ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ (ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)
ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ
պատմաբան, հրապարակախոս, ԵՐԵՎԱՆ






Եվրոպայում մինչև VII դարը կատարված ժողովուրդների մեծ գաղթի հանդարտումից հետո, թյուրքալեզու ցեղերի մի հզոր ալիք էլ եկավ արևելքից ու, 1453 թվին Կոստանդնուպոլիսը գրավելով, ավարտեց մի դարաշրջան, որն այսօրվա աշխարհաբաժանման նախահիմքը դարձավ: Ժողովուրդները վերատեղավորվեցին:

Որոշ ժամանակ անց, աշխարհագրական մեծ հայտնագործություններից ու ամերիկյան մայրցամաքի ժողովրդագրական պատկերը փոխելուց հետո, ուժեղները գրեթե մինչև վերջերս լրացուցիչ հսկայածավալ տարածություններ ևս յուրացրին (XIX դ., Ավստրալիա, Նոր Զելանդիա), և քանի որ այլևս ազատ տարածք չմնաց, համարվեց, որ վերջնականապես ազգերը տեղաբաշխվեցին: Էթնիկական ու լեզվական սահմաններն այլևս չափանիշներ չէին համարվում: Նույնիսկ որոշ ժողովուրդների հայրենիքների տեղաշարժերն ամրագրվեցին: Միախառնվե- ցին ու վերաիմաստավորվեցին պետություն և հայրենիք հասկացությունները (նվաճողները հաճախ օտար տարածքների վրա ստեղծած պետությունները իրենց հայրենիքը հռչակեցին), որից հետո, բնականաբար, ժողովուրդների ու մշակույթների նոր համաձուլումներ առաջացան՝ սկսած ռոմանո–գերմանականից ու սլավոնա–բյուզանդականից մինչև իսպանախոս, ֆրանսախոս, անգլիախոս և այլ աշխարհներ:

Դժվարին կացության մեջ ընկան ի սկզբանե իրենց հայրենիքում ապրող, լեզուն պահպանած, ինքնատիպ մշակույթ ստեղծած, ազգային անմեկնելի ինքնագիտակցությամբ միասնական մնացած փոքրաթիվ ու տրորված այն ժողովուրդները, որոնք, այնուամենայնիվ, դիմացան արհավիրքներին: Նրանց միակ զորությունը թեև հողն էր, երկիրը, որի վրա ապրում էին և որն ի վերուստ իրենց էր հատկացվել, բայց այդ նույն հողը, երկրամասը, եթե ընկած էր էթնիկական տեղաշարժերի ճանապարհին, դառնում էր դժբախտություն, ինչից էլ երկընտրանք էր առաջանում. կա՜մ ընդունելի դարձնել իրենց լինելիությունը, կա՜մ ոտնատակ գնալ: Ընդմիշտ: Մայրուղիները չէին կարող խցանված մնալ կամ փակուղի դառնալ: Զորեղների ճանապարհը դժվար էր փակել...

Իսկ ինչով են մարդկանց որոշ հանրություններ ուժեղ, անգամ հզոր, մյուսները՝ տկար: Թվաշատությունը որպես ամենավճռական գործոն երբեք չի եղել: Տոհմի, ժողովրդի, ազգի մեծաթիվությունը հիմնականում օժանդակող նշանակություն է ունեցել, նպաստել նրանց կարողավորությանը: Թյուրիմացություն է, եթե չասենք հիմնովին սխալ, նաև այն կարծիքը, թե կան խաղաղասեր և ռազմատենչ ժողովուրդներ: Զինապաշտությունը մարդու էության մասն է: Զենքը նույնպես գործիք է, ինչպես բահը, մուրճը, սղոցը, գերանդին: Նշանակության տարբերությամբ: Գիտենք, որ առաջին գործիք-զենքը և զենք-գործիքը եղել է կացինը` սակրը: Հետևաբար զենք ունենալը կամ զինված լինելը նույնքան բնական է, որքան հագուստ կրելը կամ սնվելը: Այլ է, թե ինչպես ես գոր- ծածում այն և ինչ նպատակով: Զենքը ի սկզբանե իր նկատմամբ հարգանք ու հատուկ վերաբերմունք է պահանջել: Նաև հավաքականություն: Պարտադիր հավաքականություն, որովհետև մեկ զինված մարդը ընդամենը մեկ զինված մարդ է: Նա դեռ զինվոր չէ:

Զինվորը մաս է, զորուժի միավոր: Զինվորի երկրային և հետմահու կենսագրությունների իմաստավորումը, առավել ևս նրա հաղթանակնե- րը, ազգային գաղափարի և ոգու արտահայտություններ են: Տվյալ ժողովուրդն ինքն է ճշտում իր վերաբերմունքը զենքի ու զինականի նկատմամբ: Եթե նա պաշտպանելիք ունի, հետն էլ ցանկություն, ուրեմն չի կարող խաղաղությունը ենթարկվածությունից գերադասել ու խաղա- ղասեր լինել: Իր ստորադաս վիճակով բավարարվողը միայն կարող է խաղաղասեր համարվել: Նաև համայնքով ապրողը, որովհետև նա հո- ղի ու տարածքի խնդիրներ չունի: Նրա պաշտպանածը իր ու մերձավորների ինչքն ու կյանքն է, որի դեպքում հազվադեպ է զենքի անհրաժեշտություն լինում:
Առասպելներ են նաև աշխարհագրական դիրքի ու հարևանների մասին փաստարկները: Ցանկացած աշխարհագրական տարածք իր առավելությունն ու պակասությունն ունի, ցանկացած հարևանություն հզոր է, եթե ինքդ թույլ ես: Այսպիսով, որևէ ժողովրդի թվակազմը, հոգեկերտվածքը, նրա զբաղեցրած տարածքի առանձնահատկությունները և այլ ածանցյալ գործոններ չեն կարող ճակատագրական լինել, եթե տվյալ ժողովուրդը ճշտել է իր անելիքը, նպատակն ու իր գոյության իմաստը: Խաղաղ ու բարեկեցիկ կյանքն ուժեղի մենաշնորհն է: Ինչպես և ազգը համախմբող, նրա ներուժն ու կարողականությունը տվյալ հասարակության առաջընթացին ծառայեցնող գաղափար և այդ գաղափարին միտված գաղափարախոսություն ունենալը:
Ըստ հզորների, փոքր ազգերը պիտի ապագաղափարականացված լինեն: Սակայն անկախությունն իր հետ առաջին հերթին բերում է ազգային գաղափարի անհրաժեշտություն, առանց որի փոքր ժողովուրդ- ների համար պետականությունը դառնում է ծանր հոգս: Եվ այդպիսի մի փոքր ժողովուրդ պարզապես միշտ թույլ, ջլատված ու արհամարհված կլինի, եթե ինքը չհստակեցնի իր ճանապարհը: Զորեղի ու տկարի տարբերությունը հավաքաբար ու միասնական նպատակաուղղվածությունն է առ գաղափարը, նրանով ներշնչվելն ու նրան ծառայելը:

Իսկ ազգային գաղափարն ուղենշում է, թե տվյալ մարդկային հավաքականությունը, ունենալով որոշակի առանձնահատկություններ, ինչպես կարող է ապահովել իր գոյակցությունը և պատմական հայրենիքի մոտավոր կամ ամբողջական սահմանատարածքում իր բնականոն զարգացումը: Ըստ էության, մենք՝ հայերս, ազգային գաղափար կամ նպատակ, որին ծառայում է ազգային գաղափարախոսությունը՝ չենք ունեցել: Լավագույն դեպքում, միջին դարերից սկսած, մեզ համար նպատակ ենք համարել պահպանել ազգային ինքնագիտակցությունը և լեզուն, հավատարիմ մնալ ընտանեկան օջախին ու եկեղեցուն: Օջախին հավատարիմ լինելը թերևս գենետիկորեն և իբրև անձնական կյանքի երկրային իմաստ այսօր էլ և առհավետ հայի համար կարևոր է համարվելու, բայց ահա եկեղեցին վաղուց ու ամբողջովին փոխարինել է ազգային գաղափարին: Բազմաթիվ ժողովուրդներ հավատարիմ են եղել իրենց հողին ու թագավորին, հայերը՝ եկեղեցուն: Անվերապահո- րեն: Որոշ ժողովուրդներ մինչև իսկ կրոնափոխության դիմեցին հանուն ազատության ու ինքնափրկության, մենք մեր ազատությունն ու պետականությունը զոհեցինք հանուն եկեղեցու: Ըստ էության, Խոյի պաշտամունքը վերջնականապես փոխեցինք Խաչի պաշտամունքով...

Արդյո՞ք սա է եղել մեր գերագույն նպատակը որպես ժողովուրդ: Եվ ընդհանրապես, ինչո՞ւ նման կենսագրություն ունեցանք: Ինչո՞ւ տարածաշրջանում էթնիկական մեծ ամբողջություն լինելով՝ աստիճանաբար ահավոր անկում ապրեցինք: Եկեղեցին իրեն հեռու է պահում այսօրինակ հարցերից: Նա ապրում է փակ կյանքով: Հարցերին պատասխանողը պիտի լինենք մենք, որ ժողովուրդ ենք կազմում:

ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Հայ ժողովրդի պատմությանը վերաբերող հարցերի մի փունջ կա, որոնց պատասխանները, անկասկած, յուրաքանչյուրս նույնիսկ կարող ենք հարկ եղած դեպքում մանրամասնորեն ներկայացնել, թե՝

ա) ինչու և ինչպես V դարում կործանվեց հայոց պետականությունը՝ համահայկականը, որից հետո արդեն երկար չէին դիմանում նաև երկրի այս-այն հատվածում առաջացող տեղային կամ առանձնակի թագավորությունները,
բ) ով պետականազրկեց հայ ժողովրդին,
գ) ինչու հայն աստիճանաբար կորցրեց պետական մտածողությունը,
դ) ինչպես ապահովվեց հայ ժողովրդի հետագա գոյությունը և այլն:

 
Բայց արդյո՞ք այդ պատասխաններն ամեն մեկիս անհատականն են, թե՞ դրանք մշակված, կաղապարված վաղուց կան և, պարզապես, սերնդեսերունդ փոխանցվելով, մեզ են հասել առ ի գործածություն: Իսկ թե վերջինս է, ապա ինքներս ինչո՞ւ ենք ուսուցանված պատասխանները շարունակ կրկնում, եթե մեզ արդեն չի գոհացնում (և ոգևորում) դաժան ճակատագրի դեմ մշտատև պայքարում գոյատևությամբ հաղթանակածի ժառանգը լինելու հանգամանքը, և ինչո՞ւ ենք դրանք իբրև անառարկելիություն համարում նույնիսկ այն դեպքում, երբ ժամանակի մեջ տեսնում ենք ազգային զարգացման հետընթացը, այն է՝ մեր պոռթկուն, հաղթ ու ազատաշունչ սկիզբը, ապա՝ ազատատենչ ու անկախասեր կենսակերպը, հետո՝ մաքառող ու գոյատևող կացույթը, և հիմա՝ ապագայի առաջ շփոթ ու փնտրող, անելիքը չճշտած կանգնելը:

Ամբողջական փուլեր ու պատմական ժամանակաշրջաններ ընդգրկող պատճառահիմնավորումների վերանայումը կօգնի՞ արդյոք հասկանալ այն ինքնահարցման անհրաժեշտությունը, որի միջոցով պիտի փորձենք պարզել, թե ինչո՞ւ է հենց մեր կողմից ներկայիս հանրապետությունն իբրև պետություն վերապահումներով ընկալվում, և թե ինչպե՞ս է, որ այսօր, ունենալով բաղձալի անկախ պետականություն, հայն օտարի պես է վարվում նրա հետ, կամ ինչո՞ւ է հայերի տիրապետություն Հայաստանում, այլ ոչ թե հայոց իշ- խանություն: Տարօրինակ չէ՞, երբ ազգիդ մի քանի սերունդ երազում է անկախության մասին, ապա ոչ լրիվ մեկ հարյուրամյակում հաջորդաբար երեք հանրապետություն է հիմնադրվում, որոնցից թեև այսօրվանն իր անկախության երկրորդ տասնամյակի մեջ է ու միջազգային հարաբերությունների լիարժեք սուբյեկտ, այնուամենայնիվ, մեր մեջ հաճախակի ու ամենայն լրջությամբ հարց է բարձրաձայնվում. "Մենք՝ հայերս, ընդունա՞կ ենք պետություն ունենալու, թե՞ ոչ”: Ի՞նչ տանջալից ինքնազննում է սա, որ վերջ չի գտնում, բայց որից անհնար է նաև հրաժարվելը, քանի որ առավել անտանելի է դառնում անպատասխան հարցից բխող ապագայի անձևությունը...

Գոհանալով գոյություն պահելով՝ միտք չենք անում, թե ի՞նչ կենսափիլիսոփայություն է գոյատևությունը, և գոյատևելով ապրողի հոգեբանությունը չէ՞ արդյոք, որ ավերակում է երկիրը, քանի որ գոյատևել՝ խորքային իմաստով նշանակում է նաև ժամանակավորել, մտքում ու իրականում թշնամու, առավել զորեղի ողորմածությունն աղերսելով՝ պահն ու առիթն օգտագործել ապրելու, վայելքին տրվելու համար և մտածել նեղություններից միայն անձի, լավագույն դեպքում ընտանիքի փրկության մասին: Ինչպե՞ս առաջացավ գոյատևման պաշտամունքը, մինչև իսկ գաղափարախոսություն ստեղծվեց ու համապատասխան քարոզչություն մշակվեց: Այնուհետև, երբ բանը հասցվեց գոյատևելուն, ինչո՞ւ ազգի ապավենը մնաց կամ համարվեց եկեղեցին:

"Հայ եկեղեցին հայ ժողովուրդն է՝ քրիստոնեական սուրբ հավատով միասնական, ինքն իրեն հայ եկեղեցիով ճանաչող ու արտահայտող”. այսպես նշված է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյա հոբելյանին նվիրված Ամենայն Հայոց Գարեգին Բ. կաթողիկոսի կոնդակում: Սա պարզապես առիթով ասված խոսք չէ, այլ եկեղեցու ինքնագնահատականը, որը տարբեր ձևակերպումներով բազմիցս է հնչել նաև ոչ հոգևորականության կողմից: Ժամանակի ընթացքում եկեղեցու այս ինքնագնահատականը համարվել ու մատուցվել է իբրև ազգային ինքնագիտակցություն: Որպես բնորոշ օրինակ կարելի է հիշել Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի աշխատությունը. գրվել է եկեղեցու պատմություն, վերնագրվել "Ազգապատում” : Ավելին, երկրի պատմությունը ներկայացված է կաթողիկոսների գահակալության ժամանակագրությամբ (իսկ վրացի կամ բյուզանդացի հեղինակների համար ավանդույթ էր իրենց ազգի և պետության ժամանակագրությունները շարադրել թագավորների անուններով վերնագրած գլուխներով:

Ի՞նչ շահ է եղել այս նույնացումից և ի՞նչ է կորսվել: Մշտապես շեշտվում է, որ հայությունը գոյատևել է եկեղեցու ազգապահպան գործունեության շնորհիվ: Բայց ինչո՞ւ էր ազգը մնացել եկեղեցու հույսին. ասվում է՝ որովհետև կորցրել էր պետականությունը: Իսկ ինչո՞ւ կորցրեցինք մեր պետականությունը. պատճառաբանվում է՝ նվաճողներն ուժեղ էին, անխնա ու արյունռուշտ: Այստեղ, իհարկե, պարզ երևում են արդարացման ճիգերը: Եվ ահա սրբագրումներից թերի դարձած այս բացատրություններին է, որ ուզում ենք ավելացնել. որովհետև այդօրինակ անկմանը ոչ միայն մեծապես նպաստել է, այլև այդպես է կամեցել ինքը՝ եկեղեցին: Շատերի համար անսպասելի կարող է հնչել, բայց կրկնենք. հանուն Հայաստանում սեփական իշխանության հաստատման՝ քրիստոնեական եկեղեցին կործանել է հայոց պետականությունը:

Փորձենք տեսանելի դարձնել այդքան վաղուց սկսված ու մինչև հիմա շարունակվող ազգային կորուստների շարքը, որի հիմքում հստակ երևում է պատմական այդ մեծ հեղաշրջումը: Հպարտանալու համար չէ, միտքը հասկացվելու համար սկսենք ակնհայտ բան ասելով, որ հազարամյակների պատմություն ունենք, ինչը ոչ միայն առասպելներով, այլև հայկական ինքնատիպ քաղաքակրթության դրոշմահետքերով է փաստվում: Եվ անհամար նյութեղեն վկայությունների առկայությունը հիմնականում ընդգրկում է այն նույն տարածքը, որը Խորենացին բնորոշում է իբրև "սահմանք հայոց խօսից”, այն է՝ առնվազն Հայկական լեռնաշխարհը:

Եթե հնում օյկումենա՝ մարդաշխարհ է անվանվել հողագնդի այն հատվածը, որը բնակեցված է եղել մարդկանցով, ապա առանց կաշկանդումի Հայկական բարձրավանդակը կարելի է համարել զուտ հայկական օյկումենա՝ տարածաշրջան, մի առանձին աշխարհ, որը բնօրրանն է հայ ժողովրդի: Այսպիսով, օյկումենա-բնօրրան- հայրենիք հասկացությունները հայ մարդու համար նույնանշանակ են և նույնատեղ՝ Հայկական լեռնաշխարհ: Սա հայկական պոպուլյացիայի արեալն է, որտեղ միմիայն հայ էթնոսի արմատների կհանդիպես՝ մարդառաջացում-ժողովրդի ձևավորում-ինքնուրույն պետության ստեղծում: Իսկ հետագայում հայ էթնոսի ակտիվ կենսագործունեության, նաև որոշակի, երբեմն էլ զգալի ազդեցության պարագիծն ընդգրկել է Կովկասյան լեռներից մինչև Արաբական ծովը և Հնդկաստանից մինչև Միջերկրական ծովը: Այս աշխարհահատվածում առաջացած ու զարգացում ապրած բոլոր քաղաքակրթություններում ու պետական միավորումներում, հնագույն ժամանակներից մինչև անցյալ՝ XX դար, հայությունը դրսևորման մեծ հնարավորություն, որի շնորհիվ էլ նշանակալից դերակատարություն է ունեցել:

Մեր օրերն ենք հասել բոլոր առումներով նվազած՝ բնակեցրած տարածքներով, թվաքանակով, ազդեցությամբ: Այսօր նշյալ տարածաշրջանում հայությունը զանգվածաբար ապրում է միայն Հայաստանի Հանրապետությունում, ԼՂՀ-ում և Ջավախքում: Իսկ հարակից մնացած երկրների կյանքում հայ տարրը իր ունեցած տեսակարար կշիռը, ցավոք, այլևս չի կարող վերականգնել: Համեմատենք նախկին ու ներկայիս մասշտաբները և հարց տանք. հանգամանքների թելադրանքո՞վ, թե՞ շարունակական արժեզրկման տրամաբանության պարտադրանքով ենք կրել որակական և նյութական այդ ահռելի կորուստը: Այստեղից էլ բխում է հաջորդ հարցը. եղածի հետ հաշտվենք ու գոյատևելով ապրելն ազգային նպատա՞կ դարձնենք, թե՞ փորձենք տեսնել ազգի լիարժեք կենսագործունեության հեռանկարը և նրա իրականացման մասին մտածենք:

Այս երկընտրանքը մշտապես զուգահեռվել է մեր կյանքի վերջին հարյուրամյակներին, բայց առավել որոշակիացում է պահանջում այսօր, քանզի, եթե մինչ հիմա տարածաշրջանում հայությունը վտանգվում էր հատվածաբար, ապա այժմ՝ կրիտիկական ինչ-որ իքս մի պահի, պարզապես նրա լինելիությունը կարող է հարցականի տակ դրվել: Կլինենք այդ պահին մենակ, թե ոչ՝ դժվար է կանխատեսել...

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
7219 reads | 27.04.2014
|
avatar

avatar
1
շատ շնորհակալություն պրն. Դավթյան: Անհամբեր սպասում եմ շարունակությանը:

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com