ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ. ԴԵՍՊԱՆՆԵՐ ԱՐՏՈՆՅԱԼ ՈՒ ԱՆՊԱՏԻԺ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրերի մեջ բացակայում են Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի եւ Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանի հայտարարագրերը:

Նրանք իրենց գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագրերը հանձնաժողովին պարզապես չեն ներկայացրել:

Շառլ Վաղինակ Միքայելի Ազնավուրը Շվեյցարիայի Համադաշնությունում արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել 2009 թվականի մայիսի 5-ին, Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայում եւ Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում՝ 2013-ի սեպտեմբերի 27-ին, իսկ Վահան Հովհաննիսյանը Գերմանիայի Դաշնությունում՝ 2013 թվականի դեկտեմբերի 28-ին: Հովհաննիսյանը եւ Սարգսյանը չեն ներկայացրել ոչ միայն 2013 թվականի տարեկան, այլեւ իրենց կողմից պաշտոնի ստանձնման հայտարարագրերը: Ամուսնու օրինակին հետեւելով` հայտարարագիր չի ներկայացրել նաեւ Վահան Հովհաննիսյանի կինը՝ Լաուրա Պետրոսյանը: Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը օրենսդրությունը շրջանցում է ոչ առաջին տարին. նա հանձնաժողովին չի ներկայացրել ոչ միայն պաշտոնի ստանձնման, այլեւ նախորդ 2011 եւ 2012 թվականների գույքի եւ ունեցվածքի հայտարարագրերը:

Բարձրաստիճան պաշտոնատար էթիկայի հանձնաժողովի անդամ Լիլիթ Պետրոսյանը, պատասխանելով մեր հարցին, թե ինչն է պատճառը, որ դեսպանները ո՛չ պաշտոնի ստանձնման, ո՛չ տարեկան հայտարարագրեր չեն ներկայացրել, ասաց. «Ինչ ունենք, մենք տեղադրել ենք կայքում: Դեսպաններ Ազնավուրին, Սարգսյանին եւ Հովհաննիսյանին բարեխիղճ ձեւով տեղեկացրել ենք հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետի մասին, բայց պատժամիջոցներ կիրառելու լիազորություններ չունենք»: Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են դեսպաններն արձագանքել հանձնաժողովի պահանջին: Պետրոսյանն ասաց, որ չեն արձագանքել: «Ենթադրում ենք, որ իրենց զբաղվածության պատճառով են ուշացնում»,- ասաց ԲՊԱԷՀ անդամը: Մեր հարցին՝ արդյո՞ք օրենքը խախտելով հայտարարագրեր չներկայացնելը էթիկայի կանոնների խախտում չէ, եւ հանձնաժողովը չի՞ թերացել իր գործունեության մեջ՝ դեսպանների նկատմամբ վարույթ չիրականացնելով, Լիլիթ Պետրոսյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ հայտարարագրեր չներկայացնելը ուղղակիորեն էթիկայի կանոնների խախտում է»:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հայտարարագրերի ներկայացման հարցը, ինչպես նաեւ ԲՊԱԷՀ գործունեությունը, կարգավորվում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով: Օրենքի հոդված 33-ի համաձայն, բարձրաստիճան պաշտոնատար անձը պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու օրվանից սկսած 15 օրվա ընթացքում պարտավոր է հայտարարագրերը ներկայացնել հանձնաժողովին: Սրանից հետեւում է, որ Վահան Հովհաննիսյանը պաշտոնի ստանձնման հայտարարագիրն ուշացրել է նվազագույնը 4 ամսով, Արմեն Սարգսյանը՝ 7 ամսով, իսկ Ազնավուրը՝ 2 տարի 4 ամսով («Հանրային ծառայության մասին օրենքը» ուժի մեջ է մտել 2012-ի հունվարի 1-ից): Իսկ 2013թ. տարեկան հայտարարագրերը դեսպանները պետք է հանձնաժողովին ներկայացնեին ամենաուշը 2014-ի փետրվարի 15-ին:
 
«Հանրային ծառայության մասին» օրենքը սահմանում է բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները, որոնց շարքում է նաեւ օրենքին ենթարկվելը: «Հանրային ծառայության մասին» օրենքի հոդված 44-ը էթիկայի հանձնաժողովին իրավունք է տալիս անգամ սեփական նախաձեռնությամբ վարույթ իրականացնել էթիկայի խախտման դեպքերում: Վարույթ իրականացնելու արդյունքում հանձնաժողովը պետք է տա եզրակացություն եւ այն ուղարկի դատախազություն եւ հանրապետության նախագահին: Դեսպանների դեպքում հանձնաժողովը թերացել է իր լիազորություններում եւ ընդամենը հիշեցում ուղարկել. եթե, իհարկե, իրոք ուղարկել է:

Չնայած «Հանրային ծառայության մասին» օրենքում ասված է, որ հայտարարագրեր չներկայացնելը կամ ուշացնելը պատասխանատվություն է առաջացնում օրենսդրությամբ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում այս մասով որեւէ սանկցիա սահմանված չէ: «Օրենսգրքում չկա որեւէ պատասխանատվություն սահմանող իրավական նորմ: Դա օրենքի բաց է»,- այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Ինչ մնում է 3 դեսպանների ունեցվածքին, ապա ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը 2012 թ. ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում նշել է 1 բնակարան Երեւանում եւ 1 հողամաս Կոտայքի մարզում, 1 Nissan Altima մեքենա: Նա ներկայացրել է բացառապես պատգամավորի աշխատավարձից գոյացած 3,4 մլն դրամ տարեկան եկամուտ, դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել են 44 մլն դրամ, 10 հազար դոլար եւ 175 հազար եվրո: Հովհաննիսյանը «Մեդիքալ» ընկերության 25 տոկոս բաժնեմասի տերն է:

Արմեն Սարգսյանի անունը շրջանառվում է հիմնականում հանքարդյունաբերության ոլորտում ներդրում կատարող ընկերությունների համատեքստում: Երբ 2013 թվականի մայիսին Երեւանում էր Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը, «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը» նրան փոխանցեց մի նամակ` խնդրելով միջամտել եւ կանգնեցնել բրիտանական «Լիդիան Ինթերնեշընըլ» հանքարդյունաբերական ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը: Նամակում ասվում էր, որ արքայազնի ընկեր Արմեն Սարգսյանը «Լիդիան Ինթերնեշընըլի» կառավարիչների խորհրդի անդամ է: Մամուլում գրվել է նաեւ, որ Արմեն Սարգսյանին է պատկանում Հարավային Կովկասում «Պեպսի-Կոլայի» կառավարման իրավունքը։ Ըստ «Չորրորդ իշխանություն» թերթի, Սարգսյանը Արկադի Համբարձումյանի ձեռքից («Դերժավայի Արկադի») վերցրել էր «Nestle» ընկերության ապրանքները Հայաստան ներմուծելու իրավունքը: 1in.am կայքն էլ գրել էր, որ Սարգսյանը բիզնես կապեր ունի «Բրիթիշ պետրոլիումի» եւ «Ալկատելի» հետ:

Շառլ Ազնավուրի ունեցվածքի մասին անգամ միջազգային մամուլում տեղեկություններ գտնելու մեր փնտրտուքներն անպտուղ էին: Լրատվական կայքերում միայն տեղեկություններ են նրա կողմից կատարած բազմաթիվ բարեգործությունների վերաբերյալ:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ»
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
1015 reads | 04.05.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com