ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ (ՄԱՍ ԵՐՐՈՐԴ)
ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ
պատմաբան, հրապարակախոս, ԵՐԵՎԱՆ


ՍԿԻԶԲԸ՝  ՄԱՍ ԱՌԱՋԻՆ



...Ճի՞շտ ենք անում, թե՞ սխալ, լա՞վ ենք անում, թե՞ վատ, երբ այս ամենը ասում ենք: Հիասթափության մեջ չե՞նք գցի արդյոք անպատրաստ ընթերցողին, ակամայից չե՞նք քաջալերի, որ նա երես դարձնի դեռևս ազգային խորհրդանիշ ու նեցուկ համարվող հաստատությունից, և կարո՞ղ է այնպես ստացվել, որ նրան հրենք դեպի այլակրոնություն ու դրանով ավելի վնաս բերենք:

Այս բոլոր հարցերը լուրջ կաշկանդումներ են և չափազանց զգույշ մոտեցում են պահանջում: Բայց նաև երբևէ այս մասին պիտի ասվի՞, թե՞ ոչ: Չէ՞ որ ճիշտ հարցադրումն արդեն վիճակը շտկելու ուղղությամբ արված քայլ է: Հայության պետականազրկմանը նպաստող եկեղեցու դերի մասին թերասացությամբ կամ ակնարկի ձևով նշել են դեռ հայ լուսավորիչներն ու Պոլսո "Մեհյան”-ականները, սակայն երբևէ հստակ չի ասվել, թե Հայաստանը քրիստոնեացնելուց հետո ինչ կերպարանափոխության ենթարկվեց հայ մարդը, և ինչ գաղափարի զոհաբերվեց ժողովուրդը: Ճիշտ չէ կարծել, թե ժամանակի մեր մտածողները չեն հասկացել այս ամենը, չեն ըմբռնել խնդրի էությունը: Ըստ իս, նրանք, իրենց ժամանակներում չտեսնելով հայ կյանքը կազմակերպող որևէ այլ ազգային գործող կառույց (պետությունը վերականգնելու երազանքը դեռևս պիտի իրականացվեր), պարզապես ազգի համար կործանարար էին համարում եկեղեցու շուրջ հյուսված հույսի պատրանքազերծումը:

Այս կարճ հղումը նրա համար ենք անում, որպեսզի չթվա, թե անհիմն ու անարմատ բաներ ենք ասում ինքնատիպ երևալու նպատակով: Պարզապես ժամանակն իրենն է պահանջում. այն, ինչ առաջ չէր կարելի, այսօր ընդհակառակը՝ չափազանց անհրաժեշտ է ասել, որովհետև հայոց երրորդ հանրապետությունն իբրև պետություն շատ պայմանական է, իսկ նրա կայացման ու ամրապնդման այս տարիներին եկեղեցու մասնակցությունն ազգային վերաշտկմանը` թվացյալ ու առերևույթ: Այժմ էլ եկեղեցու հոգը չէ՝ կշարունակի՞ հայոց պետությունն իր կենսագրությունը, թե՞ ոչ: Իր համար չափազանց նպաստավոր մի շրջան ապրելով, Էջմիածինն այսօր կրկին հիմնական գործ է համարում եկեղեցաշինությունը և ոչ երբեք պետականաշինությունը: Ավելին, նա նույնպես պետությունից պահանջողի դերում է, այլ ոչ թե օգնողի, նպաստողի, կերտողի:

Մեր ժամանակներում անհեթեթ է լուրջ ընկալել այն միտքը, թե եկեղեցին պետությունից անջատ է, եկեղեցին իրավունք չունի մի- ջամտելու պետության գործերին: Այդ միտքն անհրաժեշտ էր և իր գործն արել է մեկ-երկու դար առաջ եվրոպաներում, երբ հարկավոր էր թոթափել եկեղեցու տոտալ իշխանությունը: Իսկ մեր իրականության մեջ այսօր եկեղեցին պարզապես պարտավոր է հանդես գալ իբրև շահադետ կողմ, և հատկապես՝ երբ բանը ազգային հիմնախնդիրներին է վերաբերում: Չափազանց շռայլություն կլինի, եթե հա- մազգային ամենաընդգրկուն կառույցը՝ եկեղեցին, չմասնակցի ազգային-պետական կյանքին: Այսօր նա պարտավոր է ծառայել նախ և առաջ ազգին:

Ազգն իր կենսական ուժերն ու ավյունը տվել է եկեղեցուն, հետևաբար լիովին իրավունք ունի նրանից նաև պահանջելու: Մյուս կողմից, Հայաստանյայց եկեղեցին պետք է ինքնահոժար ընդունի, որ պարտք ունի ազգի ու նրա պետականության առաջ, և այդ պարտքը պիտի հատուցի: Քրիստոնեության հաստատման և հետագայում եկեղեցուն հավատարիմ մնալու համար այնքան արյուն է թափվել, որ եկեղեցին այսօր կողմնակի դիտորդ լինելու, կամ որ նույնն է՝ զուգահեռ կյանքով ապրելու իրավունք չունի: Հայ հանրության մեջ, նրա հասարակական կյանքում եկեղեցին այժմ պիտի նույնքան ակտիվ լինի, որքան իր հաստատման տարիներին էր: Սա է ներկայիս ազգային պահանջը նրանից: Պետության և եկեղեցու միջև մշտական համագործակցության անհրաժեշտության թելադրանքով է, որ Ազգային ծրագրում (երբ վերջապես ունենանք) պետք է եկեղեցուն իր ճիշտ տեղն ու անելիքը մատնանշվի՝ համապատասխան գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծելով և հստակ պահանջներ ներկայացնելով նրան, որոնցից ամենագլխավորը պիտի լինի հայ մարդու՝ որպես էթնիկական ունիկումի պահպանմանը և հայոց պետության հզորացմանը գործնականորեն նվիրված կառույց դառնալը:

Բայց արդյոք այս պատկերացումը հերթական մոլորություն չէ՞, երբ եկեղեցին ինքը չի թաքցնում, որ ստեղծված է ազգային սահմաններ չճանաչող մի գաղափարի ծառայելու, իսկ մարդ անհատը և ժողովուրդը ընդամենը միջոց են իր սեփական երկրային իշխանությունը հաստատելու համար: Չեմ կարծում, թե կրկին մոլորության մեջ ենք ընկնում, որովհետև այսուհետ ոչ թե եկեղեցուն ապավինելու, այլ նրանից պահանջելու հարց ենք դնում, և ամենաէական տարբերությունը՝ դա գիտակցված պահանջ է. գիտես ումից՝ ինչ և ինչի համար ես պահանջում:

Իսկ եկեղեցին իր հերթին վերջապես պիտի ընդունի, որ այն բացարձականացումը, թե հայ մարդու "պատմական գոյության նվիրական իմաստը առ Աստված բարձրանալն է”՝ արդեն ոչ միայն արխայիկ, այլև չափազանց վնասակար գաղափար է ընկալվում:

Եվ ուրեմն, հայն այլևս ոչ թե ծնվելու է եկեղեցու հոգևոր հոտը գոյացնելու համար, այլ եկեղեցին պիտի ծառայի ու սպասավորի հայ մարդուն: Սա է եկեղեցի-պետություն, եկեղեցի-ժողովուրդ հարաբերություններում շեշտադրության սկզբունքային տեղափոխությունը:

Եկեղեցին նույնպես պիտի հայ մարդուն գնահատի իբրև ազգային արժեք, հարստություն, որը նախ՝ պիտի հայոց ընդհանուր կյանքը կարգավորող, ազգի բարգավաճման ու անվտանգության երաշխավորը հանդիսացող Պետության հիմնաշաղախը լինի, ապա նոր՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդը: Այսինքն, առաջին հերթին հայ, հետո` քրիստոնյա (կամ, նույնիսկ, այլ կրոնի), և եկեղեցին էլ առաջվա պես չպիտի ասի՝ իմ բաժին հայը միայն հավատացյալ հայն է ու ազգը մասնատի իր հայեցողությամբ: Պետություն-եկեղեցի հարաբերությունները պայմանագրային հիմունքներով կառուցելու գաղափարն աստիճանաբար պետք է սկսի գերակայել մեր գիտակցության մեջ: Եվ դրան նպաստելու համար արժե ուշադրություն դարձնել գոյություն ունեցող մոդելներին, օրինակ` կաթոլիկ եկեղեցու նախանձախնդրությամբ խնդիրն արևմտաեվրոպական երկրներում կարգավորվել է XIX դարում: Այսօր Հունաստանում ուղղափառությունը Սահմանադրությամբ պետական կրոնի կարգավիճակ ունի, և հոգևորականությունը պետական աշխատավարձ է ստանում, իսկ Վրաստանում ուղղափառությունը դե ֆակտո է պետական կրոնի աստիճանի բարձրացված: Երկրի նախագահը և Վրաց կաթողիկոսը 2002թ. սահմանադրական համաձայնագիր` հատուկ կոնկորդատ ստորագրեցին, որով այդ երկրում ուղղափառ եկեղեցու համար մյուս կրոնական կազմակերպությունների նկատմամբ արտոնյալ դիրք սահմանվեց:

Հայաստանում գործում է պետություն-եկեղեցի հարաբերությունները կարգավորող "ամերիկյան մոդելը”, այսինքն` կրոններն ու դավանանքները բացարձակապես հավասար են իրար միջև խղճի ազատության մասին օրենքի առջև: ԱՄՆ-ի նման արհեստականորեն ստեղծված և ազգային կոնկրետ հենք չունեցող պետությունների համար թերևս դա գործող տարբերակ է, սակայն մեզ մոտ այն միանշանակորեն պետք է իր տեղը զիջի մեկ այլ սխեմայի (նկատի ունենալով վերոհիշյալ օրինակները), ըստ որի` նախապատվությունը տրվում է ազգային համարվող դավանանքին ու դրանով "մեծամասնության կրոնի” համար արտոնյալ դրություն ապահովվում:

Մենք ինքներս նման նախադեպ ունենք: 1920թ. աշնանը (հետաքրքիր է, որ օգոստոսի 10-ին Սևրի պայմանագրով եվրոպական տերությունների կողմից Հայաստանի պաշտոնական ճանաչումից հետո միայն) Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական եկեղեցու միջև կնքվելիք դաշնագրի նախագիծ էր մշակվել, որի առաջին հոդվածը հռչակում էր. "Հայաստանեայց Առաքելական Մայր եկեղեցին սրբագործում է Միացեալ և Անկախ Հայաստանի Հանրապետութիւնը և օրհնում նրա օրինական ու Վեհապետական իշխանութիւնը, իսկ Հայաստանի Հանրապետութիւնը երաշխաւորում է Մայր Աթոռի և Նորին վեհափառութեան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախամեծար ու գերիշխան իրաւունքները ազգային-եկեղեցական և կրօնաբարոյական խնդիրներում”: Ցավոք, այս փաստաթուղթը նույնիսկ վավերացնելու համար պատմությունը մեզ ժամանակ չհատկացրեց:

Հուսանք, որ պետության կողմից եկեղեցու նկատմամբ առանձնահատուկ այս վերաբերմունքը կփոխադարձվի: Կարող է թվալ անջատ, իրարամերժ մտքեր ենք շարադրում, երբ ասում ենք, թե առանց Հայ եկեղեցու պետականաքանդ գործունեության համահայկական թագավորությունը չէր կործանվի, և ապա նրան կրկին մասնակից ենք տեսնում մեր այսօրվա պետականության հզորացման գործին: Ամենևին, պարզապես գիտակցում ենք, որ ավերմունքը չափազանց մեծ կլինի, եթե մեր կյանքից կտրուկ բացառենք այս հաստատությունը: Այսօր ժողովուրդն այնպիսի փխրուն ու ընկճված վիճակում է, որ նոր մի 301 թվական՝ և հայը վերջնականապես կհիասթափվի ինքն իրենից: Հետևաբար, ազգային նպատակներին հասնելու համար ավելի ճիշտ է սահուն անցում կատարել դեպի նոր որակ:

Ի դեպ, այս խնդիրը միայն մեր առջև չի ծառացած: Մարդկությունն արմատական փոփոխությունների, բեկումնային դարաշրջանի շեմին է: Թե ինչպիսի՝ դժվար է կանխատեսել, բայց պատմության այդ նոր փուլի մասին գնալով ավելի հաճախ են խոսում բոլոր լուրջ ֆուտուրոլոգները: Նրանցից ոմանք դա կապում են նաև "նավթային քաղաքակրթության” ավարտի հետ: Մենք ինքներս, քանի որ տարերային ու ինքնահոս կյանքով ապրող ժողովուրդ ենք ու շատ բան ապագային ենք թողնում ինքնաբերաբար լուծվելու ակնկալիքով՝ ամենևին պատրաստ չենք այդ փոփոխություններին: Իսկ "նոր փուլն” ամենևին հերթական "գալիք” կամ, առավել ևս, բոլորի համար "պայծառ ապագա” չէ, այլ համաշխարհային ընդհանուր կառավարմանը միտված ընթացք: Եվ այդ ընթացքի մեջ չանհետանալու, առավել կազմակերպվածների կողմից չտրորվելու հրամայականով է, որ հնարավորինս արագ, բայց կշռադատված քայլեր են անհրաժեշտ: Կկարողանանք կատարել յդ քայլերը՝ կպահպան- վենք որպես ազգ, որպես յուրահատկություններ ունեցող և մեզանից գործոն ներկայացնող հավաքականություն: Խիստ չի ասված՝ այդպես է, ճշմարիտ է, պատմության տրամաբանության պահանջն է, որի հանդեպ թերահավատ գտնվել, կնշանակի կարճամիտ լինել:

Այսօրվա առերևույթ անվտանգությունից ու ապահովությունից եկող նիրհը նույնպես կարող է մեզ վրա թանկ նստել, եթե չփորձենք առայժմ գոնե սթափ հաշվարկ անել՝ ինչ ունենք և ինչ կարող ենք անել ունեցածով: Դա կօգնի մեզ տեսնել ապագայի մեջ: Իսկ ունենք անկախ պետականություն և անորոշ ապագայով ապրող ժողովուրդ: Առաջինը բացարձակ արժեք է, ցանկացած ժողովրդի գերագույն երազանքը, և չի կարող երբեք երկար ժամանակ պահի իշխանիկների համար մուլք մնալ, որովհետև երկրի նման կառավարման որակից բխող դժգոհությունն աստիճանաբար կարող է վերածվել պետականամերժության: Այսօր այդպիսի տրամադրվածություն կա. անխտիր բոլոր հայերը սիրում են իրենց հայրենիքը, բայց, ահա, ոչ բոլոր հայերն են ասված պատճառով սիրում նաև հայրենի պետությունը: Նրանք չեն էլ կամենում տարբերակել իշխանությունը պետությունից: Իսկ այսպես հեշտորեն կարելի է նաև կորցնել անկախությունը, եթե նրա համար չես դողում...

Բայց որպեսզի պետության ճակատագիրը ժողովրդին մտահոգի, նա պիտի ազգի բարոյական ու գաղափարական առաջնորդներ տեսնի: Համոզված ասենք, որ նման առաջնորդներ ասպարեզ կգան, եթե պատգամը բաժակաճառ դարձնելու փոխարեն իրապես միասնական կամքի գաղափարին դավանենք: Այդ գաղափարը կարիք չկա այլուրեք փնտրել. նա կա՝ Հայոց պետականության մշտագոյության գաղափարն է: Նաև անհանգստություն պիտի ունենանք, որ ներկայիս ժամանակը պատմության կողմից մեզ տրված վերջին հնարավորությունն է: Ու թե հիմա թույլ գտնվելով՝ պետություն կորցնենք, ապա ինչ վստահություն, որ ազգն իր մեջ նորն ստեղծելու ուժ կգտնի, կամ թե այդ նորն ինչով պիտի առավել լինի ներկայինից, որ սա կորցնենք՝ հետո նորը ստեղծելու տեսլականով ապրենք ու պայքարենք: Անհեթեթություն է...

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
1944 reads | 20.05.2014
|
avatar

avatar
1
Պրն. Դավթյան;

Ամենևին պետք չէ խուսափել կամ շրջանցել որոշակի հարցեր կապված մեր եկեղեցու հետ: Ամենևին չլինելով աթեիստ և պարզապես դպրոցական մակարդակով պատմություն ուսումնասիրելով անգամ կարելի է անձեն աչքով տեսնել հայ պետականության ու եկեղեցու հզորացման հակադարձ կապը: Դա փաստ է, որ հայ ժողովուրդը ուղղակի զոհաբերել է իր ազգային շահերը հանուն մի խումբ եկեղեցականների: Եվ ցավալի է, որ հենց Եղեռնի տարիներին ևս մեր եկեղեցին, որին է անվերապահորեն շնորհված հայ ժողովրդի <ազգապահպանման սուրբ առաքելությունըւ> հանդուրժողականության ու լռության կոչեր էր անում, մինչ այն պահը, երբ թուրքը հասավ Էջմիածնի մատույցներ: ՄԻայն այդ ժամանակ կաթողիկոսի մոտ արթնացավ մաքառելու ցանկություն, հայ ազգի պահպանման խնդիր և մարտնչելու կոչեր.... դա բոլորին է հայտնի՝ չմանրամասնեմ.... իսկ 1.5 միլիոն հայի ու տարածքների 90 % -ի կորուստը դեռևս բավարար պատճառ չէր հայապահպան գործունեություն իրականացնելու համար: Այսօր ևս մեր կեղեցին ընդհանրապես չի խառնվում պետականության , սոցիալ-տնտեսական կյանքին, միայն անիմաստ ու տգեղ շինություններով տգեղացնում է Էջմիածինքը, կամ Երևանը...անգամ եկեղեցիների <մոդեռնիազացիոն -սալիկապատ> վերանորոգումը իրեն չի հետաքրքրում....սակայն դա արդեն ուրիշ հարց, պարզապես անհրաժեշտ է մեկընդմիշտ խոսել այդ գարշապարի մասին, կոտրել բոլոր կարծրատիպերը ու սխալներին ու խնդիրներին նայել ուղիղ, լուծել ու անցնել առաջ..... շատ անգամ են բերում օրինակ կաթոլիկ կարդինալներին, որպես կեղեցու ու պետականության <>ներկայացուցիչ, սակայն նույնիսկ նրանք երբեք չեն ստորադասել իրենց երկրի շահերը , եղել են հմուտ դիվանագետներ ու մղել են առաջ իրենց պետությունները հենց այն ժամանակ , երբ ունեցել են թույլ կամ ոչ պետականամետ թագավորներ, և երբեք ու երբեք նույնիսկ, եթե դե ֆակտո համարվել են երկրի կառավարիչ, չեն գերադասել իրենց դիրքը թագավորից....մինչ ինչպես կարելի է տեսնել Խանջյանի մոնումենտալ եռապատման կտավում, կաթողիկոսը նստած է, Մաշտոցը սուրբ է, իսկ կաթողիկոսի ետևում որպես թիկանպահ կանգնած է թագավորը.... պարզ իլուստրացիա ՝թե ով ով է եղել ու ուր ենք հասել այդ պայմաններում..... ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱԿ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆՄԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ Է ԳՐԱԳԵՏ ՈՒ ԲԱՆԻՄԱՑ ԿԵՐՊՈՎ ՓԱՍՏԵՐԻ ՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԱՆՀԻՄՆ ՈՒ ՈՉ ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ ՈՒ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԼԱՅՆ ՄԱՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ: լինենք առաջինը հայաՊԱՇՏ ու սա նացիոնալիստկաան կամ ֆաշիստական կոչ չէ: :

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com