրադարձությունը, գաղափարը, նաև դրա իրականացման պատճառը աստիճանաբար են հասունանում: Հետևաբար, Հազկերտի կրոնափոխության առաջարկը պահի ազդեցության տակ չէր կարող ծնվել. դրա պատմական ապացույցը չկա, որովհետև իրականում նման բան չի եղել:

Հրովարտակը տվյալ ժամանակաշրջանի հայպարսկական հարաբերություններից էր բխում, և պարզորոշ երևում է, որ անձնավորված չարակամության ու անսպասելիության երանգը մեր մատենագիրներն են ավելացրել՝ իրադարձություններին լրացուցիչ դրամատիզմ հաղորդելու նպատակով: Հարցը քաղաքական էր, հետևաբար բացառվում էր, որ հանկարծակի ծագեր, ու թեև կրոնական երանգ ուներ (դեպքերի շարժառիթը համարվում է պարսից արքունիքի դավանափոխության առաջարկը), բայց իրականում երկրում Հայաստանյայց եկեղեցու ունեցած դիրքի ու իրավունքների հստակեցման խնդիր կար:

Թե ինչու մեջտեղ եկավ այս խնդիրը, տեսնելու համար պիտի անպայման հետ դառնանք մինչև 428 թվականը, երբ ինչինչ ակնկալիքներով հրաժարում եղավ սեփական թագավորից ու փոխարենը որևէ ուղիղ պայման չդրվեց, այլ միայն բավարարվեցին նախարարներին ու բարձրաստիճան հոգևորականներին Պարսից արքայի կողմից տրված մեծամեծ պատիվներով: Իսկ Հայաստան աշխարհի կառավարմանը հայերի մասնակցությունը (ինչպե՞ս, ի՞նչ չափով) մնաց չպարզված:

Եվ ահա, ընդամենը երկու տասնամյակ անց, Պարսից թագավորը կամենում է հոժարակամ իրեն հանձնված երկիրը կառավարել այնպես, ինչպես ինքն է հարմար գտնում: Դա երկրի տիրակալի գերագույն իրավունքն էր: Նույնիսկ Օրմանյանն է նշում, թե Հազկերտը "կը մտածեր հարկավ ավելի հաստատ հիմերու վրա դնել իր տիրապետությունը”:

Հոների (նույն քուշաններն են, դեպքերից ոչ շատ առաջ հայերի մերձավորագույն դաշնակիցներն ընդդեմ Սասանյանների) դեմ տա րած հաղթանակից հետո, Հազկերտ Բ-ն բնականաբար, պիտի կա մենար ավարտին հասցնել երկրի ներսում կիսատ մնացած գործե րը: Առաջնահերթը հայերի ու Հայաստանի խնդիրն էր: Հայերը դեռևս հզոր ուժ էին և, մտադրվելու դեպքում, կարող էին կազմա կերպվել ու սեփական թագավորությունն ինքնակամ վերականգնել:

Անհնարին էր անտեսել նաև Հայաստանի մեծ ազդեցությունը Վիրքի ու Աղվանքի վրա: Բայց կար և ավելի հիմնավոր պատճառ, որի մասին չի խոսվում, որովհետև այն չի տեղավորվում հանուն հավատի մղված պայքարի հայեցակարգում: Պարսից արքունիքը մտադիր էր վերջնականապես մարել համաիրանական գահի նկատ մամբ հայերի ունեցած հավակնությունները, որովհետև նա, ով կա րող էր ինքնուրույն, առանց Տիզբոնի օգնության հզորանալ Հայաստանում, ինքը կամ այլ մեկը, ում աջակցություն կցուցաբերվեր, կա րող էր տիրանալ նաև Երան ու Աներան աշխարհների թագին: Նման բան, իհարկե, չի եղել երբեք, բայց չի նշանակում, թե դա չէր կարող լինել ընդհանրապես: Հազկերտը կամենում էր այս հավանականու թյունն անգամ բացառել:

Տերության բոլոր քրիստոնյա ժողովուրդներին զրադաշտակա նություն պարտադրելու պահանջն այսպես էր ձևակերպվում. հպա տակները պետք է ունենան այն կրոնը, որն ունի նրանց տերը: Գոնե հիմա, ավելի քան 1500 տարի անց, ասենք, որ դա ժամանակի համար միանգամայն բնական ու տրամաբանական պահանջ էր: Կարող ենք Տրդատ Մեծի նույնանման օրինակը բերել, երբ նա քրիստոնյա քարոզիչ Գրիգորից ավելին չէր պահանջում, իսկ չենթարկվելուց հետո վերջինիս վիրապն իջեցրեց: Նկատենք, որ մարդու իրավունքների, խղճի ու կրոնի ազատության մա սին պատկերացումները մեր օրերի իրողություններ են: Այսպիսով, Հայաստանն իր հնարավորություններով ու հավակնություններով դեռևս լուրջ վտանգ էր ներկայացնում Սասանյանների համար:

Դեռ երկար ժամանակ իրար հաջորդած Պարսից թագավորներից յուրա քանչյուրը պիտի փորձեր հնարավորինս արագ ու արմատապես լուծել այս խնդիրը, այսինքն՝ Հայաստանն իրենց համար անվտանգ դարձներ:
 
Իսկ ի՞նչ վտանգ էր ներկայացնում Իրանը Հայաստանի համար: Կարող էր ավերե՞լ երկիրը: Ամենևին: Չենթարկվելու դեպքում բնաջնջե՞լ հայերին: Առնվազն անգրագիտություն կլինի խոսել մարդկության պատմության այդ շրջանում ցեղասպանության մա սին, քանի որ կենդանի մարդն արժեք էր համարվում: Եղիշեն ոչ մի շահ չուներ կեղծելու տիզբոնյան հավատափոխությունից հետո հայ նախարարների հետ եկած մոգպետի խոսքը, երբ նա մտահոգ ասում էր Վասակ Սյունուն, թե "այս աշխարհը մի ծայրերկիր է. գուցե երբ (նրանց) որևէ վնաս հասցնեն, նրանք էլ վեր կենան ցրվեն օտարություն: Իսկ երբ այս երկիրը մարդկանցից դատարկվի, այն ժամանակ քեզ էլ գլխովին մեծ վտանգ կհասնի արքունիքից... Եթե մենք բռնությամբ կռվենք այս երկրի հետ, ապա երկիրը կքանդվի, մենք էլ պատուհասից չենք փրկվի, մեր անձերին վնաս (կլինի) և պետությանն էլ՝ մեծ կորուստ”:

Գուցե ուծացման վտա՞նգն էր իրական, որի ստվերը հասել է մինչև մեր օրերը, և հիմա էլ թեմային վերաբերող կամ առնչվող ցան կացած գրքում կարելի է հանդիպել այդ արհավիրքի դիմակայությանը: Որպես բնորոշ օրինակ մեջբերենք Երվանդ ՏերՄինասյանի կարծիքը, ըստ որի՝ հայ ժողովուրդը "մահու մարտի էր ելել պարսից արքունիքի զավթողականասիմիլյատորական քաղաքականության դեմ և իր ապստամբությամբ պաշտպանում էր հայ ժողովրդի ինքնուրույնությունը”: Այս անտիպաթոսն իր կենսունակությունը չի կորցրել նաև մեր օրերում: Հարկավոր է պարզապես վերջ տալ դրան: Հետին թվով անգամ, նույնիսկ գրեթե 1600 տարի անց, չարժե հորինածին սպառնանքով վախեցնել, որովհետև դրանով ոչ թե վախն ենք սովորական դարձնում ու ինքներս դառնում անվախ կամ վախազուրկ, այլ ընդհակառակն, անընդհատ կրկնելով, ակամայից սովորում ենք վախին, դառնում առնվազն զգուշավոր ու հարմարվող: Օրինակ ինչ ասել է` հափշտակողական պատերազմ, և ինչու ենք այն դարձրել մեր գիտական ու գեղար վեստական թեմատիկ գրականության միջով անցնող կարմիր թելը. պարսիկներն ի՞նչ էին ուզում հափշտակել, եթե երկիրն իրենց ենթակայության տակ էր ու պարզապես կարող էին տնօրինել այն ամենը, ինչը կկամենային:

Այսինքն, ժամանակաշրջանը փոքրինչ ուշադիր ուսումնասի րելու դեպքում տեսնում ես, որ ուծացման վտանգ բնավ չի եղել: Իրանը այն ժամանակ էլ բազմազգ պետություն էր, և պարսիկնե րը ոչ միայն իրանալեզու ժողովուրդներից մեկն էին, այլև մեծա թիվներից չէին, թեև իշխող հարստությունն իրենցն էր: Իսկ Հայաստանը միատարր (չնչին բացառություններով) երկիր էր, ավելին, ինքն էր իր լեզվական ու մշակութային ազդե ցության տակ պահում զգալի թվով հարակից երկրների և ժողովուրդների: Եվ ապա՝ մինչ այդ էլ, առնվազն երկու հազար տարի, Իրանական և Հայկական բարձրավանդակների ցեղախմբերը մշտապես շփման մեջ էին, բայց ինչպես առանձնաբար զարգացել ու հասել էին հինգերորդ դար, այնպես էլ ձուլում չէր կարող լինել նաև այդժամ: Հիշենք, թե ինչպես Քսերքսեսի (ն.թ.ա. 486465 թթ.) կրոնական մեծ բարեփոխությունից հետո թեև իրանական աստ վածների պաշտամունքը տարածվեց նաև Հայաստանում, բայց դրանով հայերը չձուլվեցին պարսիկներին, չկորցրին իրենց ինք նությունը: Դա չեղավ նաև քրիստոնեությու նը հունարեն ու ասորերեն լեզուներով քարոզելու և պատարագե լու հարյուրամյակում: Չեղավ, որովհետև ժողովուրդներն ուծա նում են ինքնակամ... Նաև նման նպատակ չուներ Պարսից արքու նիքը: Ուրեմն, ժամանակն է, որպեսզի սրբագրվի այն միտքը, թե կրոնափոխությամբ վտանգվում էր հայ ժողովրդի լինելիությունը: Սա այսօր անհեթեթ է հնչում: Կրոնափոխու թյան փորձը հայերին վերջնականապես հնազանդեցնելու համար էր: Ոչ ավելին: Հազկերտին ուրիշ բան հարկավոր չէր: Նա կամե նում էր չեզոքացնել իր քաղաքական ախոյաններին և Սասանյան ների տերության մեջ խաղաղություն հաստատել:

Քաղաքական բնույթ ուներ նաև հայերի նպատակը, այն է՝ ո՞վ և ինչպե՞ս պիտի կառավարեր Հայաստանը: Բայց հետո դա մո ռացվեց և առաջ բերվեց հավատափոխության արհավիրքներին դիմակայելը:

Ի՞նչ հաջորդականությամբ զարգացան դեպքերը. սկզբից եղավ ինքնուրույնության տրամադրությունների բացահայտում, ապա կրոնափոխության (իմա՝ հնազանդության) պահա՞նջ, թե՞ հակառա կը՝ ընդվզում կրոնափոխության դեմ, որի հետ զուգահեռաբար հրա պարակ եկավ և ինքնիշխան դառնալու ցանկությունը:

Ժամանակաշրջանի միակ աղբյուրը եկեղեցական պատմագրու թյունն է և, քանի որ այս հիմքի վրա է հետագայում շարադրվել հայ ժողովրդի պատմությունը, ապա իրադարձությունների կենտրոնում եկեղեցին է՝ ժողովրդին առաջնորդողի դերում: Ահա դասագրքային բանաձևը. "Քրիստոնեության հնագույն օրրան Հայ Առաքելական եկեղեցին միշտ եղել է իր ժողովրդի հետ: Մեր պատմության դժվա րին պահերին, երբ չենք ունեցել անկախ պետություն, նա ստանձնել է պետության դերը: Ազատագրական պատերազմների ժամանակ նա հանդես է եկել պայքարի կոչով, իսկ հաճախ ինքն է կազմակեր պել ու գլխավորել այդ պայքարը: Բոլորը միասին կռվել են հանուն հայրենիքի, հանուն ժողովրդի և հանուն հավատի” (Հայոց եկեղե ցու պատմություն, V դասարան, 2002 թ.): Նույն տրամաբանության շարունակությունն է նաև հետևյալ բնորոշումը. "Հայոց պատմու թյան ամենախորհրդանշական իրադարձությունը Վարդանանց ապստամբությունն էր, Ավարայրի ճակատամարտը”: Աս վածի մեջ ճշմարտության նշույլ անգամ չկա, քանի որ չի համապա տասխանում իրականությանը: Ինչպես որ չի հնչել "Վասն հավա տոյ, վասն հայրենյաց և ի փառս Աստծոյ” կոչը Ավարայրում:

Այս պատերազմը ներկայացնելիս մեր պատմագրությունը կարևորում է երկու պահ՝ հրովարտակի արձակումը և Ավարայ րի ճակատամարտը, որից հետո կարծես թե հոլովվում է իրա կան սկիզբ ու վերջ չունեցող մի առասպել, ավանդապատում միայն մեկ գործողությամբ՝ Ավարայրի ճակատամարտով: Սա կայն Վարդանանց պատերազմն իր ընդգրկումով շատ ավելի խորքային, տարողունակ և փոթորկուն էր, քան ասվում, գրվում ու ներկայացվում է:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
1538 reads | 15.06.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com