‹‹ԵՐԿԱԹՅԱ ԿԱՆՑԼԵՐԻ›› ՄԱՐԳԱՐԵԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ (ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ)
ԼԻԼԻԹ ՀԱՐՈՅԱՆ
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոս, ԵՐԵՎԱՆ








Երբ Բիսմարկին հարցրեցին մասնագիտության ընտրության մասին, նա հակիրճ պատասխանեց. «Ինձ ի ծնե տրված էր դառնալ դիվանագետ. ես ծնվել եմ ապրիլի մեկին»: 2014-ին լրացավ մեծ դիվանագետի 199-ամյակը: 

Կմտածեք, թե ինչու եմ որոշել իմ հերթական հոդվածը նվիրել «Երկաթյա կանցլեր» Օտտո ֆոն Բիսմարկին: Խնդիրն այն է, որ ներկայիս Գերմանիայի քարտեզը կազմած և միապետություն կերտած հանճարեղ դիվանագետի կյանքն ունի շատ անհայտ էջեր: Արդ, կփորձեմ ձեզ ծանոթացնել քչերին հայտնի այդ դրվագներից մի քանիսի հետ, որոնք, կարծում եմ, կհետաքրքրեն ձեզ: 

Եվ այսպես, 1859-1862-ին լինելով Գերմանիայի դեսպանը Ռուսաստանում՝ Բիսմարկը լավ էր ուսումնասիրել ռուսներին, հասկացել նրանց թույլ և ուժեղ կողմերը: Լինելով ֆենոմենալ հիշողության տեր անձնավորություն՝ նրան հաջողվեց 4 ամսվա ընթացքում լիարժեք տիրապետել ռուսերենին, որը թույլ էր տալիս Բիսմարկին հասկանալ այն, ինչը նախատեսված չէր կողմնակի ականջների համար: Եվ մի անգամ ցարն իր արտգործնախարարի՝ Գորչակովի հետ զրուցելիս, նկատելով Բիսմարկի ուշադիր հայացքը՝ հարցնում է. «Դուք հասկանու՞մ եք լեզուն»: 

Բիսմարկը խոստովանեց, որ տիրապետում է ռուսերեն լեզվին: Դա ոչ միայն չառաջացրեց տիրակալի զայրույթը, այլև հաճելիորեն զարմացրեց նրան: Ցարը գովեստի խոսքեր շռայլեց տաղանդավոր դեսպանին` ստրատեգիական խորամանկ քայլի համար: Բիսմարկը քաջ գիտակցում էր, որ ռուսներին հնարավոր չէ հաղթել: Այդ իսկ պատճառով Ռուսաստանի ուղղությամբ Գերմանիայի արտաքին քաղաքական հայեցակարգը նա կառուցում էր «divide et impera» (բաժանիր, որ տիրես) սկզբունքի վրա: 

«Երբե՛ք մի պատերազմեք Ռուսաստանի դեմ: Ձեր բոլոր ռազմական խորամանկություններին նրանք կպատասխանեն չնախատեսված հիմարությամբ, որի պատճառով ձեր ծրագրերը կձախողվեն: Նույնիսկ թշնամու ռազմական հաջողությունների դեպքում, միլիոնավոր ռուսների վրա հիմնված երկրի հզորությունը չի թուլանա: Անգամ միջազգային համաձայնագրերով վերջիններիս իրարից բաժանելու և երկիրն անդամահատելու դեպքում, նրանք սնդիկի մասնիկների նման արագորեն կրկին կմիավորվեն: Ռուսասատանը կկորցնի իր հզորությունը միայն մի դեպքում, երբ նրանից անջատեն Ուկրաինան, հակադրեն և միմյանց դեմ տրամադրեն միևնույն ազգի երկու ժողովուրդներին և դրդեն եղբորը սպանել եղբորը: Իսկ ի՞նչ է հարկավոր դրա համար: Անհրաժեշտ է միայն օգտվել դարերի ընթացքում անընդմեջ կիրառվող քաղաքականությունից` ազգային վերնախավի շրջանակներում գտնել և դաստիարակել դավաճաններ` նրանց օգնությամբ փոխելով ուկրաինական ժողովրդի ենթագիտակցությունն այն աստիճանի, որ նա սկսի ատել այն ամենն, ինչ ռուսական է, նույնիկ` սեփական ազգությունը: Մնացածը ժամանակի հարց է»: 

‹‹Երկաթյա կանցլերի» այս խոսքերն ու Ռուսաստանի հզորության թուլացման հավակնոտ ծրագրերը կարծես 21–րդ դարի մարգարեություն լինեն: Կարդալով այս ամենը փորձե՛ք հետադարձ հայացք գցել և համեմատականներ անցկացնել վերջին ամիսներին տեղի ունեցած դեպքերի ` ուկրաինական ճգնաժամի, Ղրիմի հանրաքվեի, դրա արդյունքում տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ, որը զգալիորեն սրվեց և սառեցրեց ռուս-ուկրաինական հարաբերությունները` հավանաբար, երկար տարիների համար: 

Քչերին է հայտնի նաև, որ մոտավորապես մեկ ու կես դար առաջ Բիսմարկը պատմության մեջ առաջին անգամ ներկայացրեց կենսաթոշակային ապահովագրության թոշակի օրինագիծը: Նրան ծաղրեցին: (19-րդ դարում կյանքի միջին տևողությունը ցածր էր, և ոչ բոլորին էր հաջողվում հասնել պատկառելի տարիքի): 

Հետաքրքիր է, եթե Բիսմարկը հրաշքով կենդանանար և գար Հայաստան, ինչ գնահատական կտար հասարակությանը փոթորկած կուտակային 5%-ի ձեռնարկին: 

Ռուսաստանի հետ կապված Բիսմարկի մասին դիտարկումներս կիսատ կլինեին , եթե չանդրադառնայի Կատերինա Օրլովա-Տրուբեցկայայի հետ նրա սիրո պատմությանը: 

Դժվար է հավատալ, որ Բիսմարկի նման արտակարգ կարողություններով օժտված տղամարդը կարող էր պլատոնական զգացմունքներ տածել ամուսնացած ռուս գեղեցկուհու նկատմամբ: Երիտասարդ կինը գերել էր ապագա կանցլերին: Բիսմարկի կինը` Յոհաննան, պարբերաբար անստորագիր նամակներ էր ստանում, որոնք վկայում էին կանցլերի և կոմսուհու սիրավեպի մասին: Անզորությունից Յոհաննան այլ ելք չէր գտնում, քան դրանք կրակի մեջ նետելը: Ավելին, հենց ինքը՝ Բիսմարկը չէր էլ փորձում թաքցնել Օրլովա-Տրուբեցկայայի հետ իր կապը: Կնոջն ուղղված նամակներում Բիսմարկը ցինիկաբար գրում է. «Իմ կողքին աշխարհի ամենահմայիչ կինն է, որի հետ դու ծանոթանալուն պես նույնպես կսիրես»: Իսկ քրոջը Օտտոն անկեղծորեն խոստովանել է, որ Օրլովային տեսնելուն պես ընկել էր երիտասարդ գեղեցկուհու որոգայթը: 

Բիսմարկին բախտ վիճակվեց տեսնել իր գործունեության արդյունքները: Գործունեություն, որը հիացմունք էր առաջացնում, և որի շնորհիվ «Երկաթյա կանցլերին» հաջողվեց Եվրոպայի հետամնաց երկիրը վերածել մայրցամաքի հզորագույն երկրի: Կանցլերի ստեղծած պետական համակարգը տարբերվում էր կայունությամբ, զարգանալու ներուժով և միջազգային հեղինակությամբ: Եվ այս ամենին նա հասավ մեկ սերնդի կյանքի ընթացքում:

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
3756 reads | 05.04.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com