ԷԴԻՏ ՊԻԱՖ. ՓԱՐԻԶՅԱՆ ՃՆՃՂՈՒԿԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԹՌԻՉՔԸ (ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ)
ԼԻԼԻԹ ՀԱՐՈՅԱՆ
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոս, ԵՐԵՎԱՆ








...«Նա եզակի էր՝ Ջիբրալթարի ժայռի նման մեծ սրտով, կիսասուրբ՝ իր բնավորությամբ: Նրա՝ միջավայր մուտք գործելուց հետո այլևս դուրս գալ չէիր կարող. Նա քեզ կախարդում էր: Հմայքի, հանճարի, թերությունների ու արժանիքների այդ մրրիկն իր փոքր հասակով կառչած էր սեփական դիրքերին»: Ահա այսպես է արտահայտվել Շառլ Ազնավուրը ֆրանսիական երգարվեստի «փոքրիկ ճնճղուկի»՝ Էդիտ Պիաֆի մասին:

Փոքրիկ կինը, ով իր կյանքը չէր պատկերացնում առանց տղամարդու և առանց սիրո, բայց և ումից բախտը միշտ խլում էր սիրելիներին, Լուի Լեպլեի կերտած «փոքրիկ Պիաֆը», ով հետագայում դարձավ մեծն Էդիտ Պիաֆ, Բելվիլի փողոցներից մեկի լուսասյան տակ ծնված ու ծանրագույն մանկություն ունեցած ֆրանսուհի Էդիտ Ջովաննա Գասիոնն էր:

Պիաֆն ապրում էր երգով: Չափազանց տաղանդավոր էր, չափազանց խոցելի. երբ նրան պարուրում էին վիշտն ու թախիծը, թվում էր` երգչուհու ներսում ամեն ինչ մահանում էր, իսկ երջանկության վրա հասնելուն պես` ամենը վերակենդանանում էր. Ի հայտ էր գալիս երգելու անհագուրդ քաղց: Ճիշտ է, աշխարհահռչակ տաղանդը լավ ծանոթ չէր ձայնանիշներին և նույնիսկ շատ հաճախ իր ստեղծագործությունների տեքստերը գրում էր ուղղագրական սխալներով, բայց մի՞թե դա որևէ նշանակություն կարող էր ունենալ, երբ նա ներդնում էր մի ամբողջ հոգի և ներաշխարհ, փոխանցում ապրելու, սիրելու և սիրվելու անսպառ զգացմունքներ:

Այժմ կփորձեմ պարզաբանել, թե ինչու որոշեցի անդրադառնալ այս երգչուհուն: Կարծում եմ, շատերը դժվար տեղյակ լինեն այն սխրանքի, քաջագործության մասին, որն իրականացրեց Պիաֆը Երկրորդ աշխարհամարտի տարիներին՝ վտանգելով սեփական կյանքը: Պատճառն ակнհայտ էր. նա չափից շատ էր սիրում կյանքն ու մարդկանց:

Համաշխարհային պատերազմի դժվար օրերին Էդիտը հաճախ ելույթ էր ունենում ճամբարներում՝ ֆրանսիացի ռազմագերիների համար, որոնք մեծ սիրով էին ընդունում իրենց հայրենակցուհի աշխարհահռչակ երգչուհուն:

Օրերից մի օր ելույթներից մեկի ժամանակ, Պիաֆը ճամբարի ռազմագերիների հետ լուսանկարվելու ցանկություն հայտնեց: Նման մեծության խնդրանքը չէր կարող մերժվել գերմանական իշխանությունների կողմից: Նա դուրս եկավ ճամբարից 120 ֆրանսիացի ռազմագերիների հետ լուսանկարը ձեռքին, որը Փարիզ հասնելուն պես տարվեց ընդհատակյա արհեստանոց: Հաշված օրերի ընթացքում ստեղծվեցին հարյուր քսան կեղծ անձնագրեր: Որոշ ժամանակ անց Պիաֆը կրկին այցելեց գերմանական ճամբար: Այս անգամ նա իր հետ բերել էր ռազմագերիների հավանական փրկության միակ միջոցը՝ կեղծ փաստաթղթերը, որոնք պահել էր իր ճամպրուկի գաղտնի դարակում:



Ի՞նչ տեղի ունեցավ հետագայում: Ելույթից հետո Պիաֆը, ձևացնելով թե բաժանում է ինքնագրեր, հարյուր քսան ռազմագերիներին փոխանցեց անձնագիր: Սա երկար սպասված փրկությունն էր: Հարկավոր էր ընդամենը որսալ հարմար պահն ու դիմել փախուստի: Ռազմագերիներից ոմանք էլ փախուստի դիմեցին՝ ներկայանալով իբրև նվագախմբի անդամներ: Այսպիսով, վտանգելով սեփական կյանքը, «փոքրիկ խորամանկ ճնճղուկը» փրկեց հարյուր քսան մարդկային կյանք:

Հետագայում փրկված ռազմագերիները գալիս էին Էդիտ Պիաֆի համերգներին՝ հայտնում իրենց երախտագիտությունը, գրկախառնվում մեծն <<Ճնճղուկի հետ>> ու արտասվում՝ հիշելով անցյալում մնացած դժնդակ օրերը և իրենց աներևակայելի փախուստը դժոխքից:
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
2991 reads | 25.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com