ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ (ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ)
ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ
պատմաբան, հրապարակախոս, ԵՐԵՎԱՆ


ՍԿԻԶԲԸ՝  ՄԱՍ ԱՌԱՋԻՆ




Գաղափարը քարոզող, գաղափարին ծառայող կառույցն էլ կա՝ եկեղեցին: Շփոթմունք չէ՝ եկեղեցին. դա է եկեղեցու դերն այսօրվա ազգային կյանքում (եթե չընդունի՝ կնշանակի ինքն իրեն դուրս է դնում հայկականությունից, վերջնականապես հաստատում, որ ապազգային կառույց է): Իսկ նա ի զորու է նման պարտականություն կատարել:

Առարկություն կարող է լինել, թե արդյո՞ք եկեղեցին դարեր շարունակ չի արել այն, ինչ հիմա առաջարկվում է: Ամենևին: Շփոթմունքն էլ հենց այդտեղից է: Եկեղեցին ասում է, և մենք ընդունում ենք, որ ինքը փոխարինել է պետությանը, եկեղեցին ներկայացնում է, և մենք էլ ավանդաբար հավատում ենք, որ նա հայոց պետականության վերականգնման համար ջանքեր չի խնայել... Բայց մեր ընկալածն ու եկեղեցու մտադրությունը տարբեր են եղել. նա միշտ իր գլխավորությամբ է տեսել Հայոց երկիրը: Այս մղումն է, որ նա քողարկում է՝ իբրև ազգային եկեղեցի հանդես գալով: Բացի այդ, երբ ընդունում ենք, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին ազգային է, տրամաբանորեն նրա քարոզած վարդապետությունն էլ ազգային գաղափարախոսությո՞ւն պիտի համարենք: Եթե այո, ապա պարզ է դառնում, թե ինչու մենք պարտված ազգի հոգեբանություն ունենք:

Ի վերջո, ինչպե՞ս կարող է Հայ եկեղեցին ազգային լինել, եթե նրա Հավատո հանգանակում հայ ժողովրդի հիշատակման նշույլ անգամ չկա (փոխարենը կա Մի, Ընդհանրական Եկեղեցուն տված հավատարմության հավաստիք և նզովք՝ իրենց հակառակորդներին ու մերժողներին), եթե նա գերագույն նպատակ է համարում Ավետարանի լույսը տարածելը, նվիրապետական գերակայություն հաստատելը: Հայոց եկեղեցին պարզապես ազգային է այնքանով, որքանով որ նրա հետևորդները այժմ գրեթե առանց բացառության հայեր են ու նաև ծիսակատարողական լեզուն հայերենն է: Եվ թերիմացություն, մոլորություն, ընդհուպ մինչև խաբեություն է, երբ ասում ու փորձում են համոզել, որ հարաբերական անկախություն ունեցող այս եկեղեցին ազգային է: Ունեցել ենք հոգով ու արյունով հայ հոգևորականներ, պահպանում ենք ժողովրդասեր մի քանի երջանկահիշատակ կաթողիկոսների անուններ, բայց որ եկեղեցին ազգային է եղել՝ ճիշտ չէ ու չէր էլ կարող լինել, "քանի որ մեր մայր Եկեղեցին մեկ է, որ երկնեց մեզ, և մեկ է մեր հայր Սուրբ հոգին” :

Թեև Եղիշեի այս մեկնաբանությունը ժամանակի ընթացքում որևէ փոփոխություն չի կրել, սակայն այսօր էլ պատեհ-անպատեհ հնչում է հետևյալ խոսքը, թե կատարվել է քրիստոնեության հայացում: Անշուշտ, սա ընդամենը մտքի բեկբեկում է, որովհետև առավել ճշմարիտ է այն, որ, այո, հայերը քրիստոնեացան, բայց դրանով քրիստոնեությունը երբեք չհայացավ: (Եկեղեցու "տեղայնացման” վերաբերյալ հետաքրքիր տեսակետ ունեն ռուս աստվածաբանները: Նրանց կարծիքով քրիստոնեության "ազգայնացումը” հավատուրացություն է, հրաժարում Քրիստոսից, հետևաբար նույնիսկ անվանական փոփոխություն կատարելը` Ռուսաստանյան եկեղեցին Ռուս կամ Ռուսական եկեղեցի դարձնելը` կրոնական տեսանկյունից անվնաս չէ: Արդյո՞ք նույն մեղանչումը չենք կատարում մենք, երբ Հայաստանյայց եկեղեցու փոխարեն հաճախ ասում ենք Հայ կամ Հայոց եկեղեցի):

Այնուամենայնիվ, եկեղեցու ի սկզբանե աշխարհիկ նշանակությամբ հոգևոր հիմնարկ լինելը թույլ է տալիս չբացառել, այլ փոչձել նրանից ազգային առաջընթացն ապահովելու համար եթե ոչ էությամբ ու բովանդակությամբ Ազգային եկեղեցի, ապա գոնե իր հոգևոր հոտը կազմող ժողովրդին առավելապես նվիրված կազմական մի կառույց ստեղծել, որը կծառայի ազգային նպատակին, այն է՝ համահայկական պետության գաղափարի իրականացմանը: Հայաստանյայց Առաքելական եկեղեցու ինքնուրույնությունն ու ազգանվիրությունն ահա այստեղ կերևա, երբ հիմնովին վերափոխվելու ուժ կգտնի իր մեջ:

Գուցե թերի մի բան մնա, եթե չասենք վերջապես, թե ինչու ենք ժխտելու փոխարեն անընդհատ ասպարեզ բերում եկեղեցին: Ստիպված ենք: Նախ, որ ընդհանրապես մարդու վտանգավոր էությունը զսպելու համար նա կարող է բարոյականության մթնոլորտ ստեղծել, անվիճելի ու մշտամնա չափանիշների շարունակաբար փոխանցումն ապահովել, և ապա՝ ազգային պետության գաղափարը միայն եկեղեցին կարող է պաշտամունքի վերածել և անանց արժեք դարձնել:

Այս մտքին ենք հանգում, նկատի ունենալով թեկուզ եկեղեցամերժ տասնամյակների փորձը, երբ պետությունն ինքը, իր քարոզչությամբ զբաղվելով, այնպիսի մի պետապարատ ստեղծեց, որ նրա ժամանակավոր ծառայողն ի վերջո իր անձնական շահը վեր դասեց և պետությանն ինքնակործանման հասցրեց: Այսօրվա հայկական դպրոցի դառը փորձն էլ աչքի առաջ ունենք, որը չափազանց բաց ու խոցելի դառնալով օտարի միջամտությունների համար, մեղմ ասած, կասկածելի է, թե այսուհետ կարող է ազգային պետու- թյան համար պատասխանատվություն կրողներ դաստիարակել, իսկ հայաստանյան բուհը՝ առավել ևս. նա իր առջև նույնիսկ նման խնդիր չի դնում: Ափսոս...

Եվ այս վիճակում ժխտել նաև եկեղեցին, կնշանակի ընդհանրապես հրաժարվել պետական-ազգային կյանքի կառավարման առողջ համակարգի բարոյական վերահսկիչ ու դաստիարակիչ ունենալու մտքից ու փոխարենը ստեղծել որևէ նոր բան: Ցավոք, այդ ժամանակը չունենք: Հավանաբար, մի 100 տարի է պետք՝ չունենք (հարց է, թե ազգային խնդիրներ լուծելիս քաղաքացիական հասարակությունը որչափ մեզ հարմար կգա): Ուրեմն ունեցածի, այն է՝ եկեղեցու դեմքը շրջենք դեպի մեր կարիքները, նրա կառույցները ծառայեցնենք ազգային գաղափարին: Եվ եթե եկեղեցին հուշարարությունից շատ չդժկամի ու ընդունի, որ իսկապես ազգասեր ու պետականապաշտ մարդ դաստիարակելու համար առաջին հերթին պիտի հայրենասիրությունը, պետականասիրությունն ու եկեղեցասիրությունը տարանջատվի, ապա ազգային հեռանկարը պարզապես ծրագիր չի մնա: Անշուշտ ծանոթ ենք, որ եկեղեցին առաջվա պես իրեն այսպես է ներկայացնում. "Եկեղեցին աստվածային հաստատություն է և Քրիստոսի փրկագործ տնօրինությունների արդ- յունք”, իսկ պետության մասին որևէ ձևակերպում կամ սահմանում չի տալիս: Պետությունը տեղ չունի Հայ եկեղեցու դա- վանության կառույցում, չնայած, որ իրեն համարում է ազգային եկեղեցի...

Պարզ ու թափանցիկ երևում է նաև, թե ինչպես, պետականասիրությունը փոխարինելով եկեղեցասիրությամբ, Հայաստանյայց եկեղեցին ժամանակի մեջ ազգային պետության գաղափարը շրջանցող այսօրվա հայ չինովնիկին դաստիարակեց, որը ոչ միայն պետությանն առնվազն թռչնասլաց բարձունքից է հաճում նայել և հոտառությամբ անգամ պետությանը ծառայելու անհրաժեշտությունը չի զգում, այլև վարժ յուրացրել է, որ պետությանը կարելի է թալանել, պետությունը կարելի է կործանել, ապա կառուցել եկեղեցի ու, մեղքերը քավելով, ապահովել հոգու փրկությունը... Անշուշտ,
եկեղեցու խնդիրն է, թե վիճակը շտկելու համար ինչպես քրիստոսասիրությանը գոնե հավասար չափով պետականասիրություն քարոզի: Եվ, վերջապես, երրորդ անհրաժեշտությունը. Հայ եկեղեցին իր վարդապետության մեջ տեղ պիտի հատկացնի հայկականությանը:

Ասել է թե՝ հաստատի և քարոզի, որ մարդկային ցեղի մեջ կա մի առանձին տեսակ՝ հայկականը, որը պետք է պահպանվի Հայաստանյայց եկեղեցու և Հայոց ազգային պետության կողմից: Ուրեմն, նորից ասենք, թե այսօր եկեղեցուց ինչ է պահանջվում.

ա) Հայոց պետության մշտագոյության գաղափարի ջատագովություն,
բ) պետականասեր ու բարոյական մարդու դաստիարակություն,
գ) հայադավանությունը (լուսավորչականությունը) բովանդակությամբ դարձնել ազգադավանություն:

Գուցե նկատող լինի, թե այս կարգի փոփոխություններից հետո այլևս ինչ քրիստոնեական եկեղեցի: Պատասխանենք. իսկ մենք ուզում ենք, որ Հայաստան երկիր, նրա վրա հայոց պետություն և նրան ծառայող ու բարգավաճ ապրող հայ ժողովուրդ լինի: Հետևաբար, այս նպատակի համար արժե ոչ միայն եկեղեցի բարեփոխել, այլև, բանը դրան հասնելու դեպքում, նույնիսկ հիմնել նոր՝ իսկապես Հայ Ազգային եկեղեցի: Բավական է հա- յությանը իբրև աստվածընծա ժողովուրդ միայն տեսնել:

Սա անհարգալից վերաբերմունք կամ վերջնագիր չէ Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն: Վերջնագիրը ներկայացնում է պատ- մությունը ազգին, երբ նա կորցնում է ինքնատիրապետումը: Մեզ համար հիմա այդ վերջնագիրը հնչում է այսպես. կունենաս ազգա- յին պետություն՝ կշարունակես կենսագրությունդ, իսկ որպես գերագույն նպատակի նախապայման՝ կունենաս ազգային եկեղեցի, կունենաս և ազգային պետություն: Հակառակ դեպքում, առկա պետականությունն էլ մշտապես վտանգի տակ կլինի: Պետության և եկեղեցու միասնություն. ահա թե ինչին մենք երբեք չհասանք:

Բայց չի եղել, պատմության մեջ չի եղել երբեք, որ չսպառված ազգը կործանվի իր իսկ ճանաչած եկեղեցու համառության պատճառով: Ուրեմն, եթե մենք մեզ հոգնած ազգ չենք համարում, ապա պետք է տեսնենք պահանջը, առաջնորդվենք պատմական անհրաժեշտություններով: Այսինքն՝ նույնկերպ, ինչպես երկուսուկես հազար տարի առաջ, երբ Երվանդունիները թագավորական հարստություն հիմնեցին, ինչպես հազար վեց հարյուր տարի առաջ, երբ Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի գյուտն արեց, ինչպես հարյուր տարի առաջ, երբ ճարահատյալ անկախությունն ինքնանվիրումի գնով աստիճանաբար ծանրակշիռ իրողության պատվանդան դարձավ:

Այս բոլոր անհրաժեշտություններն իրենց առաքելությունը կատարել են. հայ ժողովուրդը գոնե այս վիճակով հասել է ներկա օրերը: Այսօր արդեն վերանձնական շահեր ունեցող ավաքական ուժի անհրաժեշտություն կա, և դրա մեջ կարող է լինել նաև նորացված եկեղեցին՝ Հայ ազգային եկեղեցին: Եկեղեցի, որը պիտի համեստ աստիճանի վրա իջեցնի Էջմիածնի գաղափարը, փոխարենը նվիրական ու առաջնորդող դարձնի մեկ այլ գաղափար, որը կբխի "Նախ և առաջ Հայաստան” ըմբռնումից: Եվ հայը երկիր դրախտավայր կդարձնի Հայաստանը...

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
2588 reads | 23.05.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com