ՖԱՇԻԶՄԻ ՀԻՄՆԱԴԻՐ ՄՈՒՍՈԼԻՆԻԻ ՍԻՐՈՒՀԻ ԱՆԺԵԼԱ ԲԱԼԱԲԱՆՈՎԱ (ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ)
ԼԻԼԻԹ ՀԱՐՈՅԱՆ
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոս, ԵՐԵՎԱՆ







1945 թվական, ապրիլի 28: Իտալա-շվեյցարական սահմանին` լեռնային ճանապարհի վրա, պարտիզանները գերի վերցրին սարսափած աչքերով մի անզոր ծերունու, որին ուղեկցում էր տարիքով համեմատաբար ավելի երիտասարդ կին:

«Հատուցում» կոդավորված գործողությունը մոտեցել էր իր փառավոր ավարտին: Այդ խղճուկ տարեց տղամարդն իտալացի ֆաշիստների առաջնորդ, Եվրոպան արյունով հեղեղած և ահ ու սարսափի մեջ պահող, երբեմնի ամենակարող դիկտատոր Բենիտո Մուսոլինին էր: Նա անճանաչելի էր դարձել: Եվրոպան փոթորկած և մեկ քառորդ դար Իտալիան ղեկավարած երբեմնի ինքնավստահ հրեշավոր գազանը ստացել էր իր նախկին կերպարանքը` անզոր և խղճուկ մահկանացու, ով սպասում էր իրեն հասանելիք վճռին: Երիտասարդ ուղեկցորդուհին Մուսոլինիի սիրուհին էր` Կլարա Պետաչին: Հաջորդ օրը նրանց գնդակահարեցին, իսկ մարմինները գլխիվայր կախեցին Միլանի կենտրոնական հրապարակում: Հաղթանակած Եվրոպան ազատվեց ժամանակին իրեն կապանքների մեջ պահող Մուսոլինիից:

Չիկագոյում տեղի ունեցած ամերիկյան սոցիալիստների համագումարում պատվիրակներն, արցունքներն աչքերին, շնորհավորում էին միմյանց. վերջապես արյունարբու դահիճը ստացավ իր հասանելիքը: Համագումարին պատվավոր հյուր էր հանրահայտ ռուս հեղափոխական Անժելիկա Բալաբանովան: 67-ամյա կնոջ աչքերից սակայն հոսում էին ցավի և տխրության արցունքներ: Ներկաներից ոչ ոք անգամ չէր կարող պատկերացնել, թե ինչ առեղծված կար Մուսոլինիի և Բալաբանովայի միջև:

Բալաբանովային Ռուսաստանում քչերն են ճանաչում: Որպես 20–րդ դարի համաշխարհային սոցիալիստական շարժման ականավոր գործիչ` նա մեծ համբավ էր ձեռք բերել Իտալիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և ԱՄՆ-ում: Իսկ ինչ վերաբերում է այս հեղափոխական կնոջ անձնական կյանքին, ապա դա առեղծված էր: Երբեմն չար և դաժան, երբեմն խոցելի և անպաշտպան էր Անժելիկան: Բալաբանովան ծնվել էր Ուկրաինայում` հրեայի ընտանիքում: Սոցիալիստական շարժման ակտիվ ջատագովներից էր Եվրոպայում, որտեղ նույնիսկ ստացել էր «անկրկնելի Անժելիկա» անվանումը:

1904 թվականը ճակատագրական էր Անժելիկայի համար, սակայն ոչ այնքան ճակատագրական, ինչքան Մուսոլինիի համար: Անխոս, Բալաբանովան Շվեյցարիայում գտավ իր կյանքի միակ սիրուն, բայց իտալացի ֆաշիստների ապագա առաջնորդը հիմնովին փոխեց իր կյանքի ուղին:

Ելույթներից մեկի ժամանակ ամբոխի մեջ կանգնած էր վառվռուն աչքերով, ծայրաստիճան աղքատ մի երիտասարդ: Նա այնքան խղճուկ տեսք ուներ, որ դա չվրիպեց Բալաբանովայի աչքից: Հարց է առաջանում` ինչու՞ բազմահազարանոց ամբոխի միջից Անժելիկան ընտրեց հենց Մուսոլինիին: Հետագայում իր հուշերում ռուս հեղափոխականը տալիս է այս հարցի պատասխանը. «Այդ պահին ինչ որ գերբնական ուժ ցույց տվեց ինձ Մուսոլինիին: Մենք` մահկանացուներս, այդ ուժն անվանում ենք ճակատագիր»:

Որպես կին ` Բալաբանովան ոչ միայն գեղեցիկ չէր, այլև զուրկ էր հմայքից: Սակայն նրա հղկված խոսքն ու ելույթներն այնքան հզոր էին, այնքան տպավորիչ, որ ոչ մի տղամարդու անտարբեր չէին թողնում: Մի՞թե տարօրինակ չէ այն, թե ինչպես Անժելիկայի նման կայացած, ակնառու կինը կարող էր սիրահարվել Մուսոլինիի նման վախկոտ և թերարժեքության բարդույթով տառապող մեկին, ով նույնիսկ աշխատելու փոխարեն նախընտրում էր գողություն անել և մուրալ: Սակայն Բալաբանովան միակ մարդն էր, ով գիտեր Մուսոլինիի թույլ կողմերը, նույնիսկ նրա գաղտնի հիվանդության մասին, որի պատճառով դիկտատորը դժվարանում էր ֆիզիկական աշխատանք կատարել: Ըստ որոշ հոգեբանների` նրանց միավորում էր հակվածությունը դեպի հիստերիան: Անժելիկան խղճուկ Մուսոլինիին վերափոխեց ընդամենը մի քանի ամսվա ընթացքում: Նախկին անվստահ և վախկոտ թափառականն այժմ տիրապետում էր հռետորական արվեստին, դարձել էր ինքնավստահ և վճռական: Հետագայում, երբ Մուսոլինին դարձավ Իտալիայի վարչապետ և հասավ իր փառքի գագաթնակետին, նա անընդհատ կրկնում էր, որ եթե չլիներ այն ճակատագրական հանդիպումը Շվեյցարիայում, ապա նա երբեք հաջողության և փառքի չէր հասնի:

Իզուր չէ ասված, որ տղամարդը գաղափարն է, իսկ կինը՝ գիտակցությունը, ով ընդունում է այդ գաղափարը և դառնում դրա իրականացման շարժառիթը: Սակայն խեղճ Անժելիկան անգամ չէր էլ կարող պատկերացնել, որ իր կողմից հղկված Մուսոլինին դուրս է գալու իր դեմ` որդեգրելով մի նոր դաժան քաղաքականություն` ֆաշիզմ: Փաստորեն այսքան տարիներ նա հրեշ էր աճեցրել: Բալաբանովան կարող էր Մուսոլինիին ներել սիրային արկածները, բայց ոչ գաղափարական դավաճանությունը: «Իմ օգնությամբ այս վախկոտ տղամարդը վերածվեց առաջնորդի և վերջ ի վերջո դավաճանեց այն ամենը, ինչ ես նրան տվել էի` դառնալով ֆաշիզմի սերմանող: Ես հավիտյան հրաժարվում եմ նրանից»,-ահա այսպես էր գրում Բալաբանովան իր հուշերում: Թեպետ մինչ իր վերջին օրերն Անժելիկան Մուսոլինիին ստոր դավաճան էր անվանում, սակայն չէր դադարում նրան սիրել: Նույնիսկ մահվան մահճում նրա վերջին խոսքերն էին. «Իմ ամբողջ կյանքը պայքար էր: Թվում էր, դա այն է, ինչ ես երազում եմ, բայց, ավա՜ղ, ես նույնիսկ ընտանիք չունեցա : Գալիս եմ քեզ մոտ, ի՛մ ընկեր, ի՛մ սեր»:

Մուսոլինի-Բալաբանովա հարաբերությունները կիսատ կլինեին, եթե չանդրադառնայի այն ազդեցությանը, որ թողել էր Անժելիկան Բենիտոյի վրա` կապված Ուկրաինայի հետ: Ինչպես գիտենք, ֆաշիստների իշխանության գալուց հետո Հռոմ տեղափոխվեցին հազարավոր ուկրաինացիներ. գոյացավ ուկրաինական մեծ համայնք: Իտալիան, ինչպես միջերկրածովյան պետություն, չէր կարող անտարբեր մնալ Սև ծովի հսկայական տնտեսական կշռի նկատմամբ, որի միջոցով պետք է իր տնտեսական և հոգևոր ազդեցությունը տարածեր ափամերձ պետությունների` Ուկրաինայի, Հյուսիսային Կովկասի և Վրաստանի վրա: Իտալիան պատասխանատու էր սևծովյան պետությունների զարգացման համար: Մուսոլինին նույնիսկ իր ելույթներից մեկի ժամանակ նշում էր. «Ուկրաինան ապագայում կարող է ռազմավարական լուրջ դաշնակից դառնալ Իտալիայի համար»: Արդյո՞ք Բալաբանովայի ազդեցության տակ էր նա սկսել հետաքրքրվել Ուկրաինայով, թե ոչ, հայտնի չէ:
 
Թեմայիս արդիականություն տալու նպատակով, կցանկանայի անդրադառնալ վերջերս կարդացած մեծ վերլուծաբան-դիվանագետ Զբիգնև Բզեժինսկու հոդվածներից մեկին, որտեղ նա համեմատականներ էր տանում Պուտինի և Մուսոլինիի միջև: «Պուտինյան ռեժիմը շատ բաներով հիշեցնում է Մուսոլինիի ֆաշիզմը. երկու դեպքում էլ՝ իշխանության կենտրոնացում շովինիզմի համատեքստում, քաղաքական վերահսկողություն տնտեսության նկատմամբ առանց այն ազգայնացնելու՝ «չնեղացնելով» մաֆիային ու հլու օլիգարխիային»: Գործողությունների եւ գաղափարների այսպիսի համակցությունն ինչ-որ ժամանակ կարող է հրապուրիչ թվալ, սակայն, ի վերջո, մոտ տասը տարուց այն կտապալվի՝ համոզված է հոդվածագիրը՝ իբրեւ պատճառ նշելով Ռուսաստանի իշխող վերնախավում կրթված եւ լուսավորյալ սերնդի ի հայտ գալը: Այդ սերունդը չի համակերպվի ֆաշիստական-նավթային պետությունում ձեւավորված իրողությունների հետ, որում կենտրոնն ուղղակի հեղեղված է նավթային եկամուտներով, իսկ ծայրամասերը հետ են մնում ոչ միայն Եվրոպայից, այլեւ Չինաստանից»:


ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
3468 reads | 27.05.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com