ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՍՏԱԼԻՆԻ ՄԱՀԱՊԱՐՏ ՇՆԵՐԸ ԿՌՎՈՒՄ ՆԱՑԻՍՏՆԵՐԻ ԴԵՄ
Մարդասպան շների ծառայություններից խորհրդային բանակը սկսել է օգտվել դեռևս Երկրորդ Համաշխարհային Պատերազմից:

Խորհրդային Կարմիր բանակի կինոլոգները «Կամիկաձե» (մահապարտ) շների հետ հատուկ զորավարժություններ անցկացնելուց հետո զինում էին նրանց ռումբերով, նշանակետ էին բռնում նացիստական տանկերի վրա ու ուղարկում դեպի թիրախակետ:

Ռազմական փորձագետ Յուրի Վերեմեևը DailyMail պարբերականին տված հարցազրույցում ասում է. «Կարմիր բանակին արդեն վաղուց հայտնի էր կամիկաձեի ընդունակությունը: Վարժեցված շները պատերազմի դաշտում այնպիսի առաջադրանքներ էին կատարում, ինչպիսիք են վիրավոր զինվորին օգնելը, հաղորդագրություններ տանել-բերելը, առաջին գիծ սնունդ ու զինամթերք մատակարարելը: Հետագայում առաջարկ եղավ նաև ներգրավել նրանց ականներ տեղափոխելու գործողության մեջ՝ այսկերպ դարձնելով նրանց հատուկ գործակալներ»:

Կամիկաձեի վարժեցման տեսությունը պարզ էր. շունը ռումբը հասցնում է թիրախակետ, տեղադրում է օբյեկտի մոտ, ատամներով բացում է փականն ու փախչում: Պատահում էր՝ ռումբը պայթեցնում էին հեռակառավարման վահանակի օգնությամբ (ամենայն հավանակությամբ, շան հեռանալուց հետո գործի էր անցնում դիպուկահարը): 

Սակայն լինում էին դեպքեր, երբ պատերազմի թեժ պահին տանկերի կամ գրոհայինների ձայներից վախեցած կենդանին չէր կարողանում ազատվել իր վրա տեղադրված ռումբից և հենց ինքն էր թիրախ դառնում: Շատ հաճախ էլ շունը խուճապի էր մատնվում ու հետ վազում տիրոջ մոտ:

Նման ձախողումներից խուսափելու համար խորհրդային բանակը շուտով անցավ «պլան բ-ին»: Պարզվեց, որ շանը սոված պահելն արդյունավետ է թշնամու տանկերը վնասազերծելու գործում: Մի քանի օր սոված պահելուց հետո զինվորները շան կերը տեղադրում էին տանկի տակ՝ շղթայական անիվների մոտ, որը նրա ամենախոցելի հատվածն է, և արձակում էին շանը: Այսկերպ շունն ընտելացավ պատերազմական ձայներին, և նույնիսկ հասկացավ, որ սա միակ տեղն է, որտեղ կարող է կեր գտնել:

«Նախնական փորձարկումների ժամանակ, շան վրա՝ հետևի մասում, ամրացնում էին փայտե թամբ, որից կախված կտավե տոպրակներում տեղադրում էին ականները: Տոպրակները բաղկացած էին 2-ական պայուսակներից՝ յուրաքանչյուրը 6կգ TNT պայթուցիկ նյութով: Կար նաև հատուկ փական (սովորաբար կիրառում են օդապարիկը բացելու համար), որը շունը ատամներով քաշելով՝ ազատվում էր իր բեռից», - ասում է Վերեմեևը:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Խորհրդային բանակում ծառայողական շների դպրոցը գործում էր 1935 թվականից: 1938-ին նրանք մասնակցեցին Կարմիր հրապարակում կազմակերպված զինվորական շքերթին, իսկ արդեն 1941-ին Ստալինը շփման գիծ ուղարկեց ծառայողական առաջին 30 շներից բաղկացած խումբը իրենց 40 կինոլոգների հետ միասին: Նրանց նպատակն էր շների միջոցով ոչնչացնել թշնամու զինամթերքի պաշարը, վառելիքի պահեստն ու այլ օբյեկտներ:

Բայց գերմանացիներից երկար ժամանակ չպահանջվեց կամիկաձեների հետ հաշվեհարդար տեսնելու համար: 
Նացիստները շուտով նույնիսկ քարոզչական ուղերձներ սկսեցին տարածել, իբրև թե «Ստալինը պատերազմի դաշտ զինվորների փոխարեն շուն է ուղարկում»: 

Ինչևէ, պատմական փաստերը վկայում են, որ միայն Կուրսկի ճակատամարտում ծառայողական 16 շուն պայթեցրել է 12 գերմանական տանկ:
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
1018 reads | 24.12.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com